Tag Archives: Դանիել Վարուժան

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

11 Հնս

ԿԱԿԱՉՆԵՐ

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։

Անոնք այնչափ բռնկեր են, որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն։

Քույր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին։

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։
Պիտի իրենց բաժակներեն հակնթյա
Խմենք խոստումը Գարնան։

Քաղե՛, քույր իմ, կակաչ չէ՛, բոց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի։

Ծաղկեր, ծաղկեր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն։

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին։2404142002_1478711722

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

20 Ապր

Հայը պիտի ապրի, հակառակ դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին: Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար: Այս է մեր բոլորիս հույսը, հույս մը, զոր մուրճով կռեցինք, ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը, որ նպատակին կդիմեր օդին և արևին մեջ երգելով: hqdefault

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒՆ

23 Օգս

1907, ապրիլ- մայիս, Գենտ

Սիրելի  maman

Երբ մոտեցավ մեկնելուդ ժամը, իմ զգացողությունը ինձ արդեն հեռացրել էր քեզնից։ Լուսամուտից ես տեսա, թե ինչպես դու կառք նստեցիր։ Սիրտս  ուժգնորեն բաբախում էր, կուլ էի տալիս արցունքներս։ Քո մեկնումի պատճառած սարսուռը ավելի ուժգին էր, քան երբ առաջին անգամ տեսա քեզ։ Բավական է, որ ես մտածեմ քո մասին և անմիջապես զգում եմ դատարկություն տանը և սրտումս։ Երկրորդ անգամ է, որ կորցնում եմ մի maman, որի հիշատակը ակնածանքով կպահեմ իմ ջերմեռանդ հոգում, այնպես, ինչպես պահում են սրբապատկերը աղոթագրքում։ Հաճախ, անհանգստությունից և բանաստեղծական ցնորքից խոովահույգ, կարծես լսում եմ քո թույլ ձայնը և միալար հազը, որոնք ինձ հիշեցնում են քո տառապանքը և տանջում հոգիս:

Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, արդյոք նա բուժվե՞լ է, արդյոք գթության քույրերը կկարողանա՞ն նրան բուժել։ Հարցնում եմ և քո անվան շողերով լցված, տենդորեն դուրս եմ գալիս և անցնում տիկ. Wohens-ի մոտ, քո մասին լուրեր իմանալու և իմ նորություները հաղորդելու, որ նա քեզ հայտնի։

 Հարգանոք՝ Դանիել Վարուժան:hqdefault

ԱՆՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

13 Ապր

ՇԻՐՎԱՆԶԱԴԵՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ

«… Ես գրել էի մի հայ բանաստեղծի մի ոտանավորի մասին, որի հեղինակը հրճվանքով պատմում է, թե ինչպես նա իր տասներեք տարեկան ազգականուհու հոգին բռնաբարել է և մարմինը գերեզման ուղարկել:
Երեկ իմ բարեկամներից մեկի ցուցմունքով կարդացի մի ուրիշ հայ «բանաստեղծի» մի ավելի զազրելի ոտանավոր: Այդ «բանաստեղծի» անունն է Դանիել Վարուժան, ոտանավորի վերնագիրը «Ով Լալագե…»: Տպված է այդ կեղտոտ ոտանավորը նույն «Գեղարվեստ» հանդեսի նույն համարում:
Դատեցեք ինքներդ: Մեր բանաստեղծը պատմում է, թե ինչպես ինքը մի օր իր հղի կնոջ հետ մտնում է մի այգի այգեկութի ժամանակ: Այգում աշխատում են եթովպացի կանայք կիսամերկ, «ծիծերն ի վար գոգին մեջ»: Տեսնում է նրանց թե չէ, իսկույն գրգռվում է: Գոնե ինքն այսպես է երգում.
«Ես ունեցա ընդվզումներ արյունի.
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Բեղմնավորել ինձ մերձացող ամեն հունտ…
Այսինքն, հասարակ մահկանացուներիս լեզվով ասած, «հայ բանաստեղծը» ցանկություն է ունենում սեռական հարաբերություն ունենալ բոլոր եթովպուհիների հետ, որոնց, «պորտին տակը» այնպիսի բանաստեղծական էքստազի է բերում նրան, որ մոռանում է անգամ իր հղի կնոջ ներկայությունը: Եվ ահա այն միջոցին, երբ հղի կինը զբաղված է նուռը քաղելով և ուտելով, մեր երևելի բանաստեղծը մի եթովպուհու…
Համբուրեցի… բռնած հընդիկ մազերեն,
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կրծքին
Ու հեշտաբուռըն շրթերով, Լալագե,
Համբուրեցի…
Եվ այլն:
Դա արդեն պոռնկագրություն չէ, այլ կատարյալ պոռնկություն: Եվ ահա Դանիել Վարուժանի պես էրոտոմանները մեզ իրանց պոռնկության նմուշները ծախում են բանաստեղծության տեղ և «Գեղարվեստ»-ի նման մի հանդես այդ նմուշները օրը ցերեկով թավազա է անում մեզ: Ոհ, մարդու փսխանքն է գալիս այդ տեսակ գռեհիկ, կոպիտ, ամոթից ու ամենատարրական ճաշակից զուրկ «բանաստեղծների» գործերը կարդալիս:
Խեղճ հայ ընթերցող:
Ես գնահատում եմ «Գեղարվեստ» հանդեսը, հավանում եմ նրա նկարները, սիրում եմ խմբագրի եռանդը և անկեղծ ցանկությունը ծառայելու իր հայրենակիցների մեջ գեղեցիկի ճաշակը զարգացնելու գործին, բայց չեմ կարող իմ նողկանքը չհայտնել, որ շատ գեղեցիկ էջերի հետ նրա համակրելի հանդեսի մեջ կան և լինում են և այնպիսի աղտոտ էջեր, որպիսին է «Ով Լալագե…»:
Կցանկանայի, որ պ. Գ. Լևոնյանը չենթարկվեր մի խումբ տգետ, անճաշակ արևելյան կեղտը՝ իդեալական սիրո և գորտերի կռկռոցը սոխակի դայլայլի տեղ ընդունող ասիացիների խրախուսանքին…»: