Պահոց | 5:49 ե.

Արցախյան շարժումից մնաց այն, ինչ շահեցինք, իսկ շահեցինք անկախություն ու Ղարաբաղ. Հովիկ Չարխչյան

13 Փտր

1988-ի փետրվարի 12-ին  Հադրութի հանրահավաքով  ու Հայկական ԽՍՀին  ԼՂԻՄ վերամիավորման մասին ստորագրահավաքով սկսված ղարաբաղյան շարժման մասին գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը  Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Մնաց այն, ինչ շահեցինք: Իսկ շահեցինք   անկախություն, շահեցինք՝  Ղարաբաղ: Իհարկե,  մեծագույն կորուստներով, որոնց մասին մոռանալ պետք չէ, դրանք համարյա կարելի է դնել երկու հավասար նժարների վրա: Ու շատ ցավալի է, որ նման մեկնարկը նման վատ ավարտ ունեցավ, որովհետև այն, ինչին ձգտում էր այդ հսկայական զանգվածը, միասնական այդ կորիզը, այսօր դրանից հետք անգամ չի մնացել»։

-Դուք ղարաբաղյան շարժման ակտիվիստներից էիք. ի՞նչ եք հիշում՝ ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում մեր ժողովրդի ամենամեծ հատվածի հետ միասին 1988 թվականի փետրվարյան այս օրերին հայտնվեցիք Երևանի թատերական հրապարակում՝ դրան նախորդող բնապահպանական շարժումից անմիջապես հետո:

-Ղարաբաղյան շարժման մեկնարկի մասին շատ հետաքրքիր հանգամանքներում եմ իմացել. փետրվարի 20-ին, որը մենք համարում ենք Հայաստանում ղարաբաղյան շարժման սկիզբ, այդ օրը կնոջս ծննդյան օրն է նաև և այդ օրը մեր տանը նշում էինք ու մեր հյուրերից էր Վազգեն Սարգսյանը ու  ինքը մեզ ասաց, որ լուրեր ունի, որ Երևանում մեծ շարժում է սկսվել, որ մարդիկ հավաքվում են հրապարակներում, պահանջում են Ղարաբաղի հետ միավորում: Ու այդ ժամանակ առաջին անգամ իմացանք , որ Ղարաբաղում էդպիսի նիստեր են գումարվել,  որոշումներ են կայացվել  (Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի որոշումը՝  Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին), որովհետև այդ կարգի ինֆորմացիա չկար, և մամուլն այդ մասին ոչինչ չէր գրում: Ու հենց այդտեղ՝ սեղանի մոտ, որոշեցինք առավոտյան մեկնել Երևան ու հասկանալ, թե ինչ է  կատարվում։ Առավոտյան գնացինք ու հետագա օրերին՝ մոտ մեկ շաբաթից ավելի մնացինք Երևանում: Եվ այն, ինչ կատարվում էր քաղաքում, ինչ կատարվում էր Ազատության հրապարակում,  այդ բոլորը մեր պատկերացումներից պարզապես վեր էր: Աննկարագրելի մի բան, որը ո՛չ կարող էինք ենթադրել, ո՛չ կարող էինք կռահել, ո՛չ կարող էինք գուշակել ու մեր մտքով էլ նախկինում չէր կարող անցնել, որ Հայաստանում հնարավոր է նման բան, նման շարժում:

-Մարդիկ հիմա արդեն սովորել են «հրապարակի  էներգետիկա» կոչվող տերմինին, Ձեր կարծիքով ի՞նչն էր խորհրդային 70 տարիների ձևավորված մարդուն՝ ավագ ու երիտասարդ սերնդին, ուսանողությանը կանչում հրապարակ, հմայում, ստիպում, որ այնտեղ օրեր ու գիշերներ լուսացնեն: Այսինքն՝ նկատի ունեմ, որ այդ մարդիկ ներկայիս քաղաքացիական ակտիվիստները չէին, լրիվ այլ դաստիրակություն ստացած ու արժեքային համակարգ ունեցող մարդիկ էին:

-Թատերական հրապարակի ողջ հմայքը հենց նրանում էր, որ  ամեն ինչ միանգամայն նոր էր, միանգամայն անսպասելի, ապշեցուցիչ  ընկալումներով: Եվ առաջին անգամ մարդիկ հասկացան, որ իրենք կարող են խոսել, որ իրենք ուժ են և իրենց հետ կարող են հաշվի նստել: Առաջին անգամ տեսան առաջնորդներ հրապարակում, հարթակի վրա, նրանց, ում համակրում ու հավատում էին, այլ ոչ թե նրանց, ում նշանակում էին կամ բերում-պարտադրում: Առաջին անգամ նկատեցին, որ կարելի է խոսք ասել, և այդ խոսքը կարող է լսելի ու ընկալելի լինի: Այն ժամանակ կային նաև մարդիկ, ովքեր զգուշավորներ էին և կային մարդիկ, ովքեր ծայրահեղականներ էին, էսպես՝ պայմանական բնորոշումներով եթե ներկայացնենք: Այսինքն՝ մարդկանց խմբեր, որոնք կարծում էին, որ այդ ամեն ինչը պետք է շատ զգույշ անել, պահանջները շատ զգուշորեն ներկայացնել, և նրանք, որպես կանոն, հրապարակ էին գալիս Գորբաչովի լուսանկարով կամ ԽՍՀՄ կազմում մնալու կարգախոսներով: Եվ կային մարդիկ, ովքեր իրենց հետ եռագույն դրոշներ էին բերում, բարձրաձայն խոսում անկախության մասին: Ասեմ, որ 88-ի փետրվարին անկախության մասին խոսակցությունները  արտառոց էին, որովհետև  որևէ մեկի մտքով չէր անցնում քայլ անել այդ սահմանից այն կողմ: Եվ ամբողջ ուշադրությունը բուն ղարաբաղյան խնդիրն էր: Ու մարդկանց մի հսկայական զանգված հավատում էր, որ դա կարելի է լուծել խաղաղ եղանակով՝ պարզապես բավական է պահանջեն, բարձրաձայնեն և մոսկվաներում անմիջապես կընկալեն, կհասկանան: Ու հետո եկան նաև հիասթափության օրերը,  երբ «Պրավդայում» առաջին անգամ նյութեր տպագրվեցին երևանյան ցույցերի մասին ու ժողովրդին բնորոշեցին որպես ծայրահեղականներ,մի ամբոխ, որը չգիտես ինչեր է  պահանջում: Մարդիկ շատ վիրավորված էին: Ասեմ, որ շարժման օրերին մարդիկ հենց Ձեր ասած այնպիսի էներգետիկայով էին լեցուն, այնպես էին լիցքավորված, որ այլևս անհնար էր  այն նրանցից հանելը: Ես տեսել եմ Արարատից Երևան 40-50 կիլոմետր ոտքով եկող հսկայական զանգվածի՝ երեխաներ, տարեց մարդիկ, պլակատներով, դրոշակներով, երգերով… և փետրվար էր՝ ցուրտ, ձյուն, սառնամանիք, բայց մարդիկ էնպես հասան Երևան, ասես մի փոքրիկ ճանապարհ էին կտրել: Եվ այդ ոգևորությունը նրանց նաև մեծ ֆիզիկական ուժ էր տալիս, և ասեմ, որ այդ ամեն ինչը բնության բոլոր կարգերի դեմ էր:

-Մեզ մոտ կան մտավորականներ, որոնք դեմքի բազմանշանակ արտահայտությամբ կարող են ասել օրինակ՝ ես չեմ սիրում Թատերական հրապարակը: Ինչո՞ւ հետագայում այդ հրապարակը վարկաբեկվեց, չնայած հիմա էլ որևէ լուրջ բողոքի ակցիա առանց Ազատության հրապարակի չի անցնում:

-Ցանկացած լավ բան, երբ վերածվում է շահեր կորզելու միջոցի և կամ՝ առևտրի առարկայի, անմիջապես արժեզրկվում, վարկաբեկվում է: Շատ հասկանալի է, որ այդ հսկայական զանգվածների մեջ անպայման պետք է լինեին մարդիկ, որոնք պետք է  շատ ավելի «խորամանկ» գտնվեին կամ շատ ավելի արագ կողմնորոշվեին, որ այդ զարգացումներից կարելի է նաև շահել և խաղալ լրիվ ուրիշ լարերի վրա: Ոչ այն լարերի վրա, որոնցով ժողովուրդը դուրս էր եկել հրապարակ: Աշխարհի պատմությունն է ցույց տալիս, որ ցանկացած  հեղափոխությանը հաջորդում է ռեակցիայի ժամանակաշրջանը, ճգնաժամային ժամանակները: Նույնն էլ կատարվեց մեզ մոտ, ինչի հետևանքները տեսանք, ճաշակեցինք: Բայց երբ ամեն ինչը նայում ես ընդհանուր պատկերի մեջ, հասկանալի է, որ այդ բացասական երևույթները մղվում են երկրորդ պլան ու մնում է այն, ինչ շահեցինք, իսկ շահեցինք   անկախություն, շահեցինք՝  Ղարաբաղ: Իհարկե, մեծագույն կորուստներով, որոնց մասին մոռանալ պետք չէ, դրանք համարյա կարելի է դնել երկու հավասար նժարների վրա: Ու շատ ցավալի է, որ նման մեկնարկը նման վատ ավարտ ունեցավ, որովհետև այն, ինչին ձգտում էր այդ հսկայական զանգվածը, միասնական այդ կորիզը, այսօր դրանից հետք անգամ չի մնացել:

Հարցազրույցը` Անուշ Դաշտենցի

Tert.am 12.02.2015 թ.asas.thumb

ԿԱՐԼՈՍ ԿԱՍՏԱՆԵԴԱ

13 Փտր

Կամքն այն է, ինչը քեզ ստիպում է հաղթել, երբ քո դատողությունը քեզ ասում է, թե դու պարտված ես: Կամքն այն է, ինչը քեզ դարձնում է անխոցելի: Կամքն այն է, որը թույլ է տալիս մոգին անցնել պատի միջով, հաղթահարել հսկա տարածություններ, հասնել Լուսին, եթե նա այդ բանն ուզում է:
Ցանկությունը` ահա թե ինչն է մեզ ստիպում տառապել: Բայց բավական է, որ մենք սովորենք ոչնչացնել մեր ցանկությունները, մեր ստացած յուրաքանչյուր մանրուք կվերածվի անգին պարգևի:040

ՔԼԱՅՎ ԼՅՈՒԻՍ

13 Փտր

Մարդիկ, ովքեր սեր չեն տալիս և ներփակված են իրենք իրենց մեջ, կցանկանային, որ իրենց թույլ տրվել ուրիշներին շանտաժի ենթարկել: Որպեսզի, քանի դեռ նրանք չեն ցանկացել լինել երջանիկ իրենց պայմանների համաձայն, ուրիշ ոչ ոք ուրախության երես չտեսնի: Որպեսզի վերջին խոսքի իրավունքն իրենցը լինի:csl_wall_paper

%d bloggers like this: