Պահոց | 3:06 ե.

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՎ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ. ՄԻԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

13 Հկտ

Կուբայական հեղափոխությունից հետո հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն առաջիններից մեկն էր, ով խորհրդային պատվիրակության ոչ մեծ կազմի հետ հյուրախաղերով մեկնեց Ազատության կղզի: Այդ ուղևորության մեջ քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր, բայց ոչ նրա համար: 1960 թ. փետրվարին Հավանայում Խաչատրյանը ներկայացրեց իր Երկրորդ սինֆոնիան: Նա նաև խմբավարն էր: Ելույթի հաջողությունը մեծ էր: Հանդիսատեսը բուռն ծափերով ողջունեց հայ երգահանին, իսկ դահլիճից ստացած բազում երկտողերի թվում կար նաև այս մեկը. «Դուք երկու հրաշք գործեցիք: Առաջինը ձեր սինֆոնիան էր, երկրորդն այն, թե ինչ արեցիք նվագախմբի հետ»: Երկտողի հեղինակը աշխարհահռչակ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի կինն էր` Մերի Ուելշը:

Հեմինգուեյի գրչով հիացած և նրա ստեղծագործություններին լավ ծանոթ կոմպոզիտորի համար նման մեկից  գովասանքի խոսքեր լսելը պիտի որ կրկնակի հաճելի լիներ: Սակայն ամենամեծ անակնկալը` արվեստի երկու հզոր ներկայացուցիչների հանդիպումը, դեռ առջևում էր:

Պետք է ենթադրել, որ հենց Մերիի նախաձեռնությամբ էլ հնարավոր է դարձել Խաչատրյանի, նրա կնոջ` Նինա Մարկովնայի և Հեմինգուեյի տեսակցությունը: Այս վարկածն անուղղակիորեն հաստատում է նաև  նշանավոր խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդին` Սերգոն, ով նույնպես այդ օրերին հոր հետ գտնվում էր Կուբայում: Իր հուշերում գրում է. «…Այլ նվերների շարքում մենք Հեմինգուեյին տարել էինք նաև մի շիշ ռուսական օղի: Եվ զարմանքով նրա սեղանին նկատեցինք ճիշտ այդպիսի մի շիշ, բայց արդեն բացված:1960 kuba

— Մի քանի օր առաջ ես իմացա, որ Հավանայում է գտնվում հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը,- ասաց նա:- Մենք նրան հրավիրեցինք մեզ մոտ: Ճաշի սեղանի շուրջ հետաքրքիր զրույց ունեցանք: Նա և իր կինը մեզ շատ դուր եկան: Ես սիրում եմ նրա երաժշտությունը: Հենց Խաչատրյանն էլ ինձ թողեց այս շիշը»:

Հիշյալ հանդիպման ականատեսներից մեկն էլ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Կուզմիշևն էր: Հեմինգուեյին հյուրընկալելիս նա ընկերացել է Խաչատրյանին:

Այդ տարիներին ամերիկացի գրողը բնակվում էր Հավանայից ոչ հեռու գտնվող «Լա Վիխիա» առանձնատանը: Այստեղ էր նա ընդունում հազարավոր երկրպագուների, որոնք ժամանում էին աշխարհի տարբեր անկյուններից: Խաչատրյանի հյուրընկալումն առավել քան ջերմ էր: Սկզբում, համաձայն ամերիկյան ավանդույթի, տանտերերը նրանց ուղեկցել են եռահարկ շինության բոլոր հարկաբաժիներով: Կուզմիշևն իր հուշերում պատմում է. «Խաչատրյանը շատ համեստ մարդ էր, և անկեղծ զարմանքով պարզեց, որ «Լա Վիխիայի» տանտերը պաշտում է իր երաժշտությունը»: Սակայն սա դեռ բոլորը չէր: Պարզվել է, որ Հեմինգուեյն ունեցել է Խաչատրյանի երաժշտության ձայնագրությունների հավաքածու` շուրջ 15 ձայնասկավառակներ ու մագնիտոֆոնային ժապավեններ:

«Հեմինգուեյը բառացիորեն ցնցեց Արամ Իլյիչին, երբ առանձնակի բարեկամական և հարգալից շարժումով հյուրասենյակի պահարաններից մեկում ցույց տվեց մագնիտոֆոնային ձայներիզները և ասաց. «Սրանք ձեր երաժշտություններն են, մաեստրո»:

— Իսկ ինչու՞ են դրանք այստեղ,- ակնհայտորեն հանկարծակիի եկած այն փաստից, որ Հեմենգուեյի մոտ կան իր ստեղծագործությունների ձայնագրությունները, շփոթված հարցրեց Խաչատրյանը:

Բոլորը, բացի կոմպոզիտորից, բնականաբար, ծիծաղեցին: Իսկ նա, շարունակելով տարակուսել, երկու-երեք անգամ հարցրեց. «Այստեղ ի՞նչ կա ծիծաղելի: Ինչու՞ եք ծիծաղում»: Պետք էր ճանաչել Արամ Իլյիչի համարյա մանկական անկեղծությունը` հասկանալու համար, որ խոսքը մեծ արվեստագետի սեթևեթանքի մասին չէ, այլ միանգամայն բնական ռեակցիայի. « Ինչպե՞ս թե, Նոբելյան մրցանակակիր, համարյա երկնային արարած, իսկ ես նրա համար մաեստրո՞ եմ»:

Երկու մեծերի հանդիպման մասին կա ևս մի վկայություն, որը գրառել է հայազգի ճանաչված գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը: Նա իր «Սոլո ունդերվունդի համար» ստեղծագործության մեջ մի այսպիսի դրվագ է նկարագրել. «Խաչատրյանը եկավ Կուբա: Հանդիպեց Հեմինգուեյին: Պետք էր ինչ-որ կերպ բացատրվել: Խաչատրյանն անգլերենով ինչ-որ բան ասաց: Հեմինգուեյը հարցրեց.

— Դուք խոսու՞մ եք անգլերեն:

Խաչատրյանը պատասխանեց.

— Մի քիչ:

— Ինչպես և մենք բոլորս,- ասաց Հեմինգուեյը»:

Հետաքրքրական է, որ նույն Սերգո Միկոյանը պնդում է, թե այս երկխոսությունը տեղի է ունեցել իր հետ, մինչդեռ Դովլաթովն առանց հիմքի այն վերագրել է Խաչատրյանին:

Ամեն  դեպքում, անկախ այն բանից, թե ում անգլերենի իմացության մասին է խոսել Հեմինգուեյը, դա չի խանգարել անկեղծ ու անմիջական երկխոսությանը: Ներկաների վկայության համաձայն, ճաշի ժամանակ նրանք զրուցում էին գրականության, երաժշտության, Կուբայի, Ռուսաստանի և Իսպանիայի` Հեմինգուեյի հավերժական սիրո մասին: Հաճելի էր փաստելը, որ բազմաթիվ հարցերում նրանք համակարծիք էին: Եվ դա զարմանալի չէր: Երկուսի համար էլ գնահատելին համամարդկային արժեքներն էին, որոնք չեն ճանաչում սահմաններ, ժամանակ և քաղաքականություն:

Որպես հիշատակ իրենց առաջին հանդիպումից, նրանք լուսանկարվել են առանձնատան բակում աճող նշանավոր սեյբա ծառի մոտ: Իսկ հրաժեշտի ժամանակ տանտերն առաջնորդվել է կուբայական ավանդույթներով, որտեղ տղամարդիկ երկար իրար ձեռք են թոթվում, իսկ կանայք ողջագուրվում են:

Ասում է, որ երբ մեկ ամիս անց Հեմինգուեյին այցելել են խորհրդային մեկ այլ պատվիրակության անդամներ, գրողը նրանց հյուրասիրել է Խաչատրյանի նվիրած հայկական կոնյակով և հիշել, որ Խաչատրյանն այն հանձնելիս առանձնակի հպարտությամբ շեշտել էր. «Երևանից է»:

Դժվար էր հավատալ, որ այս հանդիպումից մեկ տարի անց ամուր, կենսախինդ, նորանոր ծրագրեր նախագծող Էռնեստ Հեմինգուեյը պիտի ինքնասպան լիներ:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆernest-hemingway-anastas-mikoian-1959-cuba1

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

13 Հկտ

Վարդագույն Երևանը. «Մի ամբողջ սերունդ եկավ, անցավ այդպես էլ չիմանալով մեր քաղաքի համն ու հոտը»

 

Գրականագետ Հովիկ Չարխչյանը կարծում է, որ ամեն կարգի շքեղությունների վրա ծախսերը, որ արվում են զբոսաշրջիկների աչքերին թոզ փչելու համար, պիտի ուղղվեն քաղաքն իսկապես քաղաք դարձնելուն: «Քաղաք ասվածը միայն շենքերն ու փողոցները չեն, նախևառաջ մարդիկ են` չկան մարդիկ, չկա քաղաք: Ցանկացած տոն մարդկանց հոգիներում, սրտերում պետք է լինի, ոչ թե փողոցներում կախված պաստառների կամ դրոշակների վրա: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ոչ միայն քաղաքի, այլև երկրի իշխանությունները գիտակցեն այդ տարրական բաները, քանի դեռ մարդիկ ապրում են ամենածայրահեղ չքավորության պայմաններում, եթե նույնիսկ բոլոր օրացուցային օրերը վերածեն տոնի, դրանք մեզ համար չեն, դրանք գուցե այն հյուրերի համար են, որ գալիս են հսկայական քանակությամբ, ուրախ զվարթ մեկնում այստեղից: Բայց ոչ այսօրվա երևանցիների, քաղաքացիների համար»,- Panorama.am-ին ասաց գրականագետը:

Հովիկ Չարխչյանը նշեց, որ եթե ինքը սկսի թվարկել հին երևանյան այն շենքերը, որոնք պետք է փրկվեին, բայց արդեն չկան, հսկայական ցանկ կստացվի. «Շատ ժամանակ հիշում ենք խորհրդային տարիներն ու ասում ենք` այ խորհրդային տարիներին պայթեցրին այսինչ եկեղեցին, ավիրեցին այնինչը, բայց հավատացնում եմ ձեզ, վերջին քսան տարիների ընթացքում Երևանում ավելի մեծ թվով ճարտարապետական հուշարձաններ են ոչնչացվել քան Խորհրդային Միության ամբողջ գոյության ընթացում: Այն ժամանակ գոնե կար հուշարձանների պահպանության ընկերություն, որ բավականին հոգ էր տանում հուշարձանների պահապանության համար, ինչն այսօր չի արվում: Մեր աչքի առաջ ոչ միայն մշակութային արժեքներ են ոչնչանում, այլ մի ամբողջ սերնդի կենսագրություն, մարդկային հարաբերություններ են ոչնչանում, այն լավագույն ավանդույթները, որոնք Երևանը Երևան են դարձնում, դրանք են ոչնչանում: Երևանը կորցնում է իր գույնը, իր բույրը, համը: Դադարում է լինել հայերի մայրաքաղաքը»:

Ըստ Հովիկ Չարխչյանի` Երևանը վերածվում է աշխարհի քաղաքներից մեկի, հազիվ թե մի քանի տարի հետո հասկացվի, որ սա հայկական դիմագիծ ունի: Պարզապես քաղաք է, կան տներ, փողոցներ, մարդիկ, շատ դժվար կլինի ասել, թե ինչով է առանձնանում այն մյուս քաղաքներից: Հովիկ Չարխչյանը հիշեցրեց, որ մեր քաղաքը կոչվում է վարդագույն Երևան, նույնիսկ գույն ուներ: Քաղաքում կային մարդիկ, վայրեր, անուններ որոնց հետ հարյուրավոր ավանդույթներ, զրույցներ էին կապվում. «Այսօր քանիսի մասին կարող ենք նույն բանն ասել, մի ամբողջ սերունդ եկավ, անցավ այդպես էլ չիմանալով մեր քաղաքի համն ու հոտը: Մեր քաղաքն աղետալի վիճակում է»:

Աղբյուր` Panorama.ampanorama

%d bloggers like this: