Պահոց | 11:05 ե.

ՆԻԿՈԼԱ ՇԱՄՖՈՐ

6 Փտր

Մարդիկ բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը՝ փոքրամասնությունը, ունի ճաշ, բայց չունի ախորժակ: Իսկ մյուսը՝ մեծամասնությունը, հրաշալի ախորժակ ունի, բայց չունի ուտելիք: Լուրջ գործերում մարդիկ դրսևորում են իրենց այնպես, ինչպես պատշաճ է, իսկ մանր գործերում այնպես, ինչպես իրենք կան:
Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ մի խճճված գլուխկոտրուկ է, ինչպես որ հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ նախշազարդ խճանկարի մի բեկորն է: Եվ ֆիզիկական աշխարհում, և հոգևոր աշխարհում ամեն բան միահյուսված է, չկա ոչինչ անբովանդակ, ոչինչ մեկուսի: Որպեսզի կյանքն անտանելի չթվա, պետք է ձեզ սովորեցնեք երկու բանի՝ վերքերին, որոնք կբացի ժամանակը, և անարդարությանը, որ կպատճառեն մարդիկ:
Երբեմն մեր բանականությունը մեզ ավելի շատ դառնություն է պատճառում, քան մեր կրքերը…

Հեթանոս աստվածուհին Աշոտյանի օգնության կարիքն ունի

6 Փտր

Մեծ անարդարություն կլինի, եթե պնդենք, թե մեր իշխանավորները օրուգիշեր չեն մտահոգվում այս երկրի հոգսերով ու խնդիրներով: Նույնիսկ հանգստյան օրերին նրանց անհանգիստ երևակայությունը մշտապես գործողության մեջ է և նոր հորիզոններ է գծում հետագա անելիքների ու նախաձեռնությունների համար: Վկան՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կիրակնօրյա գրավոր ելույթը, որ ոչ միայն ասվածի վերջին ապացույցներից մեկն էր, այլև հաստատումն այն բանի, որ անսահման նվիրվածության դեպքում կարելի է հաղթահարել դարերի ժամանակային պատնեշներն ու հասնել մինչև հեթանոսական շերտերը: Եվ ժամ առաջ իր նոր մտահղացման մասին հանրությանը ավետելու շտապողականությամբ նախարարը որոշել էր այս անգամ այդ խորհրդածությունները տեղադրել facebook սոցիալական ցանցի իր էջում: Ճիշտ է, ավելորդ փութաջանությունը հանգեցրել էր նրան, որ նախարարի խոսքը լի էր տառասխալներով, սակայն մենք այժմ բարեհաճ կգտնվեն և դա կներկայացնենք իր սրբագրված տարբերակով:
Եվ այսպես, facebook-ում Աշոտյանը հետևյալն էր գրել. «ՖԲ հարգելի ընկերներ: Ինչպես գիտեք, Մեծ Բրիտանիան Հայաստանում միանգամից երկու դեսպան է նշանակել: Առաջարկում եմ, որպեսզի բոլորս միանանք, մի ընդհանուր գրությամբ՝ համապատասխան ստորագրություններով, դիմենք ՀՀ-ում ՄԲ դեսպանատուն՝ պահանջելով իրենցից Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը: Մշակութային արժեքների`Բրիտանիայից հայրենիք վերադարձման փորձ արդեն կա, մասնավորապես, Եգիպտոսն է հաջողել մի քանի հարցում: Ի՞նչ կասեք»:
Մինչ որևէ բան ասելը նախ հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում եղել է անհիշելի ժամանակներից: Եվ մեկ անգամ չէ, որ նրան պատկերող արձանները հայտնվել են օտարների ձեռքում: Օրինակ, Անահիտի գլխավոր տաճարը գտնվում էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, և հենց այդ տաճարը կողոպտվեց մթա. 34 թվականին, հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի պարթևական արշավանքի ժամանակ: Նրա զինվորները ջարդեցին Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանեցին իրար մեջ ու տարան Հռոմ: Ինչ վերաբերում է այն արձանին, որն այսօր պահվում է Բրիտանական թանգարանում, ապա դա հայտնաբերվեց 19-րդ դարի վերջին, Երզնկայում: Հենց այդ ժամանակ էլ բրոնզաձույլ գլուխը տեղափոխվեց Անգլիա, իսկ կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Սակայն վերադառնանք Աշոտյանի կոչին և անմիջապես էլ նշենք, որ այս նախաձեռնությունն, անկասկած, միայն խրախուսանքի ու լայն արձագանքի կարժանանար, եթե առաջարկը հնչեր, ասենք, որևէ հասարակական կազմակերպության կամ խմբի կողմից: Բայց երբ դա ասում է Հայաստանի գործադիր իշխանության ներկայացուցիչ-նախարարը, ապա առաջին զգացումը միայն ու միայն տարակուսանքն է: Յուրաքանչյուր իրեն հարգող երկրի կառավարություն գիտի, որ ինքն ունի այն համապատասխան կառույցը, որը կոչված է զբաղվել և լուծումներ գտնել նմանատիպ խնդիրների համար: Հազիվ թե Աշոտյանի հիշատակած Եգիպտոսում կամ մեկ այլ երկրում իրենց մշակութային արժեքների վերադարձման հարցը իշխանություններն իրականացրած լինեն facebook-յան օգտատերերի ջանքերով՝ մի կողմ թողած ԱԳՆ կամ մշակույթի նախարարության խողովակները: Իսկ եթե փաստերով խոսենք, ապա նույն Եգիպտոսը վերջերս կարողացավ ոչ միայն Մեծ Բրիտանիայի հետ լեզու գտնել, այլև Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստների թանգարանից վերադարձնել եգիպտական մշակույթի 19 նմուշ, որոնք պատկանում են Թութանհամոն փարավոնի ժամանակահատվածին: Այնպես որ, անհնարին ոչինչ չկա, եթե դա արվում է ճիշտ և պատշաճ միջոցներով:
Բայց մյուս կողմից էլ կարելի է հասկանալ կրթության նախարարին: Մարդն ասում է այն, ինչ տեսնում է: Մեր երկրում, ցավոք, ոչ թե իշխանական օղակները, այլ հենց շարքային քաղաքացիներն են կատարում այն աշխատանքը, ինչը պարտավոր էին անել պետական մարմինները: Մշակույթի նախարարության փոխարեն նրանք են անհանգստանում ու ահազանգում օտար երկրներում ավերվող ու պղծվող հուշարձանների համար, բնապահպանության նախարարության փոխարեն նրանք են պահանջում փակել վտանգավոր արտադրամասերն ու թափոնների հոսքը, իրավապահների փոխարեն նրանք են բողոքում անօրինականությունների դեմ, զինվորականների փոխարեն նրանք են բացահայտում բանակում կատարված սպանությունները, և նույնիսկ նրանք են աղ ցանում սառած փողոցներում, երբ քայլելն այլևս անհնար է դառնում (վկան՝ Գյումրիի վերջին դեպքը, երբ մի խումբ երիտասարդներ, որպես բողոքի նշան ընդդեմ Գյումրու փողոցների ու մայթերի համատարած սառցապատման և տեղական իշխանությունների կողմից մաքրման պատշաճ աշխատանքներ չիրականացնելուն, ձեռքերն առան կերակրի աղով փաթեթներն ու սկսեցին դրանք ցանել, իսկ հետո էլ հայտարարություն տարածեցին, որտեղ ասված էր. «Մեր գեղապետը փող չունի աղ առնի, ուզած- չուզած մեր գրպանից, հատուկ Գյումրու համայնքի համար 1000 հայկական դրամ կծախսենք աղի համար: Փողոցը հալելուց հետո, ճանապարհը մաքուր վիճակում կհանձնենք Գյումրու համայնքին»): Այնպես որ, Աշոտյանի կոչին կարելի է ըմբռնումով մոտենալ ու ի սրտե ցավակցել այն բանի համար, որ հանդիսանում է այդ անկատար համակարգի կրողներից մեկը: Անահիտ աստվածուհին էլ իր հերթին թող ընդունի մեր մխիթարանքի խոսքերը, եթե նրա վերադարձի ճանապարհն այսքան անհաստատ է ու լի դարուփոսերով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

6 Փտր

«Տվեք տեղեկատվական «լավ սնունդ» ու տեսեք, թե մարդիկ ինչպես են հրաժարվում վատից». Հովիկ Չարխչյանի հատուկ դասը

2012թ. փետրվարի 1-ին Սուրբ Երրորդություն եկեղեցուն կից գործող լրագրության խմբակի հյուրն էր գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը, ով մի շարք ուշագրավ գրքերի, բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Հովիկ Չարխչյանը ապագա լրագրողների հետ զրուցեց հայրենիքի ու դրա իրական մասնիկի` մարդու մասին, ինչպես նաև լրագրողի պարտականությունների, անհրաժեշտ մարդկային որակների ու նպատակների մասին: Անդրադարձ եղավ նաև ինտերնետին ու այնտեղ առկա լրատվական խնդիրներին:
Ըստ Հովիկ Չարխչյանի, լրագրողը պետք է պատասխանատվությամբ մոտենա իր յուրաքանչյուր խոսքին, այլապես ցանկացած մեկն այսօր կարող է վերցնել գրիչն ու իրեն լրագրող հռչակել: Հին պատմիչների առաքելությունն իրենց ուսերին առած ժամանակակից լրագրողները պետք է ոչ թե 300 կամ 3000, այլ ավելի շատ բառեր իմանան գրագետ համարվելու համար, քանի որ Հրաչյա Աճառյանի կազմած բառարանի հարստությունը բաղկացած է մոտ 150.000 բառից: Մյուս կողմից էլ մեր հյուրը հիշեցրեց, որ շատ բառեր իմացողը դեռևս լրագրող չէ. նա պետք է կարողանա ճիշտ օգտագործել բառերը`հիմնվելով ոչ միայն ձևի, այլ բովանդակության վրա: Լրագրողը, թեկուզ քիչ վաստակով, պետք է ազնիվ աշխատի. «Տվեք տեղեկատվական «լավ սնունդ» ու տեսեք, թե մարդիկ ինչպես են հրաժարվում վատից», – ասաց Հովիկ Չարխչյանը:
Նա կարևորեց նաև նախապես ասվող լուրը և Նոյ նահապետին ջրհեղեղի մասին կանխավ զգուշացնելը կատակով համեմատեց մեզ քաջ հայտնի եղանակի տեսության հետ: «Չկա այնպիսի բան, որ արժանի չլինի լուր դառնալու»,- նշեց փորձառու լրագրողն ու ավելացրեց, որ ցանկացած վայրում և ժամանակ հնարավոր է գտնել արժեքավոր տեղեկություն:
Հովիկ Չարխչյանի համար լրատվական աշխարհում մարդկային գործոնը վեր է ամեն ինչից. «Ինչպես հայրենիքն է առանց մարդու ընդամենը հող ու բնություն, այնպես էլ լրատվական աշխարհը` առանց մարդու, իսկ այսօր ուշադրության կենտրոնում ոչ թե անհատն է, այլ քաղաքական այս կամ այն խմբերը: Որևէ մեկին քննադատելուց կամ վարկաբեկելուց առաջ թող ձեր մեջ աշխատի ներքին գրաքննիչը: Ի վերջո, լրագրողը ոչ թե պատժողն է, այլ տեղեկացնողը, վերահսկողը», – հիշեցրեց մեր հյուրը:
Լրագրողն անդրադարձավ նաև համացանցին`որպես տեղեկատվական աղբյուրի և քաղաքացիական հասարակության կայացման կարևոր գործիքի: Ըստ նրա` համացանցում չխճճվելու համար պետք է կարողանալ ճիշտ օգտվել դրանից`համեմատելով անփորձ օգտատերին վարորդի հետ, որը ավտոմեքենա ունի, սակայն չգիտի վարելու կանոնները: Համացանցի թերություններից բանախոսը նշեց այն, որ բոլորը` հիմար, թե խելացի, անգրագետ, թե բանիմաց, հնարավորություն ունեն բլոգներում և այլուր կարծիք հայտնելու, և դա անհնար է վերահսկել:
Մեր հյուրը հորդորեց, չվհատվել եթե հրապարակած հոդվածն արձագանքի չի արժանանում, որովհետև հրապարակվող նյութերը նման են ջրի այն կաթիլներին, որոնք ժամանակի ու պարբերականության շնորհիվ քար են ծակում:
Լրագրողին նաև հարցեր տվեցին Սևակի կյանքի հետ կապված իր լրագրողական հետաքննությունների մասին, որին ի պատասխան, նա պատմեց, թե ինչպես է պատահաբար Սևակի սիրային նամակներից իմացել Սուլամիթա անունով կնոջ մասին, ապա գտել նրան հեռավոր Իսրայելում: Այդ նամակների հիման վրա էլ նա գիրք է գրել` նպատակ ունենալով այսօրվա սերնդին վերադարձնել իսկական սիրո մասին պատկերացումները:
Հանդիպման վերջում լրագրության խմբակի սան Գայանե Սահակյանը նշեց, որ իր համար հոգևոր սնունդ էր այս հատուկ դասը, քանի որ հանգամանքների բերումով որոշակի ժամանակ ստիպված էր բացակայել լրագրության դասերից, իսկ այս հանդիպումը լրացրեց բոլոր բացերը:
Շուրջ երեք ժամ տևած հանդիպումը թե’ հյուրի, թե’ խմբակի սաներիս համար անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Բաժանվեցինք իրական ու վիրտուալ աշխարհներում նորից հանդիպելու հաստատակամ որոշմամբ:

Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ
http://holytrinity.am