Tag Archives: Amnesty International

Մինչև չի գալիս վերջինը, չի հիշվում առաջինը

23 Նյմ

Կար ժամանակ, երբ յուրաքանչյուր դպրոցական գիտեր, թե ինչ է հաջորդում հեղափոխություններին: Ցավոք, այսօր այդ դասը կարծես թե այնքան էլ ուշադիր չեն սերտում: Եվ երբ վերափոխումների ալիքը գալիս, սրբում է ամեն բան, երբ ցնցումները հաջորդում են մեկը մյուսին, և ոչ ոք չգիտե, թե երբ դրանք կավարտվեն, այնժամ սթափված գլուխները հասկանում են, որ սկսելը հեշտ էր, կասեցնելն է դժվար: Իսկ իր ետևից միայն ավերածություններ թողնող հոսանքը մի ինչ-որ պահի կլանում է նաև այդ վերջին հույսը՝ կորստյան մատնելով նաև այն, ինչը ձեռք էր բերվել այնքան մեծ ջանքերի ու զոհողությունների գնով: Այսօրվա Եգիպտոսը ասվածի վառ օրինակներից մեկն է:
Փետրվարյան իշխանափոխությունից հետո անցել է 9 ամիս, իսկ այնտեղ արյունը հոսում է նախկինի պես, և երբեմնի կայուն, խաղաղ երկիրում դարձյալ նույն քաոսն է, որին, չգիտես ինչու, քնքշորեն անվանում են Երկրորդ եգիպտական հեղափոխություն, մինչդեռ եղածը իրականում ոչ այլ ինչ է, քան Եգիպտոսի զինվորական իշխանության ձգտումը՝ երկրում ստանձնել այն նույն դերը, ինչը տասնամյակներ շարունակ բանակին էր վերապահված Թուրքիայում:
Երկու օր առաջ՝ նոյեմբերի 21-ի ուշ գիշերին ավարտվեց այդ տխուր բեմադրության առաջին գործողությունը, երբ հայտնի դարձավ, որ Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը հրաժարական է տվել: Հրաժարականի հայցադիմումը ներկայացվեց կառավարող Զինված ուժերի բարձրագույն խորհրդին: Միաժամանակ կառավարությունը պարտավորվեց կատարել իր գործառույթները մինչև ռազմական խորհրդի կողմից որոշման կայացումը: Իր հերթին ռազմական խորհուրդը համաձայնեց մի շարք քայլեր իրականացնել, որոնք պետք է երաշխավորեն իշխանության փոխանցումը օրինական ընտրված քաղաքացիական մարմիններն: Համաձայնությունը մասնավորապես ներառում էր ազգային փրկության կառավարության ձևավորումը և 2012 թվականի առաջին կեսին՝ նախագահական ընտրությունների անցկացումը:
Սակայն այս հանգրվանին նախորդել էին 5 դժվարին օրեր, որոնք ամենաարյունալին էին «արաբական գարնանից» հետո և ուղեկցվում էին ամենադաժան բախումներով: Զանգվածային բողոքի ցույցերի էպիկենտրոնը դարձյալ Կահիրեի Թահրիր հրապարակն էր, որ վերածվեց ռազմական ղեկավարության նկրտումների միակ պատվարի: Բողոքի ակցիաների մասնակիցների թվում էին իսլամիստները, որվքեր դժգոհ են Սահմանադրական խարտիայի նախագծից, որը հիմք է լինելու Եգիպտոսի հիմնական օրենքի համար: Շուրջ 40 քաղաքական ուժեր ու միավորումներ հայտարարեցին, որ միանում են շարժմանը: Առավել ազդեցիկ «Եղբայր մուսուլմանների» խմբավորումը ներկայացրեց ցուցարարների հիմնական պահանջը՝ իշխանությունը ռազմական վարչակազմից քաղաքացիական կառավարությանը շուտափույթ փոխանցումը: Միևնույն ժամանակ իրենց ընդհանուր հայտարարության մեջ կազմակերպիչները պայման էին դնում իշխանությունը մինչև 2012-ի մայիս հանձնելու մասին: Սկսվեցին բախումները բանակի և ցուցարարների միջև: Հինգ օր շարունակվող անկարգությունների ընթացքում Կահիրեում և այլ քաղաքներում զոհվեցին ավելի քան 30 մարդ, մոտ 2 հազարը վնասվածքներ ստացան: «Փրկենք հայրենիքը» բողոքի ակցիան փողոց դուրս բերեց աննկարագրելի թվով քաղաքացիների, ծավալվեց այսպես կոչված «միլիոնների երթը», և դրա ծավալներից անհագստացան նույնիսկ «Մահմեդական եղբայրներ» կուսակցության առաջնորդները, ովքեր շտապեցին հայտարարել երթի մասնակցությունից իրենց հրաժարվելու մասին, որպեսզի խուսափեն բռնություններից ու չսրեն իրավիճակը: Սակայն արդեն ուշ էր:
Միջազգային հանրությունը, որն ամիսներ առաջ միայն խրախուսում էր Եգիպտոսում սկիզբ առնող յուրաքանչյուր շարժում, այս օրերին նույնպես անհանգստության նշաններ ցույց տվեց: Իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից՝ սպառնալով հողին հավասարեցնել այն ամենը, ինչ ծրագրվել ու իրագործվել էր Արևմուտքի «սցենարիստների» ջանքերով: Իր հերթին մտահոգություն արտահայտեց նաև Արաբական երկրների լիգան: Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին՝ երկրին վերադարձնել կայունությունը և ապահովել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Այն գիշեր, երբ մարդիկ լսեցին կառավարության հրաժարականի մասին, լուրն ընդունվեց ցնծությամբ և «Ալլահը մեծ է» կոչերով: Սակայն ոչ ոք չի պատրաստվում ցրվել. հավաքվածները մտադիր չեն դադարեցնել ցույցերը այնքան ժամանակ, քանի դեռ զինվորականներն ամբողջությամբ չեն հանձնել լիազորությունները: «Մենք չենք հեռանա հրապարակից, քանի դեռ չի հայտնվել ազգային կառավարություն, որը մեր շահերը կներկայացնի և իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը»,-ասում են նրանք: Այդ անհնազանդությունն իր հերթին բանակի ղեկավարությանը մղում է այն տեսակետին, թե ինչ-որ մեկը արհեստականորեն բորբոքում է հանրությանը` նպատակ ունենալով հերթական անգամ ապակայունացանել իրավիճակը: «Ինչ-որ մեկը սեպ է խրում ժողովրդի և զինվորականների մեջ: Ինչ-որ անհայտ ձեռք կա, որն ուղղորդում է ամբոխի գործողությունները՝ մեծացնելով բանակի և զանգվածների միջև անդունդը»,- հայտարարեց գեներալ Սաիդ Աբբասը:
Այդ անդունդն իսկապես կա: Բայց ահռելի ճեղքը հենց այնպես չբացվեց: Եվ դրա համար միշտ չէ, որ մեղավորներին պետք է որոնել հեռուներում: Այսօր արդեն անժխտելի փաստ է. Եգիպտոսի բարձրագույն զինվորական խորհուրդն իր դաժանությամբ գերազանցեց նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմին։ Եվ սրա մասին խոստովանում է նույնիսկ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ հրապարակելով Եգիպտոսում վերջին զարգացումների վերաբերյալ զեկույցը։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ երկրում մարդու իրավուքնների ոտնահարման դեպքերը ոչ թե նվազել, այլ, ընհակառակը, աճել են։ Մուբարաքի հրաժարականից հետո Եգիպտոսում խոստացված ժողովրդավարական բարեփոխումներ այդպես էլ տեղի չունեցան, իշխանությունները շարունակում են դաժանորեն ճնշել ցույցերը, հազարավոր մարդկանց դեմ շարունակվում են հետաքննությունները։ Իհարկե, այդ կարգի զեկույցներում սովորաբար մոռացության են տրվում հանգամանքներն ու փաստերը, որոնցից ծնունդ են առնում մեծ ողբերգությունները: Բայց այժմ վստահաբար կարելի է ասել, որ եթե ամեն ոք վաստակում է այն, ինչին արժանի է, ապա Եգիպտոսի հեղափոխական ժողովուրդն այժմ ճաշակում է իր ցանած սերմերի պտուղները: Իսկ նրանք, ովքեր ժամանակին դրսից խրախուսում էին այդ խմորումները, հիմա հարկադրված են ցավով արձանագրել՝ Մուբարաքից հետո Եգիպտոսում զինվորականների ռեժիմ է հաստատվել:
Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի բացվող օրը Կահիրեում և Թահրիր հրապարակում: Այս ընթացքում Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհուրդը երկրի վարչապետի պաշտոնում քննարկում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր տնօրեն Մուհամմեդ Ալ- Բարադեի թեկնածությունը: Բայց գլխավոր մտահոգությունները կապված են նոյեմբերի 28-ի հետ: Հենց այդ օրն է Եգիպտոսում տեղի ունենալու խորհրդարանական ընտրությունները: Նախապես մտավախություն կար, որ անկարգությունների պատճառով դրանք կհետաձգվեին, սակայն ռազմական խորհուրդը ևս մեկ անգամ հաստատեց, որ չի պատրաստվում փոխել ժամկետը: Այն, որ հիշատակված օրը կլինի շրջադարձային, ոչ ոք չի կասկածում: Եվ այս պահին դեռ վաղ է մտածել ու մտահոգվել մեկ այլ ամսաթվի՝ մինչև 2012 թվականի հունիսի վերջ Եգիպտոսում սպասվելիք նախագահական ընտրությունների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞վ կփրկի շարքային Ալիևին

18 Ապր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իսկապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունի: Արդեն չորրորդ անգամ ոչ այնքան բազմամարդ ընդդիմադիր խմբերին հաջողվում է երկրի մայրաքաղաքում արտահայտել իրենց բողոքը` չնայաց այն բանին, որ իշխանությունները ճնշումների համար կիրառում են հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները: Դրան զուգահեռ օր-օրի բազմապատկվում է նաև նրանց համակիրների թիվը, ու թեև ընդդիմախոսներից շատերն անմիջապես հայտնվում են ճաղերի ետևում, սակայն արդեն իսկ պարզ է դարձել, որ ձերբակալություններն ու ահաբեկումներն այսուհետ հազիվ թե դիտվեն սանձահարման ամենաարդյունավետ միջոցը, առավել ևս, որ միջազգային կազմակերպությունները բացահայտորեն հանդես են գալիս բողոքավորների կողմից, իսկ շատերն արդեն կանխագուշակում են, որ հեռու չէ այն օրը, երբ աշխարհը համար կրտսեր Ալիևը նույնպես կդիտվի անցանկալի անձ ու կհամալրի բռնապետների ցուցակը:
Այն փաստը, որ վերջին շրջանում Ադրբեջանում դեռ նոր-նոր ձևավորված ընդդիմադիր միասնական շարժում անսպասելի արագությամբ թափ է հավաքում, արդեն իսկ հիմք է տվել պնդելու, որ այդ երկրում առկա է նվազագույնը երկու նախապայման. մի կողմից ներքաղաքական հակասություններն ու հասարակական երկպառակությունը մոտենում են իրենց կրիտիկական կետին, մյուս կողմից ընդդիմությունը վայելու է արտաքին ուժերի համակրանքը և լիուլի աջակցություն է ստանում նրանցից: Որոշ վերլուծաբաններ համոզված պնդում են, թե հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանում թունիսյան կամ եգիպտական սցենարով իշխանափոխություն կարող է տեղի ունենալ, մանավանդ որ իրադարձությունները գրեթե նույն կերպ են զարգանում:
Պետք է նկատել, որ խուճապային տրամադրություններ են նաև բուն իշխանության ներսում: Աչքի տակ ունենալով արաբական հեղափոխությունների դասերը և համակված այն մտքերով, թե փոփոխությունների ձգտող ժողովրդի դեմ ոչ մի տոտալիտար վարչակարգ չի կարող դիմակայել, նրանք սկսել են լրջորեն խորհել իշխանության կորստի վտանգի և դրա հետևանքների մասին: Վերջին օրերին ադրբեջանական որոշ թերթեր գրեցին, թե ինչպես են իշխող թիմի մի շարք ազդեցիկ անդամներ սկսել մտածել փոփոխության դեպքում գոնե իրենց պաշտպանելու, կարողություններն ու միջոցները փրկելու, սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու մասին: Պատմում էին, որ Բաքվի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ դեմքեր այդ նպատակի համար վերջերս գաղտնի հավաք են անցկացրել Լոնդոնում և այնտեղ մշակել են իշխանության «փրկության ծրագիրը»:
Սա, իհարկե, վտանգի մի կողմն է, երբ խորտակվող նավն առաջինը լքում են առնետները: Կա նաև տագնապի երկրորդ աղբյուրը, և դրա համար լուրջ ազդանշան դարձավ այն, որ օրեր առաջ Ադրբեջանում հավատարմագրված ԱՄՆ-ի ու եվրոպական շուրջ 20 երկրների դեսպաններ այցելեցին «Մուսավաթ» կուսակցության գրասենյակ, ուր կայացավ նրանց հանդիպումը Հանրային պալատում առանցքային դերակարարում ունեցող մի խումբ գործիչների հետ: Կատարվածը այն աստիճան մտահոգեց ու լրջորեն զայրացրեց պաշտոնական Բաքվին, որ իշխանության բարձրագույն մարմինների մի շարք ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, հանդես եկան կոշտ հայտարարություններով` պահանջելով այսուհետ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, քանի որ նման գործողությունները այլ բան չեն, քան «ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելուն միտված քայլեր» և կարող են լրջորեն փչացնել այդ երկրների հետ հարաբերությունները:
Քարոզչական ճակատում ընթանում են անհավասար մարտեր: Վարչակազմին ծառայող լրատվամիջոցները այժմ գործում են գերազանցապես մեկ ուղղությամբ` վարկաբեկել ընդդիմությանը` նրան վերագրելով ամեն կարգի մեղքեր` էլ հայերի հետ համագործակցելու, էլ թշնամու ջրաղացին ջուր լցնելու, էլ եվրոպացիների ու ամերիկացիների փողերով երկրում արաբական հեղափոխություն իրականացնելու ամբաստանություններ: Պատժիչ մեքենայի մյուս թևը նույնպես ձեռքերը ծալած չի նստում: Աշխատանքից կամ բուհերից հեռացվում են ցույցերին մասնակցած քաղաքացիները, տասնյակ ակտիվիստներ կանչվում են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ նրանց հետ «բացատրական» աշխատանքներ են տարվում:
Սակայն մեծ թափանիվը գործի է դրված, և այդ բոլոր ուժային դրսևորումներն այլևս անպատասխան չեն մնում, ինչպես եղել են երկար տարիներ: «Ադրբեջանի իշխանությունները պետք է թույլ տան ակցիաների անցկացումը: Խաղաղ հանրահավաքները խոսքի ու հավաքների ազատության էությունն են: Այդ իրավունքներն Ադրբեջանում ոտնահարվում են»,- հայտարարում է Amnesty International կազմակերպությունն ու այնուհետև պահանջում. «Միջազգային հանրությունը պետք է մեծ ճնշում գործադրի այդ երկրի կառավարության վրա, որպեսզի վերջ տրվի բռնություններին»:
ԵԱՀԿ Բաքվի գրասենյակն իր հերթին հանդես է գալիս արդարության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերից: «Մենք ցանկանում ենք, որ բողոքի ցույցերի ժամանակ այլևս ձերբակալություններ չլինեն: Մենք անխուսափելի ենք համարում իշխանությունների ու ընդդիմության միջև երկխոսությունը: Շատ կարևոր է, որ դա կայանա, և կողմերի համար ընդունելի որոշումներ գտնվեն: Դրա համար էլ պետք է խուսափել ակցիաների ժամանակ բռնության կիրառումից: Դա իշխանություններին ոչինչ չի տա»,- ասվում է նրանց տարածած կոչում: Սրան զուգահետ Freedom House կազմակերպությունը փաստում է, որ Ադրբեջանի կառավարությանը քննադատող բազմաթիվ լրագրողներ ենթարկվել են ճնշումների ու հետապնդումների, իսկ ոմանք` նույնիսկ ծեծի: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը լրացնում է ասվածը. համաձայն նրանց տվյալներով` անկախ ու ընդդիմադիր լրագրողներն աշխատում են իշխանությունների մշտական ճնշումների ներքո: Նրանցից շատերը վստահ են, որ Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարությունները հետևում են հեռախոսային խոսակցություններին, ինտերնետ շփումներին: Հսկողության տակ են հատկապես արտասահմանցիների, միջազգային կազմակերպությունների հետ կապեր ունեցող գործրարների հեռախոսներն ու ինտերնետ հեռահաղորդակցության միջոցները:
Խոստովանենք, որ իրավիճակն իսկապես բարդ է և պայթյունավտանգ: Ալիևի այն համոզմունքը, թե հանուն նավթի իրեն ձեռք չեն տա, այլևս արդիական չէ: Նավթ կարելի է գնել նաև հաջորդ իշխանությունից, որը գուցե թե շատ ավելի զիջող ու առատաձեռն լինի` հաշվի առնելով իրեն մատուցած ծառայությունները: Ի վերջո նման օրինակներ աշխարհում քիչ չեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ադրբեջանական «ցասման» երկրորդ ալիքը

4 Ապր

Անցած հանգստյան օրերին Ադրբեջանը թրծվում էր ավելի լավը լինելու տքնանքի մեջ: Այդ երկրի ընդդիմությունը ձեռնարկել էր թվով երկրորդ «Ցասման օրը»` հուսալով, թե բարի ցանկություններով կփշրի իշխանության գրանիտը: Ակցիայի կազմակերպիչը` «Հանրային պալատ» միավորումը, նույնիսկ հայտ էր ներկայացրել զանգվածային միջոցառումը Բաքվի կենտրոնում անցկացնելու վերաբերյալ, ինչն, իհարկե, մերժել էր: Բայց, այնուհանդերձ, նախանշված օրը հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ խմբվեցին Բաքվի Շատրվանների հրապարակում: Նրանք ձեռքերին ունեին «Իլհամ, հեռացիր», «Մենք ազատություն ենք ցանկանում» կարգախոսներով պաստառներ, և պահանջում էին ցրել գործող խորհրդարանը, նոր ընտրություններ անցկացնել, իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, ազատել քաղբանտարկյալներին, ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ: Ցուցարարները սկսեցին երթով անցնել մայրաքաղաքի փողոցներով, ու հենց այդտեղ էլ նրանց դիմավորեցին մահակներով, արցունքաբեր գազով և հաշվեհարդար տեսնելու բուռն ցանկությամբ համակված ոստիկանները, որոնք ցրեցին ցույցը:
Այս օրերին ինտերնետում լայն տարածում է գտել մի ցնցող տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ադրբեջանցի իրավապահներն ինչ վայրագությամբ են իրենց հմտությունները կիրառում գործնականում: Իսկ ընդհանրապես, ըստ ոստիկանության տվյալների, «Ցասման օրը» ձերբակալվեցին 75 հոգի, թեև ընդդիմության ղեկավարները պնդում են, որ ձերբակալվածների թիվը հասնում է 200-ի: Ռուսական լրատվամիջոցները նաև գրում էին, որ ցուցարարներն իրենց ճանապարհին փշրում էին խանութների ցուցափեղկերը, բանկոմատները, քարեր նետում անցորդների վրա, մինչդեռ հակառակ թևն այս անգամ էլ հավաստիացնում է, որ դա իշխանությունների սադրանքն էր՝ հետագայում ընդդիմության վրա մեղքը բարդելու նպատակով: Հավելենք նաև, որ ակցիայի նախօրեին ոստիկանությունը ձերբակալել էր ընդդիմության 15 ակտիվիստների, որոնց տարբեր մեղադրանքներ էին ներկայացվել, այդ թվում` դիմադրություն ոստիկաններին ու խուլիգանություն: Կատարվածի առթիվ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ պետությունը ընդդիմանալու է «դեմոկրատական հասարակության» վրա ստվեր գցելու բոլոր փորձերին:
Նման կանխարգելիչ քայլերը համարելով անբավարար, վարչախումբը բեմականացրել էր փորձված կատակերգությունը`կազմակերպել էր ընդդիմության դեմ բողոքի ցույցեր: Իշխանական ուժերն ու նրանց սատարող կազմակերպությունները զանազան սրտաճմլիկ տեսարաններ մատուցելուց զատ, բողոքի ակցիա էին անցկացրել ընդդիմության առաջնորդներից մեկի տան մոտ` բացականչելով. «Ամոթ նրանց, ովքեր վարկաբեկում են Ադրբեջանը», «Ամոթ նրանց, ովքեր Ղարաբաղի առկայության պայմաններում այլ խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի համար»։ Պատկերն ամբողջացնելու համար կառավարող կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մեղադրել էր ընդդիմադիր «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցություններին` դրսի «հակաադրբեջանական ուժերի» պատվերը կատարելու և նրանց ծառայելու մեջ:
Սակայն այս բոլոր «կոսմետիկ» միջամտությունները կարծես թե ցանկալի ներգործությունն այլևս չեն ունենում: Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, Ադրբեջանի ընդդիմությունը, արաբական երկրները համակած զանգվածային հուզումների ազդեցության տակ, իշխանություններից ժողովրդավարական բարեփոխումներ է պահանջում: Իսկ վերլուծաբաններն այժմ ավելի հաճախ են կրկնում այն միտքը, որ իրականում Ադրբեջանի կացությունն այնքան էլ նախանձելի չէ, և քաղաքական բոլոր տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային խաղացողներն առանց վարանելու կհանձնեն Իլհամ Ալիևին, եթե այդ քայլը շահավետ համարեն իրենց համար: Վերջիններս կարծում են, որ Ալիևին հանձնելու հավանականությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ երկրում գնալով ահագնանում է ժողովրդի դժգոհությունը, այլ նրանով, որ Ալիևի պահվածքը գրեթե չի տարբերվում Քադաֆիի պահվածքից:
Անհնար է նաև չնկատել, որ միջազգային մի շարք կառույցներ, որոնք առաջներում մատների արանքից էին նայում այն ամենին, ինչ տեղի էր ունենում այդ երկրում, այժմ սկսել են և տեսնել, և լսել, և արձագանքել: Խոսքն առաջին հերթի իրավապաշտպան կազմակերպությունների մասին է, որոնք բացահայտորեն իրենց պաշտպանության տակ են վերցրել Ադրբեջանի ընդդիմադիրներին: Իսկ վերջին դեպքերի առնչությամբ Amnesty International կազմակերպությունը հանդես եկավ կոշտ քննադատությամբ` նկատելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի կարող ճշմարտացիորեն խոսել երկրի ժողովրդավարական զարգացման մասին, երբ պարբերաբար ճնշում է սոցիալական շարժումներն ու քաղաքական հավաքները, որոնք չեն արժանանում նրա հավանությանը: «Ադրբեջանում ակտիվիստների ու լրագրողների հանդեպ հետապնդումների և բռնությունների դեպքերի աճն անհանգստացնում է: Նման միտումը ցույց է տալիս իշխանությունների վճռականությունը`արմատախիլ անել այլակարծության ցանկացած դրսևորում»,- ասված էր Amnesty International-ի հայտարարության մեջ:
Բաքվում ապրիլյան առաջին օրերի լարվածությունն այժմ այդ երկրի ներքաղաքական կյանքի ամենաբուռն վերլուծությունների նյութն է դարձել: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ժողովուրդն արմատականներին չաջակցեց, և «ցասման» հերթական օրը ցույց տվեց ընդդիմության լիակատար ձախողումը: Ընդդիմադիրներն, ընդհակառակն, նկատում են, որ իրենց ակցիան ամենախոշորն էր վերջին տարիների ընթացքում: Դրան մասնակցում էին հազարավոր մարդիկ և նրանց թիվը գնալով բազմապատկվելու է: «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի կարծիքով, Ադրբեջանում արմատական փոփոխություններն անխուսափելի են: «Պետք է նշել, որ քաղաքի բնակիչները սատարում էին ակցիայի մասնակիցներին, շատ դեպքերում նրանց միանում ու քայլում, կոչեր էին վանկարկում: Սա ապացուցում է, որ կատարվածը ոչ թե պարզապես ընդդիմության ակցիա էր, այլ համաժողովրդական բողոքի ցույց»,- ասել է նա:
Իսկ ադրբեջանական ցասման հաջորդ` երրորդ արարը կխաղարկվի ապրիլի 9-ին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ադրբեջանը «ցասման» մեջ

15 Մրտ

Հրապուրված Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ծավալվող իրադարձություններով և ներշնչված այն կանխատեսումներով, թե Ադրբեջանն իրենից ներկայացնում է հեղաշրջման գնացող պոտենցիալ թեկնածու, այդ երկրի ընդդիմությունը օրերս որոշեց կրկնել մյուսների փորձը` նախատեսելով Բաքվում անցկացնել «Ցասման օր»: Նախապատվությունը տալով արդեն հանրահայտ միջոցին` Facebook սոցիալական ցանցի հնարավորությունների օգտագործմանը, տեղի ակտիվիստները մարդկանց կոչ արեցին փողոց դուրս գալ` հանուն երկրի ժողովրդավարացման: Համացանցային խմբին անդամակցեց շուր 4 հազար մարդ։ Բայց մինչ կազմակերպիչները կհասցնեին գծել ամբողջ երկրում հակակառավարական ցույցեր անցկացնելու ծրագիրը, ահաբեկված իշխանություններն անմիջապես գործի անցան։ Դեռ ոչինչ չկատարված, մտացածին մեղադրանքներով ձերբակալվեցին մի քանի նախաձեռնողներ, նրանց համակիրները սպառնալիքների ու ճնշումների ենթարկվեցին: Ըստ որոշ աղբյուրների, «Ցասման օրվա» նախօրեին արդեն փակի տակ էին երիտասարդական կազմակերպությունների նվազագույնը հինգ ակտիվիստներ:
Բայց այնուամենայնիվ մարդիկ դուրս եկան փողոց և անմիջապես հայտնվեցին իրավապահների ակցանի մեջ: Ոստիկանները ցրեցին նրանց հավաքը` ձերբակալելով ավելի քան մեկ տասնյակ երիտասարդների։ Մյուսները տարվեցին բաժանմունքներ ու ծեծի ենթարկվեցին: Հավանաբար նաև այս հանգամանքը պատճառ դարձավ, որ հաջորդ օրը Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում հավաքվեին իրադարձությունների ընթացքից վրդովված հարյուրավոր մարդիկ։ Իր շարունակությունը ստացած «Ցասման օրվա» մասնակիցները պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ, ազատություններ, նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում և այլն։ Նրանք երթով անցան քաղաքի կենտրոնական փողոցներով: Ակցիան ընթանում էր «Կորչի ալիևյան ռեժիմը», «Քադդաֆիի հարազատներ՝ հեռացեք Ադրեջանից» կարգախոսների ներքո: Հավաքվածները վանկարկում են «Ազատություն» և «Հրաժարական» պահանջները: Սկզբում ոստիկանությունը ընդամենը հետևում է նրանց։ Բայց հետզհետե հավաքը ձեռք բերեց տարերային բնույթ: Ինչ-որ մի պահի պարզ դարձավ, որ իրավապահներն այլևս չեն տիրապետում իրավիճակին, և անընդհատ ոստիկանական նոր ջոկատներ էին մտցվում մայրաքաղաք: Հենց այդ ժամանակ էլ իշխանությունները որոշեցին, որ եկել է պահը` վերջ տալու այդ ձգձգվող տհաճությանը, և գործի անցան: Շատ արագ քաղաքի հրապարակն ու փողոցները վերածվեցին մարտադաշտի: Ցուցարարներին ցրում էին դաժան ծեծի միջոցով, մարդկանց բռնությամբ նստեցնում էին ոստիկանական մեքենաները և տեղափոխում անհայտ ուղղությամբ: Ամենաշատը տուժեցին բողոքի ակցիան կազմակերպած «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը նրանց շարքերից առնվազն 40 մարդ ձերբակալեց։ Ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր նույնպես կորուստներ ունեցան: Եվ մինչ ադրբեջանցիները կհասցնեին կատարվածի իրական գնահատականը տալ, երկրի ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` պնդելով, թե ցույցերը հրահրվել են դրսից և արտաքին ուժերը փորձում են ծայրահեղականների օգնությամբ գունավոր հեղափոխություն իրականացնել Ադրբեջանում:
Համարյա միաժամանակ իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություններ տարածեցին Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը, Freedom House և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Առաջին դեպքը չէր, երբ Ադրբեջանում բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, և ոչ էլ աննախադեպ էր ուժային կառույցների կոպիտ միջամտությունը: Սակայն այս անգամ Բաքվի վերնախավի տագնապները գերազանցում էին նախորդներին: Չի բացառվում, որ այս վախը լուրջ հիմքեր ունի: Սակայն դա հաղթահարելու միջոցների մեջ ադրբեջանցիները դեռևս կիրառում են ոչ արդյունավետ և նույնիսկ ծիծաղելի մեթոդներ: Օրինակ, շատերի ժպիտը հարուցեց, երբ ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ երկրի գլխավոր հոգեբան Գարայ Գերաբեյլին, ով ինտերնետից հաճախ օգտվող երիտասարդներին խորհուրդ տվեց հոգեբանի դիմել` պնդելով, թե նրանք, ովքեր նախընտրում են իրական կյանքի փոխարեն շփվել վիրտուալ աշխարհում` հոգեկան խնդիրներ ունեն: Իսկ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ կարծիքների շարքում ուշադրության էր արժանի հանրահայտ The Wall Street Journal հանդեսի մի հրապարակումը, որն այդ առիթով գրում էր. «Կովկասի նավթով հարուստ երկրում` Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 40 մարդ, որոնք փորձել են կրկնել Եգիպտոսի հակակառավարական ապստամբությունը: Երիտասարդ ադրբեջանցիներին ընդդեմ ավտորիտար իշխանությունների փողոց դուրս բերելու Facebook-ի կոչերը նվազագույն աջակցություն գտան: Այն քչերը, ովքեր դուրս եկան փողոց, արագորեն շրջապատվեցին կամ ցրվեցին: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին հուզող ժողովրդավարական ընդվզումները հազիվ թե կարողանան «կրակ վառել» Կովկասում, քանի որ տնտեսական ու սոցիալական մյուս հանգամանքները Ադրբեջանում տարբերվում են Եգիպտոսի նման երկրների իրավիճակից»:
Այս ընդգծված տարբերությունների մասին էր խոսում նաև Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիթսը, երբ պնդում էր, թե ինքը Ադրբեջանում «պարզապես կրիտիկական զանգված չի տեսնում»: Բացատրելով, թե ինչու այնտեղ մասայական բողոքներ չեն բռնկվում, Շիթսը դա պատճառաբանել էր Ադրբեջանում կյանքի մակարդակի բարձրացմամբ` պայմանավորված վերջին տարիներին նավթի վաճառքից ստացված նոր մուտքերով:
Ամենայն հավանականությամբ այս տեսակետները մոտ են իրականությանը: Բայց` մասամբ: Տվյալ դեպքում վերլուծաբանները շեշտը դնում են սոսկ հասարակության սոցիալական վիճակի վրա` դրանով պայմանավորելով նրանց «եռման ջերմաստիճանը»: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ակտիվությունը պայմանավորող բազմաթիվ այդ գործոններ էլ կան` ոչ պակաս կարևոր, քան սոսկ հացի խնդիրն է: Եվ այսօր հազիվ թե գտնվի մեկը, ով կարող է հաստատապես կռահել Ադրբեջանի վաղվա օրը: «Ցասման օրը» ձախողվեց, սակայն դժգոհությունն ու ընդդիմանալու ներքին պահանջը դրանով չսպառվեցին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: