Պահոց | 6:12 ա.

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ

29 Հնս

Մեր աշխարհագրության ուսուցիչը բավականին խելացի ու հետաքրքիր մարդ էր: Նույնիսկ ամենաձանձրալի թեման կարողանում էր վերածել գրավիչ դասաժամի: Եվ ահա մի օր մենք պիտի ծանոթանայինք խոնավագրիչ (գիգրոգրաֆ) կոչվող սարքի հետ: Հակիրճ բացատրությունից հետո նա մեզ առաջարկեց մի պարզ փորձ կատարել՝ մեկ շաբաթ շարունակ սարքը պահել միացրած, հետո ծանոթանալ արդյունքներին՝ այսինքն դիտել հիդրոգրամման և փորձել կռահել, թե ինչ արտաքին գործոններ են ազդել խոնավության տատանումների վրա:
Սարքը գործի դրեցինք ու ժամանակը սկսեց հոսել: Երբ վերջապես վրա հասավ նշված օրը, բոլորս միասին բացեցինք գալարաթուղթը, նայեցինք գծապատկերին ու այն, ինչ տեսանք, ապշեցրեց բոլորիս: Յոթ օր անընդհատ, գրեթե միշտ նույն ժամին խոնավության ցուցիչը միանգամից թռիչք էր արձանագրել, թեև այդ օրերին տեղումներ ընդհանրապես չէին եղել. պարզ, արևոտ եղանակ էր: Ուրեմն ինչու՞ պիտի սարքն արձանագրեր խոնավության կտրուկ աճ: Մենք դրա համար բացատրություն չունեինք: Սկսեցինք ամենատարբեր ենթադրություններն անել: Եվ երբ վարկածների ամբողջ պաշարը սպառվեց, մեր ուսուցիչը բացահայտեց գաղտնիքը:
Պարզվեց, որ ամեն օր նույն ժամին դպրոցի հավաքարարը մտել էր դասասենյակ և խոնավ շորով լվացել էր հատակը: Սարքն էլ անմիջապես արձանագրել էր նրա «թաց աշխատանքը»: Ընդամենը այդքանը, ուրիշ ոչինչ:
Միանգամից ասեմ, որ մենք ջախջախված էինք: Հավաքարարուհին մեզ խորագույն հիասթափության դուռն էր հասցրել՝ գիտության առեղծվածային հմայքը նետելով դասարանի թաց հատակին ու փշուր-փշուր անելով այնտեղ: Հասկանում էինք, որ ուսուցչի ասածն առավել քան համոզիչ էր: Բայց և այնպես մեր անհանգիստ միտքը դեռ երկար ժամանակ փնտրտուքի մեջ էր՝ նորանոր կապեր որոնելով տամկացած օդի և նրա թողած թանաքագիր հետքերի միջև: Գիտեինք, թե որն էր ճշմարտությունը, բայց նրան ճանաչել չէինք ուզում: Օդի խոնավությունը եկել, բախվել էր մեր ընկալումների չորությանն ու առաջ չէր անցնում: Իսկ պատճառը պարզից էլ պարզ էր:
Ճիշտ է, պատճառների մասին մենք պիտի խորհեինք ավելի ուշ: Միայն թե մեր ուշացած մտածումը չէր փոխում խնդրի էությունը, որ վավերացնում էր անուղղելին. մարդիկ չեն ցանկանում իրենց համար նշանակալի դեպքերի մասին ունենալ պարզ բացատրություններ, քանի որ պարզությունը չի արդարացնում նրանց մեծ սպասելիքները: Մարդիկ համոզված են, որ որքան կարևոր է իրադարձությունը, այնքան շատ խորհրդավորություն պիտի կրի, պիտի ունենա բազում քողավորող ծալքեր, խճճված թելեր, կանխամտածված քայլեր:
Ու դեռ ավելին. պիտի անպայման գործի դավադրության ալգորիթմը, քանի որ ոչինչ չի կարող տեղի ունենալ առանց կողմնակի միջամտության: Միշտ կգտնվի անտեսանելի այն ուժը, որ ներգործում է դեպքերի ընթացքի վրա, ուղղորդում է դրանք, ենթարկում է իր կամքին: Ընդամենը անհրաժեշտ է որոնել: Լավ որոնել: Եվ եթե համառ գտնվես՝ երևակայությունդ օգնության կգա ճիշտ ժամանակին:
Արտառոց այս հակումը՝ իմանալ այն, ինչ ուզում ես, այլ ոչ թե այն, ինչն իրական է, մի փոքր ավելին է, քան սովորական ինքնախաբկանքը: Դա ընկալման կաղապարն է, որ ձևավորվում, ամրանում, շիվեր է տալիս պատճառահետևանքային առնչությունների բարդ լաբիրինթոսում, իսկ հետո դառնում է որոշիչ իր մեծ ու փոքր դրսևորումների մեջ: Մարդն ինքնաթելադրվում է իր պատկերացումների պահանջներին համապատասխան՝ ստորադասելով փաստերն ու գերադասելով աշխարհը և երևույթները տեսնելու այն սովորույթը, որին իր աչքն ու միտքն են վարժվել, իր փորձն է համակերպել, իր կանխակալ կարծիքն է հարիր ճանաչել:

* * *
Ամեն օր կարելի է տեսնել ու լսել այդ բաները: Մեկը սայթաքեց ու ընկավ, վերլուծաբանն անմիջապես կգրի. «Մասոնների ձեռքի գործն էր»: Մեկ ուրիշն աննպաստ կարծիք է հայտնել՝ «Սիոնիստների մատը խառն է»: Երրորդը դժգոհ է ինչ-որ բանից, սրա արձագանքն էլ ունեն. «Պատվիրված բողոք է»: Հետո գույները գնալով խտանում են, և պարզվում է, որ ծորակից ջուր չի գալիս, քանի որ կա պանթյուրքական ծրագիր, հարևանը մեկնեց արտագնա աշխատանքի՝ համաձայն Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի, խանութի հացը լավը չէր Սորոսի մեղքով, աշխատավարձն ուշ է վճարել ոչ թե գործատուն, այլ տամպլիերների օրդենը և այսպես շարունակ: Ամեն ինչ գալիս է հեռվից, գալիս է խորքից, բարդ, անքննելի են դրանց գործերը և անհնար է, որ երբևէ լինեն հասարակ ու պարզ:
Ու որքան մեծանում են թվացյալ դավադրության ընդգրկման ծավալները, այնքան մարդն իրեն զգում է փոքր, անպաշտպան, ենթակա, արտաքին ազդակների կրնկի տակ տրորված, խորհրդավոր հսկաների թելադրանքին հնազանդ: Եվ մեր միտքն արդեն ինքնավար կերպով սկսում է ստեղծել մի կենցաղ ու առօրյա, որի մասին Իոնեսկոն կասեր՝ «Չկա ոչինչ ավելի ճշմարիտ, քան առասպելը», ու ցավալիորեն չէր սխալվի…
Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը 53-օրյա պաշարումից հետո նվաճվեց Օսմանյան կայսրության զորքերի կողմից: Պատմաբանները պնդում են՝ դա անխուսափելի էր, քանի որ այն դատապարտված էր կործանման, և դրա համար թվարկում են տասնյակ հանգամանքներ: Իսկ երբ նրանք դա հիմնավորում են գիտականորեն, այդ ժամանակ արժեզրկվում է պատմությունն այն մասին, որ քաղաքը հանձնվեց, քանի որ օգնական ուժեր կանչելու համար նեղուցը կտրել ցանկացող մակույկը մոլորվեց թանձր մառախուղի մեջ, չկարողացավ ժամանակին տեղ հասնել, այլապես պատմության անիվը գուցե պտտվեր բոլորովին այլ ուղղությամբ: Մարդիկ չեն ցանկանում ջրերի վրա անհուսորեն տարուբերվող մակույկին վստահել լինել-չլինելու ճակատագրական խնդրի բանալին, քանի որ դա կդիտվի պարզունակ լուծում, կզրկի պատկերը հոգեցունց տեսարաններից, կարժեզրկի խոշորն իր մանր ներկայությամբ: Եվ ու՞մ հոգսն է, որ գուցե թե փոքրիկ նավակն իսկապես մի հսկա կայսրություն փրկեր, եթե կարողանար ափ հասնել:
Հավանաբար նույն կերպ ժամանակին սագերն էին փրկել Հռոմը, երբ գալլերը մթա 390 թվականին ուզում էին քաղաք ներթափանցել: Բայց աղմկոտ թռչնազգիները ոչ մի ձևով չէին պատշաճում անտիկ աշխարհի հերոսական պատումի հետ, ու Հռոմն էլ պիտի անառիկ մնար՝ լիներ սագերի հետ, թե առանց սագերի: Այսպես են մեզ թելադրում-հորդորում ներքին պահանջները, լրջության և անլրջության մասին մեր բարեհարմար հայեցակետերը, վերին թելադրանքի անխուսափելի առկայությունը: Եվ գրողի ծոցն է գլորվում խեղճ ու կրակ ճշմարտությունը, որ ապրի առասպելի և դավադրության սիրո պտուղը: Ապրի կասկածելին:
Դեռ երբեք աշխարհը չի փլուզվել նրանից, որ մարդը որևէ փաստի մասին վերապահ կամ թյուր ըմբռնում ունի: Փոխարենը փլուզվել է մարդը՝ չնկատելով, թե ինչպես կաթիլ առ կաթիլ սեփական կարողությունների նկատմամբ անվստահությունն իր նստվածքն է թողնում և արժեզրկվում է կարծիքն իբրև անհատական վերլուծումների հանրագումար: Նահանջում է նա ու իր նահանջի ճանապարհին մի կողմ է նետում ամենակուռ զրահը՝ հակադրման համարձակությունը:

* * *
Կանգնիր գետափին, մի քար վերցրու և նետիր ջրերի մեջ: Լսեցի՞ր ճոփյունը: Տեսա՞ր, թե քարն ինչպես կուլ գնաց ալիքներին: Դա քո ընտրությունն էր: Եվ գետը, և քարը, և նետելը: Ոչ ոք ոչինչ չթելադրեց, չհուշեց, թե ինչպես վարվես, չասաց, թե այլընտրանք չկար: Կարող էիր նաև չնետել քարը: Դա ևս կլիներ քո կամքը: Եվ ընդհանրապես, քո նետած քարից հազիվ թե գետն իր հունը փոխի, բայց եթե բազում լինեք ազատներդ և շատ լինեն նետված քարերը, ապա մի օր ջրերը կարող են հոսել այնտեղ, որտեղ դուք կցանկանաք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆhovik charkhchyan

ՄԱՀԱՓՈՐՁ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԴԵՄ

29 Հնս

Պատմության կարևորագույն իրադարձությունները միշտ էլ ուղեկցվել են առաջին հայացքից աննշան, դրվագային թվացող դեպքերով, որոնք, սակայն, հետքեր են թողել ինչպես ժամանակի, այնպես էլ մարդկանց ճակատագրերի վրա: Ու եթե հաճախ դրանք մոռացության են տրվել, այդ մոռացումն էլ իր պատճառներն է ունեցել: Ահա այդպիսի մի «անտեսված» միջադեպի մասին ենք ուզում պատվել, որն առնչվում է հայ նշանավոր գրող, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի անվան հետ:
Ահարոնյանը, որ գլխավորել էր հայկական պատվիրակությունները Կոստանդնուպոլսի հայ-թուրքական բանակցություններում (1918), Փարիզի խաղաղության խորհրդաժողովում (1919), Լոնդոնի (1921) կոնֆերանսում ու ստորագրել էր Սևրի դաշնագիրը (1920), 1921 թվականին ապրում էր Փարիզում: Ահա հենց այդ տարվա ձմռանն էլ Հայաստանում և սփյուռքում անսպասելի մի լուր տարածվեց՝ մահափորձ էր կատարվել Ավետիս Ահարոնյանի դեմ: Տեղեկություններն այնքան կցկտուր ու հակասական էին, որ առաջին պահին նույնիսկ քչերը հավատացին դրանց իսկությանը: Բայց շատ չանցած տեղ հասան նաև առաջին վկայություններն ու պաշտոնական հաղորդումները:ավետիս ահարոնյանի վերջին նկարը 1936
Համաձայն այդ հրապարակումների, հունվարի 26-ին Տեր-Զաքարյան ազգանունով մի հայ երիտասարդ մուտք էր գործել քաղաքի Մարսո փողոցում գտնվող Ահարոնյանի բնակարան, սպառնացել էր նրան, իսկ հետո կրակել էր ատրճանակից: Բարեբախտաբար, ահաբեկիչը վրիպել էր, ինչից հետո նրան ձերբակալել էին: Բոլորին առաջին հերթին մտահոգում էր, թե ի՞նչն է եղել հարձակման պատճառը, սակայն ամենից շատ վշտացնում էր այն փաստը, որ կրակողն ազգությամբ հայ էր, այլ ոչ թե օտարերկրացի մեկը:
Հաջորդ օրերին նոր մանրամասներ ի հայտ եկան՝ լրացնելով ժլատ լուրերի բացը: Նախ գրեցին, որ Ալեքսանդր Տեր-Զաքարյանը գնացել էր Ահարոնյանի մոտ՝ նրանից դրամ խնդրելու, որպեսզի Ֆրանսիայից Միացյալ Նահանգներ մեկներ, և մերժում ստանալուց հետո կրակել էր: Այնուհետև ասվում էր, որ հարցաքննության ժամանակ նա քննիչին հայտնել էր, թե սեփական թշվառությունն էր իրեն մղել նման ոճրագործության: Բայց առավել հետաքրքրականը նրա հետևյալ խոսքերն էին. «Փարիիզ էի եկել՝ հուսալով բարեկեցիկ կյանք գտնել այստեղ, մինչդեռ ծանր աշխատանքի գնով հազիվ եմ կարողանում օրվա ապրուստ հայթայթել ինձ համար: Այդ պատճառով էլ որոշեցի իմ և հայրենակիցներից վրեժը լուծել՝ սպանելով Հայաստանի խորհրդարանի նախագահին, ով հայերին սովամահության է մատնել»:
Ձերբակալվածի այս բառերը լիովին բավական էին, որ Ահարոնյանի ու Դաշնակցություն կուսակցության քաղաքական հակառակորդներն անմիջապես վերցնեին այդ միտքն ու դրոշակ դարձրած ծածանեին նրանց դեմ՝ որպես ապացույց իրենց առավելության և հիշեցում այն բանի, թե ՀՅԴ-ն էր Հայաստանը տարել կործանման: Այստեղ հարկ է նկատել, որ հատկապես 1920-ականների սկզբին շատերի մոտ կար այն մտայնությունը, համաձայն որի տանուլ տրված Հայկական հարցի մեղավորներից մեկը հենց Ավետիս Ահարոնյանն էր, քանի որ նա՝ իբրև կուսակցության ակնառու դեմքերից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն էր ունեցել ազգային, քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններին: Իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, սրված գաղափարական պայքարի պայմաններում, այդ թեզն ավելի հաճախ էր շրջանառվում:
Այնպես որ, երբ մի քանի օր անց հայտնի դարձավ, որ մահափորձի հեղինակ երիտասարդն ինքն էլ Երևանից եկած դաշնակցական էր ու հինգ տարի իբրև կամավոր կռվել էր թուրքերի դեմ, պատկերը նոր երանգներ ձեռք բերեց:
Այդ ընթացքում տեղի մամուլը շարունակում էր պարբերաբար անդրադառնալ գործի ընթացքին, և հետզհետե ավելացող փաստերը որոշակի ձևափոխումներ էին կատարում սկզբնական պատկերացումներում: Օրինակ, գրեցին, թե Տեր-Զաքարյանը նախկինում էլ մի քանի անգամ նույն պահանջով այցելել էր այդ տուն ու դատարկաձեռն հեռացել: Իսկ միջադեպի օրը, հակառակ տան ծառայողի արգելքներին, նրան հաջողվել էր հասնել մինչև Ահարոնյանի սենյակ ու պահանջել 1500 ֆրանկ: Լսելով մերժողական պատասխան, գրպանից դուրս էր քաշել ատրճանակը, բայց մինչ կկրակեր, Ահարոնյանը կարողացել էր բռնել նրա դաստակը և փամփուշտը խրվել էր պատի մեջ:twuby
Որոշ ժամանակ անց ֆրանսիական թերթերը հանդես եկան առավել ծավալուն հրապարակումներով, որտեղ արդեն աչքի էին զարնում գլխագրային ենթավերնագրերը. « Մահափորձը, որին քիչ մնաց` զոհ գնար Հայկական պատվիրակության նախագահ պ. Ա. Ահարոնյանը, քաղաքական հանգամանք չուներ»: Ահա նման շրջադարձային որակումից հետո պարբերականները փոխանցում էին ոստիկանության կոմիսար Մ. Սիմոնի կատարած քննության արդյունքները, համաձայն որոնց Ալեքսանդր Տեր-Զաքարյանը նախկին ուսանող էր, սովորում էր Պետրոգրադում, երբ բռնկվեց հեղափոխությունը և նրան ստիպեց վերադառնալ Երևան: «Ութ ամիս առաջ Փարիզ եկավ իր ուսումը շարունակելու համար: Բայց դրամ չունենալով` բազմիցս օգնություն է խնդրել պ. Ահարոնյանից, որը զանազան առիթներով օժանդակել է նրան: Վերջերս նույնիսկ անցագիր է հանել Տեր- Զաքարյանի համար, որ իր երկիրը դառնա: Բայց նա չմեկնեց և շարունակեց գալ Մարսոյի փողոց, ուր գտնվում է պ. Ահարոնյանի տունը և դրամական նոր օգնություն խնդրել: Պ. Ահարոնյանը հրամայեց, որ հեռացնեն նրան: Տեր- Զաքարյանը մի քանի անգամ փորձեց ներս մտնել, բայց չհաջողեց: Վերջին անգամ գալով, ծառային հրմշտելով Ահարոնյանի սենյակը մտավ և 150 ֆրանկ պահանջեց: Պ. Ահարոնյանը մերժեց: Այդ ժամանակ գրպանից ատրճանակը հանելով` ուղղեց պ. Ահարոնյանի վրա: Նախագահը բարեբախտաբար ժամանակին տեսավ նրա շարժումը և կարողացավ դաստակը բռնելով` խուսափել գնդակից, որ միջնորմի մեջ անհետացավ: Իր արարքի պատճառած իրարանցումից օգտվելով` Տեր- Զաքարյանը փախավ փողոց, բայց ծառան հետևից վազելով, բռնեց և ոստիկանատուն հանձնեց»,- գրում էր թերթերից մեկը:
Մահափորձի հեղինակի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Այս անգամ Ահարոնյանի հակառակորդները սկսեցին աղմկել, թե նա չունի այնքան ներողամտություն, որ հանգիստ թողնի դժբախտ երիտասարդին: Մինչ աշուն Տեր-Զաքարյանը մնաց կալանքի տակ, մինչև որ սեպտեմբերի վերջին կայացավ նրա դատավարությունը: Եվ միայն այդ ժամանակ հասկանալի դարձավ, որ Ավետիս Ահարոնյանի ցանկությունն էր իր վրայից հանել քաղաքական բնույթի մեղադարանքները: Ինչպես այդ օրերին գրել էր թերթերից մեկը, «Տեր-Զաքարյանը խոստովանել է, որ ցանկանում էր սպանել պ. Ահարոնյանին քաղաքական պատճառներով: Նա պատճառաբանում էր, թե Ահարոնյանն իբրև հայկական պատվիրակության ղեկավար իր հայրենակիցների մեծամասնության ներկայացուցիչը չէր»:
Հատկանշական է, որ դատավարության ժամանակ ընդհանուր դատախազ Կոտրֆրուան՝ պահանջելով ոչ այնքան խիստ պատժաչափ, միաժամանակ հարկ էր համարել հիշեցնել օտարերկրացիներին, որ կարիք չկա «իրենց քաղաքական վեճերը կարգավորել ֆրանսիական հողի վրա»: Ի վերջո դատարանը Տեր-Զաքարյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման և նրան պարտավորեցրեց տուժող կողմին՝ Ա. Ահարոնյանին իբրև վնասի հատուցում վճարել… մեկ ֆրանկ:
Ահա այսպիսի ավարտ ունեցավ ցավալի միջադեպը, որ դեռ երկար ժամանակ արծարծվում էր հայկական մամուլում՝ մերթ կրելով զուտ իրավական բովանդակություն, մերթ համեմվելով սուր քաղաքական սարկազմով: Իսկ տարաբախտ ուսանողի հետագա ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆaharonyan