Պահոց | 3:14 ա.

ՆԵՐԿԱ- ԲԱՑԱԿԱ

17 Հլս

Համացանցում մեկը գրում է. «Քեզ չի՞ մտահոգում մեր երկրում մարդու իրավունքների վիճակը: Վաղը կեսօրին միացիր մեր միտինգին»: Հետո երկրորդն է գրում. «Աշխարհը բնապահպանական աղետի եզրին է, քո բողոքի ձայնը բարձրացրու, մասնակցիր ակցիային»: Երրորդից է գալիս ահազանգ. «Ի պաշտպանություն քաղբանտարկյալների` շարժվում ենք դեպի դատախազություն: Դու պիտի այնտեղ լինես: Այսօր նրանք են, վաղը քո հերթը կգա»: Մյուս նամակն է ստացվում. «Գայլերին դաժանորեն ոչնչացնում են: Աջակցիր մեր նստացույցին»: էլի մեկը. «Պատմական հուշարձանն են ավիրում: Եկ, որ միասին կանխենք բարբարոսությունը»: Հետո՝ դարձյալ հրավեր. «Հանդես բեր քաղաքացիական ակտիվություն, դատապարտիր լրագրողների դեմ բռնությունը»: Այսպես անդադար կանչում ու կանչում են: Պիտի կորսված տարածքները ետ վերադարձվի, ՄԱԿ-ի շենքի դիմաց պիտի դատապարտվի Բաքվի ագրեսիան, պիտի Պոլսո պատրիարքին քարկոծենք, պիտի թունավոր թափոնների դեմն առնենք, պիտի «Նաիրիտը» բացենք, պիտի խաղողի մթերման գումարները ետ բերենք, պիտի անվասայլակներ տանք հաշմանդամներին, պիտի, պիտի, պիտի… Հետո օգնություն ենք հանգանակում՝ բանակի համար, փոքրիկ Վարդանիկի համար, վիրավոր զինվորի համար, անապահով ընտանիքի համար, Գերմանիա մեկնող հիվանդի համար, կարկտից տուժածների համար, սահմանամերձ բնակավայրերի համար, Արցախի համար, փախստականների համար…
Այս հոսքն ավարտ չունի: Հեղեղի պես թափվում է և դրա տարափի տակ մարդը խեղճանում, դառնում է ճնշված, անօգնական ու անպաշտպան: Չկա ավելի ծանր բան, քան գիտակցումը, որ բոլորին օգնել ու աջակցել չես կարող: Թակարդն ընկածի պես պատեպատ ես խփվում, նայում ես շուրջբոլորդ, ուզում ես հազար կտոր լինել, բայց մարդ ես՝ մասնատվել չես կարող, իսկ նրանք շարունակում են կանչել: Ոչ ոք չի էլ ջանում գիտենալ՝ համակրածիք ես իրենց հետ, թե ոչ: Եվ այդ ժամանակ քո ներկա-բացակա լինելու հանգամանքը դառնում է չափման միավոր: Չկաս, ուրեմն անտարբեր ես երկրիդ վիճակի նկատմամբ: Ներկա ես, կնշանակի քո հիմնական անելիքն արդեն արել ես:
Իսկ ո՞րն է այդ անելիքը: Մարդիկ ասում են՝ պայքարելը: Ու հենց ասում են՝ պայքարել, յուրաքանչյուրն իր պայքարն է մատնացույց անում: Ես դեմ չեմ և ոչ էլ վերին ատյան եմ, որ սահմանեմ, թե ով է իրավացին և ով է մոլորվածը: Բայց ես համաձայն չեմ, թե պայքար բառի աշխարհագրությունն այնքան նեղ է, որ պիտի մշտապես ենթադրի փողոց ու հրապարակ: Ես նաև համաձայն չեմ, թե երկրի ամենասրտացավ մարդը ցուցարարն է:
Նույն նպատակին տանող ճանապարհները կարող են բազմաթիվ լինել: Այլ հարց է, թե որն ենք ընտրում մենք: Մեր ընտրությունից նպատակը փոխվել չի կարող: Սակայն կփոխվի վերաբերմունքը, որովհետև նա, ով ասում է, թե իր ճանապարհն է միակ ճանապարհը, ինձ ուղեկից լինել չի կարող:
Եվ հետո ես՝ մեղավորս, համարձակություն ունեմ մտածելու, որ իմ անելիքը աշխատելն է: Ես ուզում եմ գործ անել: Այն գործը, որ հոգեհարազատ է ու գուցե թե ոմանց էլ անհրաժեշտ է: Բայց որպեսզի ես դա անեմ, պիտի լինեմ այնտեղ, որտեղ գործն է:

* * *
Շատ անգամ ու շատ առիթներով եմ լսել այս բազմաչարչար հարցը. «Որտե՞ղ են մեր մտավորականները»: Հարցնում են նրանք, ովքեր այլևս ուրիշ հարցնելու բան չունեն: Հարցնում են նրանք, ովքեր ուզում են իրենց առաքելությունը գեղեցկացնել մեկ-երկու հանրահայտ դեմքերի ներկայությամբ: Հարցնում են նրանք, ովքեր ձախողվել են և շտապ անհրաժեշտ է մեղավոր գտնել: Ու քանի որ ամենալավ մեղավորները բացականերն են, հենց նրանց մասին էլ ասում են. «Որտե՞ղ են մեր մտավորականները»:
Իսկ որտե՞ղ կուզեիք, որ նրանք լինեին: Ձեր կողքի՞ն: Եվ ինչու՞: Որովհետև դո՞ւք եք հասարակությունը: Շատ լավ: Իսկ դուք, որ հասարակություն եք, երբևէ եղե՞լ եք ձեր մտավորականի կողքին: Ու եթե եղել եք, ինչպե՞ս է, որ չգիտեք, թե որտեղ է ձեր մտավորականը: Նա այնտեղ է, որտեղ նրան թողեցիք: Ավելի ճիշտ, լքեցիք: Ավելի ճիշտ, բաժանվեցիք: Հենց այն նույն կետում, որտեղ նա դադարեց լինել մտավորական ու վերածվեց քավության նոխազի: Հենց այն խաչուղու վրա, որտեղ սայթաքել են բոլոր ժամանակներում:
Սրանից մեկ դար առաջ նույնպես կային մարդիկ, ովքեր հարցնում էին. «Ու՞ր են մեր մտավորականները»: Հիմա պատմեմ այդ մտավորականներից մեկի՝ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի մասին: 1919 թվականի աշնանը նա իր ընտանիքն առած` վերադարձավ հայրենիք, որ լինի բոլորի հետ: Բայց ոչինչ չուներ ու քաղցած էր: Ստիպված հպարտությունը մի կողմ դրեց ու նամակ գրեց եկեղեցուն՝ նրանցից հաց խնդրելով: «Ակամա աքսորից միայն սեպտեմբերին վերադառնալով` հնարավորություն չունեցա ձմեռվա պաշար կուտակել՝ բազմանդամ ընտանիքիս կերակրելու համար: Արդեն վեց օր է` տոմսերով հաց էլ չեն տալիս, իսկ շուկայից գնելու համար 200 ռ. և ավելի ծախսելու կարիք կա, որն իմ ուժերից վեր է»,- գրել էր Հովհաննիսյանը: Հետո այդպես քաղցած որոշ ժամանակ սպասեց, մինչև եկավ պատախանը: Իսկ եկեղեցուց նրան պատախսխանել էին. «Վանական խորհուրդս վերստին քննության առնելով պարոն Հովհաննես Հովհաննիսյանին փոխարինաբար մեկ խալվար ցորեն տալու խնդիրը և գտնելով, որ շտեմարանի պաշարը չի կարող բավարարել վանքի կարիքները, որոշեց մերժել»:
Ես մեկը պատմեցի, դուք շատերը հիշեք: Մեկիկ-մեկիկ հիշեք մեր այն մեծերին, որոնք ապրեցին ու մեռան թշվառության, աղքատության, քաղցի, լքվածության ու մոռացության մեջ: Նույնիսկ կարող եք ժամանակի մեջ շատ հեռուները չգնալ: Ընդամենը մի քանի տարի առաջ էր, ընդամենը մի քանի ամիս առաջ էր, ընդամենը երեկ էր…
Իսկ եթե հեռուներից կուզեք, դա էլ կպատմեմ: Հնագույն լեգենդն ասում է, որ հույն հայտնի փիլիսոփան դուրս էր գալիս քաղաքի հրապարակ ու դիմում էր անցորդներին. «Ինձ հաց տվեք»: Չէր խնդրում, ձեռքն առաջ պարզած չէր մուրում, այլ պահանջում էր: Ինձ հաց տվեք,- ասում էր,- որովհետև ես ձեր միտքն եմ: Ու այդ միտքը կերակրել է պետք: Ինչպես որ ծառը նախ ջրում են ու հետո միայն նրանից պտուղ են ակնկալում: Իսկ ում կերակրում, խնամում են, ում պտուղներից օգտվում են, նրա մասին երբեք չեն հարցնում, թե որտեղ է նա: Եվ ուրեմն դուք էլ երբեք մի հարցրեք, թե որտեղ է մտավորականը, որովհետև ճշմարիտ մտավորականը միշտ այնտեղ է, որտեղ ձեր խիղճն է օթևան տվել:

* * *
Լեռնագնացն ընտրում է անհաղթահարելի գագաթը, գերմարդկային ճիգերով մագլցում է մինչև վերջ և ամպերի մեջ թաղված կատարին ոչ թե իր անունն է թողնում, այլ կանգնեցնում է հարազատ երկրի դրոշը: Լեռնագնացը միայնակ է, բարձունքն ինքն է նվաճել, բայց վեհության գագաթին դրոշը կծածանվի բոլորի համար: Որովհետև չի լինում մեկ հոգու հաղթանակ: Որովհետև ամենաբարձր կետի վրա բոլոր բացակաները ներկա են:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆIMG_2610

Լույսը հեռու

17 Հլս

Արգինա Հարությունյան- «Լույսը հեռու»: Խոսքերի հեղինակ՝ Հովիկ Չարխչյան:

ԱՅՐԻՍ ՄԵՐԴՈԿ

17 Հլս

Մենք բոլորս դատող ու դատվող ենք, բոլորս այլ մարդկանց սովորական չարության ու հերյուրանքների զոհերն ենք, և մեր հերթին պատրաստ ենք նմանատիպ չարության ու հերյուրանքի: Ու եթե մեզ երբեմն մեղադրում են գոյություն չունեցող մեղքերի համար, ապա մի՞թե մեր թիկունքում չկան այլ մեղքեր, իսկական մեղքեր, որոնց մասին աշխարհը ոչինչ չգիտի:6552b2a37f11da66813cadf1063

ՋՈՒՐԸ

17 Հլս

Ջուրը ուրախ ծփում էր հարազատ ծովի տարերքում: Բայց մի անգամ գլուխը մի հիմար միտք մտցրեց` հասնել մինչև երկինք:
Նա դիմեց կրակի օգնությանը: Կրակը իր ջերմությամբ ջուրը վերածեց տաք գոլորշու մանր կաթիլների, որոնք օդից շատ ավելի թեթև դուրս եկան: Գոլորշին իսկույն վեր սլացավ դեպի օդի ամենաբարձր ու սառը շերտերը:
Ամպերից էլ վեր բարձրանալով` գոլորշու հատիկները այնպես սառեցին, որ ցրտից ատամներն իրար էին զարկվում: Որպեսզի տաքանան, նրանք ամուր իրար սեղմվեցին և օդից ծանրանալով` հենց նույն պահին էլ թափվեցին ներքև:
Ջուրը, հիվանդանալով փառասիրությամբ, բարձրացավ երկինք, բայց այնտեղից վտարվեց: Պապակած հողը մինչև վերջին կաթիլը կլանեց ամբողջ անձրևը: Եվ ջուրը հողում դեռ երկար կրեց իր պատիժը մինչւ որ կարողացավ վերադառնալ ծովի ազատ տարածությունները:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻc78fde2ab7c3722f2319b69ebecba82e

ՄԱՐԼԵՆ ԴԻՏՐԻԽ

17 Հլս

Պատերազմից վերադարձող զինվորները միշտ թախծում են: Դա այն տխրությունն է, որ համակում է մարդկանց, ովքեր մարտնչել են, սպանել են, վտանգել են իրենց կյանքը և հիմա ոչ մի կերպ չեն կարողանում ձեռք բերել ներքին հանգստություն:
«Իմ կյանքի այբուբենը» գրքից9f1952181da28aa85c8f23fcc97b7d9a

%d bloggers like this: