Tag Archives: բանտարկյալ

ԴԻԼԻՋԱՆԻ ԱՂԵՏԸ

28 Օգս

Եղանակի կտրուկ փոփոխությունները, բնության անոմալ երևույթները մեր օրերում պայմանավորում են գլոբալ տաքացումներով: Իսկ 1927 թվականին Հայաստանում ոչ ոք չէր խոսում դրա մասին: Եվ երբ օգոստոսյան մի խաղաղ օր ահավոր փոթորիկը ասպատակեց Հայաստանով մեկ՝ Երևանից մինչև Իջևան՝ իր թիկունքում թողնելով ավերածություններ ու զոհեր, այն ժամանակ քչերին էր մտագոհում դրա առաջացման պատճառները: Մայրաքաղաքը, Ներքին Ախտան, Ծաղկաձորը, Քարվանսարան, Սևանը մեծապես տուժել էին վերահաս աղետից: Բայց այն, ինչ այդ օրը կատարվել էր Դիլիջանում, վեր էր բոլոր պատկերացումներից:դիլիջան-ընդհանուր տեսք, 1932
1927 թ. օգոստոսի 16-ին Դիլիջանում խաղաղ, հաճելի օր էր: Քաղաքը լի էր հանգստացողներով, մարդիկ վայելում էին զով եղանակն ու գեղեցիկ բնությունը, երբ կեսօրից հետո՝ ժամը 13-ի սահմաններում սկսեց անձրևել: Հետո հանկարծ քամին ուժգնացավ, կարճ ժամանակում վերածվեց իսկական մրրիկի և դրան գումարվեցին ուժգին տեղատարափն ու հեղեղը: Լեռնալանջերից հոսող պղտոր ջրերը իսկույն ողողոցին Հին ու Նոր Դիլիջանների փողոցները՝ իրենց հետ ներքև բերելով հսկայական քարաբեկորներ, 50-60 փթանոց ժայռեր: Քաղաքամիջով հոսող գետը դուրս եկավ ափերից: Այնպես էր ստացվել, որ այդ ժամանակ գետափին դարսված էին շուրջ 4000 գերաններ: Հեղեղը դրանք նետեց գետը, ջրերի հետ հոսելով սրանք խցանեցին կամուրջը, ալիքները բախվեցին խոչընդոտին, հորձանք տվեցին ու բարձրացան: Այլևս փրկություն չկար:
Բարձրացող ջրերը հաշված րոպեների ընթացքում ողողեցին քաղաքը: Առաջինը ջրի տակ անցան առափնյա տները, միլիցիայի պահակակետն ու բանտը: Տեսնելով, որ այլ ելք չկա, օրենքի պաշտպանները բացեցին կալանավայրի դռները և շուրջ 50 բանտարկյալների վերջին պահին փրկեցին անխուսափելի մահից: Հետո արդեն նրանք միասին՝ միլիցիոներ ու կալանավոր, նետվեցին ազատելու բնակիչներին: Այս անձնազոհ մարդիկ բարձրանում էին տների կտուրները, անցք էին բացում այնտեղ ու բնակիչներին մեկ առ մեկ տանիք էին հանում: Հեղեղի առաջին ժամերին այդպես հաջողվեց փրկել ավելի քան 40 դիլիջանցու:դիլիջան-32
Խուճապը, տագնապը, հուզմունքը միաձուլվել էին իրար: Մի տեղ մարդիկ արցունքներն աչքերին՝ համբուրում էին իրենց փրկարարների ձեռքերը, մի այլ կետում անհավասար պայքար էր ընթանում անզուսպ տարերքի դեմ: Պատմում են, որ ալիքները մի տնից քշել-տարել էին մի 10 տարեկան աղջկա, որ անհույս կերպով թպրտում է ալիքների մեջ: Եվ ահա բնակիչներից մեկը` Համբարձում Վարդանյանը, տալով պարանի մի ծայրը ընկերոջը և մյուս ծայրը պահելով իր ձեռքին` նետվում է հեղեղի մեջ ու ազատում է աղջկան: Խոսում էին նաև մի գյուղացու մասին, որը ջրի հոսանքից իր ձիերն ազատելիս նկատել էր խեղդվող երեխայի, թողել էր ձիերը և ազատել փոքրիկին: Սակայն մարդկային զոհեր այնուամենայնիվ կային: Թերթերը գրեցին, որ խեղդվել են 3 երեխա, մի ծերունի` ռուսական Դոլովի գյուղից, ինչպես նաև գետից դուրս էին բերել մի անճանաչելի դարձած դիակ:
Երբ մի քանի ժամ անց մրրիկը հանդարտվեց, Դիլիջանն ու շրջակայքը մարտադաշտի էին նման: Ավելի ուշ այստեղ ժամանած հատուկ հանձնաժողովը պիտի արձանագրեր, որ վնասված ու քանդված էին 63 տուն և 20 խանութ: Անօթևան էին մնացել 52 ընտանիք: Շարքից դուրս էր եկել տեղի աղյուսի գործարանի վառարանը, 80000 աղյուսներ, սղոցարանից հեղեղը քշել- տարել էր ամեն բան, վնասված էին էլեկտրակայանը, երկու ջրմուղները, բանջարանոցներ և այգիներ: Սպանվել էին մեծ թվով եղջերավոր անասուններ: Ջուրը լցվել էր ներքնահարկերն ու պահեստները, և քաղաքում հացի տագնապ էր ստեղծվել, տները լցված էին տիղմ ու ավազով: Քանդվել էին մի քանի կամուրջներ, լուրջ վնասներ էր կրել քաղաք եկող խճուղին, Դիլիջանի գլխավոր փողոցը: Իսկ դրանց վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերը հնարավոր էր բերել միայն Թիֆլիսից:
Ըստ նախնական հաշվարկների, հեղեղի վնասները կազմել էին շուրջ կես միլիոն ռուբլի, որն այն ժամանակների համար խոշոր գումար էր: Առանձնապես տուժել էր աղքատ բնակչությունը, որոնք ապրում էին նկուղային հարկերում: Սակայն ոչ աղետի և ոչ էլ դրան հաջորդած օրերի ընթացքում քաղաքում թալանի ու կողոպուտի ոչ մի դեպք չգրանցվեց: Ընդհակառակը, մարդիկ համերաշխորեն ձեռնամուխ եղան հետևանքների վերացման աշխատանքներին: Ներգրավվեցին 15-42 տարեկան բոլոր բնակիչները: Այդ աշխատանքներին մասնակցում էին նաև Կարմի խաչը և Հայաստանի օգնության կոմիտեն: Աղստև գետի երկայնքով հատուկ խմբերը շրջապատից հավաքվում էին բոլոր իրերը, վերադարձնում իրենց տերերին:d5a4d5abd5acd5abd5bbd5a1d5b6-d5b0d5a1d5b6d5a3d5bdd5bfd5b5d5a1d5b6-d5bfd5b8d682d5b6-1932
Ամառային ակումբի մոտ հողը խոշոր ճեղքված էր տվել: Տեղ հասած մասնագետները ուսումնասիրեցին վայրը և առաջարկեցին բնակիչներին անմիջապես տարհանել: Նրանցից մեկը նույնիսկ խորհուրդ տվեց քաղաքի այդ հատվածն ընդհանրապես քանդել:
Ի դեպ, կալանավորների մասին: Դիլիջանի գավգործկոմը դիմել էր Հայկենտգործկոմին, որ Դիլիջանի ուղղիչ տան կալանավորներից մի մասին, որ մասնակցել էր փրկարարական աշխատանքներին, ազատի կալանքից: Այս առթիվ Հայկենտգործկոմը որոշել էր վաղաժամ կալանքից ազատել այն կալանավորներին, որոնք կրել են ոչ պակաս, քան դատավճռով սահմանված պատժի երկու երրորդը:
Այդ օրերին Հայաստանում էր գտնվում Լենինգրադի աստղադիտարանի աշխատակից, ֆիզիկոս Պոպովը, ով Արագածի վրա կառուցվելիք դիտակետի նախապատրաստական աշխատանքներն էր համակարգում: Վերջինս օգոստոսի 16-ի տարերքի մասին հետևյալն էր ասել. «Այդ փոթորիկը ցիկլոնի բնույթ չէր կրում: Ըստ երևույթին դա տեղային քամիներից էր, վայրկյանում մոտ 25 մետր արագությամբ, ինչը քիչ անգամ է պատահում: Քամին հարավային ուղղությամբ էր և կարելի է եզրակացնել, որ Արարատից էր փչում»:
Շատերի հետ նույն օրերին Դիլիջան մեկնեց նաև «Հայկինոյի» ստեղծագործական խումբը՝ տեղում նկարահանումներ կատարելու համար: Արդյունքում նույն տարի էկրան բարձրացավ 9 րոպե տևողությամբ «Դիլիջանի հեղեղը» վավերագրական ֆիլմը: Դրա օպերատորն էր Գ. Բեկնազարյանը (Գարոշ), իսկ ռեժիսորը՝ Ա. Դանիելյանը: Աղետը դարձավ ոչ միայն հիշողություն, այլև պատմություն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆdilijan