Պահոց | 7:35 ե.

Հրաժեշտը տոն չէ

30 Դկտ

Անշնորհակալ գործ է տարին ամփոփելը: Դու կարող ես լավագույն դեպքում ամփոփել այն մի հատվածը, որ եղել է քո հայացքի տեսադաշտում, դու կարող ես վերհիշել ու գնահատել այն օրերը, որոնք քո ժամանակի մասն են կազմել, սակայն ինչպե՞ս պիտի իմանաս իրական կշիռը մի ամբողջ տարվա, որը եղել է բոլորինը՝ ծանոթ ու անծանոթ, հեռավոր ու մերձավոր, բարեհաճ և ոչ այնքան…
Այսօր՝ տարեմուտի նախաշեմին եթերն ու մամուլը հեղեղված են բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով, և կամա թե ակամա դառնում ես նրանց լսարանի մի անդամը: Ինչեր ասես, որ չեն ցանկանում քեզ ժպտերես դեմքով իշխանավորներդ, ազգիդ սերուցքը, պատկառազդու անձինք: Այսքան մեծահոգություն, նրբանկատություն, բարեհաճություն պիտի բավարարի գալիք բոլոր ժամանակների համար, այսքան աներևակայելի ու հեքիաթային իղձերի իրականացման պահանջ-հրամայականը պիտի նախ սթափեցնի, իսկ հետո մեղավոր լինելու զգացողությամբ համակի հոգիդ: Ախր ինչպե՞ս կարող էիր նախկինում կասկածանքով վերաբերվել այդ մարդկանց, ինչպե՞ս էիր քեզ թույլ տվել մտածել, թե վերևները մոռացել են ստորիններին:
Բայց դու դեռ չես հասցրել ուշքի գալ առաջին հարվածից, երբ դրան հաջորդում է երկրորդը: Այս ամենի հետ մեկտեղ հանկարծ պարզում ես, որ անցնող տարին լի էր ձեռքբերումներով, հաջողություններով, նվաճումներով, և սկզբում տարակուսում, իսկ հետո նույնիսկ անկեղծորեն տխրում ես, որ ինքդ մասնակիցը չես եղել այդ բոլոր թռիչքներին, որ բարեկեցությունն անցել է կողքովդ, իսկ դու քնած ես եղել ուղտի ականջում, որ այսքան ու այնքան տոկոսով կյանքը գեղեցկացել է, իսկ դու դա չես տեսել գեղեցկագույն կյանքը, որ մի ողջ պետություն իր բազմաչարչար կառավարությամբ հանդերձ տքնել է քո երջանկության համար, իսկ դու՝ երիսցս երջանիկդ, անշնորհակալ ու երախտամոռ ես գտնվել նրա հանդեպ:
Եվ որպեսզի վերջնականապես չփչացնեմ օրվա իրական խորհուրդը, ես սկսում եմ մտածել տոնի մասին: Ի վերջ, ի՞նչ բան է դա: Չէ՞ որ ժամանակն իր հոսքի մեջ չունի որևէ դադար կամ ընդհատում, ժամանակի համար տարին բաժանող վայրկյանն ունի նույն արժեքը, ինչ տարին լրացնող միլիոնավոր մյուս վայրկյանները: Ուրեմն տոնը բացառապես մարդկանցն է, նրանց կարիքի ու պահանջի բավարարումը, նրանց կողոպտած չնչին ավարը ժամանակի ահռելի հարստությունից: Եվ դրա համար մարդիկ ուրախ են: Նրանք ուրախ են, որ անցնում է հին տարին, իրենց իսկ կյանքի մեկ տարին, իրենց ապրած օրերի շղթան, իրենց երիտասարդությունը, ավյունը, չարչարանքը, այն ամենը, ինչը դեռ երեկ ակնկալիք էր, որ կամ արդարացվեց կամ հուսախաբ արեց: Նրանք այդպես ծախսում են կյանքը, որ ձեռք բերեն հույսը վաղվա օրվա համար: Մարդիկ թոթափվում են իրենցից, փախչում են սեփական ստվերից ու պատսպարվում այս լուսավոր, գեղեցիկ, առինքնող թիկունքի ետևում, որ տոն է կոչվում:
Եվ այս մտքերին հետամուտ՝ ես հանկարծ դառնում եմ մեկը նրանցից, ովքեր քիչ առաջ և քիչ հետո վերստին տոնական մաղթանքներ են արտաբերելու: Ես մինչև կոկորդս ընկղմվում եմ տոնական ծանր, ներծծվող թուրմի մեջ, և մինչ նա կհասցնի ինձ լիովին կլանել, շտապում եմ ամենքի պես ձայն տալ բոլորին. «Շնորհավոր Նոր տարի…»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Շղթայական ռեակցիա

30 Դկտ

Եթե փորձենք մի բառակապակցությամբ բնորոշել այն, ինչ կատարվեց Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետ, ապա պիտի դա անվանենք ոչ այլ կերպ, քան շղթայական ռեակցիա: Այս դեպքում խոսքը միայն իրադարձությանը հաջորդած արձագանքների մասին չէ և ոչ էլ նույնիսկ նրա, որ Իսրայելն իր հերթին խորհրդարանի հանձնաժողովներից մեկում քննության դրեց 1915 թվականի ողբերգությանը առնչվող փաստաթղթի նախագիծը: Շատ ավելի անսպասելի և, կարելի է ասել, չնախատեսված արձագանքներ հաջորդեցին ֆրանսիացիների քայլին, որոնք հետաքրքիր խորհրդածությունների տեղիք են տալիս: Սրանց շարքում առանձնապես զարմանալի էր բոսնիացի սերբերի քաղաքական առաջնորդ Միլորառ Դոդիկի հայտարարությունը, համաձայն որի իրենք մտադիր են օրենքով արգելել Բոսնիայում Հայոց ցեղասպանության ժխտումը: Բոսնիայի և Հերցոգովինայի սերբերով բնակեցված տարածքները ղեկավարող անձը խոստացավ, որ իր կուսակցությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Այս դեպքում խիստ հատկանշական էր Դոդիկի հիմնավորումը, ինչը թույլ է տալիս գոնե մասամբ հասկանալ նրա մտադրությունների ուղղվածությունը: Վերջինս ասել էր. «Մենք ցանկանում ենք մտնել քաղաքակիրթ երկրների շարքը, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մոտ օրերս մենք օրինագիծ կներկայացնենք կենտրոնական խորհրդարանի քննարկմանը»:
Ներկայացնելով Ցեղասպանության ճանաչումն իբրև քաղաքակրթվածության դրսևորում, սերբերի առաջնորդը կամա թե ակամա էական որակական առանձնահատկություն է հաղորդում խնդրին, որը մինչ այժմ մշտապես դիտարկվել էր քաղաքական, իրավական կամ բարոյական հարթությունների վրա: Սրա հետ մեկտեղ պետք չէ նաև մոռանալ, որ ժամանակին ՄԱԿ-ի միջազդային դատարանի որոշմամբ Սրեբրենիցա քաղաքում 1995-ի հուլիսի 11-ին տեղի ունեցած դեպքերը որակվել են որպես ցեղասպանություն, այդ իսկ պատճառով Դոդիկի նախաձեռնությունը պետք է գնահատել նաև այս տեսանկյունից՝ թե որպես հակադարձման քայլ, թե որպես նույնականացումը ժխտող մարտահրավեր:
Հաջորդ անակնկալը եկավ շատ ավելի հեռվից: Հայաստան այցելած Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Ուոլթ Սեքորդը, ով նաև Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահն է, իր ուղևորության գլխավոր նպատակներից մեկն էր համարել տեղում ծանոթանալ պատմական իրողությունների փաստարկումներին: Հանդիպումների ժամանակ նա կրկնում էր, թե շատ է լսել ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի պատմության, նրա մշակույթի ու ժողովրդավարական երկիր կառուցելուն միտված ներկա գործընթացների մասին, բայց որոշել է ամեն ինչ իր աչքերով տեսնել: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացներին` պատգամավորը նշում էր, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: Սեքորդը նաև այցելեց ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր` իր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Թերևս սխալված չենք լինի, եթե նրա առաքելությունը որակենք իբրև «հետախուզական», ինչին կարող են հաջորդել նաև գործնական քայլերն ու որոշումները: Ամեն պարագայում, առաջին հայացքից մասնավոր վերաբերմունքի այս արտահայտությունը իր խորքում ընդգրկում է այն էական տեղաշարժի նախանշանները, որոնք կարող են վարակիչ լինել:
Շաբաթվա երրորդ արձագանքը ստացվեց Սիրիայից: Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրին բոլորովին անսպասելի ու խիստ կտրուկ մի հայտարարություն արեց, որի բուն ասելիքն այս էր. «Թուրքիան ետ կանգնեց իր սկզբունքներից և տրվեց Արևմուտքի շանտաժին, սակայն Սիրիան չի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը սոսկ միայն ի հակառակ Անկարայի, այլ Սիրիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը իր համոզմունքների հիման վրա և այն ժամանակ, երբ հիմնավորապես կուսումնասիրի այդ իրադարձության բոլոր մանրամասները»: Առաջին միտքը, որ կարող է հաջորդել այս կարգի բուռն ելույթին, այն է, որ Սիրիան նույնպես պատրաստվում է անցնել Իսրայելի ճանապարհով: Այդ երկիրը հրեական պետության պես մինչև վերջին ժամանակներս բարձր մակարդակի հարաբերություններ էր պահպանում Թուրքիայի հետ: Բայց բավական էր, որ ջերմության փոխարեն վրա հասներ «սառցային ժամանակաշրջանը», և սիրիացիներն անմիջապես հիշեցին հայկական ողբերգության, այդ փաստը թուրքերի դեմ պատժիչ գործիքի վերածելու անհրաժեշտության մասին: «Մենք խնդիրներ ունեինք Օսմանյան կայսրության, այլ ոչ թե Էրդողանի կառավարության հետ, ահա թե ինչու Թուրքիայի նման անարդար վարքագիծը մեզ անակնկալի բերեց: Մենք հուսով էինք, որ Թուրքիայի դիրքորոշումն արդար կլիներ, բայց նա ապաստարան տվեց նույնիսկ ահաբեկիչներին: Չեմ կարծում, որ մեր հարաբերությունները կարող են հեշտությամբ նախկին մակարդակին վերադառնալ»,- խոստովանեց Հարիրին՝ նույնիսկ փորձ չանելով թաքցնել, թե ինչու են մտադիր անդրադառնալ Հայոց ցեղասպանության հարցին:
Հայաստանում այս բոլոր միտումներին նայում են ընդգծված ըմբռնումով: Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր, կազմակերպություն կամ անհատ այսպես թե այնպես իր դրդապատճառներն ու համոզմունքներն է ունենալու: Մենք էլ, իհարկե, կարող ենք առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով և հայտարարել, թե մեզ համար միևնույն է՝ ով ինչ պատճառով կճանաչի, միայն թե դա տեղի ունենա: Սակայն այսպիսի մոտեցումը հազիվ թե որևէ լավ բան խոստանա, քանի որ ինչ-որ ժամանակ, երբ այս փոփոխական աշխարհում ժամանակի անիվը կսկսի գլորվել ոչ այնքան ցանկալի ուղղությամբ, այդ «արդարացված միջոցները» կդառնան ոչ միայն կասկածելի ու խոցելի, այլև հարվածի տակ կդնեն հենց մեր իսկ արդար պահանջներն ու պատմության ճշմարտացիությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: