Այս անկանխատեսելի Ռուսաստանը

26 Դկտ

Տարեմուտից հաշված օրեր առաջ, երբ թվում էր, թե քաղաքական կյանքում հազիվ թե լինեն կտրուկ շրջադարձեր կամ այնպիսի դեպքեր, որոնք կծանրաբեռնեն դեպի լիցքաթափում գնացող ուղեղները, մի իսկական գլուխկոտրուկ առաջադրեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Վերջինս հարցազրույց էր տվել ադրբեջանական «AzTV» հեռուստաընկերությանը (ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան 50-ամյակի առիթով), և այդ հարցազրույցում՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չափազանց անսպասելի մտքեր էր արտահայտել: Մասնավորապես, նա ասել էր, թե ինքը համոզված է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն գոյություն ունի: «Դա, թերևս, հետխորհրդային տարածքում միակ հակամարտությունն է, որը ներկա պահին հնարավոր է կարգավորել: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց ցանկությունից ու հնարավորությունից, և պետք է ուղիղ ասել, որ հեշտ որոշումներ չեն լինում»,- հայտարարել էր Մեդվեդևը:
Այն ժամանակ, երբ ամենքը խոսում են կարգավորման գործընթացում ակտիվության անկման, փակուղային իրավիճակների, միջնորդ երկրների ձեռնարկած քայլերի անարդյունավետ լինելու մասին, այդ միջնորդներից մեկը (ընդ որում, ամենահետևողականը) հանկարծ պնդում է, թե խնդրի լուծման շանսերը մեծ են և այդ բանը կարելի է անել նույնիսկ այս պահին: Մեդվեդևը նաև ասել էր, որ իր երկիրը հետագայում ևս կաջակցի հակամարտության խաղաղ լուծմանը՝ հավելելով, թե ինքը այդ հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցում: Խոսելով անցած տարիների ջանքերի մասին և հիշեցնելով, որ իր միջնորդությամբ եռակողմ ձևաչափով ութ հանդիպում է տեղի ունեցել, Ռուսաստանի նախագահը նշել էր. «Հաջողվել է ուղիղ կերպով դնել բոլոր հարցերը, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումը տարբերվում է, սակայն դնել ազնիվ, բաց կերպով և ներկայացնել բոլոր փաստարկները»:
Կարելի է կարծել, թե Մեդվեդևն ինչ-որ բան գիտի, ինչից անտեղյակ է հանրությունը, այդ պատճառով էլ նրա խոսքերը համեմված են այս կարգի ինքնավստահությամբ: Մյուս կողմից, դիտարկելով ներկա իրավիճակը, մոտ ապագայում սպասվող զարգացումները և հասարակության մեջ գերիշխող տրամադրությունները, խիստ դժվար է կիսել նրա լավատեսությունը, քանի որ դրա համար որևէ նախադրյալ կարծես թե չկա: Սրա հետ մեկտեղ չի կարելի աչքաթող անել և այն, որ Ռուսաստանն ինքը այս պահին հայտնվել է լուրջ ընտրության առաջ, և դրա ելքը անպայման իր անդրադարձը կունենա ինչպես երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, այնպես էլ մեր տարածաշրջանում դրա ներգործության վրա: Այս առթիվ դիտորդներն ու վերլուծաբաններն արդեն իսկ մռայլ կանխատեսումներ են կատարում:
Համաձայն այդ կարծիքների, հատկապես նոր՝ 2012 թվականին է որոշվելու, թե Արևմուտքը պատրա՞ստ է Ռուսաստանին ընդունելու որպես հավասարազոր գործընկեր Եվրամիության կազմում: Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո ձևավորվել է որոշակի տրամադրվածություն, ինչը հուշում է, թե հատկապես Միացիալ Նահանգներն այնքան էլ հակված չէ Մոսկվային դիտել որպես իրավահավասար գործընկեր։ Քաղաքագետները արձանագրում են նաև, որ Մոսկվան հետզհետե կորցնում է դիրքերը ավանդաբար ռուսամետ համարվող երկրներում: Ներկա պահին նրանք նկատի ունեն Սիրիային ու Լիբիային, սակայն ապագայում դրանց ցանկը կարող է համալրվել նոր անուններով: Մի խոսքով, ժամանակն աշխատում է ընդդեմ Ռուսաստանի: Եվ որպեսզի այդ կորուստները չբազմապատկվեն կամ գոնե հասցվեն նվազագույնի, Ռուսաստանից պահանջվում է ձեռք առնել շուտափույթ քայլեր: Իսկ քայլերից մեկն էլ պիտի լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Միայն այս պարագայում ռուսները կկարողանան վերահաստատել ու ամրապնդել իրենց դիրքերը հարավկովկասյան տարածաշրջանում:
Բայց այստեղ էլ ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան կարող է թվալ: Արդեն իսկ կանխատեսումներ են հնչում, որ իբր խնդրի էությունը լինելու է հետևյալը. որոշակի տարածքներ են վերադարձվելու Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դրա փոխարեն Ռուսաստանին հնարավորություն կտա վերականգնել իր ռազմավարական դիրքերն այդ երկրի տարածքում: Սակայն մի՞թե դա կարող է բխել Մոսկվայի շահերից: Մի՞թե հստակ չէ, որ այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանին, իսկ երբ Ադրբեջանը լուծի իր խնդիրը, նրան այլևս խիստ անհրաժեշտ չի լինի պահպանել Ռուսաստանի հետ ձևավորված սերտ կապերը:
Նման հետևություններն առաջին հայացքից միանգամայն տրամաբանական պիտի դիտվեն: Բայց մյուս կողմից էլ չմոռանանք բոլորովին վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել ընտրություններով, և որ Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի տարածքայի ամբողջականությունը:
Խիստ անպատեհ պահի արված խիստ անպատեհ այս պնդումը Երևանում փորձեցին չտեսնելու տալ, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ ստիպված եղան անդրադառնալ դրան, հորդորեցին չշփոթվել, քանի որ ի վերջո այս հարցը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դա էլ հասկանալ կարելի է, քանի որ ոչ մի երկիր դեռևս չի ճանաչել ԼՂ-ի ամբողջականությունը: «Այսօր ՌԴ-ը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, վաղը կճանաչի Լեռնային Ղարաբաղինը»,- ինքնավստահ տոնով շեշտեցին որոշ պաշտոնյաներ՝ խնդիրը համարելով փակված:
Միայն թե խնդիրը մնում է բաց, իսկ Մեդվեդևի վերջին մտքերը Ղարաբաղի մասին ոմանց արդեն իսկ մղել են այն համոզմանը, որ ղարաբաղյան գործընթացում ներկա պահին միակ երկիրը, որը կարող է փոխել իր դիրքորոշումը, Ռուսաստանն է: ՌԴ նախագահը կամա թե ակամա դրդեց այն կարծիքին, որ ի տարբերություն Մոսկվայի, մյուս խաղացողմերի պահվածքը քիչ թե շատ կանխատեսելի է: Եվ այս պարագայում անորոշ է մնում, թե որ կողմի վրա կարվեն խաղադրույքները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել մեկնաբանություն