Պահոց | 10:20 ե.

ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

8 Փտր

Ահա նա` կյանքը: Մի քանի օրեր, իսկ հետո` դատարկություն: Դու աշխարհ ես գալիս, հասակ ես առնում, երջանիկ ես, դու սպասում ես ինչ-որ բանի, իսկ հետո մեռնում ես: Ով էլ լինես` տղամարդ, թե կին` մնաս բարով, դու այլևս երկիր չես վերադառնա: Եվ այնուհանդերձ մեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում է անմահության տենդագին ու անհագուրդ ծարավը, մեզնից յուրաքանչյուրն իրեն տիեզերք է կարծում տիեզերքի մեջ, և յուրաքանչյուրը քայքայվում է ամբողջապես, առանց մնացորդի, որպեսզի դառնա հումուս նոր ծլարձակման համար: Բույսերը, կենդանիները, մարդիկ, աստղերը, աշխարհները` ամենքը ծնվում ու մեռնում են նրա համար, որ վերածվեն մեկ այլ բանի: Սակայն ոչ մեկը ետ չի վերադառնում` լինի նա միջատ, մարդ, թե մոլորակ…MAUPASSANT

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

8 Փտր

1918 թվականի գարունն էր: Թուրքական բանակը պաշարել էր Ղարաքիլիսան: Այդ օրերին քաղաքում էր գտնվում նաև Հովհաննես Թումանյանը: Շուտով լուր ստացան, որ թուրքական բանակը ճեղքել է ճակատն ու քաղաք է մտնում: Նահանջի միակ ճանապարհը, որ տանում էր դեպի հյուսիս, լցվեց խուճապահար գաղթականներով ու քաղաքի բնակիչներով: Այդ խմբերից մեկի հետ էլ Թումանյանը բռնեց Դսեղ տանող ճանապարհը:

Նրանք գյուղ հասան 1918-ի մայիսի 28-ին: Դեռ ոչ ոք ոչինչ չգիտեր Սարդարապատի հաղթանակի ու Հայաստանի անկախության հռչակման մասին: Ուժասպառ ու քաղցած մարդիկ նստոտեցին հենց Թումանյանի հայրական տան բակում: Մթնում էր: Խարույկ վառեցին: Բոլորը ճնշված էին ու տխուր: Թումանյանն էլ նրանց հետ նստեց մի կոճղի վրա և մարդկանց ծանր մտքերը գոնե մի փոքր մեղմելու հույսով սկսեց զանազան ուրախ լեգենդներ, առակներ, հեքիաթներ պատմել հավաքվածների համար: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ մարդիկ կամաց- կամաց քուն մտան: Իսկ հետո ականատեսը պատմում է. «Չեմ հիշում` ինչքան էի քնել, բայց երբ գիշերվա կեսին աչքս բաց արի և վրա նստեցի` միանգամից գլխի չընկնելով, թե որտեղ եմ գտնվում, աչքիս առաջ ներկայացավ անհուսալիորեն ցնցող մի պատկեր: Խորին լռություն էր ու խավար, որ լուսավորվում էր աստղերի առկայծումներով և մարող խարույկի լույսով: Իսկ խարույկի կողքին, նույն կոճղի վրա նստած էր Թումանյանը, միակ մարդը, որ քուն չէր մտել այդ գիշեր: Նա ձեռքի փայտով դանդաղ խառնում էր կրակը` գլուխը հակած կրծքին, և նրա աննկարագրելի տրտում դեմքի վրայով հոսում ու հոսում էին արցունքները…»:

©Հովիկ Չարխչյան

55854_b

%d bloggers like this: