Պահոց | 3:07 ե.

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

12 Փտր

Կյանքն առավել լավ ես տեսնում, եթե նրան դիտում ես միակ պատուհանից: Բարդ է ոչ թե կյանքը, այլ այն ուղղորդելու և վերահսկելու խնդիրը:
Եթե հաջողության ես հասել, եթե իրոք արժանի ես դարձել դրան, ապա սոսկ սեփական անհատականությամբ անգույն կյանք կունենաս: Դու պետք է փրկարար պատճեններով պաշտպանվես ինքդ քեզնից, պետք է շտապով ստեղծես դրանք այն ամենից, ինչ կա ձեռքիդ տակ՝ ոգելից խմիչք, բորսային գործարք, կարգ ու կռիվ, գռեհկություն, թռչունների ոչնչացում, կին, կեղծիք: Կարևոր չէ, թե ինչ, միայն թե պարտակես այն, որ լոկ դու ունես և ուրիշ ոչ ոք: Համենայն դեպս, պետք է այսպես կարծես: Նկատի ունեցիր. եթե թողնես, որ ձեռք տան քո «ես»-ին, կկործանես այն: Պետք է միշտ գաղտնի պահես քո ներքին հնարավորությունները, թաքցնես դրանք լկտի աչքերից ու անմաքուր ձեռքերից… Դժբախտությունն այն է միայն, որ մեր պաշտպանական դիմակավորումը մեզնից ուժեղ է դուրս գալիս:

ՍԱՐՈՅԱՆԻ ՈՒ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

12 Փտր

Վիլյամ Սարոյանի հետ հասանք մեր տուն: Ներքևի ճամփով մեր տուն հասնելն ու վերևի ճամփով հորս գալը մեկ եղավ: Էդքան մարդկանց մեջ հերս տեսավ Սարոյանին ու զարմացած ասաց՝ էս Սարոյա՞նն ա: Ձիու վրա գրկել էր ալյուրի պարկը: Պարկը մի կողմ թռավ, հերս մի կողմ, իսկ հաջորդ վայրկյանին իրար գրկի էին: Քիչ հետո ցնցվում էին երկուսի ուսերն էլ, թիկունքներում սրտի հուզմունքն էր: Բաժանվեցին մի քիչ հետո, հայրս նայեց Սարոյանին ու ասաց՝ բարով ես եկել, իմ տղին, էս ժողովրդին բարով ես բերել: Երկուսի աչքերից էլ առատ արցունք էր հոսել, թրջել երես ու ծոց: Երկուսն էլ հասակակիցներ: Երկուսն էլ ութ թիվ: Հիմա ինձ ասա՝ ինչու՞ լաց եղան:
Ասացի.
Սարոյանը մտածում է՝ բա Հրանտի հոր նման մի էսպիսի խաղաղ, աշխարհից կտրված տուն չլինի, ինձ համար ապրեմ: Նամակ էր գրել, չէ՞, կուզեմ մի խրճիթ, ապարանք չեմ ուզեր, որ ամեն առտու իջնեմ ձորը, մարդկանց տեսնեմ ճամփուս, զրուցեմ, իմանամ, արմատներուս հետ ավելի ծանոթանամ ու գրեմ… Էսքան իմաստուն, ամեն ինչով հայ մարդը խոր տարիքում էլի իր միջի հայն էր որոնում, իսկ գրելու համար աշխարհից հեռու մի տեղ էր հարկավոր… Իսկ հա՞յրս…
Մարդ է, մտածում է, որ աշխարհը չի վերջանում Թիֆլիսով ու Երևանով, հարևան մի երկու գյուղով ու սարերով: Աշխարհը լեն ու շեն, ինքն աշխարհի կարոտ…
Բան չասի:
Բայց Սարոյանը կգա ու կմնա հովվերգական իր խրճիթում, հերս էլ կգնա աշխարհ տեսնելու: Ոչ տեսնելն է մի բան, ոչ էլ չտեսնելը: Լավը միայն էն է, որ տեսածն ու չտեսածը հանդիպում են իրար, Ահնիձորում, Իգնատի տան դռանը, ոչ տեսել են, ոչ լսել, առաջին անգամ իրար հանդիպում են ու զարմանում՝ էս ու՞ր էինք…

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

%d bloggers like this: