Պահոց | 5:13 ե.

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՂՔԱՏԸ ԿՈՐՑՐԵՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

8 Դկտ

Մի մեծահարուստ ուներ մեծ ու ընդարձակ տուն՝ կից մի շինական աղքատի տան։ Մի օր անկողնում պառկած՝ վշտանում էր և ննջել չէր կարողանում՝ ինչքեր ձեռք բերելու խորամանկության և առավել ագահության համար։ Եվ լսում էր, որ աղքատը, թոնրի մոտ նստած, իր որդիների հետ ուրախանում էր, իսկ գիշերվա մնացած մասն անուշ քնով անցնում, առավոտյան էլ կինը հազիվ էր զարթնեցնում, որպեսզի վեր կենա և գործի գնա։ Մեծահարուստը, այս լսելով եւ նախանձելով նրա ուրախությանը, մտածեց նրան իր տրտմությանն ու տառապանքներին հաղորդակից դարձնել։ Գիշերը վեր կենալով և աղքատի տան դուռը բացելով՝ դռնից դրամով լի քսակ կախեց, ինչն առավոտյան աղքատը գտնելով, չէր կամենում սովորական ձևով դրամ վաստակելու գնալ, վախենալով, թե միգուցե մեկը գողանա այդ դրամը։ Եվ մտքում վարանում էր, որ դրացիները կամ կինը չիմանան դրամը գտնելու մասին։
Ապա դրամը դրեց խոտի տակ, որտեղ ննջում էր, և պատճառաբանելով, թե հիվանդ է, պառկեց դրամի վրա, մինչև որ դրամի ինչ անելը որոշի։
Եվ երբ բազում օրեր այսպիսի վշտի մեջ էր, չէր ուրախանում և դադարել էր երգելուց, գիշերը նրա մոտ եկավ մեծահարուստը և նրա մասին հարցրեց։ Կինը պատասխանեց.
-Հիվանդացել է։
-Ես իսկույն նրան կբժշկեմ,- ասաց մեծահարուստը։
Եվ գալով նրա մոտ՝ ծածուկ նրան ասաց. «Վերադարձրո՛ւ իմ դրամը, որ վերցրել ես այսինչ տեղից, ապա թե ոչ՝ քեզ կախել կտամ»։
Աղքատն էլ, վախենալով, վերադարձրեց դրամը և նախկին ուրախությունը ձեռք բերեց։

ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ

8 Դկտ

Մենք սիրում ենք մայրամուտը սոսկ այն բանի համար, որ այն տեղի է ունենում օրվա մեջ միայն մեկ անգամ:
Առաջին բանը, որ իմանում ես կյանքում, այն է, որ դու հիմար ես: Վերջինը, որ իմանում ես, այն է, որ դու էլի նախկինի պես հիմար ես: Այն ամենն, ինչ անսպասելի եկել է քեզ մոտ ու պիտի մնա և այլևս երբեք չի լքելու՝ «Ես ողջ եմ» միտքն է: Ես իսկապես ողջ եմ: Նախկինում ես այդ մասին չգիտեի: Իսկ գուցե գիտեի, բայց չեմ հիշում: Սակայն ոչինչ հնարավոր չէ հավերժ պահպանել: Կյանքը միայնություն է: Աշխարհ ես գալիս, մեծանում ես, ծերանում ես, մեռնում ես: Ծնունդդ քեզնից անկախ է: Սակայն հասակ առնելու, ծերանալու, մեռնելու հետ գուցե թե կարելի՞ է ինչ-որ բան անել: Մեզ բոլորիս համար դժվար է հավատալ, յուրաքանչյուրիս համար դժվար է հավատալ, որ մնացյալ ամեն բան գոյություն ունի, քանի որ մենք չափից ավելի հեռու ենք մեկս մյուսից: Երբ ամբողջ ժամանակ ապրում ես մարդկանց կողքին, նրանք ոչ մի կաթիլ չեն փոփոխվում: Դու զարմանում ես փոփոխություններից միայն այն դեպքում, երբ միառժամանակ բացակայում ես: Իսկ երբ ապրում ես հեռվում, շատ բան ես կորցնում, այդ թվում նաև վախը: Եվ ես հիմա չեմ վախենում…

Գեղեցիկ հայտարարություն անորոշ ապագայի համար

8 Դկտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդունվեց Վիլնյուսում, կարող է բավականություն պատճառել միայն դրա հեղինակներին: Ամեն դեպքում, այսպիսին է ընդհանուր տրամադրվածությունը, իսկ անտարբերության գլխավոր պատճառն այն է, որ հայտարարության մեջ որևէ նոր բան չէր ասում: Բացառություն կարող է կազմել միայն այն հատվածը, ուր նշվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները տեղեկացրել են իրենց երկրների նախագահների պատրաստակամության մասին՝ անցկացնել հերթական համատեղ հանդիպումը մոտ ապագայում` համանախագահ երկրների հովանու ներքո, «հիմնվելով վերջին շրջանի փորձի վրա, շարունակելու ուղիղ երկխոսությունը` իրենց ժողովուրդներին խաղաղություն, կայունություն և բարգավաճում բերելու ուղղությամբ»: Եղածին կարելի է հավելել նաև այն, որ ԵԱՀԿ Գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աժուբալիսը հայտարարեց, թե հուսադրված է այդ հայտարարությամբ և հույս ունի, որ այն կնպաստի ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջընթացին: Նա կողմերին կոչ արեց անհապաղ լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարի պահպանման համար, համաձայնեցնել շփման գոծում միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմները և հեռացնել դիպուկահարներին:
Եթե անկեղծ լինենք, ապա սրանք նման են այն մարդու խոսքերին, ով պատրաստվում է հանձնել էստաֆետը մեկ ուրիշին և հրաժեշտից առաջ ասում է. «Ճիշտ է, ինձ ոչինչ չհաջողվեց անել, բայց որևէ վատ բան էլ չի կատարվել»: Այս առումով հասկանալի է դառնում, թե ինչու էր շեշտված ոգևորություն հանդես բերում Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իմոն Գիլմորը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում տեղեկացնելով, որ Իռլանդիան մտադիր է սեփական փորձը կիրառել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում: Հիշեցնենք, որ 2012թ. Իռլանդիան է լինելու ԵԱՀԿ-ն նախագահող երկիրը, և այսօրվանից նրանք արդեն մտադիր են իրենց նախագահության ընթացքում ավանդ ներդնել կարգավորման գործում` հիմնվելով Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորման սեփական փորձի վրա: Այս հեռանկարային խոստումը հազիվ թե որևէ լավ բան ենթադրի թեկուզ այն պարզ պատճառով, որ իռլանդական և ղարաբաղյան հարցերը ընդհանուր քիչ բան ունեն, իսկ նույն մեխանիզմի կիրառումը իրարից արմատապես տարբեր իրավիճակներում որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել:
Այսպիսով, եթե փորձելու լինենք գնահատել վիլնյուսյան ձեռբերումները, ապա կարող ենք առայժմ արձանագրել միայն այն, որ հնգյակի՝ հայտարարությամբ հանդես գալու հիմնական նպատակը քաղաքական անդրադարձն էր ղարաբաղյան հակամարտությանն այն պայմաններում, երբ իրական գործընթաց չկա: Բացի այդ, հիշյալ փաստաթուղթը չի պարունակում կողմերի որևէ պարտավորություն: Եզակի «սրբագրում» կարելի է համարել ստստուս-քվոյի պահպանման անընդունելի լինելու մասին դրույթը, սակայն դա էլ նորություն չէ, եթե հիշենք, որ նույն միտքը միջնորդները կրկնում են իրենց բոլոր հրապարակային ելույթների ժամանակ: Եվ ստացվում է, որ իրականության մեջ կողմերը խնդիր ունեն սոսկ ֆիքսել ներկա վիճակը և թույլ չտալ որևէ լարվածություն:
Վերադառնալով ԵԱՀԿ ոչ հրապարակային, այլ իրական մտադրություններին, հարկ է ուշադրություն դարձնել Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղարության քաղաքական բաժնի ղեկավար Հելգա Շմիդտի այն մտքերի վրա, ըստ որի ԼՂ կարգավորման գործում առաջընթացի բացակայության պատճառով իրավիճակի հետագա լարումը կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, ուստի Եվրամիությունն ակտիվացնում է իր ներկայությունը այդ գոտում: Վերջին շրջանում ԵՄ-ի զանազան պաշտոնյաներ սկսել են հաճախ ակնարկել մեր տարածաշրջանում իրենց ներկայության ու ակտիվության մասին, սակայն առայժմ այնքան էլ պարզ չէ, թե ինչպես դա պիտի արտահայտվի: Հիմա նրանք խոսում են ԼՂ շփման գծում միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմների գործադրման մասին: Իսկ դա ոչ միայն չափազանց բարդ գործ է, այլև կարող է կյանքի կոչվել մի քանի եղանակներով: Բանն այն է, որ վերահսկիչ այդ կառույցը կարելի է ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի դրոշի ներքո կամ խաղաղարար ուժերի միջոցով: Առաջին դեպքում դա կավելացնի Մինսկի խմբի կշիռը, քանի որ վերջին շրջանում հաճախ են լսվում քննադատական գնահատականներ նրա հասցեին: Ինչ վերաբերում է խաղաղարարների տեղակայման հնարավորությանը, դա գործնականում անհնար է: Ոչ Երևանում, ոչ Բաքվում դրան չեն համաձայնվի:
Առաջին հայացքից կարող էր անակնկալ դիտվել նաև ադրբեջանական կողմի բառապաշարում նոր եզրույթների օգտագործումը: Օրինակ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վիլնյուսում հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան անհրաժեշտ զիջումների գնալ ինքնորոշման շրջանակներում: Զիջումների մասին Բաքվի ակնարկը կարող էր նույնիսկ սենսացիա համարվել, եթե դրանից անմիջապես հետո Մամեդյարովը չհավելեր, թե ստատուս-քվոյի պահպանումը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար, իսկ այնուհետև Հայաստանին չմեղադրեր մադրիդյան նորացված սկզբունքները չընդունելու մեջ: Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ զիջում ասվածը բոլորովին էլ այն զիջումը չի, ինչը կարելի է ընկալել իր բառացի իմաստով: Շատ ավելի ակնհայտ է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական մերձեցում չկա, ինչը թույլ կտար գոնե հույս փայփայել կարգավորման գործընթացում առաջընթացի հեռանկարների մասին: Այս առումով միանգամայն իրավացի է քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը, ով հնգյակի հայտարարության մասին ասում է. «Դրանք հերթապահ խոսքեր են` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման համար մեդիա-տարածություն նախապատրաստելուն: Եղած փորձն ապացուցում է, որ նման արտահայտությունները տարիներ շարունակ արվել են հենց այդ նպատակով: Այս խոսքերը կողմերի իրական մերձեցում չեն արտացոլում»:
Վերջին իրադարձությունները հիմք տվեցին մի շարք դիտորդների հանգելու այն եզրակացությանը, որ առ այսօր Երևանի ու Բաքվի վրա բացահայտ, լուրջ ճնշում չի ցուցաբերվել, քանի որ միջնորդները չեն ցանկանում դրանով ավելորդ անգամ բորբոքել հասարակական կարծիքը: Նրանց գլխավոր նպատակն է պահպանել ստատուս-քվոն: Եվ ըստ այդմ, ամենայն հավանականությամբ մոտակա երկու տարիներին միջնորդների գործունեությունը կուղղվի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում կայունության պահպանմանը: Նույն կերպ ոչ ոք լրջորեն չի վերաբերում առաջիկա երկու տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծման հավանականությանը, քանի որ դա կարող է աղետ դառնալ բոլորի համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը, ապա դա էլ կլինի հերթականը և որևէ որոշիչ դեր չի խաղա հակամարտության կարգավորման գործընթացում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: