Պահոց | 3:44 ե.

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ` ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՈՒ

18 Փտր

1919 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունեց «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքը, համաձայն որի Երևանի հանրային գրադարանը ստացավ պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: Դա այն օրերին խոշոր իրադարձություն էր: Երկրի կարևորագույն մշակութային օջախներից մեկի կայացման գործին ձեռնամուխ եղան բոլորը` Հայաստանում և սփյուռքում ապրող մտավորականներ, գործարարներ, պետական այրեր, հասարակ քաղաքացիներ: Արձագանքելով սկիզբ առած նախաձեռնությանը` մարդիկ մեծաքանակ նվիրատվություններ էին կատարում նորաբաց գրադարանին։ Քիչ չէր նաև նրանց թիվը, ովքեր առաջարկում էին գնել իրենց մոտ եղած գրքերը։

Եղիշե Չարենցը, ով այդ օրերին աշխատում էր Լուսավորության նախարարությունում, նույնպես իր նշանակալի ավանդն է ունեցել պետական հանրային գրադարանի կայացման գործում: Այս մասին է վկայում Հայաստանի ազգային արխիվում պահվող մի վավերագիր: Խոսքը գրադարանի հաշվեմատյանի մասին է, որը նախատեսված էր ստացված ու առաքված գրությունների, ինչպես նաև նվիրաբերված գրքերի ու ձեռագրերի գրանցման համար։ Կոչվել էր «Օրամատյան»։ Ահա այս մատյանում էլ 1920 թ. մայիսի 24-ին կատարվել է թիվ 841 գրառումը։ Այնտեղ ասված է. «Ստացվել է Խ. Խաչատրյանից Եղ. Սողոմոնյանի գրքերը փոխադրող երկու մշակի վարկը ըստ հաշվի 24. 5. 20 թ.»։

Ի՞նչ է սա նշանակում: Նախ այն, որ Չարենցի նվիրաբերած գրականությունը եղել է բավականին շատ, ինչի համար երկու մշակ վարձելու անհրաժեշտություն է ծագել: Գրառման մեջ հիշատակված Խ. Խաչատրյանը գրադարանի աշխատակիցներից էր` Խաչատուր Խաչատրյանը: Այն փաստը, որ մշակների աշխատանքի դիմաց վճարումը գրադարանն է կատարել, թույլ է տալիս հաստատապես պնդելու, որ Չարենցն իր գրքերը ոչ թե վաճառել, այլ հանձնել է անհատույց։ Հակառակ պարագայում գրադարանը հազիվ թե ստանձներ նաև փոխադրման գումարը վճարելու պարտականությունը: Իսկ եթե այս ամենին էլ հավելենք այն իրողությունը, որ մեծ բանաստեղծն այդ  օրերին գտնվում էր նյութական ծանր վիճակում և նաև չմոռանանք նրա մեծ սերը գրքերի նկատմամբ, ապա Չարենցի նվիրատվությունը կրկնակի արժեք է ձեռք բերում:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ20

%d bloggers like this: