Tag Archives: Մինաս Ավետիսյան

ՄԻՆԱՍԸ ԵՎ ԼԵՀՈՒՀԻՆ

14 Դկտ

1967 թվականին Հայաստան էր այցելել լեհ կինոաստղ Լյուցինա Վիննիցկան: Այդ օրերին նա հյուրընկալվում է Մինաս Ավետիսյանի արվեստանոցում և Մինասը նկարում է դերասանուհուն: Կտավը, բնականաբար, Վիննիցկան տանում է իր հետ: Ամենայն հավանականությամբ դիմանկարն այժմ էլ Լեհաստանում է: Ցավալի է, որ մենք չունենք դրա գոնե վերատպությունը: Տեսնես հնարավո՞ր է գտնել կտավի հետքերը:

Հին թերթերում պահպանվել է մի խունացած լուսանկար: Նստած է լեհուհին, իսկ նրա թիկունքում երևում է Մինասի աշխատանքը:

ՄԻՆԱՍԸ՝ ԻՐ ՀՈՐ ՄԱՍԻՆ

28 Օգս

«…Հիշում եմ, ցուցահանդեսս էինք նայում: Գյուղից հայրս էլ էր եկել: Շրջեց, նայեց ու դարձավ ինձ. «Իսոր համա՞ր էիր ինձ կանչել»: Ինձ թվում էր՝ պետք է ուրախանար, որ իր դիմանկարն էլ էր ցուցադրվում, բայց…

Մեծ արժանապատվության տեր մարդ է: Սարյանն էլ էր այնտեղ: Հորս տեսավ, հասակակիցներ էին, և սկսեց հետը խոսել, իրեն հատուկ չարաճճիությամբ կատակել. «Մասիսը մյուս կողմից տեսե՞լ ես»: «Հա, մի անգա,»: «Ե՞րբ»: «Տասնհինգ թվին, աբոզ էի գնացել», և հանգիստ շարունակեց, կարծես Սարյանը չէր հետը խոսողը: Երբեք չէր ընկճվում»:

ՄԻՆԱՍԻ ՆԿԱՐԸ՝ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

24 Օգս

Ժամանակին Մոսկվայում գտնվող Գրողների միության սրճարանը առանձնահատուկ էր նրանով, որ այդ հաստատության պատերը ողողված էին զանազան պատկերներով, գրառումներով, ստորագրություններով, բանաստեղծական տողերով: Սրճարան մտնող յուրաքանչյուր նշանավոր դեմք իրենից հիշատակ էր թողնում հենց պատի վրա:

1970 թվականին այստեղ է գալիս Մինաս Ավետիսյանը: Նրան առաջարկում են որևէ անկյունում իր այցելությունը փաստող գրառում անել: Սկզբում Մինասն ասում է, որ չի կարող, քանի որ ներկեր ու վրձին չունի: Բայց նույն պահին սրճարանում հավաքվածները գտնում-բերում են անհրաժեշտ պարագաները: Եվ սրճարանի մուտքից դեպի ձախ, պատի վրա Մինասը նկարում է հայկական բնանկար ու իր դիմանկարը:

Ես չգիտեմ՝ այսօր այդ նկարը պահպանվու՞մ է, թե՞ ոչ: Սակայն, բարեբախտաբար, կա այն ժամանակներից մնացած մի լուսանկար, որն էլ ներկայացնում եմ ձեզ: