ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

20 Փտր

1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

Հ. ՉարխչյանDSC_0094

4 Responses to “ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ”

Trackbacks/Pingbacks

  1. Փետրվարի 05-09 | 💖👑💖 Էլեն Աբգարյան - 5 Փետրվարի, 2018

    […] 2.Թումանյանի մեծ վիշտը։ […]

  2. մայրենի | Լյուդվիգ Զաքարյան - 6 Փետրվարի, 2018

    […] 2.Թումանյանի մեծ վիշտը։ […]

  3. 💘Աննա Իսախանյան💘 - 6 Փետրվարի, 2018

    […] 2.Թումանյանի մեծ վիշտը։ […]

  4. Հ․ Թումանյան մեծ վիշտը | Մարիամեդիաբլոգ - 7 Փետրվարի, 2018

    […] Կարող եք կարդալ այստեղ։ […]

Թողնել մեկնաբանություն