Tag Archives: հեռախոս

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

7 Սպտ

Հեռախոսային համարների ստեղծման պատմությունը բավականին հետաքրիր դրվագներ ունի: Ընդ որում, աշխարհում առաջին հեռախոսային զանգը կատարվել է առանց համարի, քանի որ երկու հեռախոսներն իրար էին միացված մեկ ընդհանոր լարով, գտնվում էին երկու կից սենյակներում և թվեր հավաքելու անհրաժեշտություն չկար: Սակայն շատ չանցած դրանք դրվեցին գործածության մեջ: Ասվում է, որ հեռախոսահամարի առաջին արտոնագիրը ձեռք է բերել ամերիկացի Էլմոն Սթրոուջերը 1891 թվականին:

Գիտնականները պնդում են, որ մարդն ընդունակ է հիշել ոչ ավելի, քան 237 հեռախոսահամար: Թե ինչու հատկապես այդքան, դա միայն գիտնականներին է հայտնի:

Աշխարհի ամենաթանկ հեռախոսահամարն է 666-66-66: Այն աճուրդում վաճառքի է հանել Qatar Telecom ընկերությունը:  Գնորդը դրա համար վճարել է 2 միլիոն 750 հազար դոլար:



ԱԼՈ

1 Ապր

Ինչու՞ ենք մենք հեռախոսային զանգերին պատասխանելիս արտասանում «ալո» բառը: Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելն ի սկզբանե առաջարկել էր ողջույնի համար գործածել «Ahoy» բառը, որ գալիս էր գերմանացի նավաստիների բառապաշարից: Ավելի ուշ Թոմաս Էդիսոնը հորդորեց օգտվել առավել ավանդական` «Нullo» ձևից («Hello»-ի տարբերակներից), ինչն էլ իր հերթին ներթափանցելով ռուսերենի մեջ` փոխակերպվեց «Алло»-ի: Հենց այս «ալո»-ն էլ մենք ընդօրինակել ենք:

phone_landline-1024x682

ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

6 Հնվ

Երբ Եղիշե Չարենցը գրեց իր «Երկիր Նայիրի» վեպը, «Մուրճ» հանդեսն այդ առիթով մի գրախոսական տպագրեց, որտեղ ասվում էր. «Երկիր Նայիրին» մի վիպանման պոեմ է, որը կարելի է գրել տրամվայի մեջ կամ «Կաֆե Նայիրիում» նարդի խաղալիս: Անչափ ձգձգվում է, կրթություններով լի, թեև գրված է Ա. Բելու ու Գոգոլի նմանությամբ ու նրանց անմիջական ազդեցության տակ, բայց… դժբախտաբար, նրանց երգիծանքն ու խորաթափանցությունը, նրանց գունագեղությունն ու թափը չունի»…
Ամերիկացի հանրահայտ երգիչ Էլվիս Փրեսլիին լսելուց հետո երաժշտական քննադատ Ջեկ Հոուլդը 1956 թվականին գրեց. «Պարոն Փրեսլիի մոտ բացակայում է երգեցողության ընդունակության որևէ տարբերություն: Նրա մասնագիտացումը` ռիթմիկ երգեցողությունը նա կատարում է անհասկանալի ոռնոցի օգնությամբ: Նրա վոկալը, եթե դա կարելի է այդպես անվանել, կազմված է կարծրատիպային տարբերակներից: Նրան լսելը աներևակայելի ձանձրույթ է»…
Հետախոսի գյուտից առաջ «Բոստոն Փոստ» թերթը մի խմբագրական հոդված հրապարակեց, որտեղ ասվում էր. «Լավ տեղեկացված մարդիկ հասկանում են, որ ձայնը հնարավոր չէ հաղորդել լարերի միջոցով, իսկ այնտեղ, որտեղ նման բան հնարավոր է, դա չի կարող ունենալ ոչ մի գործնական նշանակություն»…
Եվ այսպես շարունակ… Որովհետև մարդիկ կարծիք հայտնելու իրավունք ունեն, իսկ սխալ կարծիքի համար չեն պատժում: Այլ բան է, որ նրանցից գրեթե ոչ ոք հետագայում ոչ կհիշի, ոչ էլ կխոստովանի, որ ինքը սխալվում էր:

Հովիկ Չարխչյան

a7c7e20ef55b9c6f68541bcec8a4cfb6_M

ՀԵՌԱԽՈՍԸ

29 Մրտ

(դրամա ցանկացած թվով գործողությամբ)

Ա.- Ալո, բարև ձեզ:
Բ.- Բարև ձեզ:
Ա.- Սահակը տա՞նն է:
Բ.- Այստեղ Սահակ չկա:
Ա.- Ինչպե՞ս թե չկա, երբ ինձ նրա համարն են ասել:
Բ.- Ուրեմն սխալվել են:
Ա.- Հիմա ես ի՞նչ անեմ:
Բ.- Չգիտեմ, դա ձեր գործն է:
Ա.- Ինչպե՞ս թե` իմ գործն է: Հիմա ես ինչպե՞ս գտնեմ Սահակին:
Բ.- Գտեք` ինչպես կուզեք:
Ա.-Դե իհարկե, եթե բոլորն էլ ձեզ պես մտածեն…
Բ.- Իսկ ի՞նչ կհրամայեք անել:
Ա.- Ես ոչինչ չեմ հրամայում: Ես Սահակին եմ ուզում:
Բ.- Ուրեմն փնտրեք ճիշտ համարը:
Ա.- Ինչու՞ փնտրեմ, եթե ինձ արդեն ասել են:
Բ.- Քաղաքացի, դուք ի՞նչ է, չլինի՞ ծաղրում եք:
Ա.- Մտքովս էլ չի անցնում: Ես պարզապես շատ կարևոր գործ ունեմ:
Բ.- Ուրեմն զբաղվեք ձեր գործով:
Ա.- Առանց Սահակի չեմ կարող:
Բ.- Խնդրեք մեկ ուրիշին, թող օգնի:
Ա.- Ու՞մ դիմեմ: Դուք, օրինակ, կօգնեի՞ք:
Բ.- Դե եթե անհրաժեշտ լիներ… Իսկ ի՞նչ է պետք անել:
Ա.- Ուզում եմ Սահակին գտնել:
Բ.- Բայց ախր ես ոչ մի Սահակ չեմ ճանաչում:
Ա.- Այդ դեպքում ինչու՞ են ձեր համարն ինձ տվել:
Բ.- Ես ի՞նչ գիտեմ: Սխալմունք է, պատահականություն:
Ա.- Առաջներում երբեք նման բան չի եղել:
Բ.- Ոչինչ, ամեն բան առաջին անգամից է սկսում:
Ա.- Միայն չփորձեք ինձ մխիթարել:
Բ.- Իսկ ես չեմ էլ փորձում:
Ա.- Իզուր: Կարելի էր ավելի մեծահոգի լինել:
Բ.- Եվ դուք դեռ բողոքու՞մ եք ինձնից, որ ձեզ հենց սկզբից գրողի ծոցը չուղարկեցի…
Ա.- Մի կոպտեք:
Բ.- Իսկ դուք մի չարաշահեք համբերությունս:
Ա.- Մտքովս էլ չի անցնում: Ես մարդ եմ փնտրում:
Բ.- Նա այստեղ չէ:
Ա.- Իսկ ու՞ր է:
Բ.- Չեմ ասի:
Ա.- Ինչպես թե` չեք ասի:
Բ.- Հենց այդպես: Գաղտնիք է:
Ա.- Դուք, ի՞նչ է, իսկապե՞ս գիտեք նրա տեղը:
Բ.- Դե իհարկե: Ես միակն եմ, որին նա տեղեկացնում է այդ մասին:
Ա.- Այդ դեպքում ինչու՞ հենց սկզբից չասացիք:
Բ.- Իսկ ես պարտավոր չեմ ամեն պատահական զանգահարողի տեղեկություններ հաղորդել:
Ա.- Ես պատահական մեկը չեմ:
Բ.- Դա դեռ հարց է:
Ա.- Ի՞նչ է, ինձ չե՞ք հավատում:
Բ.- Իհարկե ոչ:
Ա.- Ինչու՞:
Բ.- Պատճառներ ունեմ:
Ա.- Ի՞նչ պատճառներ:
Բ.- Հիմնավոր:
Ա.- Բայց ես չվստահելու առիթ չեմ տվել:
Բ.- Տվել եք:
Ա.- Ե՞րբ:
Բ.- Քիչ առաջ:
Ա.- Չեմ հիշում:
Բ.- Իզուր: Բայց ոչինչ, վաղը Սահակն ինքը կհիշեցնի:
Ա.- Չեմ հասկանում, դուք ի՞նչ եք ուզում ինձնից:
Բ.- Ախ, դուք չեք հասկանում… Ոչինչ, դրա ժամանակն էլ կգա:
Ա.- Սատանան տանի, ես այս ու՞ր եմ զանգահարել:
Բ.- Ինչպես թե` ուր: Սահակենց բնակարանը:
Ա.- Ի՞նչ Սահակ:
Բ.- Նա, որին փնտրում եք:
Ա.- Ես ոչ մի Սահակ էլ չեմ փնտրում:
Բ.- Այդ դեպքում ինչու՞ եք զանգահարել այստեղ:
Ա.- Չեմ հիշում:
Բ.- Իսկ ո՞վ պետք է հիշի:
Ա.- Չգիտեմ: Դուք, օրինակ, հիշու՞մ եք:
Բ.- Հիշում եմ: Ձեզ Սահակն էր պետք:
Ա.- Իսկ հիմա պետք չի:
Բ.- Ինչպե՞ս թե: Չէ՞ որ կարևոր գործ ունեիք:
Ա.- Դա իմ պրոբլեմն է: Քիչ առաջ ունեի, հիմա չունեմ:
Բ.- Ուրեմն Սահակին էլ չե՞ք ուզում:
Ա.- Մի՞թե հասկանալի չէ: Ոչ:
Բ.- Հիմա ես ի՞նչ անեմ:
Ա.- Ի՞նչ պիտի անեք: Ցած դրեք խոսափողը: Առանց այդ էլ կես ժամ է զբաղեցնում եք ինձ:
Բ.- Ե՞ս եմ զբաղեցնում…
Ա.- Իհարկե: Եվ այլևս չփորձեք պարապ հարցերով ինձ անհանգստացնել…
(Ցած է դնում խոսփողը)

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՐՏՈՒՐՈ ՊԵՐԵՍ-ՌԵՎԵՐՏԵ

26 Հկտ

ԱՅԴ ՀԻՄԱՐ ԲՋԻՋՆԵՐԸ

Է՜յ, Մանոլո, Պակո, Մարիա Լուիսա, կամ ինչ էլ լինի անունդ: Կներես, որ այդ բանը քեզ այստեղ եմ ասում, գրավոր կերպով, քիչ թե շատ հրապարակավ, բայց այդպես ես ինձ ազատում եմ այդ բանը հաջորդ օրը երեսիդ ասելու անհրաժեշտությունից, երբ հանդիպելու լինենք օդանավակայանում կամ սրճարանում: Այդպես ես խուսափում եմ հեռախոսը վերցնելուց և, ում ուզում է լինի, բղավելով ասելուց, որ ես եմ ու քեզ զանգում եմ, որ ասեմ, որ հիմա կողքիս մի ապուշ կա, որը կյանքն է պատմում ու չի թողնում, որ հանգիստ ապրեմ: Այդպես խույս եմ տալիս տհաճ միջադեպերից: Իսկ հաջորդ անգամ, երբ քո աներես դատարկախոսության կեսին պատահաբար իմ կողմը շրջվես և տեսնես, որ քեզ եմ նայում, կիմանաս, թե մտքումս ինչ կա, թե ինչ եմ մտածում քո և քո էդ գրողի տարած չաչանակ հեռախոսի մասին: Որ շատ հնարավոր է, որ բացի ինձնից շուրջն այլ մարդիկ էլ լինեն, որ նույն բանը մտածեն. պարզապես բանն այն է, որ այդ մարդիկ չեն կարող ամեն շաբաթ ուզածին պես իրենց բողոքն արտահայտել այս կարգի որևէ ամսագրի էջերում, իսկ ես այդ բախտ ունեմ: Այնպես որ, այս ցուլը նրանց եմ պատիվ անում:Մինչև կոկորդս կուշտ եմ քեզ ու քո հեռախոսին հանդիպելուց: Երդվում եմ, ախպերս: Կամ քույրիկս: Անցյալ օրը տեսա քեզ փողոցում և սկզբում մտածեցի, որ ծալդ պակաս է. դե պատկերացրու, մեկը քայլում է մեն-մենակ բարձրաձայն խոսելով ու մի ձեռքը կատաղի վեր ու վար թափահարելով: Սա վագրերի վրա գնալու հավես ունի, — մտածեցի, մինչև որ տեսա ականջիդ սեղմած բջջայինդ և կողքովդ անցնելիս մինչև ուղնուծուծն իմացա, որ ՊՎԿ-ի մասերն այս շաբաթ տեղ չեն հասել, ինչպես որ սպասում էիր, և Սիուդադ Ռեալի կառավարիչն անցակալիի մեկն է: Անկեղծ ասած ՊՎԿ-ն ու Սիուդադ Ռեալի կառավարիչն իմ տանձին էլ չեն, բայց դու կարողացար իմ անձնական մտահոգություններին քոնն էլ ավելացնել: Սա էլ թող համերաշխության հաշվին գնա, — ասացի ինքս ինձ, — ոչ մի մարդ էլ միայնակ կղզի չէ: Եվ շարունակեցի ճանապարհս:
Կես ժամից մի սրճարանում նորից հանդիպեցի քեզ: Նույնը չէիր դու, բայց երդվում եմ, որ նույն հիմար դեմքն ունեիր բջջայինիդ մեջ բղավելիս: Մի հրաշալի գիրք էի գնել, մի հին գիրք, որ հեռավոր ափերի ու առաջվա ծովագնացների մասին էր պատմում, և ես մտադիր էի մի քանի էջ կարդալ և այդ կախարդական աշխարհը խորասուզվել: Բայց դու այնտեղ էիր, հարևան սեղանի մոտ, որպեսզի ինձ տեղյակ պահես, որ Մադրիդում ես, մի սրճարանում, — մի բան, որ ես գերազանց գիտեի, որովհետև տեսնում էի քեզ, — և որ Սարագոսա չես վերադառնալու մինչև երեքշաբթի գիշերը: Ինչու՞ գիշերը և ոչ առավոտյան, — ասացի ինքս ինձ՝ անօգուտ հարցական հայացք գցելով լուցկի վաճառող Ալֆոնսոյին, որն ուսերը թոթվեց, կարծես ասելով՝ նայում են, թող նայեն: Գուցե ծանրակշիռ և գաղտնի պատճառներ ունի, — մի պահ հարցի մասին մտորելով՝ եզրակացրի ես, — սիրուհի, վատնած գումար, պատգամավորական աթոռ Պառլամենտում: Ի վերջո պարզեցիր ինկոգնիտոն, չգիտեմ, թե ում ասելով, որ Օրդոնյեսը կեսօրին է Լա Կորունյա գալու, և դա ինձ բավականին հանգստացրեց: Ամեն ինչ պարզ էր, եթե խոսքն Օրդոնյեսի մասին էր: Եվ ես որոշեցի փոխել սեղանս:
Հաջորդ օրն օդանավակայանում էիր: Ես դա գիտեմ, որովհետև ինքս օդանավ բարձրացողների հերթի վերջում էի, երբ որդուդ ասում էիր, որ էլեկտրասղոցը փչացել է: Ես չգիտեմ, թե քո որդին ինչ գրող ու ցավի համար էր այդ տարիքում ուզում էլեկտրասղոցից օգտվել, բայց ես մի քանի րոպեում էլեկտրասղոցից օգտվելու և նրա քսայուղի մասին մանրամասն տեղեկություններ ստացա քեզնից: Եվ այդ անիծյալ էլեկտրասղոցի, նոճիների և արիզոնաների մասնագետ դարձա: Երկու օրից վերադառնում էի գնացքով, և դու էլի այնտեղ էիր, իհարկե, մի երկու նստատեղ այն կողմ: Ես քեզ բջջայինիդ երաժշտական ծնգծնգոցից ճանաչեցի՝ «Բոնանզա»-յից էր: Տասնհինգ անգամ հնչեց, և երդվում եմ, որ երբեք այդքան չէի ատել Քարտրայթների ընտանիքին: Դեպքի բերումով զգեստափոխվել էիր, հագնվել հասուն, գործունյա և ագրեսիվ պետական չինովնիկի նման, բայց ես քեզ ճանաչեցի, երբ դու ամբողջ վագոնով մեկ տեղեկություններ էիր տալիս քո աշխատանքային կյանքի զանազան մանրամասների մասին: Շատ էիր գոռգոռում, ինչ ճիշտն է՝ ճիշտը, գուցե մյուս ձայները և տիրուրի՜-տիրուրի՜ զանգերը խլացնելու համար, — երբեմն էլ քառապատիկ, ա՛յ սրիկա, — որոնք պայքարի մեջ էին մտնում քոնի հետ վագոնի ամբողջ երկայնքով ու լայնքով մեկ: Ես փորձում էի խմբագրումներ անել իմ վեպի նախնական օրինակում և չէի կարողանում կենտրոնանալ: Մեկ՝ կիրակի օրվա ֆուտբոլային խաղից էիր խոսում, մեկ՝ ընտանիքին ողջույններ հաղորդում, մեկ էլ, թե ի՜նչ վատ են գնում Օլիվարեսի գործերը Նյու-Յորքում: Ես ինձ շրջափակված էի զգում՝ ինչպես չեչենը Գրոզնիում: Ահավոր էր: Եվ գուցե դա էր պատճառը, որ երբ վեր կացա տեղիցս և գնացի վագոնի միջանցք, միացրի բջջայինս, որը միշտ անջատած եմ պահում, և զանգեցի՝ աշխատելով ցածր խոսել և, ձեռքով հեռախոսս փակելով, է՛լ ավելի խլացնել ձայնս, վագոնի ուղեկցուրդուհին տարօրինակ հայացքով, կասկածամտորեն ինձ նայեց: Եթե այսպես է խոսում, — երևի մտածում էր նա, — այսքան քողարկված ու ծածուկ, ուրեմն թաքցնելու բան ունի էս շան որդին: