Պահոց | 2:02 ա.

ՍԱՐՏՐԻ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ

7 Հկտ

1950-ականներից, իսկ ավելի ստույգ` Ստալինի մահից և անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության համագումարից հետո Խորհրդային Միությունում վրա հասավ այսպես կոչված ձնհալի շրջանը, որն իր սահմանափակ դրսևորումներով հանդերձ էական անդրադարձ ունեցավ հատկապես երկրի մշակութային միջավայրի վրա, ինչպես նաև պատեհություն ստեղծեց փոքր-ինչ ճեղքելու Արևմուտքից տարանջատող «երկաթե վարագույրը»: Դա առաջին հերթին թելադրված էր ոչ այնքան արևելյան արժեքների վերագնահատման, որքան արտաքին աշխարհի հետ հարաբերվելու անհրաժեշտության գիտակցումով: Безымянный3Բայց և այնպես, նույնիսկ վերաբերմունքի այս մասնակի փոփոխությունն իր հետ բերեց հոգևոր և մշակութային կապերի որոշակի ակտիվացում: Մեկը մյուսի ետևից սկսեցին ԽՍՀՄ ժամանել տարբեր երկրների մտավորականների պատվիրակություններ: Ճիշտ է, հարկ չկա գերագնահատել նրանց երկկողմանի հանդիպումների նշանակությունը, քանի որ այդ այցերը մեծամասամբ կրում էին ճանաչողական բնույթ, սական նույնիսկ այս հպանցիկ շփումներն իբրև հետևանք թողնում էին նոր մտայնության շերտեր, և խորհրդային արվեստագետների համար սեփական պատյանի մեջ փակված լինելու ենթադրյալ «ապահովությունը» հետզհետե իր տեղն էր զիջում ազատամիտ «արկածախնդրությանը»:

Մեծ էր հոսքը նաև մեր երկիր: Այդ և հետագա տարիներին շատերի թվում Հայաստան այցելեցին համաշխարհային մշակույթի այնպիսի երևելի դեմքեր, ինչպիսիք էին Ալբերտո Մորավիան, Ջոն Սթեյնբեքը, Պաբլո Ներուդան, Դավիդ Սիկեյրոսը, Ժակ Բրելը, Միքելանջելո Անտոնիոնին և ուրիշներ: Այդ ուղևորությունների մասին տեղեկատվությունը զանազան պատճառներով չէր հրապարակվում ու չէր լուսաբանվում, ինչպես և այս մեկը, որի մասին ուզում ենք պատմել:Безымянный2

1963-ի աշնանամուտին ֆրանսիացի մեծ գրող, փիլիսոփա, էկզիստենցիալիզմի հետևորդ Ժան Պոլ- Սարտրը և նրա անբաժան ուղեկիցը` արձակագիր, ֆեմինիստական շարժման առաջամարտիկ Սիմոնա դը Բովուարը հերթական անգամ ժամանեցին ԽՍՀՄ: Այս անգամ նրանց երթուղում ընդգրկվեց նաև Հայաստանը: Առաջին անգամ այդ ուղևորության մասին 1990-ականների վերջին ֆրանսալեզու մամուլում պատմեց և բացառիկ լուսանկարներ հրապարակեց Ալեքսանդր Թոփչյանը: Այսօր դժվար է ասել` Հայաստանի ընտրությունը կատարել էին իրենք` հյուրերը, թե՞ դա թելադրվել էր տեղի իշխանությունների կողմից, ամեն դեպքում հայտնի է, որ պատվարժան հյուրերը Վրաստանից Հայաստան են եկել ավտոմեքենայով: Վրաց գրողների ուղեկցությամբ նրանք հասել են մինչև  Սևան, որտեղ արդեն սպասում էին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Թոփչյանը, Սերո Խանզադյանը, Հրաչյա Քոչարը: Դիմավորման կարճ արարողությունից հետո կայացել է հյուրասիրությունը` լճի ափամերձ խորտկարաններից մեկում և խնջույքային տրամադրության շարունակություն Լուսակերտ գյուղում, որտեղ ապրում էր արձակագիր Վախթանգ Անանյանը: Այստեղ ֆրանսիացի գրողներին այցելել է Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կուսակցական ու պետական այլ գործիչների ուղեկցությամբ:Безымянный5

Նկատենք, որ հայ գրողների համար դժվար է եղել շփվել Սարտրի հետ, քանի որ նրա մասին քիչ բան գիտեին կամ էլ ընդհանրապես ոչինչ չեն իմացել: Այդ իմաստով Սարտրն ու Բովուարը ևս նախանձելի վիճակում չեն եղել` անտեղյակ հայկական մշակույթից: Այս փոխադարձ օտարությունը, որը կարծես թե պիտի խթան դառնար կողմերի հետաքրքրասիրության համար, իրականում այդպես էլ չի փոփոխվել:

Ընդհանուր առմամբ, ըստ հայտնի պատմությունների, հյուրերի համար մեր երկիրը, կենցաղվարության որոշ տարրեր, մարդկային հարաբերությունների առանձին շերտեր մնացել են չհասկացված ու խորթ: Երևանում անցկացրած ժամանակը ևս որևէ կերպ չի նպաստել վերաբերմունքի փոփոխությանը:800px-Sartre_1963

Պետք է ասել, որ եթե ոմանք այս հանգամանքի մասին խոսում են ընդգծված ափսոսանքի ու դատապարտման շեշտադրումներով, ապա նրանց կարծիքը հազիվ թե լիովին արդարացված կամ հիմնավորված դիտվի: Ամեն երկիր ու ժողովուրդ, լավ թե վատ,  ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ, և ոչ ոք պարտավոր չէ դիմակափոխվել` պատշաճելու հյուրերի քմահաճույքներին ու պահանջներին: Մի բան փաստ է. հետագայում երկու օտար գրողների երկերում ու գրառումներում ուղևորության հայկական հատվածն այդպես էլ  որևէ անդրադարձ չունեցավ: Հայ հանրությունը նույնպես տասնամյակներ շարունակ անտեղյակ մնաց, որ 1963-ի սեպտեմբերին իր հարկի տակ հյուրընկալել էր կենդանի դասականների:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

sartr-111

%d bloggers like this: