Պահոց | 7:36 ե.

Բաքվի ու Թեհրանի միջև վազվզող սև կատուն

14 Դկտ

Հետզհետե շատ ավելի դժվար է դառնում հանրությանը համոզել, թե ադրբեջանա-իրանական հարաբերությունները նախկինի պես ջերմ են ու բարեկամական: Երկու երկրները շարունակում են ճաշակել այդ հարաբերությունների իրական պտուղները, որոնք դառն են ու դժվարամարս, իսկ վերջին շաբաթների իրադարձությունները բոլորովին նոր փուլ են կանխորոշում Բաքու-Թեհրան մրցամարտում, որի ավարտը չի նշմարվում, փոխարենը հստակ գծագրվում են դրանից բխող հետևանքները:
Կարելի է պայմանականորեն ասել, որ վերջին զարգացումների համար պատրվակ դարձավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի Թեհրան կատարած այցը: Ենթադրվում էր, թե այդ առաքելության միջոցով Բաքուն պատրաստվում է «բարիշել» Իրանի հետ ու մոռացության տալ հին վիրավորանքները: Հասանովը 3 օր մնաց Թեհրանում, խոստումների ու երդումների պակաս չզգացվեց, համաձայնություն ձեռք բերվեց լրատվական ոլորտում ադրբեջանա-իրանական համագործակցության խորացման վերաբերյալ, բայց նրա վերադարձից անմիջապես հետո Բաքվի օդանավակայանում թույլ չտվեցին երկիր մուտք գործել Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ահմադ Քազիմին և ընտանիքի հետ վտարեցին Ադրբեջանից: Հանկարծակիի եկած Իրանի ԱԳՆ-ը փաստի կապակցությամբ չփորձեց թաքցնել հիասթափության աստիճանը: «Մենք զարմացած ենք, որ Ալի Հասանովի` իրանյան այցից կարճ ժամանակ անց նման անհարմար միջադեպ է տեղի ունենում: Հուսով ենք, որ Բաքուն կփոխհատուցի և որքան հնարավոր է շուտ կուղղի իրանցի պաշտոնյայի հանդեպ կատարված անհիմն քայլը»,- հայտարարեց ԱԳՆ-ն, իսկ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էլ ավելի կոշտ կեցվածք որդեգրեցին՝ պահանջելով, որ Բաքուն ներողություն խնդրի և վերանայի իր որոշումը: «Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ-ից պահանջում ենք բողոքի նոտա հղել Ադրբեջանի դեսպանին և Թեհրանից վտարել Ադրբեջանի ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին»,- նշում էին իրանցի լրագրողները:
Սակայն երկու կողմերն էլ հրաշալի հասկանում էին, որ պատահածը ոչ թյուրիմացություն էր, ոչ էլ բացառիկ դեպք: Առանց այդ էլ Ադրբեջանը վերջին ամիսներին իսլամականներին հալածանքների ենթարկելու հետ մեկտեղ սահմանափակում էր Իրանի` Ադրբեջանում ունեցած կառույցների գործունեությունը, հրաժարվում էր մուտքի վիզա տրամադրել Իրանի պաշտոնական ներկայացուցիչներին, իսկ Բաքվի մամուլն իր հերթին սկսել էր հաճախ անդրադառնալ այսպես կոչված «իրանական սպառնալիքին»` պնդելով, որ պարսիկները լուրջ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, և իբրև ասվածի հիմնավորում մեջբերում էին արևմտյան թերթերում շրջանառված այն տեղեկությունը, թե իբր Իրանը նախատեսում է 2012-ին երկու խոշոր ահաբեկչական ակտ և մեկ սպանություն իրականացնել Ադրբեջանում, որոնք հանգեցնելու են բնակչության շրջանում քաոսային իրավիճակի ստեղծմանը: «Դա էլ իր հերթին նպաստելու է Ադրբեջանում զանգվածային անկարգությունների ու դժգոհությունների ալիքի բարձրացմանը: Երկրում կայունությունը խախտվելու է, ինչն էլ ստիպելու է իր հեղինակությունը կորցրած նախագահ Իլհամ Ալիևին հրաժարական տալ»,-գրում էին այդ աղբյուրները՝ «գունավոր հեղափոխությունների» կիրառման տեխնոլոգիաներում իրենց հմտության աստիճանը վերագրելով Իրանին: Մի խոսքով, մեղադրանքների պակաս չկար:
Մինչ ադրբեջանցիները փորձում էին հավաստիացնել, թե Իրանն անհիմն կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է օգտագործվել Իրանի տարածքից հետախուզական տվյալներ հավաքելու համար, Թեհրանն իր հերթին, հաշվի առնելով աշխարհաքաղաքական շահերը, մատնացույց էր անում ադրբեջանա-իսրայելական համագործակցությանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակվում է զինվել իսրայելական զենքով: Դրա հետ մեկտեղ իրանցիներին ափերից դուր է հանում Ադրբեջանի հակաիրանական դրսևորումների հիմքում ընկած այն կարևոր հանգամանքը, ըստ որի Բաքուն այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի»՝ Իրանական Ատրպատականի տարածքի հանդեպ հավակնություններ ունի:
Ասվածին կարելի է գումարել նաև կրոնական գործոնի առկայությունը: Գաղտնիք չէ, որ Իրանի այաթոլահները հաճախ են իրենց ելույթներում շեշտում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության «հանցագործ ու հակաիսլամական» լինելու հանգամանքը: Իսկ օրերս Իրանում ազդեցիկ «Անսարի-Հզբոլլահ» կազմակերպության Թավրիզի բաժանմունքի ղեկավար, ախունդ Ռուհուլլահ Բեջանիի՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հղած նամակն ընդհանրապես յուղ լցրեց առանց այդ էլ բորբոքված կրակի վրա: Նախագահ Իլհամ Ալիևի հասցեին կոշտ արտահայտություններով լի նամակում «Հզբոլլահ»-ի ներկայացուցիչը վերջնագիր էր ներկայացրել Ահմադինեժադին՝ նշելով, որ Ադրբեջանի գոյությունը մեծ սպառնալիք է Իրանի համար: «Ադրբեջանում մզկիթները քանդվում, նրանց տեղում սինագոգներ են կառուցվում: Կրոնական ղեկավարները նետված են բանտերը, արգելված է կրոնի քարոզչությունը: Դուք պետք է այնպես հնազանդեցնեք Իլհամ Ալիևին, որպեսզի նա նման սխալներ չգործի, հակառակ դեպքում մենք այդ երկրի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ճակատագրին կարժանացնենք: Առաջին քայլը կլինի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի լրտեսական որջի վերածված Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դեմ»,- սպառնացել էր Թավրիզի ախունդը:
Մեջբերված փաստերից հետո արդեն նույնիսկ ավելորդ է հիշատակել, թե ինչպես Իրանի ադրբեջանցիները Թավրիզի ֆուտբոլային մարզադաշտերում ցույցերի ալիք բարձրացրին, ինչպես է ադրբեջանական մամուլը հոդվածներ հրապարակում` պնդելով, թե իբր Իրանը նախատեսում է ձախողել ադրբեջանական «Եվրատեսիլ-2012»-ը, ինչպես է Բաքուն պատրաստվում լույս ընծայել հակաիրանական ուղղվածությամբ նոր օրաթերթ, որը ֆինանսավորվում է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսադի) կողմից, ինչպես Ստոկհոլմում կայացած կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Գաֆար Ալիևը հայտարարեց. «Փոխանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին աջակցելու, Իրանը մեր երկրի հանդեպ իրականացնում է ճնշման ու սպառնալիքների անընդունելի քաղաքականություն` խորացնելով ու զարգացնելով հարաբերությունները Հայաստանի հետ», և նմանատիպ այլ դրսևորումներ:
Ի վերջո, ինչպիսին էլ լինի ու գնահատվի այս լարվածության պատճառահետևանքային կապը, ներկա պարագայում հստակ է նաև այն, որ արևմտյան որոշ ուժերի ձեռնտու է Իրանի նկատմամբ լարված տրամադրությունների ստեղծումը, ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ ուղղված անդրօվկիանոսյան ծրագրերի իրագործման նպատակով: Իսկ Ադրբեջանը Իրանի շուրջ սեղմվող օղակի կծկումների պայմաններում ջանում է շահել կրկնակի չափով՝ դուր գալ Արևմուտքին և հարվածել մրցակից հարևանին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: