Պահոց | 9:01 ե.

Ինչպես են սայթաքում ֆրանսիացիները

21 Նյմ

Հայաստանը տարակուսելու հերթական առիթն ունեցավ: Իսկ այդ առիթն այս անգամ մեզ տվեց Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն, ով աշխատանքային այցով մեկնել էր Անկարա և այնտեղ խոսել Հայոց Ցեղասպանության մասին: Վերջինս «մարտահրավեր» էր անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման և ապա իր երկրի անունից պատրաստակամություն հայտնել՝ Փարիզում անցկացնելու դրա շուրջ հայ-թուրքական քննարկումներ։ Համաձայն թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել էր, թե բոլոր մեծ երկրները աշխատանք են տանում իրենց պատմությունն ուսումնասիրելու ուղղությամբ և նման աշխատանք կարող է կատարվել նաև պատմական հանձնաժողովում, քանի որ հիշյալ ժամանակաշրջանը «դժվարին է թե Թուրքիայի և թե Հայաստանի համար»: Հասկանալի է, որ այսպիսի առաջարկը գրկաբաց պիտի ընդունվեր թուրքերի կողմից, ինչն էլ անմիջապես արել էր Դավութօղլուն՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ է համատեղ հանձնաժողովի ստեղծմանը՝ տվյալ խնդրի պատմական ուսումնասիրման համար: «Մենք պատրաստ ենք քննարկել պատմությունը։ Սակայն ցանկանում եմ նշել, որ մենք դեմ ենք այնպիսի օրենքների առկայությանը, ինչպիսին, օրինակ, Ֆրանսիայի Սենատում առկա օրինագիծն է, որոնք անհնար են դարձնելու այդ քննարկումների ժամանակ մեզ պաշտպանելու հնարավորությունը»,- հավելել էր թուրք նախարարը:
Ունենալ այնպիսի խաղաքարտ, ինչպիսին կամա թե ակամա մատուցել էր ֆրանսիացի հյուրը, իսկական պարգև էր Անկարայի համար, որպեսզի հերթական անգամ աշխարհին ցուցադրեր իր բարի կամքի դրսևորումները, հավաստիացումներ շռայլեր, թե իբր այդ քննարկումները կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, և նաև հիշեցնել, որ դեռևս մի քանի տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել Հայաստանի ղեկավարությանը` կոչ անելով Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համար համատեղ հանձնաժողով ստեղծել: Անշուշտ, ոչ մի խոսք այն մասին, թե Երևանն ինչ հիմնավորմամբ մերժեց այդ առաջարկը, քանի որ ներկա պահին դա էական չէ, եթե կա ռևանշ վերցնելու հնարավորություն և այն էլ` հայերի բարեկամ ֆրանսիացիների օգնությամբ: Ահա թե ինչն էր տարակուսանքի մատնել Հայաստանին, որտեղ բոլորովին վերջերս նույն Ֆրանսիայի նախագահը միանգամայն այլ կոչեր ու պահանջներ էր հնչեցնում և պատրաստվում էր այլ մեթոդներով պայքարել թուրքական ժխտողականության դեմ:
Սակայն եկեք չշտապենք հետևությունների հարցում և փորձենք հասկանալ՝ իսկապե՞ս Փարիզը հրաժարվում է իր խոստումներից, թե՞ Ալեն Ժյուպեն անզգուշաբար սայթաքել է թուրքական դիվանագիտության լպրծուն զարտուղիների վրա: Բանն այն է, որ նույն օրերին որոշ լրատվական գործակալություններ միանգամայն այլ տեղեկատվություն հաղորդեցին հիշյալ ասուլիսի մասին: Համաձայն այդ աղբյուրների, երբ Թուրքիայի արտգործնախարարը հերթական անգամ ակնարկել է Ցեղասպանության հարցը պատմաբանների հանձնաժողովում քննարկելու մտադրության մասին, Ժյուպեն հակադարձել է նրան՝ նշելով, որ «1915 թ. իրադարձությունները շատ զգայուն հարց են, այդ իսկ պատճառով չէի գնա հարցը համատեղ հանձնաժողովում քննարկելու այդ անհաջող մտքին»:
Եթե նույնիսկ մի կողմ թողնենք ֆրանսիացի նախարարի այս խոսքերի նպատակահարմարությունը մեզ համար և առաջնորդվենք սոսկ փաստերով ու տրամաբանությամբ, ապա Ֆրանսիան իրոք պիտի հրաժարվի հանձնաժողով ստեղծելու գաղափարից հենց թեկուզ այն պատճառով, որ այդ երկիրը ոչ միայն վաղուց ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը, այլև, նախագահ Նիկոլա Սարկոզիի խոստման համաձայն, պատրաստվում է մինչ այս տարեվերջ խորհրդարանում ընդունել Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Այլ կերպ ասած՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի Թուրքիայում արած հայտարարությունը հակասում է Հայոց Ցեղասպանության հարցում այդ երկրի պաշտոնական քաղաքականությանը: Այս ամենից հետո Փարիզի ինչի՞ն է պետք մեկ անգամ ևս համոզվել այն ճշմարտության մեջ, որում համոզված է օրենքի ամբողջ ուժով:
Թուրքերին, իհարկե, սա ներկա պահին քիչ է հետաքրքրում, քանի որ նրանք վարպետորեն խաղում են իրենց խաղը և ջանում են հնարավորինս մեծ հնչեղություն հաղորդել դրան: Դեռ չէր լռել Դավութօղլուի բառերի արձագանքը, երբ «Սուլթան Աբդուլմեջիդի մահվան 150-ամյա տարելիցը և ժամանակաշրջանը» միջազգային սիմպոզիումի ժամանակ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է առերեսվել սեփական անցյալի ու պատմության հետ: «Մենք առնչվում ենք միջազգային մակարդակի մեղադրանքների, հատկապես 1915 թվականի հետ կապված: 1915թ. իրադարձությունների առնչությամբ մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ։ Մենք բացել ենք մեր արխիվներն ու պատրաստ ենք քննարկել պատմաբանների աշխատությունները։ Վստահ եմ՝ սխալ տեղեկությունների հիման վրա դատողություններ անելու փոխարեն ավելի ճիշտ կլինի քննարկել մեր գիտնականների կողմից ներկայացվող իրողությունները»,- ասել էր Չիչեքը: Իսկ տեղական մամուլն այս օրերին այդ մտքերը շեփորում է հնարավոր բոլոր միջոցներով ու ելևեջներով:
Փոխարենը լռում է Փարիզը: Այո, ֆրանսիական ոչ մի պաշտոնական աղբյուր դեռ չի հաստատել կամ չի հերքել իր ԱԳ նախարարի արած հայտարարությունը: Իսկ այդ լռությունն իր հերթին առիթ է տալիս հակասական ենթադրությունների: Եվ ահա այս անորոշության պայմաններում Հայաստանի իշխանություններին ոչինչ չի մնում անելու, քան հայտարարել, որ եթե նույնիսկ նման բան է ասվել, ապա իրենք կրկին հաստատում են հայկական կողմի դեռ 2005թ. արտահայտած դիրքորոշումը, համաձայն որի Հայաստանը 1915թ. դեպքերը քննելու համար հրաժարվում է պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել` փոխարենն առաջարկելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Հարկ է հիշել, որ այս նույն միտումն առկա էր նաև Ցյուրիխյան արձանագրություններում, որտեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետ չկար, սակայն կար միջկառավարական հանձնաժողով ստեղծելը նախատեսող կետ: Հետևաբար կամ Թուրքիան ստիպված պիտի լինի կատարել Ցյուրիխյան արձանագրություններով նախատեսված պարտականությունները, կամ հարկադրված է մեկ անգամ ևս իմանալ այն մասին, որ Հայաստանը մտադիր չէ քննարկել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն անվիճելի փաստ է: Իսկ պատմաբաններն անելիք չունեն այնտեղ, որտեղ գործում է քաղաքական հարցերի տրամաբանությունը:
Առայժմ դժվար է կռահել, թե ինչ ավարտ կունենա այս միջադեպը: Ամեն դեպքում շատերն են այն կարծիքին, որ Հայաստանի ԱԳ նախարարը եթե ոչ բացատրություն, ապա գոնե որոշ հստակեցում պիտի պահանջի ֆրանսիացի իր գործընկերոջից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: