ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ

29 Հնս

Մեր աշխարհագրության ուսուցիչը բավականին խելացի ու հետաքրքիր մարդ էր: Նույնիսկ ամենաձանձրալի թեման կարողանում էր վերածել գրավիչ դասաժամի: Եվ ահա մի օր մենք պիտի ծանոթանայինք խոնավագրիչ (գիգրոգրաֆ) կոչվող սարքի հետ: Հակիրճ բացատրությունից հետո նա մեզ առաջարկեց մի պարզ փորձ կատարել՝ մեկ շաբաթ շարունակ սարքը պահել միացրած, հետո ծանոթանալ արդյունքներին՝ այսինքն դիտել հիդրոգրամման և փորձել կռահել, թե ինչ արտաքին գործոններ են ազդել խոնավության տատանումների վրա:
Սարքը գործի դրեցինք ու ժամանակը սկսեց հոսել: Երբ վերջապես վրա հասավ նշված օրը, բոլորս միասին բացեցինք գալարաթուղթը, նայեցինք գծապատկերին ու այն, ինչ տեսանք, ապշեցրեց բոլորիս: Յոթ օր անընդհատ, գրեթե միշտ նույն ժամին խոնավության ցուցիչը միանգամից թռիչք էր արձանագրել, թեև այդ օրերին տեղումներ ընդհանրապես չէին եղել. պարզ, արևոտ եղանակ էր: Ուրեմն ինչու՞ պիտի սարքն արձանագրեր խոնավության կտրուկ աճ: Մենք դրա համար բացատրություն չունեինք: Սկսեցինք ամենատարբեր ենթադրություններն անել: Եվ երբ վարկածների ամբողջ պաշարը սպառվեց, մեր ուսուցիչը բացահայտեց գաղտնիքը:
Պարզվեց, որ ամեն օր նույն ժամին դպրոցի հավաքարարը մտել էր դասասենյակ և խոնավ շորով լվացել էր հատակը: Սարքն էլ անմիջապես արձանագրել էր նրա «թաց աշխատանքը»: Ընդամենը այդքանը, ուրիշ ոչինչ:
Միանգամից ասեմ, որ մենք ջախջախված էինք: Հավաքարարուհին մեզ խորագույն հիասթափության դուռն էր հասցրել՝ գիտության առեղծվածային հմայքը նետելով դասարանի թաց հատակին ու փշուր-փշուր անելով այնտեղ: Հասկանում էինք, որ ուսուցչի ասածն առավել քան համոզիչ էր: Բայց և այնպես մեր անհանգիստ միտքը դեռ երկար ժամանակ փնտրտուքի մեջ էր՝ նորանոր կապեր որոնելով տամկացած օդի և նրա թողած թանաքագիր հետքերի միջև: Գիտեինք, թե որն էր ճշմարտությունը, բայց նրան ճանաչել չէինք ուզում: Օդի խոնավությունը եկել, բախվել էր մեր ընկալումների չորությանն ու առաջ չէր անցնում: Իսկ պատճառը պարզից էլ պարզ էր:
Ճիշտ է, պատճառների մասին մենք պիտի խորհեինք ավելի ուշ: Միայն թե մեր ուշացած մտածումը չէր փոխում խնդրի էությունը, որ վավերացնում էր անուղղելին. մարդիկ չեն ցանկանում իրենց համար նշանակալի դեպքերի մասին ունենալ պարզ բացատրություններ, քանի որ պարզությունը չի արդարացնում նրանց մեծ սպասելիքները: Մարդիկ համոզված են, որ որքան կարևոր է իրադարձությունը, այնքան շատ խորհրդավորություն պիտի կրի, պիտի ունենա բազում քողավորող ծալքեր, խճճված թելեր, կանխամտածված քայլեր:
Ու դեռ ավելին. պիտի անպայման գործի դավադրության ալգորիթմը, քանի որ ոչինչ չի կարող տեղի ունենալ առանց կողմնակի միջամտության: Միշտ կգտնվի անտեսանելի այն ուժը, որ ներգործում է դեպքերի ընթացքի վրա, ուղղորդում է դրանք, ենթարկում է իր կամքին: Ընդամենը անհրաժեշտ է որոնել: Լավ որոնել: Եվ եթե համառ գտնվես՝ երևակայությունդ օգնության կգա ճիշտ ժամանակին:
Արտառոց այս հակումը՝ իմանալ այն, ինչ ուզում ես, այլ ոչ թե այն, ինչն իրական է, մի փոքր ավելին է, քան սովորական ինքնախաբկանքը: Դա ընկալման կաղապարն է, որ ձևավորվում, ամրանում, շիվեր է տալիս պատճառահետևանքային առնչությունների բարդ լաբիրինթոսում, իսկ հետո դառնում է որոշիչ իր մեծ ու փոքր դրսևորումների մեջ: Մարդն ինքնաթելադրվում է իր պատկերացումների պահանջներին համապատասխան՝ ստորադասելով փաստերն ու գերադասելով աշխարհը և երևույթները տեսնելու այն սովորույթը, որին իր աչքն ու միտքն են վարժվել, իր փորձն է համակերպել, իր կանխակալ կարծիքն է հարիր ճանաչել:

* * *
Ամեն օր կարելի է տեսնել ու լսել այդ բաները: Մեկը սայթաքեց ու ընկավ, վերլուծաբանն անմիջապես կգրի. «Մասոնների ձեռքի գործն էր»: Մեկ ուրիշն աննպաստ կարծիք է հայտնել՝ «Սիոնիստների մատը խառն է»: Երրորդը դժգոհ է ինչ-որ բանից, սրա արձագանքն էլ ունեն. «Պատվիրված բողոք է»: Հետո գույները գնալով խտանում են, և պարզվում է, որ ծորակից ջուր չի գալիս, քանի որ կա պանթյուրքական ծրագիր, հարևանը մեկնեց արտագնա աշխատանքի՝ համաձայն Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի, խանութի հացը լավը չէր Սորոսի մեղքով, աշխատավարձն ուշ է վճարել ոչ թե գործատուն, այլ տամպլիերների օրդենը և այսպես շարունակ: Ամեն ինչ գալիս է հեռվից, գալիս է խորքից, բարդ, անքննելի են դրանց գործերը և անհնար է, որ երբևէ լինեն հասարակ ու պարզ:
Ու որքան մեծանում են թվացյալ դավադրության ընդգրկման ծավալները, այնքան մարդն իրեն զգում է փոքր, անպաշտպան, ենթակա, արտաքին ազդակների կրնկի տակ տրորված, խորհրդավոր հսկաների թելադրանքին հնազանդ: Եվ մեր միտքն արդեն ինքնավար կերպով սկսում է ստեղծել մի կենցաղ ու առօրյա, որի մասին Իոնեսկոն կասեր՝ «Չկա ոչինչ ավելի ճշմարիտ, քան առասպելը», ու ցավալիորեն չէր սխալվի…
Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը 53-օրյա պաշարումից հետո նվաճվեց Օսմանյան կայսրության զորքերի կողմից: Պատմաբանները պնդում են՝ դա անխուսափելի էր, քանի որ այն դատապարտված էր կործանման, և դրա համար թվարկում են տասնյակ հանգամանքներ: Իսկ երբ նրանք դա հիմնավորում են գիտականորեն, այդ ժամանակ արժեզրկվում է պատմությունն այն մասին, որ քաղաքը հանձնվեց, քանի որ օգնական ուժեր կանչելու համար նեղուցը կտրել ցանկացող մակույկը մոլորվեց թանձր մառախուղի մեջ, չկարողացավ ժամանակին տեղ հասնել, այլապես պատմության անիվը գուցե պտտվեր բոլորովին այլ ուղղությամբ: Մարդիկ չեն ցանկանում ջրերի վրա անհուսորեն տարուբերվող մակույկին վստահել լինել-չլինելու ճակատագրական խնդրի բանալին, քանի որ դա կդիտվի պարզունակ լուծում, կզրկի պատկերը հոգեցունց տեսարաններից, կարժեզրկի խոշորն իր մանր ներկայությամբ: Եվ ու՞մ հոգսն է, որ գուցե թե փոքրիկ նավակն իսկապես մի հսկա կայսրություն փրկեր, եթե կարողանար ափ հասնել:
Հավանաբար նույն կերպ ժամանակին սագերն էին փրկել Հռոմը, երբ գալլերը մթա 390 թվականին ուզում էին քաղաք ներթափանցել: Բայց աղմկոտ թռչնազգիները ոչ մի ձևով չէին պատշաճում անտիկ աշխարհի հերոսական պատումի հետ, ու Հռոմն էլ պիտի անառիկ մնար՝ լիներ սագերի հետ, թե առանց սագերի: Այսպես են մեզ թելադրում-հորդորում ներքին պահանջները, լրջության և անլրջության մասին մեր բարեհարմար հայեցակետերը, վերին թելադրանքի անխուսափելի առկայությունը: Եվ գրողի ծոցն է գլորվում խեղճ ու կրակ ճշմարտությունը, որ ապրի առասպելի և դավադրության սիրո պտուղը: Ապրի կասկածելին:
Դեռ երբեք աշխարհը չի փլուզվել նրանից, որ մարդը որևէ փաստի մասին վերապահ կամ թյուր ըմբռնում ունի: Փոխարենը փլուզվել է մարդը՝ չնկատելով, թե ինչպես կաթիլ առ կաթիլ սեփական կարողությունների նկատմամբ անվստահությունն իր նստվածքն է թողնում և արժեզրկվում է կարծիքն իբրև անհատական վերլուծումների հանրագումար: Նահանջում է նա ու իր նահանջի ճանապարհին մի կողմ է նետում ամենակուռ զրահը՝ հակադրման համարձակությունը:

* * *
Կանգնիր գետափին, մի քար վերցրու և նետիր ջրերի մեջ: Լսեցի՞ր ճոփյունը: Տեսա՞ր, թե քարն ինչպես կուլ գնաց ալիքներին: Դա քո ընտրությունն էր: Եվ գետը, և քարը, և նետելը: Ոչ ոք ոչինչ չթելադրեց, չհուշեց, թե ինչպես վարվես, չասաց, թե այլընտրանք չկար: Կարող էիր նաև չնետել քարը: Դա ևս կլիներ քո կամքը: Եվ ընդհանրապես, քո նետած քարից հազիվ թե գետն իր հունը փոխի, բայց եթե բազում լինեք ազատներդ և շատ լինեն նետված քարերը, ապա մի օր ջրերը կարող են հոսել այնտեղ, որտեղ դուք կցանկանաք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆhovik charkhchyan

Թողնել մեկնաբանություն