Պահոց | 9:42 ե.

ԳԵՂԱԳԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ

15 Փտր

1921 թվականին Հայաստանի կառավարությունը հայրենիք հրավիրեց երգահան ու երաժշտագետ Ռոմանոս Մելիքյանին՝ Երևանում երաժշտական ստուդիա հիմնելու նպաստակով (այդ ստուդիան էր, որ 1923 թվականին դարձավ կոնսերվատորիա): Մելիքյանը եկավ: Մեկ տարի անց նա արդեն ոչ միայն նշանակալի հաջողություններ ուներ, այլև բազմաթիվ թշնամիներ:
Առաջին իսկ պահից հարձակումն անողոք էր: Երգահանին մեղադրում էին հազար ու մի հանցանքների համար, նրան անվանում էին հակահեղափոխական և կոչ էին անում լայնածավալ պայքար սկսել բոլոր կարգի Ռոմանոսների դեմ: Սակայն այդ «մեղանչումների» շարքում մեկն առանձնահատուկ էր: Բանսարկուները գրում էին, թե իբր «քաղաքացի Մելիքյանը ամեն ջանք գործ է դնում ստուդիայում ընդունելու բուրժուազիայի որդիներին՝ դուրս հանելով այն աշակերտներին, որոնք չքավոր են կամ որբ»: Այնուհետև գալիս էր ամենազավեշտալին: Գրում էին, որ եթե աշակերտներից որևէ մեկը կրծքին կարմիր աստղ է փակցնում, Ռոմանոս Մելիքյանն անմիջապես դրան վտարում է ստուդիայից, և ապա՝ «Խորհրդային կարգերում, խորհրդային հիմնարկի մեջ Մելիքյանը թույլ չի տալիս և ոչ մի աշակերտի, որ իրեն ընկեր անվանեն»:
Գործած ու չգործած «մեղքերի» ցանկը երկար էր: Եկել էր պահը, որ երգահանը կամ պիտի ընդուներ դրանք, կամ հերքեր: Եվ ահա նա հանդես է գալիս պատասխան խոսքով: Դա մի կարճ գրառում էր՝ իր ծավալով բազում անգամներ զիջելով զազրախոսների երկարաշունչ հրապարակումներին: Այնտեղ ասվում էր. «Երաժշտական ստուդիան սոսկ մի դպրոց չէ, ուր պետք է կրթվեն մասսաները, այլ մի արհեստանոց, ուր պատրաստվում են այդ մասսաների համար երաժշտական կուլտուրայի աշխատավորներ, հետևաբար ստուդիա ընդունվում են այնպիսիները, որոնք երաժիշտ լինելու ակնհայտ տվյալներ ունեն և ցույց են տալիս այդ աշխատանքը կատարելու ցավ, անձնվիրություն, սեր և եռանդ…»:
Սա գեղագետի պատասխան էր, այն մարդու հավատամքը, ում համար արվեստի չափորոշիչները չեն ճանաչում դասային, սոցիալական ու գաղափարական բևեռացում: Եվ սակարկելի չէ այն, ինչ տրված է վերուստ:

© Հովիկ Չարխչյան

Romanos_Melikyan