Պահոց | 11:13 ե.

Բարի գիշեր, երեխաներ

9 Փտր

Քունը բնական ֆիզիկական պահանջ է: Մեղադրել այն մարդուն, ով քնում է, մեղմ ասած, տեղին չի լինի: Բայց եթե, ասենք սահմանին կանգնած զինվորն իր պահակակետում քնի, նրանք խստագույնս պատիժ է սպասվում: Կամ եթե, ասենք, ղեկի մոտ նստած վարորդի աչքը կպչի, ապա այստեղ արդեն խոսքը ոչ միայն պատժի, այլև ծանր հետևանքների մասին կարող է լինել: Եվ ստացվում է, որ քնելն իրականում այնքան էլ մեղմ ու անվնաս գործողություն չէ:
Երեկ Ազգային ժողովում ընթանում էր խորհրդարան- կառավարություն հարց ու պատասխանը: Ելույթները շատ էին: Նրանցից մեկն էլ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի խոսքն էր՝ բնապահպանական խնդիրների մասին: Եվ ահա հենց այդ «նշանավոր պահին ամեն անկյունում «կեղտ» փնտրող լրագրողների տեսախցիկները գտան այն, ինչի համար արժեր ողջ օրն անցկացնել խորհրդարանի պատերի ներսում: Նիստին մասնակցելու եկած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անուշ-անուշ քուն էր մտել:
Իհարկե, նախարարի անպատեհ հանգստի հարցում կարող էին իրենց դերը խաղալ մի քանի գործոններ՝ հոգնածությունը, Ստեփան Սաֆարյանի լիալար ձայնը, խորհրդարանի քնաբեր մթնոլորտը: Բայց ցավն այն է, որ թվարկվածներից ոչ մեկն արդարացում դիտվել չի կարող ՊՆ ղեկավարի համար, ինչպես որ արդարացում չունի դիրքերում կանգնած զինվորի քունը:
Երևույթը ոչ արտառոց է, ոչ էլ եզակի: Բազմաթիվ անգամ մամուլի մշակները ականատես են եղել ու ֆիքսել զանազան նիստերում, ժողովներում, խորհրդակցություններում ննջող մեր իշխանավորներին: Հայրենիքի բազմաչարչար այրերի համար հանգիստ առնելու ավելի նպաստավոր վայր չկա, քան այդ դահլիճները: Իսկ այն ժամերին, երբ ողջ երկիրն իսկապես անկողին է մտնում, այս պարոնների համար սկսվում է երկրորդ կյանքը՝ կազինոներ, ռեստորաններ, գիշերային ակումբներ…
Հիմա Սեյրան Օհանյանի կարճատև քունը դարձել է մատի փաթաթան: Գուցե կասեք՝ շյուղից գերան ենք սարքում: Բայց չէ՞ որ մեծ հաշվով, սա էլ նրանց հերթապահության վայրն է, և ուրիշներից մշտարթուն վիճակ պահանջողները պիտի հասկանան, որ աշխատանքի վայրում քնելը խստիվ արգելված է:

Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք

9 Փտր

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն եկավ Հայաստան, հանդիպեց, բանակցեց, պայմանավորվեց, իրեն շնորհված մեդալը վերցրեց ու մեկնեց մեր երկրից: Սակայն ամենամեծ լավությունը, որ նա արեց մեր ժողովրդին, այն էր, որ սկիզբ դրեց նոր ատոմակայան կառուցելու մասին իրարամերժ խոսակցություններին: Մինչ նրա այցը բոլորը համարյա համոզված էին, որ հենց Ռուսաստանն է ՀՀ կառավարության գլխավոր գործընկերը նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում: Իսկ ուրիշ էլ ո՞վ: Սակայն հարգարժան հյուրը բաց տեքստվ մեզ հայտնեց, որ ինքը դրական է գնահատում ատոմային էլեկտրակայանի անվտանգությանն ուղղված աշխատանքները և դրանով հանդերձ օբյեկտի կառավարման գործում Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտությունը չի տեսնում:
Այս հայտարարությանը պետք էր սպասել թեկուզ այն պատճառով, որ ռուսական « Интер РАО ЕЭС» էներգահոլդինգը այս տարվա. հունվարից արդեն դադարեցրել էր Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը, մի բան, որ նրան վերապահված էր դեռևս 2003 թվականից:
«Հիմնական ներդրումները, կարծում եմ, կլինեն Հայաստանի կառավարության կողմից, բայց մենք դիտարկում ենք, իհարկե, նաև Ռուսաստանի մասնակցությունը: Ես արդեն ասացի, որ ռուսական կողմի մասնակցությունը կկազմի 20-25%, բայց մենք կարող ենք քննարկել ավելի մեծ թիվ: Ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը պետք է ունենա 50 և գումարած 1 տոկոս բաժնետոմս: Բայց այս ամենը պետք է քննարկվի»,- պարզաբանեց Կիրիենկոն:
Որպեսզի հնարավոր լինի լիովին ըմբռնել նրա խոսքերի իմաստը, նախ հարկ է հիշել, որ նոր ատոմակայանի շինարարության հարցում արդեն կա հայ-ռուսական համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի, Ռուսաստանը ստանձնում է շինարարությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնում ֆինանսավորել մոտ 20 տոկոսի չափով: Գումարային տեսքի բերելու դեպքում դա կնշանակի մոտ 1 միլիարդ դոլար, եթե նկատի ունենանք որ Հայաստանի նոր ատոմակայանի արժեքը, ըստ նախնական հաշվարկի, մեզ վրա կարող է նստել շուրջ 5 միլիարդ դոլար: Հիմա ռուսները մեծահոգաբար, կարելի է նույնիսկ ասել՝ առատաձեռնորեն հայերին են թողնում 50+1-ը, իսկ իրենք խոսում են 20-25-ի մասին: Այդ դեպքում ի՞նչ է լինելու մնացածը: Նման համաձայնություն կարելի էր ձեռք բերել միայն այն պարագայում, եթե Հայաստանն ունենար ֆինանսավորման մի երրորդ աղբյուր: Բայց, որքան հայտնի է, այդ ցանկալի երրորդը դեռևս չկա: Իսկ գուցե կա՞:
Հենց այստեղ է, որ բոլորը հանկարծ վերհիշեցին, թե Երևան այցելած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ելույթներից մեկի ժամանակ ինչ ասաց Հայաստանի ատոմակայանի մասին: Նա նշեց, որ Ֆրանսիան պատրաստ է մասնակցել ատոմակայանի շինարարությանը ու նույնիսկ ամենամոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան, որը կդիտարկի այդ շինարարությանը մասնակցելու հնարավոր տարբերակները:
Նման խումբ դեռ մեզ հյուր չի եկել, սակայն նրանց գալը լիովին բացառելու համար նույնպես հիմքեր առայժմ չկան: Մնում է ենթադրել, որ ԱԷԿ-ի շուրջ երեք տեղերից մեկը Կիրիենկոյի թեթև ձեռքով ու Հայաստանի համաձայնությամբ բաց է մնում հատկապես ֆրանսիացիների համար:
Ինչ վերաբերում է սարքերի մատակարարման գործում Ռուսաստանի մասնակցության հարցին, ապա ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոր էներգաբլոկում տեղակայվելու է ռուսական ջրային ռեակտոր: Նոր էներգաբլոկում կիրառվելու է ավելի ժամանակակից տեխնոլոգիա: «Ռոսատոմ»-ի ղեկավարը հավելեց, որ իրենց բլոկը կարելի է այսօր համարել միակն աշխարհում, որը համապատասխանում է անվտանգության «հետֆուկուսիմյան» չափանիշներին: Իսկ ԱԷԿ-ի կառուցման համար էլ արդեն ստեղծվել է համատեղ ռուս-հայկական ընկերություն` «Մեծամոր-ԻնտերՌԱՕ»-ն:
Նոր էներգաբլոկը պետք է կառուցվի մինչև 2020թ, այնպես որ բավականաչափ ժամանակ դեռ կա կարևորագույն խնդիրները մեկ անգամ ևս ծանրութեթև անելու համար: Գործող ԱԷԿ-ին փոխարինելու եկող նոր կայանի պարագայում խոսքը միայն մեկ 1000 մվտ հզորությամբ էներգաբլոկի կառուցման մասին է լինելու: Իսկ մնացյալը… Բայց ավելի լավ է, սպասենք Կիրիենկոյի երկրորդ գալստյանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն

9 Փտր

Նորագույն Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ եզակի խոստովանություն կատարվեց Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Խոստովանությունն անակնկալ էր ոչ միայն իր փաստական մատնանշումներով, այլ նաև այն հանգամանքով, որ դա կատարվեց խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, երբ յուրաքանչյուր հավելյալ ձայն արժեք ունի և նախկին ընտրություններում շատ անգամներ հենց այդ «հավելյալն» էլ որոշիչ նշանակություն է ունեցել: Այս փաստն, անշուշտ, լուրջ մտորումների տեղիք է տալիս, բայց մենք առաջ անցնենք ու ըստ հարկի գնահատենք այսօրվա կատարվածը: Առաջին կարևոր բացահայտումն այն է, որ պարզեցինք՝ մենք ոչ թե աշխարհի համարյա ամենամարդաշատ երկիրն ենք, այլև իրականության մեջ բոլորովին էլ չունենք այն թվաքանակը, ինչի մասին տարիներ շարունակ համառորեն պնդում ու համոզում էին իշխանությունները: Սրա հետ մեկտեղ հրապարակված թիվը վերջապես հաստատվեց ու ի ցույց դրվեց հայաստանցիների արտագաղթի ահռելի ծավալները, մի բան, որի մասին դարձյալ ասվում ու դարձյալ հերքվում էր նույն հետևողականությամբ:
Այսօրվա պաշտոնական թիվն ու պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանում առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը 2 միլիոն 871 հազար 509 մարդ է: Սրա հետ մեկտեղ հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3 մլն 285 հազար 767 մարդ: Մենք կարող ենք նաև համեմատություն անցկացնել 10 տարվա վաղեմություն ունեցող մեկ այլ ցուցանիշի՝ 2001-ի մարդահամարի արդյունքների հետ, երբ թիվը կազմել էր 3 միլիոն 458 հազար 303 մարդ: Իսկ սա արդեն նշանակում է, որ անցած տասնամյակի ընթացքում հանրապետությունը լքել է 586 հազար 794 մարդ:
Եթե նույնիսկ սա հավաստի տվյալ լինի (ինչին խիստ կասկածում ենք), ապա դարձյալ Հայաստանի նման փոքր երկրի ու պետության համար դա աննկարագրելի աղետ է, որի հետևանքներն անհնար է մեղմել որևէ բացատրությամբ կամ մխիթարանքի խոսքերով:
Հայերն արտագաղթում են, փորձում են օտար հողում գտնել բարեկեցություն ու մարդավայել կյանքի պայմաններ: Միայն արդո՞ք նրանք Հայաստանից հեռու իսկապես գտնում են այն, ինչի համար լքել էին իրենց տունն ու երկիրը: Այս հարցերին երկար-բարակ պատասխաններ ու բացատրություններ տալու փոխարեն շատ ավելի ակնառու և առարկայական կլինի, եթե մեջբերենք ընդամենը երկու լուր, որոնք զարմանալի պատահականությամբ (իսկ գուցե օրինաչափորե՞ն) հաղորդվեցին հենց այսօր՝ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցչի ելույթից հետո:
Այսպես, նախ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Կալուգայի մարզի Մալոյարոսլավեց քաղաքում հակահայկական տրամադրությունները հասել են իրենց գագաթնակետին, քանի որ այնտեղ սկսվել է մի դատական պրոցես, որտեղ մեղադրանք է ներկայացված հայազգի երիտասարդ Ալիկ Սիմոնյանին: Ասվում է, թե վերջինս դանակահարել է ֆուտբոլային երկրպագու, 19-ամյա Ալեքսեյ Երշովին: Ու թեև հայը պնդում է, որ ինքը միջադեպի հետ ոչ մի առնչություն չունի, սակայն նրա ձայնը հազիվ թե լսելի լինի երկու պատճառով. նախ, Սիմոնյանն իր երկրում չէ, ուրեմն մեղավոր է, և երկրորդ, նրա ձայնը լսելի չի լինի այն մեծ աղմուկ-աղաղակի մեջ, որ բարձրացրել են տեղաբնակները՝ կոչ անելով քշել բոլոր մարդասպան հայերին: Նույնիսկ Մոսկվայից 250 ռուս աջակիցներ են հասել Կալուգա՝ համալրելու «սևերի» դեմ պատերազմող զորախմբերի շարքերը: Հիմա Մալոյարոսլավեց քաղաքում ապրող շուրջ 600 հայեր իրենց մաշկի վրա կզգան ոչ միայն ազգամիջյան կոնֆլիկտի վերածված կենցաղային վեճի հետևանքները, այլև այն, թե ինչ ասել է՝ հեռու լինել Հայաստանից:
Երկրորդ լուրը Երուսաղեմից էր: Եվ դարձյալ առաջին հայացքից՝ խիստ կենցաղային: Պարզվում է, որ այստեղ էլ հայերին թույլ չեն տալիս օգտվել հայկական թաղամասին պատկանող ավտոկայանատեղիից: Տարածքը վարձակալած հրեական ոչ ընկերությունն արգելել է հայերին իրենց ավտոմեքենաները կայանել այնտեղ`պատճառաբանելով, որ հայերն արդեն իսկ ունեն կայանատեղի, սակայն այն գտնվում է թաղամասից բավականին հեռու: Հայերն էլ, իհարկե, բողոքում են դրա դեմ և համոզված են, որ որոշման մեջ դիտավորություն կա: Այս իմաստով նրանք թերևս իրավացի են: Հետաքրքիր է, ուրիշ ո՞ր երկրում կարելի է տեսնել մի իրավիճակ, երբ մեքենաները պիտի կայանվեն ըստ ազգային պատկանելության: Համենայնդեպս, Հայաստանում նման բան չկա: Բայց քանի որ Իսրայելում ապրող հայերը նախընտրել են այդ երկիրը, այլ ոչ թե իրենցը, ուզեն թե չունեն, պիտի գիտակցեն իրենց վիճակի ողբերգականությունը և այն, որ դա իրենց տունը չէ: Դա նույնիսկ իրենց ավտոկանգառը չէ:
Այսքանը: Մնացած օրերի դեպքերն ու փաստերը լրացրեք ինքներդ: Եվ ինքներդ էլ կայացրեք վերջնական որոշումը՝ մնալ, թե՞ գնալ…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: