Tag Archives: ԿԱՄԻԼԻՈ ԽՈՍԵ ՍԵԼԱ

ԿԱՄԻԼԻՈ ԽՈՍԵ ՍԵԼԱ

24 Հկտ

… Ինչպես հավաստիացնում են սոցիոլոգները (իսկ մենք մեզ թույլ ենք տալիս կարծել, որ նրանք իրենց փաստարկներն ունեն դրանում մեզ հավաստիացնելու), պատերազմները, համաճարակները, սովը, աղետներն ու նմանօրինակ երևույթները, սովորաբար, ենթադրում են բարոյականության անկում, հոգու հաղորդակից անոթների հավասարակշռության խախտում: Սոցիոլոգներն այս դեպքում հիմնվում են այն թեզի վրա, որ բարոյականությունը մտացածին ավելորդություն է, ի հակառակ քրիստոնեության թեզի, որն արդեն քսան դար անձնվեր պայքար է մղում:
Ակնհայտ է (առանց բարդ և անծանոթ խնդիրների մեջ խորանալու և մեր գլխից մեծ գործ բռնելու ու առանց գլխացավանքի մեջ ընկնելու), որ պարտության մատնված պատերազմները հոգիներն ավելի խորն են ընկղմում եսամոլության անդունդը, ինչը մարդկային էակների փոխհարաբերությունների որոշիչներից մեկն է (ըստ վիեննացի բժիշկների` ստամոքսի և սեռական բնազդների հետ մեկտեղ). խոսքը ոչ թե այն սրբազան էակի մասին է, որը, քիչ թե շատ անտարբեր, աջակցում է աշխարհի զվարճալի ներկայացմանը, այլ այն դերասան էակի, որը լավից-վատից պարկեշտությամբ իր դերն է կատարում կյանքի մեծ բեմի վրա, զորեղ լուսամփոփների սառը լույսի ներքո:
Վերջին համաշխարհային պատերազմը (պատերազմ, որտեղ բոլոր սպիտակամորթներս պարտություն կրեցինք հենց այն օրը, երբ կրակեց առաջին հրացանը), քայքայման մյուս նշանների հետ մեկտեղ, առաջ բերեց փողկապի պարտությունը:
Այն ժամանակից ի վեր, ինչ այն կապվել է մարդու վզին, որպեսզի մյուս մարդիկ իմանան, որ նա, ով անցնում է, ազնվական է, փողկապը, որպես այդպիսին, երբեք չի կրել ավելի լուրջ մի գրոհ, քան վերջին ժամանակներս: Որպես վայելուչ ազնվականության նշան փողկապն անհետացել է, եւ պարանոցներն այսօր տկլոր են կամ, ինչն ավելի վատ է, ցնցող, մետաքսե կտորով վիրավորական կապված, ինչը կարող է ամեն ինչ նշանակել, բացի ազնվականությունից:
… Անկեղծ ասած, մենք դեռ չենք հարմարվել կուրծքը բաց, երես առած երիտասարդին տանելուն, որը խորամանկորեն օգտվելով շոգից, ջանք չի խնայում իրեն ուժեղի տեղ դնելու և լանջի գանգուրները մեզ ցուցադրելու համար, կամ Ֆրենկ Սինատրայի ուրվագծով, վրան իսկական թիթեղից մետաղյա զարդերով դեղին փողկապով մեկ ուրիշին: Բարեբախտաբար, մեզանից չի պահանջվում նաև ընտրություն կատարել; Տե՛ր Աստված, ինչո՞ւ կորան այն ազնվական փողկապները, այն բոլոր զորացնող, մուգ կարմիր կամ կապույտ փողկապները, որոնք այդքան անդորր էին բերում մեր մտքին: Որտե՞ղ են: Ի՞նչ է եղել դրանց հետ: Ո՞ր անհայտ անդունդներում են խորտակվել: Մոռացության ո՞ր գարշելի հանքախորշերն են դրանք կուլ տվել…