Օտարի առուն վարար չի լինում

15 Փտր

Արդեն որերորդ անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունը: Գուցե նա իրավացի է այնչափով, որչափով իրեն թելադրում է սեփական երկրի շահը: Բայց նույնիսկ այդ պարագայում որոշումը հիմնավորում է պահանջում՝ հենց թեկուզ վերոնշյալ շահի պարզաբանումը: ԱՄՆ տնտեսական աջակցության հիմնադրամի (ESF) շրջանակներում Վաշինգտոնի վարչակարգը պատրաստվում է 2013-ի ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 27,2 մլն դոլար, որը մոտ 12,8 մլն դոլարով կամ 32 տոկոսով պակաս է 2012 թ. Կոնգրեսի հաստատած 40 մլն դոլարից: Հաղորդագրության համաձայն, այդ 27,22 մլն դոլարը կուղղվի Հայաստանի տնտեսական աջակցությանը: Դրանից զատ 2,5 մլն դոլար մեզ կտան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագծով ու ևս 2,82 մլն դոլար՝ նարկոտրաֆիկի դեմ պայքարի շրջանակներում վերահսկողությանը և օրենսդրությանը:
Հայաստանը դեռևս որևէ կերպ չի արձագանքել այս նախագծին, իսկ ահա ամերիկահայ կառույցները շտապել են իրենց վերաբերմունքն արտահայտել փաստի առթիվ՝ տեղեկացնելով, որ «տխուր են, սակայն զարմացած չեն»:
Սակայն Հայաստանում գուցե թե գտնվեն մարդիկ, ովքեր վշտանալու հետ մեկտեղ նաև զարմանալու պատճառներ կունենան: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները կրճատում է մի երկրին հատկացնելիք օգնության ծավալը, որը արդեն քանի տարի գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ, իսկ Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ հրապարակավ դատապարտել է մեր հարևանների քայլը: Այս դատապարտումների տրամաբանությամբ պիտի որ անհնար դառնար օգնության նվազումը, բայց, ինչպես տեսնում ենք, անհավանական ոչինչ չկա:
Հայաստանում զարմանք ապրելու առիթ պիտի ունենան նրանք, ովքեր երկար ժամանակ մեզ համոզում էին, թե Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի սատարած տարածաշրջանային նախաձեռնություններին մեր խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը միայն ու միայն լավ վերաբերմունքի և առատ օժանդակության նախադրյալներ կստեղծի: Բայց, խնդրեմ, ոչինչ էլ չեղավ: Ավելի ճիշտ եղավ հակառակը:
Գուցե ոմանք առարկեն և ասեն, թե այս նվազումը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի նկատմամբ վերաբերմունքով, այլ համընդհանուր է՝ բոլոր երկրների համար: Կամ գուցե կարծիքներ հնչեն, թե ԱՄՆ-ն ընդհանրապես կրճատել է արտաքին օգնության ծավալները: Երկու դեպքերի համար էլ պիտի պատասխանենք, որ դրանք, ցավոք, այդպես չեն: Եկող տարի ԱՄՆ-ը ժողովրդավարությանը և արտասահմանյան երկրների տնտեսություներին աջակցելու համար կծախսի շուրջ 7,3 մլրդ դոլար: Համեմատության համար ասենք, որ ընթացիկ տարում նույնը կազմել էր 6,256 մլրդ դոլար, իսկ անցյալ տարի՝ 9,171 մլրդ դոլար: Ինչպես տեսնում ենք, որևէ անկման մասին խոսք լինել չի կարող:
Իսկ թե ինչ տրամաբանությամբ է կատարվելու բաշխումը և ում է տրվելու առաջնությունը, դրա մասին էլ կարող ենք իմանալ՝ լսելով նախագահ Օբամայի մտքերն այն մասին, թե նա ինչու՞ է ավելացրել, օրինակ, Թուրքիայի բաժնեմասը: Համաձայն ամերիկացի նախագահի, Թուրքիան կարևոր դերակատարում ունի համաշխարհային քաղաքական գործընթացներում և մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ը արտաքին քաղաքական նպատակների իրագործման համար: Բնականաբար, Հայաստանն այսպիսի առանձնաշնորհ չունի՝ նույնիսկ անկախ այն բանից, որ երկար ժամանակ Վաշինգտոնը խրախուսում էր հայ-թուրքական արձանագրությունները և պնդում, թե հակված է երկու երկրների սառեցված հարաբերությունների կարգավորմանը: Միայն թե նրա գործողություններն ու ապագայի ծրագրերը կարծես թե այլ բան են հուշում:
Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Օբաման այս տարի առաջարկել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման և Միջազգային ռազմական կրթության և ուսուցման շրջանակում Հայաստանին ու Ադրբեջանին հավասարաչափ օգնություն տրամադրել` համապատասխանաբար 2.7 միլիոն և 600,000 դոլար: Կարծես թե ի վերջո նրանք գիտակցեցին, որ գոնե հավասարակշռությունը պահպանել է անհրաժեշտ: Միայն թե այստեղ էլ պատկերն այնպես վարդագույն չէ, ինչպես պիտի թվա առաջին հայացքից: Բանն այն է, որ 2013թ. բյուջեի նախագծում չի խոսվում Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մասին:
«Մենք գնահատում ենք Ադմինիստրացիայի որոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարությունը պահպանելու վերաբերյալ, բայց, նկատի առնելով Թուրքիայի կողմից Հայաստանի 20-ամյա շրջափակումը և անվտանգության նկատմամբ սպառնալիքները Հայաստանի և ԼՂՀ-ի հասցեին Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորության պատճառով, ֆինանսավորումը պետք է պահպանվի գոնե 2012 թվականի մակարդակով»,- կատարվածն այսպես բնութագրեց Ամերիկայի Հայկական Ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդոնին: Իսկ կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին հայտնեց, որ պատրաստվում է աշխատանքներ կատարել գործընկերների հետ՝ Ղարաբաղի համար կայուն ֆինանսավորման հասնելու նպատակով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել մեկնաբանություն