Պահոց | 10:51 ե.

Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը

11 Փտր

Եթե չլինեին հանրապետության ողջ տարածքում առատ ձյան ստեղծած հոգսերի մասին խոսակցությունները, ապա հաստատապես կարելի էր ասել, որ օրվա ամենամեծ պահանջարկ վայելող թեման պատմությունն էր այն մասին, թե ինչպես հերթական անգամ «Բարգավաճ Հայաստանի» գլխին «սարքեցին»: Խոսքն, անշուշտ, վերաբերում է Եվրոպային ժողովրդական կուսակցությունում (ԵԺԿ) հայաստանյան երեք քաղաքական ուժերի` «Ժառանգության», ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի դիտորդ անդամի կարգավիճակ ստանալուն և միևնույն ժամանակ այդ ցանկից ԲՀԿ-ին դուրս թողնելու սկանդալային միջադեպին:
ԵԺԿ –ն ամենախոշոր համաեվրոպական կուսակցությունն է, որը միավորում է քրիստոնեա-դեմոկրատական և պահպանողական ուղղություն ունեցող կուսակցություններին: Դրա մեջ ներառված են 72 կուսակցություններ՝ ԵՄ անդամ 26 երկրներից և ևս 13 երկրներից, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ: Թե հայաստանցիներին հատկապես ինչու՞ էր անհրաժեշտ ամեն գնով ոտք դնել ԵԺԿ-ի շեմքից ներս, նույնիսկ իրենք դրա մասին կարգին չգիտեն: Համենայն դեպս, արդեն երկու օր նրանք փորձում են որևէ խելամիտ պատասխան գտնել ու ոչ մի կերպ այդ բանը չի հաջողում: Փոխարենը կարելի է անվերջ խոսել այն մասին, թե իրենցից յուրաքանչյուրն ինչպիսի արժանիքներ ուներ և հատկապես որ հատկանիշները հաշվի առան քաղաքակիրթ եվրոպացիները՝ հրավիրելով ընդհանուր սեղանի մոտ:
Բայց, միևնույն է, ողջ պատկերն անմիջապես աղճատվում է, երբ մեջտեղ է գալիս ԲՀԿ-ի ձախողումը և դրան նախորդած դեպքերը: Բանն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե ԵԺԿ համագումարում, բացի ԲՀԿ-ից` հայաստանյան մյուս երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, դառնալու են դիտորդ անդամ: Այս մասին ասվում էր չափազանց հաստատ տոնով ու նշվում, որ ԵԺԿ-ն մերժելու է միայն ԲՀԿ-ին, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է աշխատել, որ ԵԺԿ մարսելյան համաժողովում չհնչի ԲՀԿ-ի անունը: Վարչապետը նախապես ԵԺԿ-ին համոզել էր, որ «Բարգավաճի» ներկայությունը պատիվ չի բերի ժողովրդավար Արևմուտքին, քանի որ ԲՀԿ առաջնորդը սատարում Է Եվրոպայում բռնապետ համարվող Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին:
Պիտի ասեք՝ սա հերթական բամբասանքն է: Պիտի նաև կրկնեք այն միտքը, ինչը մեկ շաբաթ առաջ պնդում էին շատերը, թե իբր ԵԺԿ-ի նման լուրջ և հեղինակավոր կուսակցությունն իր որոշումները չի կայացնի կեղծ լուրերի ու ստահոդ ուղղորդումների հիման վրա: Սակայն կարո՞ղ եք նույն հետևողականությամբ բացատրել, թե ինչու եղավ հենց այնպես, ինչպես կանխատեսված էր: Էլ չենք ասում, որ այդ ընթացքում ԵԺԿ-ի կուսակցության անդամներից ոմանք եկան Հայաստան, հանդիպեցին բոլոր քաղաքական ուժերի հետ, ուսումնասիրեցին կատարած աշխատանքներն ու կենսագրությունները, գաղափարներն ու մոտեցումները և լուռ հետացան: Իսկ երեկ, սպասվածի պես,
ԲՀԿ -ի հայտը անգամ չքննարկվեց:
Եթե ինքներդ չեք ասելու, ապա «Բարգավաճ Հայաստանն» ունի եղածի բացատրությունը. ԵԺԿ-ի որոշումը գաղափարական չէր. «ԵԺԿ-ի որոշումը բացառապես քաղաքական էր, ես չեմ մեկնաբանի, թե ինչու ԲՀԿ-ին մերժեցին, դա թող ԵԺԿ-ի ղեկավարությունը ասի: Բայց ցանկանում եմ շեշտել, որ այդ որոշումը պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության ժողովրդավարական լինելու հանգամանքով»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ իրենք ավելի վաղ հարցրել են, թե ինչու ԲՀԿ-ն մարսելյան համաժողովին հրավիրված չէ, նրանց պատասխանել են, որ վերջնական որոշումը փետրվարին է կայացվելու:
Որոշումը կայացվեց: ԲՀԿ-ին համոզվեց, որ իր տակը փորել են, և այդ փոսը բավականին խորն է ստացվել: Ու մինչ նա փոսի ներսում է, դրա եզրին կանգնածները շնորհավորանքներ են փոխանակում,
ՀՀԿ խմբակցությունից Գալուստ Սահակյանը հիշեցնում է, թե ԵԺԿ-ն պահպանողական գաղափարախոսության կրող է, այնտեղ ընդունում են պահպանողական կուսակցություններին և որ սրա արդյունքում մենք՝ հայաստանցիներս, ավելի լավ ենք ապրելու:
Գալուստ Սահակյանը իրավունք ունի իր բարեկեցությունը պայմանավորել ԵԺԿ-ում լինելով: Մենք՝ հազիվ թե: Իսկ եթե խոսենք դրա ավելի լուրջ հետևանքների մասին, ապա թերևս կարել է ենթադրել, որ նոր դիտորդական անդամակցությունը զսպաշապիկ կլինի իշխող կուսակցությունների համար և առաջիկա ընտրություններում նրանք ստիպված կլինեն ինչ-ինչ շտկումներ կատարել:
Գալով կողմնորոշումների հարցին՝ ճիշտ չի լինի ասել, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելով՝ երեք քաղաքական խմբերը միանգամից արևմտամետ են դառնալու: Փոխարենը թող մխիթարվեն նրանով, որ դա նախընտրական շրջանում որպես PR օգտագործելու հարմար թեմա է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԴԱՆԻԵԼ ԴԵՖՈ

11 Փտր

Տարակուսանքի պահերին, երբ մարդը վարանումների մեջ է, երբ նա, այսպես ասած, կանգնած է երկընտրանքի առաջ՝ չիմանալով, թե որ ճանապարհով գնա, և նույնիսկ այն ժամանակ, երբ նա արդեն ընտրել է ճամփան ու պատրաստ է ոտք դնել այնտեղ, մի ինչ-որ խորհրդավոր ձայն ետ է պահում նրան: Թվում է՝ վերջ, բնածին հրապույրները, համակրանքները, ողջամտությունը, նույնիսկ կանխորոշված նպատակի գիտակցումը նրան կանչում են դեպի այդ ուղին, բայց միևնույն ժամանակ նրա հոգին չի կարողանում դեն նետել իրենից անբացատրելի ազդեցությունը չգիտես որտեղից եկող անտեսանելի ուժի, որը թույլ չի տալիս գնալ այնտեղ, ուր պատրաստվում էր մեկնել: Եվ հետո մշտապես պարզվում է, որ եթե նա գնար այն ճանապարհով, որն ընտրել էր ի սկզբանե և որը, համաձայն նրա սեփական գիտակցության, պարտավոր էր ընտրել, ապա դա նրան կտաներ դեպի կործանում… Վարանման պահերին համարձակորեն հետևիր ներքին ձայնիդ թելադրանքին, եթե լսել ես այդ ձայնը՝ թեկուզ այն բանի համար, որ բացի այդ ձայնից ուրիշ ոչ ոք քեզ չի դրդել վարվել այնպես, ինչպես նա է խորհուրդ տալիս:

Արտակարգ դրության արտակարգ գործիքը

11 Փտր

Երբ ընտրությունների նախաշեմին խորհրդարանը քննարկման է դնում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը, ուրեմն սպասիր վատ լուրերի: Ուրեմն չկա վստահություն, որ ամեն բան կանցնի հանդարտ ու անաղմուկ: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ իշխանությունները օրինական տեսք են ուզում հաղորդել մի բանի, ինչը նախկինում կիրառվել է առանց օրենքի: Սա նաև նշանակում է, որ հիշյալ նախագիծը կյանքի է կոչվել ոչ թե ընդհանուր դաշտի տարածական ու ժամանակային բոլոր ասպեկտների դիտարկմամբ, այլ ընդամենը կառուցվել է մեկ հիմնական նախադեպի վրա: Այսինքն կառավարությունը նման օրինագիծ է ներկայացնում օրենսդրին` մտավախություն ունենալով, որ կկրկնվեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, և հենց այդ ելակետն էլ նրան հուշում է օր առաջ անել հրատապն ու անհրաժեշտը:
Արդեն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը մեզ տեղեկացնում է այն մասին, որ երկրում արտակարգ դրություն հայտարարվելու է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձի, իշխանությունը գրավելու կամ յուրացնելու ժամանակ: Օրենքի կիրառումը նախատեսվում է նաև զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գրոհների, օկուպացիայի կամ հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման դեպքում: Համաձայնենք, որ թվարկումը համարյա լիարժեք է: Այլ բան է, թե ո՞վ և ինչպե՞ս է դա անելու: Եվ հենց այս կետի վրա էլ բախվում են բոլոր տարակարծությունները: Բանն այն է, որ նախագծի հեղինակներն առանձնահատուկ դերակատարում են սահմանել ոչ միայն ներքին ուժերին (ինչը հասկանալի է), այլև բանակի համար (ինչն անհասկանալի է):
«Զինված ուժերի միջամտությունը թույլատրելի կլինի այն դեպքում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների ուժերը չեն բավականացնի»,- իրենց որոշումը բացատրում են զինվորականների մասնակցության կողմնակիցները: Իսկ ընդդիմախոսներն այդ մասին լսել անգամ չեն ուզում՝ պնդելով, թե դա հղի է ներքաղաքական գործընթացներին բանակի միջամտության վտանգով:
Իսկապես էլ, խնդրին անաչառ վերաբերվելու պարագայում չի կարելի չնկատել, որ մեծ հաշվով սա հակասահմանադրական քայլ է: Եթե կողմ քվեարկող պատգամավորներն ու արդարադատության նախարարը տեղյակ չեն, նրանց կարելի է հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 8.2. հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։
«Այդ որտե՞ղ տեսաք, որ բանակը պետք է ներգրավված լինի քաղաքականության մեջ»,- զարմացած բացականչում է միամիտ արդարադատության նախարարը և ոչ մի գնով չի ցանկանում տեսնել այն, ինչը տեսանելի է մյուսների համար: Բայց հետո կարծես թե տեղի է տալիս պնդումներին, նշմարում է ինչ-որ բաներ և անմիջապես գտնում դրա ամենապաթետիկ արդարացումը. «Բայց հիշեք, թե ինչ բարձր արժեք են նրանք պաշտպանելու ՝ սահմանադրական կարգը»։
Հիշում ենք: Եվ ոչ միայն դա: Հիշում ենք նաև, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման փորձեր արվել են երկու անգամ՝ 2007 թվականին, սակայն քննարկումների ընթացքում առաջ եկած հակասությունների պատճառով մնացին անավարտ: Հիշում ենք նաև այն, որ 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն սահմանեց նույն ՀՀ Սահմանադրության խախտմամբ, քանի որ՝ երկրի հիմնական օրենքի համապատասխան, նախագահն իրավունք ուներ հայտարարելու արտակարգ դրություն միայն այն պարագայում, երբ դրա իրավական ռեժիմը սահմանված է օրենսդրությամբ։ Մինչդեռ և այն ժամանակ, և այսօր Հայաստանում գոյություն չունի նման օրենք։
Թվարկվածներից զատ պիտի տրամաբանական հարց առաջանա. ո՞վ և ինչպե՞ս է որոշելու այն մշուշապատ սահմանագիծը, թե հատկապես որ իրավիճակներում կարելի է թույլատրելի համարել բանակի միջամտությունը ներքաղաքական կյանքին: Փաստ է, որ ներկա պահին չկան այդ դրույթների վերջնական ու խիստ հստակ սահմանումները: Եվ այդ պատճառով էլ արդյո՞ք կողմնակալ են նրանք, ովքեր հայտարարում են, թե օրինագիծը ընդհանրապես տանում է նախագահական ինստիտուտի հզորացմանն ու կենտրոնացմանը, որովհետև խնդրի ամբողջ օրենսդրական կարգավորումը հայտնվում է նախագահի դաշտում: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա Աժ լիազորություններն այս ուղղությամբ սահմանված չեն: Նրա կարծիքը կրիտիկական պահին կարող են ընդհանրապես չհարցնել: Իսկ եթե դա այդպես է, ապա աշխարհի ամենաազնիվ իշխանությանն էլ կարելի է մեղադրանք ներկայացնել, թե պարտության վտանգի պարագայում նա հնարավորություն ունի ամեն գնով պահպանել իր դիրքերը՝ օգտագործելով բանակը «հասարակական կարգը պաշտպանելու» հիմնավորմամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՌԻՉԱՐԴ ՇԵՐԻԴԱՆ

11 Փտր

Մենք բոլորս խաղալիքներ ենք ճակատագրի ձեռքին: Իսկ ով կենդանության օրոք պատիվներ է փնտրում, նա խղճուկ մուշտարի կանչող է այդ կյանքի տաճարի դռների մոտ, որ կեղտոտ շնչառությամբ որսում է յուրաքանչյուր անցորդի նետած գովասանքի խոսքերը: Բոլո՞րն են նրան գովում: Կնշանակի նա խարդախների ու հիմարների առաջ գլուխ է խոնարհել նույնքան ցածր, որքան մտքի ազնիվ արժանապատվության ու իմաստնության առաջ: Բայց խելքը կորցնում է իր ողջ հրապույրը, եթե այն ներթափանցված է չարամտությամբ: Ամենահզոր կիրքը փառամոլությունն է: Փրկեք ինձ այդ կրքից, և ես ինքուրույն կազատվեմ մյուսներից: Հաղթանակը սեփական անձի նկատմամբ միակ հաղթանակն է, որտեղ հաջողությունը բաժին չունի:
Արժանապատվորեն ապրած կյանքը պետք է գնահատել արաքներով, այլ ոչ թե տարիներով:

%d bloggers like this: