Պահոց | 7:45 ա.

ԱՅՍՊԵՍ ՀԱՌՆԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ

4 Դկտ

Ինչպես հայտնի է, Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված։ Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին, քանզի ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի 1926թ. օգոստոսի 31-ի որոշմամբ հանձնարարվել է Ար. Երզնկյանին «բանակցություններ վարել կաթողիկոսության հետ համաշխարհային պատերազմի
(24 ապրիլի) զոհերի հիշատակի օրը նշելը վերացնելու անհրաժեշտության մասին։
Հայտնի է նաև, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին կոթողը՝ փոքրաչափ մի մատուռ, 1950-ական թվականներին կառուցվել է Անթիլիասում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի վեհարանի տարածքում, ուր ամփոփված են Դեյր Էզ Զոր անապատից բերված ցեղասպանության զոհերի աճյունները, որը երկար ժամանակ միակն էր՝ որպես հուշարձան թուրք ջարդարարների ձեռքով նահատակված 1,5 միլ. հայերի։ 1965թ. Էջմիածնում, Մայր տաճարի հյուսիսային մասում, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի որոշմամբ կանգնեցվեց հուշարձան՝ «Խաչքար աղոթքի և ուխտի. ի հիշատակ 1915թվի չարագործության զոհ դարձած հայերի (ճար. Ռ. Իսրայելյան)։ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու գաղափարը առաջին անգամ արծածվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յա.Զարուբյանի և լիբանանահայ հասարակական գործիչ Անդրանիկ Ծառուկյանի 1962թ. կայացած հանդիպման ժամանակ.
«Ա.Ծ. — Իսկ ծրագիրը մը ունի՞ք Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի առիթով։
Յա. Զ. — Կարծում եմ, լավ կլինի։
Ա.Ծ. — Հանդիսություն, մամուլ, հուշարձա՞ն։
Յա. Զ. — Եվ դրանք, և թերեւս ուրիշ բաներ։ Այս ամենը առայժմ դեռ հրատարակելի չէ։ Կենտրոնը (նկատի ունի Մոսկվա — Ա.Վ.) սկզբունքորեն համաձայն է, միայն զգուշանում է, եւ աշխատում է այնպիսի ձևեր գտնել, որպեսզի չխաթարվեն ԽՍՀՄ արտաքին շահերը»։
Հուշարձան կառուցելու գաղափարին անրադարձել են նաև պատմաբաններ Ծ. Աղայանը, Հ. Ինճիկյանը և Ջ. Կիրակոսյանը «Արևմտյան Հայաստանում հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ միջոցառումներ անցկացնելու մասին» ՀԿԿ Կենտկոմ ուղարկված իրենց առաջարկությունում՝ 1964թ. հուլիսին։ Հուշարձան կառուցելու առաջարկը նրանք ձևակերպում են հետևյալ կերպ. «Բնակչության միջոցների հաշվին կառուցել առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի զոհերի հուշարձան։ Հուշարձանը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերածնունդը»։ Այդ առաջարկությունը համարյա նույնությամբ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յա.Զարուբյանը փոխանցում է Մոսկվա՝ «1915թ. հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ միջոցառումների մասին» 1964թ. դեկտեմբերին ԽՄԿԿ կենտկոմ ուղարկած առաջարկությունների ցանկում։ Նրա առաջարկը այսպիսի տեսք ուներ. «Երևանում կանգնեցնել առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված կոթող։ Կոթողը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերածնունդը»։
Ստանալով Մոսկվայի համաձայնությունը, ՀԿԿ Կենտկոմի նախագահությունը 1965թ. փետրվարի 15-ին հաստատում է Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշման նախագիծը՝ Հայերի զանգվածային բնաջնջման զոհերի հիշատակի կոթող կառուցելու մասին, որը և նախարարների խորհուրդը ընդունում է մարտի 16-ին։ Խորհրդային ավանդույթներին համապատասխան, որոշման առաջին կետում հուշարձանի կառուցումը կապվում է «հանրապետության աշխատավորության ու հասարակական կազմակերպությունների ցանկությունների» հետ, և երկրորդ կարևոր հանգամանքը այն էր, որ որոշման մեջ հիշատակվում էր եղեռն բառը՝ կոթողը հավերժացնելու էր 1915թ. եղեռնի զոհերի հիշատակը։ Որոշման հաջորդ կետով հանձնարարվում էր ՀԽՍՀ Պետշինին՝ հայտարարել
կոթողի լավագույն նախագծի բաց մրցանակաբաշխություն և երրորդ՝ կոթողի կառուցումն ավարտել 1965 թվականին։
ՀԽՍՀ Պետշինը 1965թ. մարտի 25-ին հանրապետական մամուլում հրապարակում է մրցանակաբաշխության պայմանները, որոնք 4-ն էին։
1. Կոթողը նախատեսվում էր կառուցել Երևան քաղաքի «Ծիծեռնակաբերդ» կոչվող բարձունքի վրա։ Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում էր առաջարկել այլ տեղ՝ Երևան քաղաքի սահմաններում։
2. Կոթողը պետք է մարմնավորեր ստեղծագործած հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան՝ ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակին։
3. Կոթողի կառուցման համար շինանյութի ընտրությունը կատարվում է հեղինակի կողմից։ Շինարարության արժեքը սահմանվում էր մինչև 250 հազար ռուբլի:
4. Մրցանակաբաշխությանը կարող էին մասնակցել ինչպես առանձին նախագծողներ, այնպես էլ նախագծող կոլեկտիվներ։
Մրցանակաբաշխության ժյուրին իր առաջին նիստը հրավիրում է մայիսի 10-ին։ Ժյուրիի կազմում էին Գ. Աղաբաբյանը (նախագահ) Գ. Ահարոնյանը, Լ. Բաբայանը, Ռ.Գոլթուխչյանը, Գ.Խանջյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Կ. Հակոբյանը, Գ.Հասրաթյանը (քաղխորհուրդ), Վ. Հարությունյանը, Մ. Մազմանյանը, Է. Պապյանը, Ս. Ստեփանյանը։ Ներկայացվել էր 78 նախագիծ, որոնցից 9-ը չէին բավարարում մրցանակաբաշխության պայմաններին։ Երկարատև քննարկումից հետո 69 նախագծերից որոշվում է հետագա քննարկման համար թողնել 8 նախագիծ հետևյալ անուններով՝ «Կարմիր ծաղիկ», «Կրակ», «Ղողանջ», «Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «ՀԽՍՀ դրոշակ» և «Փյունիկ»։
Կային նաև խորհրդային ավանդույթներին բնորոշ առաջարկություններ։ Մասնավորապես առաջարկվում է կառուցել «Վերածնունդ» կոթող, որտեղ Լենինը իր փրկության ձեռքն էր մեկնում կործանման եզրին հասած հայ ժողովրդին։
Մի խումբ ինժեներներ առաջարկում էին եղեռնի հուշարձանը տեղադրել Հաղթանակի զբոսայգում «անգործության մատնված» մոնումենտի վրա, որի վրա կախել մի մեծ զանգ, այն հնչեցնելով յուրաքանչյուր տրվա ապրիլի 24-ին։ Ժյուրիի հաջորդ նիստին՝ մայիսի 17-ին, միաձայն շեշտվում է այն հանգամանքը, որ ներկայացված նախագծերից ոչ մեկում լիարժեք կերպով չի լուծվում մրցանակաբաշխության պայմաններում առաջադրված խնդիրը՝ ստեղծել այնպիսի կոթող, որը հավերժացնի 1915թ. եղեռնի զոհերի հիշատակը և մարմնավորի հայ ժողովրդի վերածնունդը, նրա ներկան և պայծառ ապագան։ Ուստի որոշվում է առաջին մրցանակ չշնորհել։ Որոշվում է 2-րդ, 3-րդ և խրախուսական մրցանակների համար քննարկման թողնել 4 նախագիծ՝ «Փյունիկը», «Մուշը», «ՀԽՍՀ դրոշակ» և N 63 «Փյունիկը»։
Նշված 4 նախագծերի բացարձակ արժանիքների և համեմատական վերլուծության շուրջ մտքերի փոխանակումից հետո որոշվում է 2-րդ մրցանակ շնորհել «ՀԽՍՀ դրոշակ», իսկ 3-րդ մրցանակ N 63 «Փյունիկ» նախագծին՝ վճարելով հեղինակներին 400-ական ռուբլի, իսկ մյուս 2 նախագծերի հեղինակներին վճարել խրախուսական մրցանակ՝ 200-ական ռուբլի:
Կարծես թե ամեն ինչ պարզ է, և որոշումը պետք է ընդունվեր հօգուտ «ՀԽՍՀ դրոշ» նախագծի։ Սակայն 2 օր անց հրավիրվում է ժյուրիի նոր նիստ, որտեղ Պետշինի և ժյուրիի նախագահ Գ.Աղաբաբյանը հաղորդում է, որ Պետշինը, մինչև բաց մրցանակաբաշխության հայտարարելը, հանձնարարել էր մի շարք ճարտարապետների ներկայացնել կոթողի նախագծեր, և առաջարկում է ընտրություն
կատարել մրցանակաբաշխությունում մրցանակի արժանացած և նախքան մրցանակաբաշխությունը ներկայացված նախագծերից լավագույնները ճանաչվածների միջև։
Պետշինի հանձնարարությամբ նախագծեր ներկայացրել էին Ջ.Թորոսյանը, Մ.Մանվելյանը, Ս. Քյուրքչյանը, Ս. Գուռզադյանը, Ռ. Իսրայելյանը, Ա. Թարխանյանը, Ս. Կնդեխցյանը։ Քննարկումից հետո ժյուրին որոշում է իրականացման համար ընտրություն կատարել «ՀԽՍՀ դրոշակ», N 63 «Փյունիկ» և ճարտ. Ջիմ Թորոսյանի նախագծերի միջև։ Ժյուրիի անդամների ընդհանուր կարծիքով, նախագծերից ոչ մեկը առանց էական փոփոխությունների չի կարող հանձնարարվել իրականացման համար։ Քննարկվող նախագծերի հիմնական թերություններ են նշվում՝
1. «Փյունիկ»- Հուշարձանի վերգետնյա մասը կազմող քանդակա-ձեռքերի ափերի մեջ նստած մանուկը լրիվ ընդունելի չէ որպես խորհրդանիշ վերածնված Հայաստանի։
2. «ՀԽՍՀ դրոշակ»- հորինվածքը բազմաթեմային է և պատմողական բնույթ ունի։ Առանձին տարրերի մեջ կա զանգվածային անհամապատասխանություն։
3. Ջ. Թորոսյանի նախագիծ-կոթողը լուծված է չափազանց վերացական ձևերով, հեռու է գաղափարական բովանդակության կոնկրետ մարմնավորումից։ Ծավալը շատ ուռճացած չափեր ունի։
Ժյուրին նաև որոշում է ընտրություն կատարելիս նկատի ունենալ այն նախագիծը, որը ավելի հեշտ է վերամշակման ճանապարհով հասնել անհրաժեշտ մակարդակի։ Ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով, և արդյունքում ոչ մի նախագիծ հավանության չի արժանանում: Որոշվում է նախագծի ընտրության հարցը հետաձգել մինչև հաջորդ նիստ, այդ ընթացքում հնարավորություն տալ ժյուրիի անդամներին շարունակել ուսումնասիրությունը և համեմատական վերլուծությունը։
Ժյուրիի հաջորդ նիստը տեղի է ունենում հունիսի 7-ին, որտեղ և ընդունվում է սկզբունքային որոշում՝ կանգ առնել այն նախագծի վրա, որի բաղադրամասերի օգտագործումը կարող է բերել համեմատաբար ավելի հաջող արդյունքի։ Քվեարկությունը տվեց հետևյալ արդյունքը՝
1. ՀԽՍՀ դրոշակ — 7 կողմ
2. Փյունիկ — 1 կողմ
3. Ջ.Թորոսյան նախագիծ — 3 կողմ
Միաժամանակ, ինչպես փաստագրված է ժյուրիի նիստի արձանագրությունում, առաջարկվում է «ՀԽՍՀ դրոշակ» ծածկագրով նախագիծը վերամշակել՝ հաշվի առնելով հետևյալ դիտողությունները.
1. Հասնել այն բանին, որ հորինված բաղադրիչ մասերը մասշտաբային և կերպարային առումով ավելի սերտ կապվեն իրար հետ։ Հրաժարվել բազմաթեմայնությունից և տարրերի զանգվածային անհավասարակշռությունից։ Նախագծում Օբելիսկը և հիմնական ծավալը զուրկ են ներդաշնակությունց։
2. Հրաժարվել Օբելիսկի չափազանց երկնասլաց համաչափություններից և որոշ չափով «հրթիռային» բնույթից: Ստուգել Օբելիսկի և հորիզոնական ծավալի՝ մեկ ընդհանուր ծավալով փոխարինելու հնարավորությունը։ Ձգտել գլխավոր ծավալի որոշակի թեթևացմանը։ Հրաժարվել նրա վրա նախատեսված վիմագրություններից։
3. Նախագծի մշակման ժամանակ հրաժարվել կոթողի «պատմողական բնույթից», շեշտը դնելով բուն ճարտարապետական արտահայտչական միջոցառումների վրա։
գ) Խնդրել Երևանի քաղսովետի գործկոմին՝ Ծիծեռնակաբերդում նախատեսնվող սպորտի պալատի շինարարության կապակցությամբ, վերանայել եղեռնի կոթողի տեղադրման հարցը։
Ինչու ընտրվեց հատկապես հիշյալ նախագիծը: Ահա թե ինչ է հիշում ճարտարապետների միության այդ ժամանակվա նախագահ Վ. Հարությունյանը. «Վերջնական քննարկման մնացել էին երկու նախագիծ։ Ես երկուսին էլ չէի հավանում։ Իմ կարծիքին էին մրցութային հանձնաժողովի անդամներ Ռ. Խաչատրյանը և Կ.Հակոբանը՝ երեքս հանձնաժողովում փոքրամասնություն էինք։ Մի երեկո, երբ պիտի վերջնական քննարկման թողնված երկու նախագծերից մեկն ընտրեինք, նիստին հայտնվեցին հանրապետության ղեկավարները՝ Յակով Զարուբանը, Անտոն Քոչինյանը, Նագուշ Հարությունյանը և ուրիշներ։ Չգիտեմ ինչու, Քոչինյանը ինձ հարցրեց.
— Այս երկուսից ո՞րը կընտրեիր։
— Ոչ մեկը, — պատասխանեցի։
— Ինչու՞։
— Նախ՝ դրանք չեն համապատասխանում մրցութային ծրագրին, չեն խորհրդանշում հայրենիքի վերածնության գաղափարը, ապա՝ անհասկանալի կլինեն այցելուներին։
— Իսկ դու, ո՞րը կընտրեիր,- հարցրեց Քոչինյանը։
— Որը որ ես կընտրեի, քննարկումից հանված է։
Եկողները խնդրեցին ծանոթացնել այդ նախագծին։
Սեղանին դրվեց դրա մանրակերտը։
— Ինչո՞ւմն է սրա առավելությունը,- հարցրեց Զարուբյանը։
— Պարզ ու հասկանալի լուծում ունի,- պատասխանեցի,- խոնարհված խաչքարաձև քարերը խորհրդանշում են սուգը զոհվածների հիշատակին, իսկ վերասլաց կոթողը՝ վերածնունդ։ Դրանցով հեղինակները լիովին արտահայտել են մրցութային ծրագրի պահանջները։ Գաղափարը հասկանալի կլինի ամեն տեսակ այցելուի, բացատրելու կարիք չի լինի, քանզի բացատրությունը տրված է ճարտարապետության լեզվով։
Եկողները հավանություն տվեցին ու մեկնեցին։ Մրցութային հանձնաժողովի անդամներն այս անգամ քվեարկեցին հօգուտ իրենց մերժած նախագծի։ Երբ փակ ծրարը բացեցինք, պարզվեց, որ հեղինակներն են Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը»։
Ինչպես հիշում ենք, խորհրդային երկրում ոչ մի շինարարություն նախատեսված ժամկետում չէր ավարտվում։ Եվ տեղի էր ունենում նախահաշիվների, շինանյութերի տասնյակ փոփոխություններ։ 1965թ. նոյեմբերի 23-ին ՀԽՍՀ Պետշինի նախագահի մոտ տեղի է ունենում խորհրդակցություն, որտեղ որոշվում է վերանայել Եղեռնի հուշարձանի ծրագրի իրականացած նախագիծը։ Մասնավորապես որոշվում է նախագծից հանել ստորգետնյա կոմունիկացաները, զբոսուղիների բազալտային ծածկերը և այլն։ Շինարարության վերջնական նախահաշիվը Երևանի քաղխորհուրդը հաստատում է 1966 մայիսի 11-ին` 399,3 հազար ռուբլի գումարով։ Հաջորդ՝ 1967թ. մեկ անգամ ևս վերանայվում է շինարարության նախահաշիվը և այն ավելացվում է 68 հազար ռուբլով, բացի դրանից շրջակայքի բարեկարգման համար նախատեսնվում է 284,9 հազար ռուբլի, իսկ ավտոճանապարհի համար՝ 92,6 հազար ռուբլի:
Հուշարձանը կիսավարտ վիճակում բացվեց 1967թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայանացման օրը, երկրի ղեկավարները այն ցանկանում էին կապել ժողովրդի վերածննդի հետ: Հուշարձանը իր զուսպ բովանդակությամբ ու ոգեղեն ազդեցությամբ կարող է իրոք գլուխգործոց համարվել:

ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ

ԴՈՆ-ԱՄԻՆԱԴՈ

4 Դկտ

Դեկոլտեն՝ դա ճշմարտության միայն մի մասն է:
Կնոջ սովորական կենսագրության մեջ մինչև երեսուն տարեկանը կոչվում է ժամանակագրություն, երեսունից հետո՝ առասպելաբանություն: Եվ ոչինչ այնպես չի ծերացնում կնոջը, որքան նրա տարիքը: Կնոջ այն տարիքը, որն անընդհատ քննադատվում է, կոչվում է կրիտիկական տարիք: Սակայն անժամանակ ծերացումն այնքան սարսափելի չէ, որքան ուշացած երիտասարդությունը:
Գրագետ մարդիկ կարող են ամուսնանալ հայտարարությամբ, անգրագետները՝ միայն սիրելով: Ձեր կնոջը վերաբերվեք այնպես, որ կարծես նա ոչ թե ձեր կինն է, այլ ուրիշինը: Սիրո կանոնն է՝ որքան երկար է նախաբանը, այնքան կարճ է սիրավեպը: Հավերժ սիրո մասին մի երդվեք գրավոր: Երդվեք բանավոր: Իսկ որպեսզի սերը հավերժական լինի, անտարբերությունը պիտի լինի փոխադարձ, որպեսզի վստահությունը ամուր լինի, խաբեությունը պետք է լինի երկար: Տղամարդիկ ստում են պարզապես, կանայք՝ արցունքն աչքերին: Երբ կինն ուշաթափվում է, նա գիտի, թե ինչ է անում: Փոխընմռնումը պահանջում է փոխադարձ սուտ: Ինչու՞ բարձրաձայն ապաշխարել, եթե կարելի լուռ մեղանչել:

%d bloggers like this: