Պահոց | 4:27 ե.

ՉԱՐԼԶ ՊԵՐՍԻ ՍՆՈՈՒ

9 Դկտ

Պարզվում է` ամենադժվարին բանը գիտակցելն է, որ մարդը, ում դու սիրում ես, քեզ չի սիրում: Պարզապես ապշեցուցիչ է, թե ինչ հմտությամբ և ինչպիսի ինքնախաբեությամբ են դրանից խույս տալիս նույնիսկ ամենասթափ մարդիկ: Նրանք իրենց համար մխիթարություններ են հորինում, թե իբր աղջիկը վախնում է կամ չի ցանկանում խոստովանել իր զգացմունքների մասին: Մեկ ուրիշն էլ ընդունակ է նույնիսկ խոստովանել, որ սիրված չէ, սակայն հոգու խորքում ինքն էլ դրան չի հավատում: Ահա այդպիսին է մարդկային բնույթը: Եվ սա ճշմարիտ է անգամ ամենասթափ իրատեսների պարագայում:

Հիմարություն է իհարկե, բայց մենք բոլորս այլոց կարծիքի ստրուկներն ենք:CPSnow_1396370c

ԼՈՒՅՍ ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

9 Դկտ

Ողբերգությունն էլ իր պատմություններն է ունենում: Անուրախ, նաև անհավանական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բերեց սոսկալի մեծ ցավ, բայց և մարդկային ինքնազոհության, նվիրումի ու հնարամտության բազմաթիվ դեպքեր: Դրանցից մեկի մասին ենք ուզում պատմել, որն այն օրերին աննախադեպ երևույթ էր, սակայն ժամանակի ընթացքում մոռացության է մատնվել:

Երկրաշարժից հետո Լենինականում և շրջակա գյուղերում լուրեր էին պտտվում, թե ոմանք քաղաքի երկնքում թռչող ափսե են նկատել: Առավել սնահավատները պնդում էին, որ տեսել են, թե ինչպես է երկնքից լույս  իջնում` շտապելով դա համարել վերահաս ինչ-որ բանի նախանշան: Այն, որ այլմոլորակայիններ ու երկնային կանթեղներ չկային, դա հասկանալի էր: Բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում: Քաղաքի վրա լույս նշմարած մարդիկ իրականում ճշմարտությունն էին ասում: Միայն թե այդ լույսը սնվում էր բոլորովին այլ աղբյուրից: Իսկ հեղինակը երեք մոսկվացի երիտասարդներ էին, ովքեր այն ձմեռ շատերի պես մեր երկիր էին շտապել` օգնության ձեռք մեկնելու աղետյալներին:Armenia-32

Դեկտեմբերյան տարերքը ոչ միայն հողին էր հավասարեցրել քաղաքներ ու գյուղեր, այլև զրկել էր ողջերին օգնության հասնելու միջոցներից. շարքից դուրս էին եկել կոմունիկացիաները, բնակչությունը զրկված էր սննդից, ջրից, ջերմությունից ու լույսից: Վերջինը հատկապես խիստ անհրաժեշտություն էր: Բանն այն է, որ ավերված քաղաքում մութն ընկնելուն պես փրկարարական աշխատանքները դառնում էին համարյա անհնար: Հուսահատված մարդիկ ստիպված փլատակների մոտ խարույկներ էին վառում, միացնում էին մեքենաների լուսարձակները, սակայն այս դեպքերում էլ արդյունքը բավարար չէր, քանի որ հնարավոր էր լինում լուսավորել միայն արտաքին շերտը, մինչդեռ շատ ավելի կարևոր էր տեսնել այն, ինչ ներքևում էր: Առաջին իսկ օրերին ՆԳ նախարարության աշխատակիցներին հաջողվել էր ձեռք բերել այն ժամանակների համար եզակի սարքավորում` 3 ավտոնոմ լուսավորող գեներատորներ, որոնք վերամբարձ կռունկի օգնությամբ կարողանում էին բարձրացնել մինչև 9 մետր: Միայն թե սա էլ տեղաշարժման արգելքների պատճառով միշտ չէ, որ կարելի էր օգտագործել ճիշտ վայրում, ճիշտ պահին: Ու մինչ երկրաշարժի գոտում մտմտում ու որոնում էին արդյունվետ տարբերակներ, Ռուսաստանի մայրաքաղաքում ելքն արդեն գտել էին:Armenia-25

Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի կոմերիտմիության քաղկոմ հրավիրվեցին և այլոց թվում աղետի գոտի գործուղվեցին «Ֆենիքս» («Փյունիկ») խմբի անդամները: Հատուկ հրավերը և շտապ գործուղումը պատահական չէր: Այս խմբի տղաները սեփական նախաձեռնությամբ և միջոցներով ստեղծել էին 30 մետր խորհանարդ տարողությամբ մի աերոստատ: Հնարամիտ երիտասարդները իրենց գնդաձև աերոստատը ժամանակ առ ժամանակ օգտագործում էին գովազդային նպատակներով, ցանկացողներին վարձակալությամբ էին տալիս  և այդպիսով ապահովում էին որոշակի «կողմնակի» եկամուտ: Հավանաբար նրանցից ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե ինչպիսի առաքելություն է սպասվում իրենց հեռավոր Հայաստանում և ինչպես կարող էր այդ մեծ փուչիկը մարդկային կյանքեր փրկել:Armenia-19

Դեկտեմբերի 15-ին նրանք արդեն ճանապարհին էին: Ռազմական բեռնատար ինքնաթիռը  նրանց կտրեց նախատոնական Մոսկվայի աշխույժ եռուզեռից ու տեղափոխեց հարավ` դեպի ցավի օջախը: Այն, ինչ նրանց սպասվում էր Լենինականում, վեր էր բոլոր տեսակի պատկերացումներից: Սակայն հույզերին տրվելու ժամանակ չկար. անհրաժեշտ էր վայրկյան առաջ գործի անցնել:

Դեռ Մոսկվայում, իմանալով, թե ինչ նպատակով են Հայաստան մեկնելու, նրանք հասցրել էին մի քանի ժամում պատրաստել և աերոստատին ամրացնել կախիչ հարմարանքներ` մի բան, որի անհրաժեշտությունը նախկինում չէր զգացվել: Լենինականցիները ևս ամեն կերպ աջակցում էին` տրամադրելով հնարավոր ամեն բան, որ կարագացներ օդապարիկը պատրաստ վիճակի բերելու գործընթացը: Առաջին վայրը, որտեղ ուղարկեցին մոսկվացիներին, քաղաքի կենտրոնական հանրախանութի տարածքն էր: Հենց այստեղ էլ փորձարկվեց թռչող սարքի պիտանիությունը: Ուշ գիշերին Լենինականի կենտրոնի փլվածքների ու դրանց շուրջ խմբված մարդկանց վրա սփռվեց այնքան սպասված լույսը: Եվ դա միայն լուսավորություն չէր` խավարի մեջ: Դա փրկելու, կյանքի կոչելու, դժբախտությունը ետ մղելու հույսն էր…Armenia-29

15 օր շարունակ լույսը կախված էր քաղաքի վրա: Երեք ռուս տղաներն աշխատում էին օր ու գիշեր: Ցերեկը կարգի էին բերում սարքավորումները, իսկ մութն ընկնելուն պես մեկնում քաղաքի անհրաժեշտ թաղամասը: Երբեմն հարկ էր լինում մի գիշերվա ընթացքում մի քանի վայրերում լինել: Ամեն կողմից կանչեր էին լինում: Հատկապես շատ էին ահազանգերը նրանց կողմից, ում հարազատները դեռ փլատակների տակ էին: Միայն մեկ անգամ, երբ քամու ուժգնությունը հասել էր վտանգավորության աստիճանի ու կարող էր պարզապես քշել-տանել աերոստատը, տղաները ստիպված եղան կարճ ժամանակով այն իջեցնել:

Չկա վիճակագրություն, թե նրանց շնորհիվ քանիսին հաջողվեց փրկել: Իրենք էլ համեստաբար լռում են, թեև որոշ ակնարկներից կարելի է կռահել, որ այդ թիվը փոքր չէր: Այդ մարդիկ հետայսու պիտի կոչվեին «աերոստատով փրկվածները»…armenia_31r

«Դեկտեմբերի 31-ի առավոտյան մենք վերադարձանք Մոսկվա: ՊԱԶ-իկը մեզ օդանավակայանից հասցրեց մետրո: Եվ մենք տեսանք քաղաքը` ամբողջական, կանգուն տներով, զարդարված եղևնիներով և ամանորի գալստյան մասին պաստառներ: Այստեղ արդեն ոչ մի տեղից մեզ չէր հասնում սովորական դարձած դիակների ծանր հոտը, այստեղ քայլում էին վառ շրջազգեստներով կենդանի աղջիկներ: Եվ այդ ամենի կենտրոնում կանգնել էինք մենք` սևացած արտահագուստով, ուռած դեմքերով…»,- հետո պիտի վերհիշեր տղաներից Ստանիսլավը: Նոր տարին այս անգամ այլ հայացքով էր նայելու 15 օրում հասունացած երիտասարդներին…

 ՀԳ.- Այս եզակի լուսանկարների համար պարտական ենք խմբի անդամների մեկին և նրա սիրողական «Սմենա-8» ֆոտոապարատին: Ի դեպ, Հայաստան մեկնելուց րոպեներ առաջ պարզվել էր, որ ապարատի մեջ ժապավեն չկա: Վաճառողը, իմանալով, որ տղաները Լենինական են մեկնում, նրանցից գումար չի վերցրել…

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ1988_12_12_Armenia

ԱԼԵՍԱՆԴՐՈ ԲԱՐԻԿԿՈ

9 Դկտ

Գիտե՞ս, թե այս տեղն ինչով է լավը: Նայիր, ահա մենք քայլում ենք ու ավազի վրա հետքեր ենք թողնում` տեսանելի, խորը: Իսկ վաղը կարթնանաս, կնայես ափին և ոչինչ չես գտնի, ոչ մի հետք, ոչ մի չնչին նշան: Մի գիշերում ծովը կմաքրի ամբողջը և կլիզի ալեբախությամբ: Ասես ոչ ոք չի էլ անցել: Կարծես մենք չենք էլ եղել: Եթե աշխարհում կա մի վայր, որտեղ դու չկաս, ապա դա հենց այստեղ է: Արդեն ոչ երկիրը, ոչ էլ ծովը: Ոչ կարծեցյալ կյանքը, ոչ էլ իրականը: Ժամանակը: Անցյալ ժամանակը: Եվ վերջ: Կատարյալ թաքստոց…AVT_Alessandro-Baricco_82

%d bloggers like this: