Tag Archives: փողոց

Այսօր մեր շուրջը շատ մարդիկ կան, որոնց հայանպաստ գործունությունը լուրջ կասկածի տեղիք է տալիս, ինչո՞ւ «Ելքը» նրանց մասին չի խոսում. Հ. Չարխչյան

31 Օգս

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության՝ փողոցների անվանափոխության հետ կապված ծրագիրը, թեև զուտ նախաձեռնություն է, միևնույն է, «Ելք»-ը՝ որպես քաղաքական միավոր, պետք է ձևավորեր ընդհանուր դիրքորոշում, որն ընդունելի կլիներ ճնշող մեծամասնության համար. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրականագետ Հովիկ Չարխչյանը: Նա նշեց՝ առաջ քաշված խնդիրն իսկապես առկա է, սակայն սխալ է, որ ընդհանուր ձևավորված մոտեցում չկա, թե ինչ մարդկանց անունով կարելի է կոչել փողոցը, դպրոցը և այլն: «Խնդիրը համակարգային է, օրինակ՝ Պանթեոնի պարագան: Քանի որ մոտեցում չկա, թե այդտեղ ով պետք է թաղվի, ով ոչ, թաղելուց հետո քննարկումներ են լինում, և այլն: Մենք տվյալ դեպքում գործ ունենք տեղանունների, աշխարհագրական վայրերի անունների փոփոխության հետ, իսկ այս տեսանկյունից խնդիրը մի փոքր այլ երանգ է ստանում: Այս պահին Երևանում բազմաթիվ տեղանուններ կան՝ սկսած թաղամասերի անուններից, վերջացրած փողոցներով, որոնց հետ կապված եթե վերլուծություն անենք, ապա շատ առարկությունների կհանդիպենք: Վերջին 30 տարվա ընթացքում ոչ միայն Երևանում, այլև ամբողջ հանրապետությունում բնակավայրերի անուններ փոխվեցին, նոր փողոցների անուններ ավելացվեցին, սակայն որևէ մեկը հիմնական սկզբունքի չի ենթարկվում, քանի որ այս հարցում մենք չունենք ընդհանուր մոտեցում»,- ասաց Չարխչյանը։ Չարխչյանը նկատեց, որ այսօր մայրաքաղաքում կարել է հանդիպել բազմաթիվ կիսանդրիների, հուշատախտակների, որոնց վրա գրված մարդկանց անունները, կենսագրությունը կասկածի լուրջ տեղիք են տալիս: Նրա խոսքով՝ շատ անգամ կասկածով ես նայում, թե այդ մարդն ի՞նչ ծառայություններ է մատուցել հայրենիքին, որ արժանացել է այդ պատվին: «Ծանոթ լինելով որոշ մարդկանց կյանքին ու գործունեությանը՝ հասկանում ես, որ որևէ բան չկա նրանց նման պատվի արժանացնելու համար: Զարմանալի է, թե ինչու «Ելք»-ն այս խնդրին չանդրադարձավ ու հայացք նետեց 100 տարվա վաղեմության պատմությանը: Բացի սա, մի օրինակ էլ բերեմ, որը մեզ համար ցավոտ թեմա է: Այսօր փողոցներ կան, որ առաջարկում են անվանակոչել զինվորի կամ ազատամարտիկի անունով: Պատկերացնո՞ւմ եք, թե անցած 100-200 տարվա մեջ որքան զինվոր է զոհվել իր հայրենիք համար, ցավոք, դեպքերն էլ շարունակական են լինում, արդյո՞ք այսքան մարդկանց անուններով փողոցներ անվանակոչենք: Ես դեմ չեմ մեր հերոսներին հիշելու, հարգելու, սակայն հստակ մոտեցում պետք է ձևավորվի»,- նշեց նա: Գրականագետը նկատեց, որ փողոցների անվանափոխության հետ կապված նախաձեռնությունը բոլշևիզմի դեմ գրոհ դիտարկվեց: Հովիկ Չարխչյանը նկատեց, որ եթե հանկարծ խորհրդային անունների դեմ պայքարենք, կոմունիստների նկատմամբ «հալածանք» իրականացնենք, ծուղակի մեջ կընկնենք, որից դուրս գալը դժվար կլինի: Վերջինս գտնում է, որ չի կարելի մոռանալ, որ կոմունիստական ժամանակաշրջանի մարդիկ օտարներ չէին՝ մեր ծնողներն էին: Նրա համար զարմանալի է նաև փողոցների անվանափոխման հիմքում դրված՝ «հայանպաստ» և «ոչ հայանպաստ գործունեություն» ձևակերպումը: «Եթե հանկարծ խորհրդային անունների դեմ մի բան անենք, ուրեմն պետք է սկսենք Վահան Տերյանից, Եղիշե Չարենցից: Հայանպաստ և ոչ հայանպաստ գործունեություն ասելով՝ մենք ընկնում ենք մեծ մոլորությունների մեջ, քանի որ այսօր մեր շուրջը շատ մարդիկ կան, որոնց հայանպաստ գործունեությունը լուրջ կասկածի տեղիք է տալիս: Այդ մարդկանց մասին գրում են, բարձրաձայնում են, բայց այդ մարդիկ մեդալներ, կոչումներ ու շքանշաններ են ստանում: Այդ հայանպաստի և ոչ հայանպաստի որոշողներն ինչո՞ւ այդ ժամանակ ձայն չեն բարձրացնում, հարցականի տակ դնում այդ մարդու հայանպաստ գործունեությունը»,- ընդգծեց Հովիկ Չարխչյանը: Վերջինս նկատեց, որ բոլշևիկները, երբ իշխանության եկան, Պետրոս Առաջինի արձանը չքանդեցին, թեպետ քաղաքական տեսանկյունից հակառակ մոտեցումներ ունեին: Հովիկ Չարխչյանի դիտարկմամբ՝ փողոցների անունները սրբագրելով պատմություն չես փոխի: «Մենք ուզում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնալ՝ առանց հասկանալու, թե ի՞նչ, ո՞ւմ ենք փոխում, ում ենք ջարդում: Ֆրանսիայում այսօր կան ինչպես Լյուդովիկոս թագավորի, այնպես էլ Նապոլոնի արձանները, որոնք ախոյաններ էին: Հիմա սա է մեր պատմությունը, մեր պատմությունից այլ տեղ չեն փախչի՝ փողոցի անուն փոխելով պատմություն չես սրբագրի: Այսօր հանրապետությունում այնպիսի անձանց անուններ կան, որոնք թշնամական են եղել մեր նկատմամբ, որոշ տեղանուններ կան, որոնք մնացել են դեռևս այն ժամանակներից, երբ հայերը պարսկական տիրապետության տակ էին»,-եզրափակեց Հովիկ Չարխչյանը:

Աղբյուր ՝ tert.amd5b0d5b8d5bed5abd5af_d5b9d5a1d680d5add5b9d5b5d5a1d5b6_hovik_charkhchyan1.thumb