Պահոց | 6:01 ե.

Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՊԱՐՈՆ ԴԱՍԱԽՈՍ

3 Փտր

1973 թ. օգոստոսի 5-ին Երևանում վախճանվեց մանկավարժական ինստիտուտի օտար լեզվի երկարամյա դասախոս Մարկ Լևին: Հարգարժան դասախոսի հուղարկավորությանը եկել էին նրա ուսանողները, գործընկերները, հարազատներն ու ծանոթները: Կորուստը մեծ էր ու ցավալի, սակայն ներկաներից գրեթե ոչ ոք չգիտեր, թե իրականում ում էին հողին հանձնում: Պիտի պահանջվեին ևս մի քանի երկար ու ձիգ տարիներ, որպեսզի բացահայտվեր այդ մեծ առեղծվածը: Իսկ բացահայտումը ցնցող էր լինելու անխտիր բոլորի համար: Ու  հետո ոմանք նրան նույնիսկ պիտի անվանեին 20-րդ դարի մեծագույն միստիֆիկատոր: Ո՞վ էր նա, որ իր հետ այդքան անպատասխան հարցեր բերեց և այդքան առեղծվածներ տարավ, որոնց մի մասն առայսօր էլ չի ստացել իր պատասխանը: Սակայն դրա հետ մեկտեղ կարելի է հաստատապես պնդել, որ ամենամեծ գաղտնազերծումն այնուամենանիվ կատարված է…3574

Որպեզի պահպանենք դեպքերի հաջորդականությունը և չխճճվենք առանց այդ էլ խառն իրադարձությունների այս կծիկում, փորձենք մի քանի տասնամյակների միջով հայացք նետել անցյալին` մեր պատմությունը սկսելով 1933 թվականի այն հիշարժան օրից, երբ Ստամբուլից Փարիզ` ռուսական հրատարակչությանն առաքվեց մի փաթեթ: Այնտեղ գրական երկի ձեռագիր էր: Ստեղծագործությունը կոչվում էր «Վեպ կոկաինի հետ»: Հեղինակը Միխայիլ Ագեևն էր: Ընթերցելուց հետո ապշած հրատարակչությունը անիջապես սկսեց վեպը հատվածաբար տպագրել ամսագրում, իսկ շատ չանցած` գիրքն ունեցավ իր առանձին հրատարակությունը: Տպավորությունն աննկարագրելի էր: Գրականագետներից ոմանք դրա հեղինակին նույնիսկ անվանեցին 1930-ականների Դոստաևսկի: Բոլորը միայն այդ գրքի և նրա խորհրդավոր հեղինակի մասին էին խոսում: Ո՞վ էր նա, ում անունը նախկինում երբևէ հայտնի չէր եղել:  Զանազան կռահումներ էին անում, ենթադրում, թե գրական կեղծանվան ներքո թաքնվում է որևէ հայտնի գրող: Բայց պայթեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և գրքի շուրջ բարձրացված աղմուկը խլացավ պայթող արկերի որոտների տակ: Պիտի անցներ շուրջ կես դար, որ մարդիկ վերստին հիշեին նրա մասին…

Այժմ վերադառնանք մեր գլխավոր հարցին. ի՞նչ ընդհանուր բան կարող էին ունենալ այս երկու անձինք` երևանցի համեստ դասախոս Մարկ Լևին ու մի գիշերում մեծ հռչակ ձեռք բերած գրող Միխայիլ Ագեևը: Բայց որպեսզի սա պարզենք, մեկ անգամ էլ պիտի անդրադառնանք Լևիի կյանքին կամ, ավելի ճիշտ կլինի ասել` նրա կյանքի մինչերևանյան շրջանին:ageevm

Եվ այսպես, Լևին ծնվել է 1898-ին, Մոսկվայում: 1920-ականներին նա գործուղվում է Գերմանիա, որտեղ սովորում է Լայպցիգի ու Ցյուրիխի համալսարաններում, դասավանդում է լեզուներ, սակայն հանկարծ որոշում է այլևս չվերադառնալ ԽՍՀՄ և ձեռք է բերում Պարագվայի քաղաքացու անձնագիր: Հետո Գերմանիայից անսպասելի մեկնում է Փարիզ, ապա 1930-ին տեղափոխվում է Թուրքիա: Վարկածներ են շրջանառվում, թե Լևին ոչ ավել, ոչ պակաս` խորհրդային հետախույզ էր, և կյանքի այդ շրջանը քողարկելու ջանքերը բոլորովին էլ պատահական չէին: Ամեն դեպքում 1930-ականների երկրորդ կեսին նրա կյանքում լուրջ շրջադարձեր են կատարվում, և հենց այդ բեկումն էլ թույլ է տալիս պատասխան տալ գաղտնիքների գաղտնիքին: Մարկ Լևի- Միխայիլ Ագեև կապը բացահայտող եզակի փաստաթղթերից մեկը կարելի է համարել Ստամբուլում Սովետական Միության գլխավոր հյուպատոսարանի կողմից 1930-ի ամռանը ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատ ուղարկված տեղեկանքը, որտեղ Մ. Լևիի կենսագրության որոշ մանրամասների թվարկումից հետո այնուհետև ասվում էր հետևյալը. «Նա գրել է «Վեպ կոկաինի հետ» անվանումով գիրքը: Լևին նշում է որ դա անմեղ գիրք է, այն չի պարունակում ոչ մի բառ, որն ուղված է ԽՍՀՄ-ի դեմ և, ընդհանրապես, դա հարկադիր շարադրանք է եղել` սեփական գոյությունը պահպանելու համար»:

Այս փաստաթուղթը հայտնաբերվեց 1990-ականներին և միայն այդ ժամանակ պարզ դարձավ, որ չկան երկու տարբեր մարդիկ, այլ կար մեկը, ով տաղանդավոր գրող էր, սակայն իր ողջ կյանքի ընթացքում երբեք ոչ մեկին չպիտի հայտներ այդ մասին:

Վերը բերված դիվանագիտական փաստաթղթում այնուհետև գրված էր. «Կայացած զրույցից կարելի է այն հետևությունն անել, որ Լևին կարծես թե մտքափոխվել է  ու խորապես գիտակցել է իր թույլ տված սխալները և ցանկանում է գործնականորեն դրանք հարթել` աշխատելով «Աշեթ» ֆիրմայում, որտեղ հակաֆաշիստական և սովետական գրականություն է տարածում: Վերջին տարիներին նա աշխատում է այդ ֆիրմայում ու կապեր է պահպանում ԽՍՀՄ Առևտրային ներկայացուցչության հետ:$T2eC16hHJHwE9n8ikL5ZBRc!OuYo,!~~_32

Զրույցներից կարելի է նաև հետևություն անել, որ Լևին ազնվորեն է տրամադրված ԽՍՀՄ նկատմամբ հարաբերություններում և վատ տպավորություն չի թողնում: Սակայն Հյուպատոսարանը դեռ շատ քիչ բան գիտի նրա մասին, որպեսզի նրա համար տա անկաշառ ու բազմակողմանի եզրակացություն: Դրա հետ մեկտեղ մեզ հայտնի չեն այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վարկաբեկել նրան: Քանի որ նա մեզ քիչ է ծանոթ, նպատակահարմար ենք գտնում ձեռնպահ մնալ սովետական քաղաքացիություն տրամադրելու հարցում և չպաշտպանել նրա միջնորդությունը»:

Լևիին մերժում են, սակայն դա երկար չի տևում: Քաղաքական իրավիճակի փոփոխությունները շատ շուտով սրբագրում են կացությունը: Թե իրականում ինչ էր կատարվել` այսօր էլ դժվար է վստահաբար պնդել, բայց փաստը մնում է փաստ, որ 1942 թ. հայ- թուրքական սահմանի Կիզիլ-Բազար- Լենինականի հատվածում թուրք սահմանապահները սովետական կողմին հանձնեցին ԽՍՀՄ նախկին քաղաքացի Մարկ Լևիին: Ասվում էր, թե իբր թուրքերը նրան մեղադրում էին Անկարայում Գերմանիայի դեսպանի դեմ դավադրությանը մասնակից լինելու համար: Թե որքանո՞վ էր սա հավաստի, նույնպես անպատասխան հարցերի շարքում է:1111

Լևին Երևան եկավ: Նա ոչինչ չուներ, փաստաթղթեր` նույնպես (թուրքերը դրանք բռնագրավել էին): Ստիպված էր ամեն ինչ սկսել ոչնչից: Աշխատանք գտնելու համար նրան այլ բան չէր մնում, քան կրկին քննություններ հանձնել և դիպլոմ ձեռք բերել: Պատերազմող երկրում նոր, անծանոթ մարդու ներկայությունն ընդունվել էր ընդգծված վերապահությամբ, սակայն Լևին կարծես թե ուներ այդ անվստահությանը պատասխանելու իր միջոցը: Նա այժմ ուրիշ էր` մշտապես ստվերում, անցյալի հետ բոլոր կապերը խզած, որևէ կերպ աչքի չընկնող: Իսկ այդպիսին լինելու համար առաջին հերթին պետք էր մեկընդմիշտ հիշողւթյունից ջնջել այն, ինչ կապված էր Միխայիլ Ագեևի և նրա հռչակավոր գրքի հետ: Սա սոսկ նոր կյանք սկսել չէր: Սա նախ և առաջ նոր մարդ լինելու մարտահրավեր էր սեփական անձին: Բայց տաղադնավոր գրողը ընդունեց ճակատագրի այդ մարտահրավերը: Իսկ հանուն ինչի՞: Ո՞րն էր այն նպատակը, որի համար կարելի էր գնալ այդքան մեծ զոհողության:

Մենք չենք շտապի կռահումներ անել, ինչպես որ անպատասխան պիտի թողներնք նաև այն հարցը, թե ինչու՞ նա որոշեց իր կյանքը կապել բոլորովին անծանոթ մի երկրի` Հայաստանի հետ: Կասենք միայն, որ շուտով մանկավարժական համալսարանում գերմաներեն դասավանդող դասախոսը ծանոթացավ ու ամուսնանացավ երևանցի Անժելա Մկրտումյանի հետ` որդեգրելով կնոջ աղջկան: Պնդում են նաև, որ Լևին որդի է ունեցել: Նա հրաշալի ամուսին ու հայր էր, իր ընտանիքին ամբողջ հոգով նվիրված մարդ:22222

Ժամանակակիցները պատմում են, որ նախ ապրում էր մայրաքաղաքի «Սևան» հյուրանոցում, իսկ հետո բնակարան է ստացել Լենինի պողոտայում: Վարում էր չափազանց ինքնամփոփ ու համեստ կյանք: Առավելապես սիրում էր լինել ընտանիքի անդամների հետ, ուներ քիչ թվով ընկերներ: Հրապուրված էր սիրողական նկարահանումներով, սիրում էր երաժշտություն լսել, զանազան խաղաթղթերի հավաքածո էր կազմում, ծխում էր շատ, հագնվում էր խիստ էլեգանտ, լռակյաց էր: Աշխատանքում նույնպես նախընտրում էր մնալ ստվերում: Գրելով բայի մասին թեկնածուական թեզ, այնուհետև հրաժարվել է այն պաշտպանել` դա համարելով ոչ մեկին պետք չեկող մի բան: Սրա հետ մեկտեղ, ըստ լուրերի, լեզվի դասեր է տվել Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարին: Ասում են նաև, թե տարին մեկ անգամ մեկնում էր Մոսկվա, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ նպատակով և ում մոտ…

Նույնիսկ մոտալուտ մահն անզոր եղավ խախտելու նրա լռության ուխտը: Լևին հեռացավ այս աշխարհից` մարդկանց հիշողության մեջ թողնելով միայն այն հուշը, որն ինքն էր նախընտրել:

Մարկ Լևին սիրում էր անընդհատ կրկնել, որ մարդն իր կյանքի ընթացքում ամեն ինչ պիտի փորձի: Իսկ հանրահռչակ «Վեպ կոկաինի հետ» գրքում հեղինակն այսպիսի տողեր էր գրել. «Գործեք, քանի որ թանկ է յուրաքանչյուր րոպեն, քանի որ ամեն րոպե, ամեն վայրկյան մարդիկ կրակում են, մարդիկ սպանում են, մարդիկ ընկնում են: Սթափվեք ու գործեք, քանզի մարդիկ և մայրերը, և հայրերը, և զավակները, և եղբայրները և բոլոր-բոլորը սպասում են ձեզնից, հատկապես ձեզնից, որ դուք` Քրիստոսի ծառաներդ, անվախ կերպով զոհաբերելով ձեր կյանքը` միջամտեք այս խայտառակությանը և կանգնելով անմիտների միջև` աղաղակեք բարձր: Բարձր, որովհետև դուք շատ եք, այնքան շատ եք, որ կարող եք աղաղակել ի լուր աշխարհի. «Մարդիկ, կանգ առեք, մարդիկ, դադարեք սպանել: Ահա, ահա, ահա թե որն է ձեր պարտքը»:

Նա հորդորում էր մյուսներին լինել նախաձեռնող ու առաջամարտիկ, միայն թե ինքն ընտրեց միանգամայն այլ ճակատագիր և կեցվածք: Նա լռեց մի ամբողջ կյանք և այդպես լռակյաց հրաժեշտ տվեց այս խելակորույս աշխարհին: Իր համաշխարհային փառքից նրան բաժանում էր ընդամենը 10 տարի…

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՀԱՆՍ ՀԵՅՆՑ ԷՎԵՐՍ

3 Փտր

Մենք պետք է փշրենք «երեկ»-ը այն պատճառով, որովհետև գիտակցում ենք, որ ապրում ենք այսօր, և այն պատճառով, որ մեր «այսօր»-ն ավելի լավն է: Դրա մեջ է մեր մեծագույն հավատը, այնքան ուժգին, որ մենք ընդհանրապես չենք մտածում այն մասին, որ մեծն «այսօրը» վաղը կվերածվի խղճուկ «երեկ»-ի, կդառնա աղբաման նետելու արժանի: Հավերժական պայքար` հավերժական պարտության հետ: Միայն այն ժամանակ, երբ մեր մտքերը այցի գնան անցյալի ոլորտը, դրանք կհաղթեն:c05476e899a247ccf58cb1fd895

%d bloggers like this: