Պահոց | 9:31 ե.

ԺԱՆ ԴԸ ԼԱԲՐՅՈՒԵՐ

4 Փտր

Մարդկանց մեծագույն մասն իր կյանքի լավագույն պահերն օգտագործում է այն բանի համար, որպեսզի վատը դարձնի առավել վատթար: Մենք ցանկանում ենք լինել բոլոր խնդությունների աղբյուրը, իսկ եթե դա անհնար է, ապա բոլոր դժբախտությունների աղբյուրը նրա համար, ում սիրում ենք: Դժբախտությունների առաջ այնպես ամոթալի է երջանիկ լինելը: Այդ իսկ պատճառով էլ եկեք ծիծաղենք՝ չսպասելով այն պահերին, երբ մեզ երջանիկ պիտի զգանք, այլապես մենք կարող ենք մեռնել՝ այդպես էլ ոչ մի անգամ չծիծաղելով: Կյանքը կարճ է, եթե հաշվի առնենք, որ կյանք կոչվել նա արժանի է միայն այն ժամանակ, երբ մեզ ուրախություն է պարգևում: Մի տեղում հավաքելով մեր բոլոր հաճելի ժամերը, մենք ընդամենը երկար տարիները մեկտեղում ենք մի քանի ամիսների մեջ:
Երջանիկ զգալու համար պետք է գոհ լինել նրանցից, ում մենք սիրում ենք, երազել, զրուցել նրանց հետ, լռել, մտածել նրանց մասին, մտածել ինչի մասին կուզեք,- միայն թե չբաժանվել: Մնացյալն էական չէ:
Ոչ մեկի առաջ չխոնարհնել և չսպասել, թե կգան ձեր առաջ խոնարհվելու.- ահա բերկրալի կյանքը, ոսկե դարը, մարդու բնական վիճակը:

Կենսաբան նախարարի «մասովկան» ու Դուրյանի չարչարանքները

4 Փտր

Փետրվարի 2-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ ամփոփվեց արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները: Արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահը, քաղաքապետը, վարչապետի «հատուկ հանձնարարություններով անձնական օգտագործման դեսպան» Լևոն Անանյանը, կենսաբան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և նրանց կից անձինք: Այստեղ էին նաև հոգևորականները, ովքեր ընդամենը մեկ շաբաթ առաջ բոլորին համոզում էին, թե անձը չի կարող երկու գերեզման ունենալ և դա դեմ է մեր եկեղեցու կարգին, սակայն բավական էր մատի մի թեթև շարժում-հրահանգ, ու նրանք՝ մոռացած կարգ ու ադաթ, բուրվառներն առած վազ էին տվել Պանթեոն՝ իրենց փեշակը ցուցադրելու: Պանթեոնում հավաքվել էին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ, որոնցից կեսը՝ լրագրողներ: Եկել էին նրանք, ովքեր չէին համարձակվի չգալ, ովքեր այսպիսի վայրեր գնում են ոչ թե սրտի ու հոգու պահանջով, այլ աշխատանքի բերումով: Նրանք այնտեղ էին` ցանկալի «պտիչկան» որքան հնարավոր է արագ ստանալու և ժամ առաջ տուն հասնելու երազանքով: Սակայն բացակայում էր ամենակարևորն ու ցանկալին՝ այն սովորական, շարքային ընթերցողն ու գրքասերը, գրողի պոեզիայի ու տաղանդի իրական երկրպագուն, որի ներկայությամբ է միայն խորհուդ ձեռք բերում յուրաքանչյուր ծիսակարգ: Չէին եկել նրանք, ովքեր իրապես գիտեն պատվել ու հարգանքի տուրք մատուցել մեր մեծերին: Նրանք չկային, բայց չկային ոչ այն պատճառով, որ սերն առ բանաստեղծ հանկարծ դարձել էր անցողիկ ու անհաստատ: Նրանք չկային, որովհետև այդպես՝ իրենց բացակայությամբ ցանկացել էին մերժել այն, ինչ կարարվում էր պանթեոնում:
Ներկա մեծամեծներն ու չինովնիկները երեկ մտահոգված էին ու դժգոհ: Թիկունքը դատարկ էր, ետևում մարդ չկար, իսկ իրենք սովոր են շքախմբերով ու հոծ բազմություններով շրջապատված լինելուն: Հայացքներում, որոնցով դիտում էին արարողությունը, ճիգ կար՝ նմանեցնել չհասկացված մարդու հայացքին, սակայն դրանք այնուհանդերձ մնում էին իբրև սխալ թույլ տված մարդկանց հայացքներ: Ժողովուրդը չէր եկել: Ժողովուրդն իր չգալով պատժել էր այդ «ինքնագործներին», այլ ոչ թե Դուրյանին: Դուրյանը միշտ էլ մարդկանց հետ է՝ գրադարակում դրված գրքույկի տեսքով, պատից կախված դիմանկարի տեսքով, բեմից ասմունքվող բանաստեղծության տեսքով: Իսկ երեկվա թաղման խղճուկ թափորը կարծես պանթեոն էր գնացել ոչ թե Դուրյանի մասունքները, այլ իրեն սեփական վարկի ու հեղինակության վերջին փշրանքները հողին հանձնելու:
Մի քանի շաբաթ շարունակ բազմաթիվ հրապարակումներով ու ելույթներով մարդիկ փորձում էին ապացուցել ու հիմնավորել, որ իրենց համար անընդունելի է Դուրյանի մասունքների զմռսման գաղափարը, որ նա էլ լիովին վաստակել է հայ մյուս մեծերի կողքին շիրիմ ունենալու իրավունքը: Բայց այս դեպքում էլ (ինչպես շատ անգամներ)գործին միջամտեց նորին մեծություն դիլետանտությունը՝ հանձին կենսաբան մշակույթի նախարարի և նրա դուդուլի տակ պարողների: «Թող Դուրյանը փակվի պատի մեջ, այդպես էժան է ու արագ»: Եկեղեցին իր հերթին (դարձյալ՝ ինչպես շատ անգամներ) բերանը ջուր առավ ու չբարեհաճեց գոնե ասել, որ մենք՝ հայերս, պատերի մեջ մարդկանց թաղելու ավանդույթ չունենք, որ պանթեոնը Կրեմլի պատը չէ, և ոչ էլ Դուրյանն է քաղբյուրոյի անդամ: Ու այսպես՝ իրենց արածից գոհ, բանաստեղծին արժանացրին երկու քարի արանքում նոր չարչարանքներ կրելու բախտին:
Սա, իհարկե, վերջը չէ: Դեռ կա այն օրերի հույսը, որ սրանք կգնան, կգան խելացիները, և այդ ժամանակ ժողովուրդն առանց հրավերի ու առանց պարտադրանքի կգա պանթեոն: Կգա հազարներով, դուրս կբերի իր քնարերգուին անմիտների շինած կալանքից և կարժանացնի այն պատվին, որ թելադրում է մեր իրական հարգանքը և կրոնը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: