Պահոց | 4:36 ե.

ՋԻՆԱ ԼՈԼՈԲՐԻՋԻԴԱ

11 Նյմ

Կինը յոթ տարով ավելի երիտասարդ է, քան պնդում են նրա ընկերուհիները և հինգ տարով ավելի մեծ է, քան նրան վերագրում են տղամարդիկ: 20 տարեկանում կինը սառն է, 30-ում՝ տաք, 40-ում՝ այրող: Հասունությունը ամենալավ ժամանակն է կնոջ համար:
Այն բազմաթիվ նշանավոր տղամարդկանցից, ովքեր ինձ սիրել են, ոչ մեկը, ես ընդգծում եմ՝ ոչ մեկն ինձ չի առաջարկել ամուսնանալ իր հետ, քանի որ տղամարդիկ կանանց մոտ գնահատում են ոչ թե գեղեցկությունը, այլ հնազանդությունն ու հարմարվողականությունը: Իսկ ես նրանց դա առաջարկել չէի կարող: Կանայք ավելի հեշտ են խոստովանում իրենց սխալները: Այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե իբր նրանք տղամարդկանցից ավելի հաճախ են սխալվում: Սակայն ամեն կարգի բարեմասնություններով օժտված լինելը դեռ բոլորը չէ: Հաճույք ստանալ դրանք ունենալուց՝ ահա թե ինչն է իրական երջանկությունը: Եթե դուք չեք կարող հասկանալ, թե ինչու են երիտասարդ տղամարդիկ ցանկանում լինել իմ կողքին, ուրեմն դուք ոչինչ չեք հասկանում սիրուց:

Խելահեղություն, որ կոչվում է 11.11.11

11 Նյմ

Եկեք համաձայնենք, որ շատ դժվար պիտի լինի 21-րդ դարում ապրող մարդուն մեղադրել ավելորդ սնահավատության կամ թվերի ու նշանների մոգության հանդեպ ընդգծված հակումների համար: Որքան էլ այդ երևույթները դեռ պահպանվում են որոշ խմբերի մոտ, այնուհանդերձ դրանք այսօր դրսևորվում են միայնգամայն այլ ենթատեքստով ու այլ նպատակների համար: Սրանում համոզվելու հրաշալի առիթ ներկայացավ հենց այսօր: Աշխարհը մի քանի ժամ շարունակ խելահեղության եզրին էր: Սակայն դա հաճելի խելահեղություն էր: Իսկ պատճառն այսօրվա ամսաթիվն էր՝ 6 միանման թվերի համադրությունը՝ 11.11.11:
Դեռ շաբաթներ առաջ մոլորակի բնակիչները ընդգծված երկյուղածությամբ սպասում էին այս մոգական ուրբաթին: Հենց միայն այն միտքը, որ նման համընկնումներ լինում են 100 տարին մեկ անգամ, արդեն իսկ խթանում էր նրանց երևակայությունը, հույսեր ներշնչում, որ ոչ միայն օրը, այլև տարին պետք է անցնի բարգավաճման ու ներդաշնակության նշանի ներքո, քան որ դրանում գաղտնի ուղերձ է ամփոփված, իսկ մարդկությունը չի կարող չզգալ դրա «կենարար ճառագայթը»: Լայն գործածման դրվեց «պոլիդրոմ» եզրույթը, այսինքն՝ թիվ կամ բառ, որը կարդացվում է միևնույն ձևով երկու կողմից՝ աջ, թե ձախ: Եվ համոզմունքը, թե «ժամանակային պոլիդրոմը» բացառապես հաջողություն է բերում, վարակիչ դարձավ օկուլտիզմով զբաղվողների համար, ովքեր մոգական շրջաններ էին գծում, զանգվածային մեդիտացիաներ ու այլ ծիսակարգեր կատարում: Գլխավոր գուշակությունը մեկն էր` նոյեմբերի 11-ին խոշոր փոխակերպում է սպասվում, որը «մեր զարգացման փուլում գտնվող գլոբալ գիտակցության էվոլյուցիոն փուլը կդառնա»: Այս բոցկլտացող կրակների վրա հաճույքով յուղ էին լցնում թեթերը՝ մարդկանց մղելով նոր բացահայտումների ու սպասելիքների: Օրինակ, բրիտանական The Guardian պարբերականը խորհուրդ էր տալիս նշանավորել 11.11.11 ամսաթիվը ուրախալի իրադարձություններով`հարսանք նշել, ֆիլմ նկարահանել կամ պարզապես աշխատանքից կտրվել և մի քիչ խորհել՝ կախարդական թվերի էությունը զգալու համար: Այս հորդորը անմիջապես գտավ իր հասցեատերերին աշխարհի ամենատարբեր անկյուններում: Հենց միայն այսօր կայացած ամուսնությունների թիվը հավանաբար գերազանցեց աշխարհի բոլոր ռեկորդները: Այդ տենդից զերծ չմնաց նաև Հայաստանը, որտեղ 11.11.11-ի համար ցանկացել էին գրանցվել դեռևս ապրիլից: Բավական մեծ հերթեր էին գոյացել գործակալություններում՝ մեծ նշանակություն տալով խորհրդանշական այս թվերին: Ամերիկացիներն այս առումով էլ ավելի հեռուն գնացին: Բազմաթիվ նորապսակ զույգեր ուղիղ ժամը 11-ին քայլերթ կատարեցին Նյու Յորքի Թայմզ-սքվերում և, ի դեպ, նրանց շարքերում քիչ չէին նաև միասեռ նորապսակները: Ինչ վերաբերում է առավել պրագմատիկ ամերիկացիներին, ապա վերջիններս վստահ, որ թվերի այս համադրությունը հաջողություն է բերելու, ճիշտ ժամը 11-ին Լաս Վեգասում խոշոր խաղադրույքներ կատարեցին: Դեռ հայտնի չէ՝ եղա՞ն մեծ շահումներ, թե ոչ, բայց մինչ այդ ազգագրագետները շտապեցին բացատրել, որ «գոլդ» թվերի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի երևույթը նոր աշխարհընկալման ժամանակի դրսևորումներից մեկն է, «երբ ժամանակի ընթացքը գնում է գծային, անընդհատ աճելով, ամեն մի թիվ դառնում է կարևոր», ինչը խոսում է այսօրվա մշակույթի ձևափոխման մասին, որի համար կարևոր են նաև թվերը: Ի դեպ, արժե հիշել, որ հատկապես մեր երկրում կրկնվող թվերին ոչ միայն ամուսնանալիս, այլև ավտոմեքենայի, հեռախոսի համարներ ընտրելիս է տրվում մեծ նշանակություն:
Վերադառնալով խելահեղության հաջորդ դրվագներին, արժե հիշատակել դրանցից մի քանիսը՝ հասկանալու համար, թե մարդիկ էլ ինչերի են ընդունակ դիմել՝ կյանքն առանձնահատուկ դարձնելու և կամ ձանձրույթը փարատելու համար: Օրինակ, Ղազախստանում 09.09.09 –ին հարսենական արարողություն անցկացրած զույգը որոշեց ոչ պակաս գեղեցիկ ձևով բաժանվել` ամուսնալուծության օր ընտրելով 11.11.11-ը: Massive Symphony նախաձեռնության անդամները երաժշտության միջոցով միավորեցին աշխարհի միլիոնավոր սմարթֆոնները, և ամբողջ աշխարհում «նվագեց» էլեկտրոնային սարքերի ամենամեծ «նվագախումբը», որին մասնակից դառնալու համար օգտագործողները տեղադրեցին «111111» անվճար հավելվածը, իսկ մեղեդին էլ հատված էր Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից: Տասնմեկերորդ օրվա ժամը 11-ին հայտարարվեց «Յոթ նոր հրաշալիքներ» հիմնադրամի սահմանած մրցույթի ավարտը և աշխարհը իմացավ բնության յոթ նոր հրաշալիքների մասին, որոնց ընտրարշավը սկսվել էր դեռևս չորս տարի առաջ: Էկրան բարձրացավ սարսափ ֆիլմը՝ 11/11/11 հրեշի մասին, որը մեր աշխարհ էր թափանցել երկնքի 11-րդ դարպասից հենց նոյեմբերի 11-ին: Մոլորակի հազարավոր վաճառակետեր աղմկեցեն. «Միայն մեկ օր՝ 11.11.11, կգործի «թվերի մոգություն» ակցիան: Դուք կարող եք ձեռք բերել ձեր նախընտրած ապրանքները մոգական գներով:
Շտապեք լինել առաջինը՝ քանակները սահմանափակ են»: Եգիպտոսի իշխանությունը որոշեցին փակել Գիզայի եգիպտական բուրգերը, որպեսզի խուսափեն այնտեղ իրականացվող տարբեր ծիսակարգերից: Փոխարենը, ինչպես տեղեկացրեց La Stampa պարբերականը, իտալացի էզոթերիկները բոլոր ցանկացողներին հավաքեցին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որպեսզի տեսնեն «տիեզերական պորտալի» բացումը, որը կոչված է արթնացնելու կունդալինի էներգիան, ինչի արդյունքում էլ մարդկությունը կանցնի «գերմտավոր գոյության»: Չինաստանում ստեղծեց ամենամեծ եռաչափ նկարը ասֆալտի վրա` այս կերպ տոնելով «բոլոր մեկերի օրը»: 1111 քմ տարածքով 3D հսկայական նկարը գտնվում էր Շանհայում ու պատկերում էր ծաղրածուի կերպարանքով հսկայական մի ռոբոտ: Հետո նույն այդ երկրում որոշեցին, որ մեծ գաղտնիքը թաքնված է հենց չինական ֆեն-շու ուսմունքում, ըստ որի` 1-երի տարին աննախադեպ հաջողությունների ժամանակ է համարվում:
Երևանը ևս չցանկացավ ետ մնալ աշխարհի քաղաքներից: Այսօր ժամը 11: 00-ին անցկացվեց միանգամից երկու ֆլեշ-մոբ: Մեկը սկսվեց Հանրապետության հրապարակից և ավարտվեց Ազատության հրապարակում, իսկ մյուսը կայացավ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, որտեղ հավաքվածները գրեցին իրենց երազանքները ու, հավատարիմ մնալով հայկական ավանդույթին, դրանք ամրացրեցին ծառերի վրա՝ համոզված, որ բարի երազանքերն անպայման իրականություն կդառնան:
Իսկ հետո… Իսկ հետո ժամանակը սլացավ առաջ: 11-ը դարձավ 12 և այդպես շարունակ՝ թիկունքում թողնելով այն բացառիկ պահը, որը գուցե թե իրականության մեջ ոչինչ էլ չէր նշանակում, սակայն մեծ էր դրա մեջ խորհուրդ տեսնելու ցանկությունը: Իսկ դա արդեն վատ չէ, ինչպես որ վատ չէ յուրաքանչյուր բան, եթե այն գալիս ու գնում է իբրև ծիսակարգ ու տոն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: