Պահոց | 10:46 ե.

ԲԱԿՈՒՆՑԻ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ

17 Փտր

Ակսել Բակունցի կյանքին առնչվող հետաքրքիր մի դրվագ վրիպել է ուսումնասիրողների ուշադրությունից, մինչդեռ իր ժամանակին դրան մեծ կարևորություն է տրվել թե իր բացառիկության և թե ակնկալիքների առումով: Խոսքը մեծ գրողի մի «ոչ գրական» առաքելության մասին է: Բանն այն է, որ 1928 թվականի ամռանը Բակունցին հանձնարարվել էր գլխավորել գիտական արշավախումբ: Սա տարօրինակ պիտի թվա ընդամենը առաջին հայացքից: Իրականում այդ օրերին Բակունցը Հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալն էր, ճանաչված ու հմուտ գյուղատնտես և միաժամանակ աշխատակցում էր «Մաճկալ» թերթին:  1920-ականներին նման բարձրակարգ մասնագետ Հայաստանում քիչ կգտնվեր: Այդ պատճառով էլ ընտրության հարցում իշխանությունները չէին սխալվել: Նույն օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում մի հակիրճ տեղեկատվություն տպագրվեց սպասվելիք արշավի մասին.1910

«Գյուղատնտեսների էքսկուրսիան դեպի Արագած

Հողժողկոմատի տեղկոմը և «Մաճկալի» Գյուղատնտեսական բաժինը գյուղատնտես ընկեր Ակսել Բակունցի ղեկավարությամբ գիտական նպատակներով կազմակերպել է մի արշավախումբ դեպի Արագածի գագաթը: Արշավախումբը բաղկացած է 12 հոգուց, մեծ մասամբ գյուղատնտեսներ: Երևանից դուրս է գալիս այսօր, առ. ժամը 5-ին, դեպի Բյուրական՝ մեքենայով, իսկ այնտեղից ճանապարհը շարունակելու են ձիով և ոտքով: Արշավախումբն ուսումնասիրելու է Արագածի ամենաբարձր լանջերին գտնվող եզդիների օբաները և արոտավայրերը, իսկ վերադարձին՝ Արթիկի տուֆը»:

«Խորհրդային Հայաստան», 12. 8. 1928 թ.:

Այս կարճ լրատվությունն ամեն դեպքում բավականին հագեցած էր՝ ծրագրերի մասին նախնական պատկերացում կազմելու համար: Գաղտնիք չէ, որ այդ տարիներին Արագածի ալպյան գոտու ռեսուրսները` խոտհարքներն ու արոտավայրերը, ինչպես նաև ջրային պաշարները մնում էին չօգտագործված, մինչդեռ լեռնային, քարքարոտ երկրի համար դրանք անգնահատելի արժեք էին ներկայացնում: Եվ, իհարկե, առանձնակի ուշադրության էր արժանի տուֆի հանքերի մասին ակնարկը: Այդ հանքերը դեռ նոր պիտի ներկայանային իրենց ողջ հարստությամբ` իբրև շինաքարի ամենանախընտրելի և անսպառ պաշար Հայաստանի համար, իսկ մեկ տարի առաջ Լենինականում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքների ֆոնի վրա խնդրի հրատապ լուծումը հատկապես հրամայական էր դառնում:1930-ականներ

Բակունցի և նրա գործընկերների մեկնումից տասն օր անց հրապարակվում է երկրորդ հաղորդագրությունը: Այն հայտնում էր, որ «Հողժողկոմատի նախաձեռնած էքսկուրսիան` գյուղատնտես Ակսել Բակունցի ղեկավարությամբ, վերադարձավ Արագածից»: Այնուհետև ասվում էր. «Էքսպեդիցիան բաղկազած էր 15 հոգուց, մեծ մասամբ գյուղատնտեսներից: Երևանից դուրս գալով ամսի 9-ի գիշերը, Ապարանի կողմից (Ղազնաֆարով) էսպեդիցիան բարձրացել է Արագածը: Խմբից 12 հոգի հոգնածության պատճառով, գյուղատնտես Արամ Մելքոնյանի ղեկավարությամբ, միջին օբաներից ցած են իջել ու վերադարձել, իսկ ագրոնոմներ Ակսել Բակունցը, Ալիսը և մի հողաշինարար գիտական պարագաներով բարձրացել են Արագածի երկու բարձր գագաթները, 2 գիշեր մնացել են այնտեղ, ապա անցնելով Լենինականի լանջերը՝ իրենց ուսումնասիրությունը շարունակել են ու ամսի 15-ին Լենինականով վերադարձել»:

Արշավախամբի անակնկալ տրոհումը` հոգնածության պատճառաբանությամբ, անկեղծ ասած` այնքան էլ վստահություն չի ներշնչում: Թերևս նրանց վաղաժամ վերադարձի համար այլ խնդիրներ էին ծագել, հակառակ պարագայում ողջ արշավը կարելի էր ձախողված համարել, և նրանց կմիանային ինչպես Բակունցն, այնպես էլ Ալիս կեղծանունով Բակունցի օգնական և «Մաճկալի» թղթակից Ալեքսանդր Մարգարյանը: Սակայն նրանք ոչ միայն շարունակել էին արշավը, այլև բարեհաջող ավարտի հասցրել` ներկայացնելով արժեքավոր տեղեկություններ ու դիտարկումներ իրենց երթուղու բոլոր հատվածներից:

Հաշվետվությունը, որն այնուհետև ներկայացվեց իշխանություններին, բավականին ընդարձակ էր: Եթե շարադրելու լինենք այդ փաստաթղթի բովանդակության առավել հատկանշական հատվածները, ապա նեղ մասնագիտական զանազան տվյալների ու առաջարկների շարքում Բակունցն ու ընկերները նախ գրում էին, որ Արագածի արոտատեղիները նպատակահարմար եղանակով չէին օգտագործվում: «Արագածի ամենաբարձր լանջերի մի դեսյատինի արոտատեղի վրա արածում են միջին հաշվով 0,5-ական խոշոր անասուն կամ 2 ոչխար, մինչդեռ 14000 ֆուտ բարձրության վրա անգամ կան բնական երեքնուկ, կորնկան և բազմաթիվ հացազգի բույսեր: Նույն բարձրության վրա գտնվում են նույնիսկ բզեզներ և վայրի մեղուներ, որոնք գրավական են թիթեռնածաղիկների բեղմնավորման ու բազմացման համար»,- ասված էր հաշվետվությունում:bakunc

Էքսպեդիցիան ուսումնասիրել էր նաև օբաների խաշնարածների կոլեկտիվացման խնդիրը և գտել, որ այդ հարցի լուծումն էլ շատ դժվարությունների չի կարող հանդիպել, քանի որ  «նրանց մեջ արդեն արմատացած կան մի շարք կոլեկտիվ մոմենտներ, որպիսիք են՝ ցուլի ու ղոչի ընդհանուր լինելը, անասունների ընդհանուր արածացնելը, կաթի խաբ տալը (փոխ տալ) և պանիրն ընդհանուր կաթսայում եփելը: Հարկավոր է միայն կազմակերպչորեն նրանց ձևավորել և այդ աշխատանքները տանել այնպես, որպեսզի ոչ թե ունևրորներն օգտվեն, ինչպես եղել է մինչև այժմ, այլ չքավորները համախմբվեն ուժեղ տնտեսության մեջ»:

Ամփոփիչ հատվածում տեղ էր գտել այսպիի մի առաջարկ. «Որովհետև Արագածը շատ մեծ ուսումնասիրության կարիք ունի, էքսպեդիցիան կարծում է, որ նպատակահարմար կլիներ, եթե Հողժողկոմատը կամ տուրիստական ընկերությունը մի փոքր, բայց ամուր տնակ կառուցեր Արագածի գագաթի մոտ, որն զգալի չափով կնպաստեր զանազան էքսպեդիցիաների աշխատանքին»:

Դեպքերից առաջ ընկնելով ասենք, որ արշավախմբի ցանկություններից այս մեկը իրականություն դարձավ շատ արագ: Մի քանի ամիս անց հրապարակված հաղորդագրությունը տեղեկացնում էր. «Էքսկուրսիոն բազա Արագածի ստորոտում.- Բացի Երևանում, Ալլահվերդիում, Լենինականում և Սևանի կղզու վրա կազմակերպվելիք էքսկուրսիոն բազաներից՝ բազա է հիմնվելու նաև Արագածի ստորոտում: Բազաներում արվելու են գիշերելու հարմարություններ և տաք ջուր (սնունդ չի տրվելու)»:artik

Սակայն վերադառնանք արշավախմբի ծրագրերից գլխավորին` տուֆի հանքավայրերի ուսումնասիրմանը: Այս հանգամանքը կարևոր է թեկուզ այն պատճառով, որ տարիներ շարունակ ընդունված է եղել Արթիկի հանքերի հետախուզական աշխատանքների գլխավոր դերակատարներ համարել օտար մասնագետներին` երկրաբաններ Պ. Լեբեդևին, Բ. Զալեսկիին, Վ. Պետրովին, Ա․ Իվանչին-Պիսարևին, ազգությամբ հայ, բայց Ռուսաստանում ծնված Դավիթ Չիսլիևին: Սակայն որևէ անգամ չի հիշատակվել Բակունցի արշավախմբի առաքելության նշանակությունը: Իսկ մի՞թե պատահականություն կարելի էր համարել այն փաստը, որ 1928-ի օգոստոսից հետո արմատապես փոխվեց պատկան մարմինների և հատկապես Մոսկվայի վերաբերմունքը հանքավայրը լայնորեն շահագործելու և այդ նպատակի համար միջոցներ հատկացնելու գործում: Այն օրերի թերթերը նույնիսկ հաղորդեցին, թե ինչպես Մոսկվայում կառուցվում էր առաջին փորձնական բնակարանը Արթիկի տուֆից: Հայկական տուֆն իր գործնական կիրառումը գտավ նա Մոսկվայում թեթև արդյունաբերության ժողկոմատի, «Գրքի տան» շինարարության, ինչպես նաև բնակելի այլ շենքերի կառուցման ժամանակ։ Դրանից հետո տուֆը օգտագործվեց ԽՍՀՄ կենտգործկոմի` Սինոպում տնտեսական վարչության հանգստյան տան և ԽՍՀՄ կենտգործկոմի Սևծովյան առափնյա գոտում շենքերի կառուցման ժամանակ։ 1929-ի մայիսին հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ Հանքագիտության ինստիտուտը ձեռնարկում է Արագածի շրջանում Արթիկի տուֆային լավային հետազոտությունը: Հետազոտությանը հատկացված էր 100.000 ռուբլի: Մեծ քանակությամբ շինանյութ Ռուսաստան առաքելու հետ մեկտեղ Հայաստանն էլ անմասն չէր մնում այդ պաշարից:

Իսկ ի՞նչ պատահեց գրող Ակսել Բակունցին: Մի՞թե նրա կարճատև, բայց հագեցած ուղևորությունն այդպես էլ որևէ անդրադարձ չունեցավ գրողի ստեղծագործական էջերում: Իբրև այս հարցի պատասխան մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Օրինակ, կարելի է վերհիշել նրա հանրահայտ գործերից մեկը` «Մուրոյի «զրուցը», որը սկսվում է այդպիսի գաղտնազերծող տողերով. «Երկրորդ օրն էր՝ Մաղդայում էինք` Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը…»: Կամ կարելի է մտաբերել, թե ինչպես 1935 թվականին «Հայկինոն» տեղեկացրեց այն մասին, որ սկսվել են «Արագած» պայմանական անունը կրող հնչյունային ֆիլմի նկարահանման աշխատանքները: Սցենարի հեղինակը Ակսել Բակունցն էր:Մուրոյի_«զրույցը»_1

Ավելի հետևողական պրպտումները թերևս նոր փաստեր էլ ի հայտ բերեն: Մի բան կասկածից վեր է. Ինչպես որ կենսափորձն ու տպավորություններն են իրենց հետքը թողնում հոգևոր արժեքների վրա, այնպես էլ մտավորականի կերպարն է ամբողջանում նրա կյանքի բոլոր դրսևորումներով: Եվ այդ իմաստով դեպի Արագած ճամփորդությունը պիտի դիտվի Բակունցի կենսագրության նշանակալի դրվագներից մեկը:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՉԱՐԵՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

17 Փտր

«Ամենասիրելի Հովհ. Թումանյան

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:Безымянный

ԿԱՐԱ ԴԱՐՎԻՇԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

17 Փտր

Հայ ֆուտուրիստ գրող Կարա Դարվիշի անունը ժամանակին լայնորեն հայտնի էր ռուսական գրական շրջանակներում: Նրա հետ անձնական մտերմություն ունեին Կամենսկին, Սևերյանինը, ինչպես նաև Վլադիմիր Մայակովսկին: Թիֆլիսում նրանց հերթական հանդիպման ժամանակ էլ Մայակովսկին նկարել է Կարա Դարվիշի այս դիմանկարը:708983_photoshopia.ru_255_Mayakovskiyy_V._V._Kara_Darvish

ԳՐԵԳՈՐԻ ՌՈԲԵՐՏՍ

17 Փտր

Համաձայն լեգենդի, քո ընտրյալին դու ճանաչում ես վայրկենապես, քանի որ նրա հանդեպ քո սերը ներթափանցում է նրա յուրաքանչյուր դիմախաղի, յուրաքանչյուր մտքի, յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր հնչյունի և նրա աչքերում փայլող յուրաքանչյուր հույզի մեջ: Դու ճանաչում ես նրան իր թևերով, որոնք անտեսանելի են ուրիշների համար, և նաև այն պատճառով, որ նրա նկատմամբ կիրքը սպանում է մյուս բոլոր սիրային ցանկությունները…Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (14)

%d bloggers like this: