Պահոց | 7:25 ա.

ԱՆՊԱՏՃԱՌ ՀՈՒՇԸ

16 Նյմ

Հիշելն ու չմոռանալը տարբեր բաներ են: Հիշելն ինքնաբերաբար է, չմոռանալու մեջ ճիգ կա:
Հիշողության իրավունքը լինելն է: Մնացածը քո ընտրությունն է: Մեկին կհիշես, մյուսին կմոռանաս, երրորդին կպահես մտքիդ մեջ, չորրորդի մասին քեզ կհուշեն: Եվ դրանցից ամեն մեկն իր պատճառը կունենա, որովհետև հիշողությունն ամեն բանի համաձայն է, բացի անպատճառ լինելուց:
Ու եթե մի օր հանկարծ բացորոշես, որ քո բոլոր հուշերն ու հիշատակները ասեղված են միևնույն թելով, իմացիր, որ դա քո դերձանն է: Քո հիշողության մեջ դու պահպանում ես քեզ կամ կորցնում ես քեզ: Եթե այնտեղ կան ուրիշները, ապա կան միայն նրա համար, որ քեզ հետ են եղել: Նրանց բացառելիս դու նախ ինքդ քեզ ես հերքելու:

Հովիկ Չարխչյանmemory