Պահոց | 12:47 ե.

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

29 Դկտ

…Ժամը 12-ին։ Հնչեց 12 ժամը։ Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ, նորն սկսվեց։
Լուսամուտը բացել, նայում եմ։ Լուսնյակ գիշեր, լիալուսին, թեթև, կապույտ ամպեր։ Լսում եմ… գնացքը գնում է՝ սուլելով… Հանկարծ նավերի շչակները սուլում են, սուլում են, սուլում են… Հրացաններ են արձակում, անթիվ… Հեռվից՝ մարդկանց ձայներ, երգեր, ծիծաղներ…
15 վայրկյան…
Պառկել, վերհիշում եմ բոլոր Նոր տարիները, որ դիմավորել եմ, ի՞նչ կերպ, ի՞նչ սրտով, ո՞ւր, ինչպե՞ս…
Սուլում են նավերը, մեկը՝ կտրում, մյուսը՝ սկսում…
Մարդկությունն ուրախանում է… ինչո՞ւ, ի՞նչ հույսեր է սպասում, երբ դժգոհ հնից՝ դիմում է անծանոթին… մահին, վերջին, ապագային, որի ծոցում ո՜վ գիտե ինչ դաշույններ կան… Գուցե մեզնից ոմանք չեն հասնելու մյուս տարուն, և շատերս չենք հասնելու անշուշտ, բայց ուրախանում ենք… Ի՜նչ բնազդ է…

1926թ. դեկտեմբերի 31, ՎենետիկAvetiq Isahakyan...

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ 2013-Ի ՀԱՄԱՐ

29 Դկտ

Ասում են` Նոր տարվա գիշերը ճապոնացիներն իրենց տաճարներում խփում են զանգերը 108 անգամ, որովհետև, ըստ նրանց մեկնության, մարդը 6 հիմնական մեղք ունի, իսկ յուրաքանչյուր մեղք` իր 18 արտահայտման ձևերը: Ամանորի գիշերը ճապոնացիները հիշում են իրենց մեղքերի մասին: Հիշում են հատկապես դա, թեև ամենքի նման հիշողության մեջ դրոշմված ունեն բազմաթիվ ուրախ ու երջանիկ պահեր:

Ես չեմ առաջարկում հետևել նրանց օրինակին: Այս անգամ հանգիստ թողնենք զանգերը, առավել ևս, որ մեղքերի վերհիշումը դեռևս դրանց գիտակցումն ու ափսոսանքը չէ: Բայց ինչ-որ բան հիշել, այնուամենայնիվ, պետք է: Թիկունքում մնացած օրերի մեջ ինչ-որ բան տեսնելը պետք է: Քո ծիծաղի և իմ արցունքի միջև ընկած տարածությունը, քո հույսի և իմ հուսալքության բևեռները, քո խոսքի և իմ լռության տարբերությունը, քո ընթացքի և իմ կանգառի պատճառները, և էլի շատ տեսիլքներ: Ու թող եկող Ամանորը մեզ ներշնչի այն հույսով, որ ամեն բան իր հատուցման գինն ունի: Թե լավը, թե վատը: Վատը` հատկապես:

 

© Հովիկ Չարխչյան94113803_large_x_c9f9b0f8