Tag Archives: Wikileaks

ՄԻ ԿՈՃՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

20 Հկտ

1918 թվականի մայիսի 26: Սարդարապատի մատույցներում հայ ժողովրդի կենաց ու մահու կռիվն էր մղվում: Գեներալ Սիլիկյանը շտապ հեռագրում է Արամ Մանուկյանին, որ անհապաղ նոր ուժեր, ինչպես նաև պարեն և ջուր հասցվի ռազմաճակատ: Օգնության հայթայթման գործը հանձնարարվում է Երևանի պարետ, դերասան ու էսթետ Արշավիր Շահխաթունուն: Ասում են, որ վերջինս կարողացել է մեկ գիշերվա ընթացքում երեք վագոն սնունդ ժողովել և ուղարկել զինվորներին: Պատմում են նաև, որ մինչ որոշ մեծահարուստներ այդ օրերին պատրաստվում էին փախչել Երևանից, մի քանի քաղցած գաղթականներ Շահխաթունուն են հանձնել մի-մի կտոր հաց՝ իրենց վերջին պատառը, ինպես նաև կես հատ ձուկ՝ խնդրելով դրանք ևս հասցնել մեր կռվող մարտիկներն:
Բայց կա մի պատմություն էլ՝ ջրի մասին: Նույն օրը Շահխաթունին ուղևորվում է երկաթգծի կայարան՝ այնտեղից Սարդարապատ ցիստեռներով ջուր ուղարկելու համար: Ջուրը պիտի վերցնեին կայարանի մերձակա ջրանցքից: Սակայն տեղ հասնելուն պես տեսնում են, որ ինչ-որ մեկը միտումնաբար հսկայական մի կոճղով խցանել-փակել էր ջրանցքի ակունքը…
Ջուրն ու սնունդն ի վերջո տեղ հասան: Մեր բանակը հաղթեց: Եվ ինչպես որ հաղթանակն է ունենում իր խորհրդանիշը, այնպես էլ տմարդությունը կարող է դա ունենալ: Պատմում են, որ ջրանցքից դուրս բերված կոճղը երկար ժամանակ պահվում ու ցուցադրվում էր՝ իբրև հիշեցում այն մասին, որ եղել է նաև այդպես: Իսկ հետո փայտն անհետացավ…

Հովիկ Չարխչյան795073

Հայ-վրացական WikiLeaks

7 Սպտ

WikiLeaks- ի մասին կարելի է գտնել ամենատարբեր բնորոշումներ: Ոմանց դա դուր է գալիս, ոմանք չեն վստահում այդ էջերի արժանահավատությանը, մյուսները կարծում են, որ նման հրապարակումներն անթույլատրելի են թե քաղաքական, թե բարոյական իմաստներով: Սակայն ինչ էլ ասելու լինենք, դիվանագիտական գաղտնի նամակագրության բացահայտումն իր դատապարտելի կողմերով հանդերձ ունեցավ մի կարևոր դերակատարություն. շատ հարցերում վերահաստատվեցին համոզմունքները և ցրվեցին անտեղի պատրանքները: Այս առումով բացառություն չդարձան նաև այն փաստաթղթերը, որոնք էական մանրամասներ են պարունակում հայ-վրացական հարաբերությունների մասին: Եվ խնդիրը ոչ այնքան դրանցում տեղ գտած փաստերն են (որոնց հիմնական մասն առանց այդ էլ հայտնի էր), այլ այն, որ դրանք վերջնականապես հստակ տարանջատում կատարեցին պաշտոնական տեսակետի և առկա վիճակի միջև: Եվ եթե Հայաստանի վերնախավին հարմար է ինչ-ինչ խնդիրներից ելնելով լեզուն պահել ատամների ետևում, ապա ամերիկացի դիվանագետներն ու WikiLeaks- ը նման բարդույթներով կաշկանդված չեն: Մյուս կողմից պետք է կարևորել նաև այն փաստը, որ այս դեպքում լսելի է ոչ միայն երրորդ կողմի տեսակետը, այլև հենց վրացիների խոստովանությունները իրենց մտադրությունների և գործողությունների մասին:
Ասվածն առավել առարկայական դարձնելու համար վերհիշենք դրանցից մի քանիսը: Ահա գաղտնազերծված փաստաթղթերից մեկը, որը ներկայացնում է Հայաստանում Վրաստանի դեսպան Գրեգորի Տաբատաձեի ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարիա Յովանովիչի հանդիպման մանրամասները։ Վերջիններս քննարկում են հայ-վրացական սահմանի հարցը, և այդ ընթացքում վրաց դեսպանն ասում է. «Հայերը չափազանց շատ պահանջներ են ներկայացնում սահմանազատման հետ կապված բանակցությունների ժամանակ և ցանկանում են փոփոխել սահմանը` ավելի ընդարձակ տարածքներ ձեռք բերելու նպատակով` փոխարենը ոչինչ չառաջարկելով»: Ըստ Տաբատաձեի, Հայաստանը նույն կերպ է վարվում նաև Վրաստանի եկեղեցիների հարցում, որոնց նկատմամբ պահանջներ է ներկայացնում: «Մենք չենք ցանկանում այդ եկեղեցիները: Բոլորը գիտեն, որ դրանք հայկական եկեղեցիներ են»,- ընդգծում է նա: Սա, ինչ խոսք, հատկանշական փաստ է, քանի որ վրացի պատմաբանները հայտարարում են, թե Վրաստանի տարածքում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան, իսկ այսօր վրացական մամուլը հեղեղված է հայերի հանդեպ ամենածանր մեղադրանքներով այն բանի համար, որ իբր մենք պահանջում ենք մի բան, ինչը երբեք մերը չի եղել:
Սակայն էլ ավելի հետաքրքրականն այն է, որ մեր օրինական ու հիմնավոր պահանջի համար վրացիները գտել են բացատրություն: Դժգոհելով հայերից, որ վերջիններս չեն գնահատում այն, ինչ վրացիներն արել են իրենց համար, վրացի դիվանագետն այնուհետև պնդում է, թե իբր ռուսական կողմն է դրդում Հայաստանի կառավարությանը ներկայացնել այդ պահանջները` օգտագործելով դա որպես միջոց Վրաստանի դեմ ուղղված ռուսական քաղաքականության մեջ: Եվ այս կարգի մտասևեռմանը հաջորդում է պատասխանը: Տաբատաձեն տեղեկացնում է, որ Վրաստանի ԱԳՆ-ում կա տեսակետ, թե Վրաստանը պետք է դաս տա Հայաստանին` փակելով սահմանը, եթե Հայաստանը շարունակի իր ծայրահեղական քարոզչությունը: «Մենք կարող ենք մի օր փակել սահմանը»,-հայտարարում է Տաբատաձեն:
Վրացական նօրօրյա մոլուցքը՝ դասեր տալ հայերին, գնալով կորցնում է իրականության զգացողությունը: Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա կարծում ենք, որ վաղուց է եկել ժամանակը բացատրելու մեր հարևաններին, որ փակ սահմանները բացելու մի քանի եղանակներ կան և դրանցից ոչ մեկը ձեռնտու չի լինի հատկապես Վրաստանի համար:
Քանի որ խոսք գնաց սահմանների մասին, ապա ավելորդ չէ դիտարկել նաև օդային սահմանի հարցը, ինչը նույնպես դուրս չի մնացել WikiLeaks-ի տեսադաշտից: Աղմկահարույց այդ կայքը հրապարակել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի` 2010 թ. փետրվարի 17-ին պետդեպարտամենտ ուղարկված փաստաթղթը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանը լրջորեն անհանգստացած է Հայաստան ռուսական զենքի ու զինտեխնիկայի մատակարարման ծավալի աճից: Ըստ դեսպանի` թեև Վրաստանը թույլատրել է իր օդային տարածքով Հայաստան տեղափոխել մեծաքանակ զինամթերք, սակայն լուրջ կասկածներ ունի, որ դրանք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի համար են: Վրաստանը վախենում է, որ այդպիսի սպառազինությունը, ինչպիսին որ ինքնաթիռների համար նախատեսված խոշոր տրամաչափի զինամթերքն է, նախատեսված են Հայաստանում գտնվող ռուսական զորքերի համար։ «Նմանատիպ մատակարարումները կարող են ոչ միայն խախտել Լեռնային Ղարաբաղում տիրող հավասարակշռությունը, այլև գործածվել Վրաստանին հարավից դուրս մղելու համար, եթե ապագայում այնտեղ հակամարտություն առաջանա Ռուսաստանի հետ»,- ասում են նրանք։
Ինչպես և պետք էր սպասել, պաշտոնական Թբիլիսին անմիջապես հերքեց այս տեղեկությունը: Իհարկե, հերքելը հեշտ է, դժվարը հերքման հիմնավորումն է, ինչը դեռ լսելի չէ Վրաստանից: Բանն այն է, որ Հայաստանն իսկապես շարունակում է սպառազինություն ստանալ և կասկածից վեր է, որ դա գալիս է հենց Վրաստանի օդային տարածքով: Անկախ այն բանից, որ վրացիները օդային տարածքի օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած համաձայնագիրը չեղյալ են հայտարարել, նրանց համար հեշտ չէ վերցնել ու միանգամից խոչընդոտել այդ թռիչքները: Վերջին շրջանում գոնե նմանօրինակ մի դեպք հայտնի դարձավ, երբ ռուսական քաղաքում վթարային վայէջք էր կատարել հայկական ռազմական ինքնաթիռը, որը վերանորոգումից հետո վրացական երկնքով բարեհաջող հասավ Հայաստան: Բայց նշված փաստաթղթում շատ ավելի էական է միտքն այն մասին, թե այդ մատակարարումների պատճառով խախտվում է Լեռնային Ղարաբաղում տիրող հավասարակշռությունը: Ասել է, թե՝ Թբիլիսին լուրջ մտահոգվում է Բաքվի համար, և ի սրտե չէր ցանկանա, որպեսզի հայերն այդ հարցում գերազանցություն ունենային:
Հայաստան-Վրաստան դաշտում առկա մեծ ու փոքր խութերի շարքում անհնար պիտի լիներ շրջանցել վրացահայության և ջավախքահայության խնդիրները, որոնցով էլ հարստացված են WikiLeaks- ում զետեղված ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերից մի քանիսը: Մանրամասնորեն դրանց չանդրադառնալու համար ասենք միայն, որ ամերիկացիներն այդ շարքում առանձնացրել են երեք գլխավորները, որոնք կարևոր են Վրաստանի հայերի համար: Դրանք են՝ հայերենը որպես պաշտոնական լեզու տեղական մակարդակներում օգտագործելու հնարավորությունը, էթնիկ հայերի համար կրթական հնարավորությունների ստեղծումը և վիճելի եկեղեցական ունեցվածքի վերադարձը: Հարկ է ընդգծել, որ այս պարագայում նույնիսկ օտարերկրացին է հասկացել, որ այդ հիմնահարցերը «նման են հրաբխի. չգիտես, թե երբ են դրանք ժայթքելու», մի բան, որ շատ դեպքերում տեսնել չեն ցանկանում հենց «հրաբխի» խառնարանի վրա կանգնածները:
Այստեղ արժե խոստովանել, որ Wikileaks-յան նոր հրապարակումների ամենամեծ անակնկալը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի և ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի զրույցի բովանդկությունը, ինչպես նաև վեհափառի նամակը ԱՄՆ նախագահ Բարք Օբամային։ Երկու դեպքերում էլ կաթողիկոսը խոսել է Վրաստանում «վիճելի եկեղեցիների» սեփականության հարցի, ինչպես նաև Հայաստանում գտնվող այն եկեղեցիների մասին, որոնց նկատմամբ վրացիները հավակնություն ունեն։ «Կաթողիկոսն ասել է, որ եթե Վրաց ուղղափառ եկեղեցին կարողանա ներկայացնել դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապացույց, ինքն անձամբ կօգնի վրացական եկեղեցուն՝ դրանց վերադարձի հարցում»,– գրում է Յովանովիչը։ Իսկ ահա Օբամային հասցեգրված նամակում կաթողիկոսն իր բողոքն է հայտնում Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականության կապակցությամբ:
Վերոհիշյալ երկու փաստաթղթերն էլ դառնում են վկայությունն է այն բանի, որ հայ կաթողիկոսը հայրենի իշխանությունների մակարդակով այս խնդիրների տեղաշարժ չի ակնկալում և անհրաժեշտություն է զգում ստեղծված կացության մեջ ներքաշել երրորդ կողմի՝ այս դեպքում ամերիկացիներին, իբրև միջնորդ կամ երկիր, որ ազդեցիկ ձայնի իրավունք ունի: Եվ հենց այդ նույն միտումն է, որ հաջողությամբ կարելի է տարածել մնացած բոլոր իրավիճակների վրա՝ հասկանալու և բնորոշելու հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը, ինչը ոչ միայն հույսեր չի ներշնչում, այլև օր-օրի ավելի է գլորվում դեպի այն խորխորատը, որն ի վերջո հանգեցնելու է երկու երկրների բացահայտ առճակատմանն ու անհադուրժողականությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մի բաժակ ջրի փոթորիկը

12 Օգս

Մեզ համար փոքր-ինչ անսովոր պիտի դիտվի, եթե հանկարծ ասեն, որ մեր բանակի որևէ բարձրաստիճան սպա հոգևոր թեմայի շուրջ քննարկումներ կամ բանավեճեր է անցկացնում: Նախ կասենք, որ դա զինվորականի գործը չէ, իսկ հետո անպայման կավելացնենք, որ անկեղծորեն չենք հավատում, թե ուսադիրներ կրող մեր պաշտոնյաները որևէ պատկերացում ունեն հոգևոր ոլորտի մասին: Իսկ ահա Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին այդ խնդիրը չի անհանգստացնում: Նա կարող է իրենց ոչ միայն թույլ տալ նման ազատություն, այլև քննադատության նետեր ուղղել հարևան երկրի դեմ, ինչն էլ նա մեծ հաջողությամբ արեց` դատապարտելով Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»: Ֆիրուզաբադին մասնավորապես նշել էր, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, և սպառնացել էր, որ Իլհամ Ալիևին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը: «Որոշ հարևան իսլամական երկրներ, որոնց հետ մենք պահպանում ենք բարիդրացիական հարաբերություններ, շարունակում են արհամարհել մեր բարեկամությունը և ազատություն են տալիս սիոնիստական վարչակարգին` թույլ տալով վերջինիս միջամտել իրենց երկրի ներքին գործերին: Նրանք ոտնահարում են Իսլամի օրենքները: Բայց Ադրբեջանի ժողովրդի երակներում հոսում է նաև իրանական արյուն և նրանց սրտում ապրում է իսլամի նկատմամբ անկոտրում սերը»,- ասել էր շտաբի պետը, և հենց այդ խոսքերով էլ ծնունդ տվել միջպետական հերթական սկանդալին:
Միանգամից ասենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը դարձել է չափազանց անհավասարակշիռ և հիվանդագին վերաբերմունք է դրսևորում յուրաքանչյուր երևույթի նկատմամբ, եթե այն կարող է որևէ կերպ ստվերել իր ազգային արժանապատվությունը: Լավ է դա, թե վատ` սա այլ խնդիր է, բայց որ Ֆիրուզաբադի լցրած մի բաժակ ջրում Բաքուն փոթորիկ բարձրացրեց, դա նույնպես փաստ է:
Առաջին քայլը եղավ այն, որ Ադրբեջանն Իրանին բողոքի նոտա ներկայացրեց: Արտգործնախարարություն կանչեցին Ադրբեջանում Իրանի դեսպանին ու նոտան հանձնեցին նրան: Այնուհետև հրապարակվեց ԱԳՆ հայտարարության տեքստը, ուր ասված էր. «Ֆիրուզաբադը զինվորական է, և նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարարություններով»: Ապա գալիս էին երկար-բարակ դատողություններն այն մասին, թե Ադրբեջանում պահպանվում է արտասահմանյան երկրների ներքին խնդիրներին չմիջամտելու սկզբունքը, իսկ փոխարենը Ադրբեջանում չեն ստեղծելու պայմաններ այլ պետությունների կողմից իրենց ներքին գործերին միջամտելու համար և այդպիսի հնարավորություն նրանց չի տրվելու:
Մյուս քայլը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արձագանքն էր: Սրանք էլ ափսոսանք էին հայտնում կատարվածի առնչությամբ և ապա անցնում հեգնական-հանդիմանական ոճին` նշելով, թե «չնայած հայտարարություններին, որոնցով Իրանի ղեկավարությունը հանդես է գալիս Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այդ երկրում որոշ շրջանակներ, ինչպես երևում է, քաղաքականություն են վարում ընդդեմ Իրանի և Ադրբեջանի շահերի: Մեկ տեսնում ես` ինչ-որ քաղաքում կրոնական գործիչը աղավաղում է պատմությունը, կամ էլ ինչ-որ զինվորական, իր պրոֆեսիոնալ պարտավորություններով զբաղվելու փոխարեն, առանց լողալ իմանալու նետվում է քաղաքականության հորձանուտը»:
Սա, ինչ խոսք, շատ հարմար կեցվածք է` մեղքը վերագրել անհայտ հասցեատերերին և անունը դնել «որոշ շրջանակներ»: Այդ դեպքում կարելի է խոսել ցանկացած շեշտադրությամբ և ցանկացած բանի մասին, ինչն էլ մեծ հաջողությամբ արեցին ադրբեջանցիները, որոնց հատկապես վիրավորել էր այն, որ ադրբեջանցի ժողովրդի երակներում հոսում է ոչ թե թուրքական, այլ իրանական արյուն: Արյան բաղադրության շուրջ ծավալվող այս բանավեճը ի վերջո նրանց կարող է փակուղի հասցնել, իսկ ահա քաղաքական հարթության վրա մտորելու պատճառներ կան, և ոչ միայն նրանց համար:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանում իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ յուրաքանչյուր պետական պատասխանատու այրի արտոնված է կարծիքներ արտահայտել, որոնք չեն համընկնում երկրի պաշտոնական դիրքորոշմանը: Նման իրավիճակներն այժմ առավել քան հաճախ են տեղի ունենում: Օրինակ, ինչ-որ մեկը որոշում է խոսել Սիրիայի մասին, կամ Թուրքիայի ու Իսրայելի հասցեին տեսակետներ արտահայտել, հետո այդ խոսքերը տեղադրվում են պաշտոնական կայքէջերում, մեկ-երկու օր անց դրանք կամ ջնջվում են կամ խմբագրվում, սակայն ձնագունդն արդեն գլորված է լինում, իսկ հետևանքը երկար-բարակ պարզաբանումներն են, որոնք անպայման նստվածք են թողնում, որպեսզի վերստին ջրի երես բարձրանան, երբ դրանց անհրաժեշտությունը կզգացվի: Հիշենք, թե ինչպես մի քանի անգամ այդ ծուղակն ընկավ նաև Հայաստանը, երբ հարկ եղավ արյուն պղտորել մի քանի այաթոլլահների արտահայտած մտքերից` կապված Լեռնային Ղարաբաղի հետ:
Սակայն առավել արժանահավատ է այն կարծիքը, որ տվյալ դեպքերում ոչ մի անվերահսկողություն էլ չկա, և ամեն բան շատ լավ կշռադատված ու ծրագրված գործողություն է: Իրանի քաղաքական և հոգևոր վերնախավը արտաքին հարաբերություններում հանդես է բերում միասնական, կուռ դիրքորոշում, և խելացիորեն մտածված դերաբաշխումը ստեղծում է այն պատրանքը, թե տարակարծությունները, դրանց առանձին բռնկումները ներքին քաոսի կամ այլախոհության արտահայտությունն են: Հոլիվուդյան ֆիլմերի օրինակով նախագահ Ահմադինեժադն ու հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին աշխարհի հետ «լավ ոստիկան-վատ ոստիկան» են խաղում: Մյուսներն իրենց հերթին այդ մեծ բեմականացման էպիզոդիկ կերպարներն են, որոնք երբեմն-երբեմն հրապարակ են դուրս գալիս և արտասանում այն խոսքերը, որոնք նախատեսված են այդ պահի համար: Մինչդեռ նպատակը նույնն է, քայլերը` հավասարակշռված, մտադրությունը` ուղղակի: Այս իմաստով միանգամայն սպասելի ու հասկանալի է, որ գեներալ Ֆիրուզաբադի հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքեց տեղեկությունն այն մասին, թե Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդես է եկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող հայտարարությամբ: Գործն արված էր, կարելի էր փակել վարագույրը:
Իսկ գործի էությունն իրականում շատ խորը գնացող արմատներ ունի: Ադրբեջանում իսլամական գործոնի առկայությունը և դրա շուրջ երկու հարևան երկրների վերաբերմունքների տարբերությունը երկար ժամանակ է, ինչ լուրջ խնդիրներ են հարուցում Թեհրան- Բաքու հարաբերություններում: Վերհիշենք թեկուզ ոչ անհայտ Wikileaks-ի հրապարակումներից մեկը, երբ գաղտնի փաստաթուղթը ներկայացրել էր Ադրբեջանում Իրանի գործունեության ուշագրավ մանրամասներ, ինչպես նաև վերլուծություններ Ադրբեջանում ստեղծված դրության վերաբերյալ։ Հրապարակումը հիմնված էր Բաքվում ԱՄՆ դեսպանությունում իրանական գործակալների հաղորդած տեղեկությունների վրա:
Այնտեղ ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին մասնավորապես նշում էր, թե Ադրբեջանում իր դիրքերը ամրապնդելու համար Իրանը օգտագործում է աշխարհագրական դիրքի առավելությունները, լեզվական, մշակութային եւ կրոնական գործոնները` ծրագրելով իսլամական վարչակարգ հաստատել այդ երկրում: Ու եթե հիմա Բաքուն այդչափ մեծ աղմուկ է բարձրացնում մի զինվորականի անզգուշորեն արտասանած մտքերի կապակցությամբ, ապա նա անկասկած գիտի, թե հարավի հարևանն ինչ է ասում և ինչու է ասում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ոչ թե հանուն, այլ ընդդեմ

29 Հնս

Մինչ այս օրերին ակտիվորեն քննության են առնվում Ղարաբաղյան բանակցությունների ձախողման պատճառներն ու հետևանքները, այս ընթացքում լսելի են դառնում ոչ պակաս էական ու հետաքրքիր դիրքորոշումներ` պայմանավորված ինչպես ներկա զարգացումների ընթացքով, այնպես էլ առավել ընդգրկուն համատեքստեր ունենալու ցանկություններով: Այդ շարքում հատկապես ուշադրության է արժանի Իրանի պահվածքը: Մշտապես կամենալով ներկայանալ իբրև անկողմնական ու հավասարակշռված դիրքորոշման հետևորդ, պաշտոնական Թեհրանը Կովկասում խաղաղության պահպանման հարցը առաջին հերթին դիտարկել է ընդհանուր-ռեգիոնալ կայունության անհրաժեշտության դիրքերից, իսկ Ղարաբաղի խնդրում հայտարարել է, թե առաջնորդվում է միջազգային իրավունքի սկզբունքներով` չժխտելով ազգերի ինքնորոշման առաջնայնությունը: Սակայն այժմ կարծես թե վրա է հասել անկեղծության պահը, և Իրանի իշխանությունները պատրաստ են նաև բացահայտ կիսել իրենց մտավախություններն ու տագնապները: Եվ երբ ականջալուր ենք լինում նրանց վերջին խոստովանություններին, ապա պարզ է դառնում հետևյալ ճշմարտությունը. Իրանին առանձնապես չի մտահոգում Ղարաբաղի ճակատագիրը, փոխարենը չափազանց մեծ է նրա ուշադրությունը այդ խնդրում արտաքին ուժերի միջամտության և տարածաշրջանում նրանց հնարավոր ներկայության հեռանկարի հանդեպ: Հաշված օրերի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները այս մասին ակնարկելու մի քանի առիթներ ունեցան:
Դրանց շարքում պետք է նախ առանձնացնել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին, ով հայաստանցի իր գործընկեր Արթուր Բաղդասարյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ կոչ արեց տարածաշրջանի երկրներին` զգոնություն ցուցաբերել «արտատարածաշրջանային ուժերի» միջամտության հարցում: Տվյալ դեպքում զգոնություն ասվածը պետք էր հասկանալ ոչ այլ կերպ, քան «երրորդ ուժի» հանդեպ մերժողական վերաբերմունքի դրսևորում, մի բան, որ գոնե Հայաստանի պարագայում ոչ միայն դժվար է, այլև ներկա իրավիճակի պայմաններում` ոչ այնքան ցանկալի:
Սակայն իրանցիները կարծես թե պատրաստվում են համառ գտնվել իրենց պահանջների մեջ: Եվ այս փաստը հաստատեց Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին` ադրբեջանցիներին ու հայերին խորհուրդ տալով Ղարաբաղյան հակամարտությունը լուծել տարածաշրջանի ներսում ընթացող բանակցությունների միջոցով: Նման տեսակետը նախ և առաջ ենթադրում է միջնորդական առաքելության մեջ ներգրավված երկրների ու միջազգային կառույցների մասնակցության բացառում: Եվ Թեհրանը դա չի էլ պատրաստվում թաքցնել: «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն երկար տարիներ է՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններ է վարում։ Ի՞նչ արդյունքներ կան։ Ինչքա՞ն են նրանք մոտեցել խնդրի լուծմանը։ Այդ տեսակետից մենք հիմնավորապես կարծում ենք, որ բանակցություններն արդյունավետ կարող են լինել տարածաշրջանի ներսում, քանի որ տարածաշրջանի երկրներն իրար ավելի լավ կհասկանան։ Փորձը ցույց է տալիս, որ երբ տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացում ներգրավվում են մեծ երկրները, ապա դրանք ձգձգվում են։ Մեծ երկրներն իրենց շահերն են հետապնդում այդ հարցում»,- իր միտքը բացատրել ու հիմնավորել էր Լարիջանին:
Իհարկե, Լարիջանին ու մյուսները չեն մոռացել, որ եղել է նաև այդպիսի ժամանակ, երբ հենց տարածաշրջանի երկրներն էին փորձում խնդիրները կարգավորել, բայց դրանք որևէ հաջողություն չարձանագրեցին: Այսինքն ներքին փոխըմբռնման ու հասկացողության մասին պնդումները չափազանցված են, և Իրանի նախանձախնդրությունը ոչ մի ընդհանուր բան չունի հակամարտության ապագայի հետ: Միակ ու հիմնական պատճառը բխում է Իրանից և Արևմուտքի հետ նրա լարված հարաբերություններից: Եվ հենց այդ բացահայտ առճակատումն էլ ստիպում է Թեհրանին հորդորելու իր հարևաններին, որպեսզի թույլ չտան կողմնակի ուժերի ներկայությունը իր սահմանների մոտ:
Բաքուն նույնպես մեկ անգամ չէ, որ իրանցիներից հանդիմանանքի խոսքեր ու զգուշացումներ է լսել: Այստեղ սովորաբար առաջնային դերակատարություն են ունենում այն պնդումները, թե ինչ-ինչ արտաքին ուժեր ցանկանում են Ադրբեջանն օգտագործել որպես Իրանի դեմ քարոզչական պլացդարմ: Ավելորդ չէ վերհիշել թեկուզ WikiLeaks-ի բացահայտումների շարքից այն մեկը, ըստ որի Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Իսրայելն ու Ադրբեջանն Իրանը համարում են ամենավտանգավոր երկրներից մեկը և որ Իսրայելի գլխավոր նպատակն է Ադրբեջանին որպես գործընկեր պահել` ընդդեմ Իրանի:
Հիշենք նաև այն դեպքը, երբ իրանցիներն իրենց հակաարևմտյան խաղերում փորձեցին ներգրավել նաև իրանահայ համայնքին: Այդ առթիվ «Աթինյուզ.քոմ» կայքէջը գրեց, որ իբր օտարերկրյա որոշ ուժեր շահագրգռված են թուլացնելու բազմադարյան իրանահայ համայնքը: Մասնավորապես` Իրանում Ավստրիայի դեսպանությունը, համագործակցելով հրեական մի կազմակերպության հետ, իրանահայերին հեշտացված կարգով տրամադրում էր մուտքի արտոնագրեր և որոշ ժամանակ Ավստրիայում ապրելուց հետո իրանահայերը մեկնում էին ԱՄՆ:
Չի կարելի պնդել, թե Իրանի տագնապներն անհիմն են: Սակայն հավասարապես հստակ է, որ տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրն առաջնորդվում է նախ և առաջ իր շահերով և նրանցից որևէ մեկը դեռևս չի պատրաստվում այդ շահերը զոհաբերել հանուն հարևան երկրի անվտանգության: Իսկ այն, որ հիշյալ մտայնությունը օր-օրի նոր հետևորդներ է ձեռք բերում, հերթական անգամ հաստատվեց Կազանի բանակցություններից հետո: Անմիջապես տարածվեց տեղեկություն այն մասին, թե ձախողման մեղավորը Միացյալ Նահանգներն էր: Ըստ լուրերի, երեք նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևը գաղտնի բանակցություններ էր վարել, որից հետո բոլորի համար անսպասելի ներկայացրել էր 10 կետից կազմված առաջարկություններ, ինչն էլ հանգեցրել էր կողմերի առարկությանը: Այս առթիվ Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը նույնիսկ շրջանառու դարձրեց հետևյալ վարկածը, համաձայն որի Վաշինգտոնը 2013 թվականին ծրագրում է պատերազմել Իրանի դեմ: «Որքան մոտենում է այդ ժամանակը, այնքան ակնհայտ է դառնում, որ պետք է ունենալ մի տարածք Իրանի մերձակայքում, որտեղից օդ կբարձրանան ամերիկյան ինքնաթիռները: Այն, որ դա անհնար է իրականացնել Ադրբեջանի տարածքից, պարզ է ինչպես ամերիկացիների, այնպես էլ ադրբեջանցիների համար, քանի որ Իրանը զգուշացրել է, որ համարժեք պատասխան կտա: Հասկանալի է, որ ամերիկացիները ստիպված են ապահովել իրենց «համաձայնության եղբայրների» անվտանգությունը: Իսկ ահա Ղարաբաղը կարելի է օգտագործել իբրև թռիչքահրապարակ»,- ասել է Վլադիմիր Զախարովը:
Զախարովյան վարկածներն ըստ ամենայնի կշարունակեն մնալ իբրև վարկած: Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս հազիվ թե լուրջ հաջողության հասնի` ամենուր խաղացնելով Արևմուտքի սպառնալիքի խրտվիլակը: Երբ «հանունը»-ը փոխարինվում է «ընդդեմ»-ով, համակիրների թիվը միշտ էլ կտրուկ նվազում է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Դարձյալ մի քանի էջ` Wikileaks-ից

24 Փտր

Wikileaks-յան թղթապանակների անսպառ պարունակությունից վերջին օրերին դուրս սպրդեցին ևս մի քանի գաղտնի էջեր, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում էին Հայաստանին ու մեր խնդիրներին: Կարելի է նաև ենթադրել, որ այդ փաստաթղթերի հրապարակումը հենց այս պահին` Սոչիում կայանալիք Ռուսաստանի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ, ոչ միայն պատահական չէր, այլև խիստ «օրինաչափ», միայն թե դրանից խնդրի էությունը քիչ է փոխվում, քանի որ արծարծվող հարցերը հենց նոր չծնվեցին, իսկ ընդհանուր դիրքորոշումներն ու գնահատականները դեռևս չեն կորցրել իրենց թարմությունը:
Թեև այս փաստաթղթերում երևույթներն ու իրադարձություններն արտացոլված են ամերիկյան տեսանկյունից, սակայն նշանակալին պետք է համարել տարածաշրջանային զարգացումների համատեքստում կողմերից յուրաքանչյուրի դերակատարությունը, որոնցում նախկինի պես գերազանցում է հակասությունների չափաբաժինը, ինչպես նաև Արևելք-Արևմուտք առանցքի շուրջ նախապատվելի կողմնորոշումներ որդեգրելու մրցակցությունը: Այդ իսկ պատճառով էլ դիվանագիտական գրիչն արձանագրել է նույնիսկ աննշան թվացող մանրամասներ`առաջնորդվելով այն ճշմարտությամբ, որ մեծ հետևանքների հիմնավորումները փնտրել է պետք փոքր շարժառիթների մեջ:
Գաղտնազերծված գրագրության մի հատվածի հեղինակը Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին է` պետքարտուղարությանը հասցեագրած իր զեկույցներով ու տեղեկատվությամբ: Դրանցից առավել հետաքրքրականը Դերսիի կոնֆիդենցիալ ճեպագիրն է, որ վերնագրված է. «Աջակցելով Իլհամին: Ինչպես համոզել Ադրբեջանին, որ դադարի վնասել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը»: Ճիշտ է, նշված հարցի պատասխանը դեսպանն այդպես էլ չի հնչեցնում, բայց փոխարենն ի հայտ է բերում հետաքրքիր եզրահանգումներ, որոնց ձևավորման գործում միայն սեփական դիտողականությունը քիչ պիտի լիներ: Այսպես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը պատերազմի միջոցով ետ վերցնելու Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, դեսպանը գրում է. «Շատ քիչ հավանական է, որ Ադրբեջանը, նույնիսկ մեծ ուշադրություն դարձնելով իր ռազմական ներուժի հզորացմանը, մոտ ապագայում կարողանա զարգացնել այնքան մեծ և սպառազինված ուժ, որը կկարողանա հաղթահարել տեղանքի այն առավելությունները, որն ունեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական և Հայաստանի բանակները»: Նման գնահատականն, անշուշտ, կառուցված է հնարավորությունների իրատեսական համադրությամբ, ինչպես նաև հաշվի են առնված երկրի ներսում առկա տրամադրությունները: Միևնույն ժամանակ չի կարելի չնկատել Վաշինգտոնի ակնհայտ բացասական վերաբերմունքը ուժ կիրառելու միջոցով հիմնահարցը հանգուցալուծելու տարբերակի հանդեպ, ինչը բոլորովին չի բխում Կովկասում ԱՄՆ շահերից:
Ճիշտ է, Wikileaks-ի հրապարակած փատաթղթերը գերազանցապես վերաբերում են 2009 թ. իրավիճակին, սակայն անցած ժամանակի մեջ քիչ բան է փոխվել ինչպես Բաքվի հռետորաբանության, այնպես էլ գործողությունների բնույթի իմաստով: Բացառություն են կազմում հայ-թուրքական հարաբերությունները, որոնք այժմ սառեցված են, բայց նույնիսկ հիշյալ հանգամանքի պարագայում կարևոր է մնում վերջինիս պահվածքը: Անդրադառնալով Երևան- Անկարա շփումներին և Բաքվի կողմից դրա հակազդեցությանը, ԱՄՆ դեսպանն նույն օրերին գրել է. «Բաքուն մեծապես վախեցած է հայերի վրա իր կարևորագույն լծակը՝ Թուրքիայի հետ փակ սահմանը կորցնելուց, և կարծում է, որ Սարգսյանն ավելի քիչ մոտիվացիա կունենա Բաքվի հետ բանակցելու հարցում, եթե բաց լինի հայ-թուրքական սահմանը: Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը, առանց Լեռնային Ղարաբաղի խնդրում որևէ բան կորզելու, Բաքվում դիտվում է որպես դավաճանություն»:
Թուրքիային սեփական քաղաքական նպատակների պատանդ դիտարկելու ադրբեջանական գործելաոճը նոր չէ, ինչպես որ հանրահայտ է Բաքվի բարեկամության ձևը` հավատարմություն շորթել` փոխարենը ոչինչ չտալով: Այս իմաստով Ադրբեջանը մշտապես դժգոհ է ամենքից և ամեն բանի համար: Ահա, օրինակ, ԱՄՆ դեսպանը պատմում է 2009 թ. Ալիևի հետ ունեցած իր մի հանդիպման մասին, որի ժամանակ Ալիևը կշտամբել էր ԱՄՆ–ին՝ ասելով, թե Սպիտակ տունը արհամարհում է Ադրբեջանի շահերը և հաշվի չի առնում, որ Վաշինգտոնին հետաքրքրող հարցերում Բաքուն միշտ ամերիկացիների կողքին է եղել։ Այս գանգատի շարժառիթներից մեկը մասնավորապես վերաբերել է նրան, թե իբր Ղարաբաղյան հարցը դուրս է մղվել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, և Միացյալ Նահանգները պատասխանատվության իր բաժինն ունի:
Սակայն այլ բան է այս կամ այն խնդրի առնչությամբ դժգոհություններ արտահայտելը, և բոլորովին այլ բան, թե Բաքուն իրականում ինչպես է տեսնում իր հարաբերությունները Արևմուտքի հետ: «Ալիևը կարծում է, որ Արևմուտքի հետ մերձեցումը դրական արդյունքներ չի տա՝ դատելով Ուկրաինայի ու Վրաստանի փորձից, որտեղ դա հանգեցրեց անկայունության, և Թուրքիայից, որտեղ արդյունքը եղավ շրջադարձը դեպի իսլամ»,- գրում է դեպանը, իսկ մեկ ուրիշ առիթով պետքարտուղարությանը հաղորդում է հետևյալը. «Ադրբեջանը համոզված չէ, որ Արևմուտքը հուսալի գործընկեր է։ Ավելին, Վրաստանի հետ պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվեց հօգուտ Ռուսաստանի, և այժմ Ռուսաստանն իրական հնարավորություններ ունի փոխելու վերջին 15 տարիների Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը»:
Իհարհե, ռուսներ դեռ չեն հասցրել վերաձևել Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորը, սակայն Բաքվի այս կտրուկ գունափոխությունը սոսկ ամերիկացիների պատվախնդրությունը չէ, որ պիտի խոցի: Անհուսալի գործընկերոջ (առավել ևս` դաշնակցի) համբավի ձևավորումը վաղ թե ուշ կունենա իր համարժեք վերաբերմունքը, և դա`արդեն ոչ միայն WikiLeaks-ի ջանքերով կամ զանազան կարգի գրագրությունների տեսքով, այլ շատ ավելի առարկայական ու ծանր արձագանքի ձևով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հարված գոտկատեղից ներքև

10 Փտր

Կարելի է վստահաբար ասել, որ փետրվարի առաջին տասնօրյակը այլ իրադարձություններով հանդերձ նշանավորվեց հատկապես Հայաստանի դեմ Wikileaks աղմկարար կայքէջի երկրորդ գրոհով: Ընդ որում, եթե առաջինի դեպքում հրապարակված փաստաթղթերը բովանդակային առումով առնչվում էին մեր երկրի արտաքին քաղաքական խնդիրներին, ապա այժմ թիրախը հանրապետության ներքին կյանքն էր, այն կյանքը, որի մասին ինքներս էլ շատ բաներ գիտենք, իսկ Wikileaks -ը եղածին հավելեց նոր մանրամասներ: Պետք է միանգամից ասել, որ սա այլ բան չէր, քան հարված գոտկատեղից ներքև, քանի որ եթե արտաքին աշխարհի հետ կապված մութ պատմությունները դեռ կարելի էր հերքել կամ ներկայացնել իբրև կողմնակի դիտորդի սուբյեկտիվ գնահատական, ապա ներքին կյանքում դա անելը շատ ավելի դժվար կլինի: Հատկանշական էր նաև այն, որ հայաստանյան թեման Wikileaks-ը որոշել էր վստահել իր գործընկեր Русский Репортер թերթին, և հենց վերջինս էլ հրապարկ հանեց մի շարք նոր գաղտնի փաստաթղթեր: Ընդհանուր առմամբ այս բացահայտումների խումբը ներկայացնում էր մեր երկրի վիճակը վերջին 4-5 տարիների ընթացքում: Ու թեև տարբեր աղբյուրներում խոսքը գնում էր առանձին վերցրած դեպքերի և իրադարձությունների մասին, սակայն արդյունքում ստացվում էր այն, ինչը կարելի է անվանել նույն բառակապակցությամբ, որը գործածել էին ամերիկացի դիվանագետները` «Բանդիտական Հայաստան»:
Ահա Երևանում ամերիկյան դեսպանատան գաղտնի նամակագրությունից մի էջ, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն իր մտահոգություններն է հայտնել երկրում գործազրկության պատճառով անչափահասների շրջանում մարմնավաճառության լայն տարածման վերաբերյալ: Ահա մեկ ուրիշը, որտեղ խոսքը է գնում թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին, և որոնց խնդրի առնչությամբ դեսպանը որոշում է քննարկում ունենալ ՀՀ Գլխավոր դատախազի հետ: Եվ ի՞նչ: Ըստ Էվանսի, դատախազը սկզբից փորձել է վիճարկել խնդրի իսկությունը, այնուհետ համաձայնել է գործով հետաքննություն սկսել, ինչն, իհարկե, չի սկսվել…
Մեկ այլ դիվանագետ`Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն իր հեռագրում անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական իրավիճակին, ինչն, ըստ նրա, ավելի է ծանրացել համաշխարհային տնտեսական ճգնաժամի և քաղաքական անկայունության հետևանքով ու արտագաղթի պատճառ հանդիսացել: Ասվում է, որ նույնիսկ միջին դասի ներկայացուցիչներն այլևս հույսեր չեն կապում Հայաստանի ապագայի հետ և չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն և բարգավաճող: 2008 թ. ապրիլին կազմված զեկուցագրի վերջում էլ նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը լքել է մոտ 1 միլիոն մարդ:
Wikileaks- յան շարքի ծանր մեղադրանքներից կարելի է համարել նորվեգական Aftenposten թերթի միջոցով հրապարակված նյութերը` ստացված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից, որտեղ ադրբեջանական պնդումներն են այն մասին, թե իբր որոշ բարձրաստիճան քաղաքական և իշխանական պաշտոնյաներ, ներառյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, անձնական շահույթներ ունեն այս առևտրից: Մեկ այլ «շահույթի» ամբաստանություն էլ օրերս բաժին հասավ Վարդան Այվազյանին, ով, ըստ Wikileaks-ի հրապարակման, բնապահպանության նախարար եղած ժամանակ 3 մլն դոլարի կաշառք է պահանջել «Global Gold Corporation» ընկերությունից: «Մի՞թե ես նման եմ ապուշի, ով կաշառք կվերցներ»,- դրանից հետո հայտարարեց Վ. Այվազյանը` մոռանալով, որ սովորաբար ոչ բոլոր կաշառակերներն են ապուշներ և դա լավագույն փաստարկը չէ ներկայացված մեղադրանքը հերքելու համար:
Գալով փաստաթղթերի այն խմբին, որ վերնագրված էր «Բանդիտական Երևան», նախ ասենք, որ այս ոչ այնքան գեղարվեստական ստեղծագործության հեղինակը Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է, ով հարկ էր համարել Վաշինգտոնի իր գործընկերներին պատմել 2008-ի հոկտեմբերին տեղի ունեցած մի շարք քրեական դեպքերի մասին` կատարված Սպիտակում, Երևանում, Ստեփանավանում, և այդքանով հանդերձ Հայաստանի հյուսիսն անվանել արյունոտ: Դեսպանն անկեղծորեն նշում էր, որ անօրինականությունը նոր բան չէ Հայաստանում, հատկապես քաղաքական, տնտեսական և քրեական ոլորտներում: Չէր մոռացել ընդգծել, որ սկսել են հաճախակի դառնալ հարկահանների ու մաքսավորների սպանությունները, և ապա ողջ իրավիճակի համատեքստում նոր երևույթ էր համարել դիվանագետների և օտարերկրացիների վրա հարձակումները:
Նոր երևույթների մասով շատ ավելի անսպասելի ու հետաքրքրական էր տեղեկությունն այն մասին, թե ինչպես են բրիտանական ընկերությունները մութ գործարքների մեջ մտնում իրանական կազմակերպությունների հետ`շրջանցելով պատժամիջոցների սահմանափակումները, և դրանց մասնակից են դարձնում նաև հայկական կողմին: Այդ մասին էր գրել «The Daily Telegraph»-ը` վկայակոչելով Wikileaks-ին: Ըստ այդ փաստաթղթերի՝ ընկերությունները ինքնաթիռներ են տրամադրել իրանական Mahan Air ավիաընկերությանը, սակայն դա արել են Ինդոնեզիայում գրանցված «Հայաստանի կապույտ ավիաուղիներ»` Blue Airways of Armenia ավիաընկերության միջոցով: Ինքնաթիռները տրամադրվել են հայերին, որոնք էլ իրենց հերթին դրանք փոխանցել են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորին: (Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ-ն Հայաստանին մեղադրում էր Իրանին բուլղարական զենք վաճառելու համար):
Նոր բացահայտումների չափաբաժինն, իհարկե, այսքանով չի ավարտվում: Սակայն եղածն էլ բավարար է մի որոշ ժամանակ հանրությանը զբաղեցնելու, նրա պահանջները բավարարելու իմաստով:
Բայց մինչ այդ Հայաստանում ամերիկյան դեսպանատունն իրեն ուղղված հարցումներին պատասխանեց, թե «Պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չունի», և ապա պարզաբանեց, որ այդ փաստաթղթերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում և առանձին վերցրած չեն կարող համարվել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ:
Հայաստանի պատկան մարմիններն էլ իրենց հերթին որոշեցին տուրք տալ փրկարար լռությանը: Այն հարցին, թե ԱԳՆ-ն ինչպես կմեկնաբանի եղածը, այդ գերատեսչության մամլո խոսնակը պատասխանել էր. «WikiLeaks-ի հրապարակումների մասով մեր վերաբերմունքը արտահայտվել է հանրապետության նախագահի խոսնակի կողմից` դեռ երկու ամիս առաջ»: Հիշեցնենք, որ նախագահի խոսնակն էլ իր հերթին ասել էր ընդամենը հետևյալը. «Ես ձեռնպահ եմ մնում այլ երկրի ներքին գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություններից»:
Իհարկե, փաստաթղթերն ուրիշինն են, բայց խնդիրներն էլ հո մե՞րն են…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երկու գլուխ` մի թավայի մեջ

4 Փտր

Երեկ իրանցիները նշում էին իրենց համար տխուր մի տարելից: Մամուլն այդ մասին հետևյալ բառերով էր վերհիշում. «…Երբ Մոհամմադ մարգարեի մահվան օրը հավատացյալ մարդիկ հավաքվել էին Ֆիզուլիի հրապարակում` սգալու իրենց կրոնական առաջնորդի մահը, Բաքվի ոստիկանները սիոնիստների նվիրած սպառազինությամբ դաժանաբար ցրեցին հավաքվածներին: Դա շիաների հանդեպ Ադրբեջանի կառավարության գործած ամենադաժան հանցագործությունն է»: Այն փաստը, որ մեկ տարվա վաղեմություն ունեցող և ոչ այնքան նշանակալի դեպքը կարող է իրանցիների հոգում այդպիսի նստվածք թողնել, վկայությունն է այն բանի, որ վերջիններիս հակակրանքը շատ ավելի խորը գնացող արմատներ ունի:
Իր հերթին Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը փետրվարի 2-ին ակցիա իրականացրեց Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջև: Մասնակիցները նամակ հանձնեցին դեսպանատանը՝ պահանջելով «չխառնվել հարևան երկրի ներքին գործերին»: Նրանք նաև հանդես եկան հակաադրբեջանական քարոզչության դեմ, որն իբր տարվում է «Սահար-2» հեռուստաալիքի կողմից: Նույն օրը երկրի խորհրդարանում արդեն պահանջներ էին հնչում անհապաղ դադարեցնել «Սահար»-ի հեռարձակումն Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև արգելափակել նույնանուն կայքէջը:
Ադրբեջանցի պատգամավորին մասնավորապես զայրացրել էր այն փաստը, որ «Սահար»-ը Ադրբեջանում հեջաբի արգելման համար բողոքի ցույցերի և կուսակցական գործիչների ձերբակալության մասին տեսանյութեր էր հեռարձակել: Իհարկե, Միլլի Մեջլիսի անդամները ոչ մի բառ չասացին այն մասին, որ ադրբեջանական «ATV» և «Gunaz TV» հեռուստաալիքների կողմից հեռարձակվող հակաիրանական հաղորդումների հեղեղը վաղուց է լցրել իրանցիների համբերության բաժակը, բայց դրա փոխարեն երկար-բարակ խոսեցին Թեհրանի և Երևանի աններելի բարեկամության մասին, հիշեցին Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը ու Հայաստանին աջակցելը համարեցին «բաց աջակցություն օկուպանտ երկրին»: Պատգամավորներից մեկն էլ իր երկրի քաղաքացիներին կոչ արեց չմեկնել Իրան, քանի որ այդ երկրի իսլամական ռեժիմը վարում է Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքականություն: Բայց մեկ այլ, այսանգամ քաղաքական դրդապատճառ էլ եղածին գումարեց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը, որը հանդես եկավ Իրանի հետ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման դեմ: Նրա կարծիքով, ադրբեջանցիների ազատ ելումուտն Իրան կարող է հանգեցնել Ադրբեջան իսլամական հեղափոխություն արտահանելու փորձի: Այս տեսակետն անմիջապես ստվեր նետեց նախկինում շրջանառվող այն մտավախության վրա, թե իբր Իրանի իշխանությունների`վիզային ռեժիմի փոփոխություն պահանջելու իմաստը կայանում է թմրանյութերի արտահանման մեջ:
Զայրույթի չափաբաժինը դեռ չի սպառվել: Այսօր Անկարայում Իրանի դեսպանատան առջև կկայանա ադրբեջանցիների հերթական ակցիան: Ցույցի մասնակիցները մտադիր են կրկնել հին կարգախոսները` Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին խառնվելը, Հայաստանին աջակցելը, իրանական ադրբեջանցիների նկատմամբ տարվող քաղաքականությունը և նման բաներ: Վիրավորված ադրբեջանցիները հանկարծ հիշեցին նաև, որ տարիներ առաջ իրանական կործանիչները խախտել էին Ադրբեջանի օդային տարածքը, սակայն այդ տարածքում Թուրքիայի կործանիչների ի հայտ գալուն պես ետ էին քաշվել:
Փոխադարձ խայթոցների այս ֆոնի վրա որոշ վերլուծաբաններ այնուամենայնիվ փորձում են հասկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ իսլամական պետություն հանդիսացող Իրանը օժանդակում է հայերին, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ կրոնական նորմ հաշվի չի առնում: Եվ մեղավորների որոնումը անմիջապես նոր զոհեր է գտնում: Այս անգամ էլ Բաքվի աչքի փուշն է դարձել Ադրբեջանում Իսլամական կենտրոնի գործունեությունը, որն ըստ նրանց, իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է հրահրում: Ելքն, ինչպես միշտ, նույնն է. անհրաժեշտ է հաշվետվություն պահանջել այդ կազմակերպության գործունեության վերաբերյալ և կասեցնել նրա աշխատանքները: «Բաքուն պետք է արձագանքի Իրանում ծավալված հակաադրբեջանական գործողություններին, այլապես այն կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ադրբեջանի համար»,- այս օրերին մեկը մյուսի ետևից գրում են տեղի թերթերը:
Ինչ խոսք, այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» իրենց հայրենակիցների իրավունքների ոտնահարման փաստերը բաքվեցիների համար մի առանձին թեմա են: Բայց արի ու տես, ինչպես իրավացիորեն նկատում է ադրբեջանցի քաղաքագետ Պարվին Դարաբադին, «Ադրբեջանի կողմից էմոցիանալ հայտարարությունները Իրանին չեն վախեցնի և վերջինիս չի փոխի իր քաղաքականությունը: Ադրբեջանը պետք է սա գիտակցի ու անհրաժեշտ քայլերի դիմի»: Սակայն որո՞նք են այդ քայլերը: Մի՞թե խոսքն այնպիսի գործողությունների մասին է, ինչպիսին վերջերս բացահայտեց հանրահայտ Wikileaks կայքէջը` հրապարակելով մի հեռագիր, որտեղ ամերիկացի դիվանագետը 2010-ի փետրվարին Վաշինգտոնին տեղեկացնում էր, թե նախագահ Ալիևը հայտարարել է, որ աջակցում է Իրանի տնտեսական մեկուսացմանը և կարծում է, որ դա կարող է արդյունավետ լինել, եթե իրականացվի լայն կոալիցիայով: Արդյո՞ք Թեհրանն իր հերթին երբևէ կների հարևանի նմանօրինակ դավաճանությունը:
Ասվածին կարող ենք գումարել նաև Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի մտադրությունը՝ ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, դեռ պահպանում է իր արդիականությունը, իսկ այդ ուղղությամբ Վաշինգտոնի ու Բաքվի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանական տարածքը որպես ռազմական պոլիգոն օգտագործել: «Ընդ որում, Բաքուն ամեն ինչ գաղտնի է անում»,- նշել էր Զախարովը: Ահա այսպիսի բաներ:
Մենք, իհարկե, չենք բացառում այն հնարավորությունը, որ որոշ գերտերություններ ամեն ինչ անում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները փչացնելու համար: Սակայն տեսնում ենք նաև, որ Իրանն ու Ադրբեջանն իրենց հերթին առանձնապես ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ կապերն ամուր ու անխաթար պահպանելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Wikileaks և Հայաստան

6 Դկտ

Երբ Wikileaks կայքէջն իր աննախադեպ բացահայտումներով ու գաղտնազերծումներով մի գիշերվա մեջ պղտորեց մոլորակի արյունը, առաջին պահին Հայաստանի իշխանությունները բոլորովին պատրաստ չէին պարզաբանել կամ գոնե ինչ-որ կերպ արձագանքել այդ փաստին: Նախագահի մամլո քարտուղարն իրենց լռությունը պատճառաբանեց այն հանգամանքով, թե սկզբունքորեն չեն մեկնաբանում այլ պետության դիվանագիտական գրագրությունը: Նույն օրինակով պատասխաններ հնչեցնելուց հրաժարվեցին նաև պաշտպանության նախարարությունը, արտգործնախարարությունը: Թերևս նրանք ճիշտ վարվեցին ներկա կացության մեջ, երբ հաստատել կամ հերքելը հավասարապես անհետևանք չէր մնալու, իսկ մի փոքր սպասելը և ժամանակի փոփոխությունների մեջ կողմնորոշվելը ոչ մեկին չէր խանգարի:
Բայց այդ սպասումն իր հետ մեկ այլ հետևանք էլ բերեց` վստահությունն այն ամենի նկատմամբ, ինչ ասվում էր Wikileaks-ի հրապարակած թղթերում: Որքան էլ ընդունենք, որ Հայաստանին վերաբերող տեղեկություններն անհամեմատ քիչ էին, այնուամենայնիվ դրանք ի զորու էին ձևավորել պատկերացումների այն նվազագույն շրջանակը, ինչը թույլ պիտի տար հետևություններ անել մի շարք կարևոր դեպքերի ու իրավիճակների մասին: Իսկ նման տեղեկություններ կային մեր բոլոր հարևանների ու նրանց հետ մեր առնչությունների մասին:
Առաջին հերթին ուշադրության կենտրոնում հայտնվեցին Վաշինգտոնի այն մեղադրանքները, համաձայն որոնց 2003 թվականին Հայաստանն իբրև թե նպաստել էր Իրանի կողմից հրթիռների և գնդացիրների ձեռք բերմանը, ինչի համար քիչ էր մնում, որ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեին: Հայաստանն այդ փաստը հերքել էր, և պետք է կարծել, որ հերքումը եղել է հիմնավորված: Նախ դրա օգտին է խոսում այն հանգամանքը, որ ոչ մի պատժամիջոց էլ կյանքի չկոչվեց, իսկ հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը օրերս ներողություն հայցելու պես մի ելույթ արտասանեց, որի իմաստն այն էր, թե չնայած Wikileaks-ի աղմկահարույց բացահայտումներին, Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդվել:
Հաջորդ խնդրահարույց թեման վրացականն էր: Մեզ համար մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ «եղբայրական» Վրաստանը բնավ էլ ավելի լավը չէ, քան, ասենք, Թուրքիան կամ Ադրբեջանը, իսկ ասվածի հավելյալ ապացույցները տվեցին ամերիկացի դիվանագետները`պատմելով 2008-ի օգոստոսյան պատերազմի ողջ ընթացքում պաշտոնական Թբիլիսիի գործելակերպի մասին, որ նախ օրեր շարունակ անպատասխան էր թողնում Երևանի բոլոր զանգերն ու դիմումները, ապա Բաթումից ու Փոթիից դեպի Հայաստան բեռնափոխադրումների սակագները միանգամից եռապատկեց (Ադրբեջանինը` ոչ): «Գների նման բարձրացումը հայաստանցի ներկրողների կողմից ընկալվել է որպես Թբիլիսիում կայացված քաղաքական որոշում»,- ասված էր Դեպարտամենտի տեղեկագրում: Իսկ դրա փոխարեն, ըստ նույն աղբյուրի, «Հայաստանի կառավարությունը խուսափում է Վրաստանի հասցեին ցանկացած բացասական հրապարակային հայտարարությունից: Եթե նման հայտարարություն այնուհանդերձ հնչեցվի, Ջավախքի հայության արձագանքը կարող է շատ վտանգավոր լինել Վրաստանի համար»:
Երբևէ Հայաստանի իշխանությունները առիթ կունենան մտորելու այն մասին, թե արդյո՞ք ճիշտ էին վարվել` թաքցնելով իրողությունը: Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ նման ճշմարտությունները եզակի չեն, և վաղ թե ուշ համբերության բաժակը կլցվի:
Իսկ ահա Թուրքիայի մասին գաղտնազերծված ճշմարտություններն այնքան էլ նոր չէին մեզ համար: Wikileaks –ի օգնությամբ ընդամենը վերահաստատվեց, որ թուրքական կառավարությունը հայ-թուրքական արձանագրությունները օգտագործել է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները կասեցնելու, ղարաբաղյան հարցում պրոադրբեջանական լուծումներ կորզելու համար: Միայն թե լրացուցիչ այլ փաստաթղթեր կարող են արմատապես փոխել Անկարայի ու Բաքվի հարաբերությունների ջերմության աստիճանը: Դրան նպաստող փաստարկներից են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցները ամերիկացի պաշտոնյաների հետ, որտեղ Ալիևը թուրքական կառավարության հասցեին բավականին խիստ արտահայտություններ է թույլ տվել, իսկ մի առիթով էլ խոստովանել է, թե Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր է կնքել, որպեսզի թույլ չտա Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն։ Հիմա դրանք Անկարայում շատ ուշադիր ուսումնասիրելու են։ Իսկ արդեն տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում այլևս նախկինի նման հակված չեն կարչած մնալ Բաքվի նազուտուզից:
Գալով բուն Ղարաբաղի հարցին, ուշագրավ պիտի համարել այս տարվա փետրվարին 25-ին Ալիևի հետ ամերիկացի պաշտոնյայի ունեցած զրույցի մանրամասն վերաշարադրումը: Ալիևն այնտեղ ասել է, որ պատրաստ է Մինսկի խմբի ձևաչափով առաջ շարժվել, սակայն լրացուցիչ ճնշումներ է պետք գործադրել Հայասանի նկատմամբ, ապա հավելել է, թե Սոչիում ՌԴ նախագահ Մեդվեդևը փորձել է համոզել Սարգսյանին, որ բեկումնային առաջընթացի հասնեն, սակայն Մոսկվայի կողմից այդքան ճնշումներից ու Լավրովի երևանյան այցից հետո էլ հայերը ոչ միայն հակադրվում են առաջընթացին, այլև հրաժարվում են ավելի վաղ համաձայնեցված կետերից:
Ոչ պակաս հետաքրքրական է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տեղեկանքում արված երկու կարճառոտ նշումները` կապված հայկական ուժերի` Ղարաբաղին հարող տարածքներից դուրս բերման հետ: Այնտեղ գրված է, որ դա «ամերիկյան կողմի դիրքորոշումը չէ», և «ամերիկյան վարչակազմը այս դիրքորոշումը չի պաշտպանում»:
Իբրև WikiLeaks-ի դոսյեի հայկական թեմատիկայի բաղկացուցիչներ, նշենք նաև պատմությունն այն մասին, թե ինչպես է ՌԴ պաշտպանության նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջը երկու շիշ օղու դիմաց վստահել հայերին զենք վաճառելու մասին գաղտնիքը, և, իհարկե, Վրաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրություններն առ այն, թե իբր Ռուսաստանը ֆինանսավորել է ջավախքահայերին` այդ տարածքում էթնիկ բախումներ հրահրելու նպատակով: Սակայն Wikileaks-ի թղթապանակն առավել քան հարուստ է, և հազիվ թե վերջինս որոշած լինի հետագայում ևս խնայել մեզ: 250 հազարի հասնող գաղտնի փաստաթղթերի մեջ անկասկած ի հայտ կգան նորանոր «հայաշունչ» տեղեկություններ: Երևանում արդեն խոսում են այն մասին, որ եթե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից դուրս եկած փաստաթղթերը հրապարակվեն, դա կարող են շատ ու շատ նոր բաներ պարզել: Ասում են, որ 1700-ից ավելի փաստաթուղթ կա, որոնցից ընդամենը 400-ն է գաղտնազերծվել: Ակնարկում են այն մասին, թե նորերի մեջ ոչ միայն մարտի 1-ի հետ կապված, այլև, այսպես կոչված, «Պզոյի գործով» սենսացիոն տեղեկություններ են լինելու:
Ապագայի հետ առնչվող ենթադրությունները թողնելով ապագային և նաև ըմբռնելով, որ բազմաթիվ դեպքերում արտաքին քաղաքականության նախնական գնահատականները չեն կարող դիտարկվել որպես ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշում, այնուհանդերձ նկատենք, որ տվյալ պարագայում մեր չհիմնավորված հանգստությունն այնքան էլ տեղին չէ: Ճիշտ է, անլրջություն կդիտվի քաղաքական ուղենիշները գծելիս առաջնորդվել բացառապես Wikileaks-ով, սակայն դրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ, որ նման տեղեկատվության արտահոսքը երկրների նկատմամբ ճնշումներ գործադրելու պոտենցյալ հիմք կարող է դառնալ, քանի որ դրանք մյուս կողմին դրդելու են միանգամայն այլ որոշումների կայացմանը, իսկ սա արդեն դժվարին կացության նախանշան է: Պատահական չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Հայաստանին վերաբերող փաստաթղթերը «չափազանց անհանգստացնող» է անվանել։ Բայց անհանգստություն` մեզ համար, այլ ոչ թե Ադամ Շիֆի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: