ՇԻՐԱԶԻ ՊԱՏՌՎԱԾ ՊԱՏԳԱՄԸ

27 Ապր

Երկար տարիներ մեր տանը թանկ մասունքի պես պահում եմ մի ծրար, որի ներսում պատառոտված թղթի կտորներ են: Իսկ այդ պատառիկների վրա Հովհաննես Շիրազի ձեռագիրն է…

14 տարեկան էի: Հանդիպում էր Շիրազի հետ: Մինչ ներկաներից ոմանք ելույթներ էին ունենում, սեղանի դիմաց նստած Շիրազը գլուխը հակել էր թղթերի վրա և արագ-արագ ինչ-որ բան էր գրում: Վերջապես խոսքը տվեցին նրան: Բարձրացավ տեղից, մի քիչ խոսեց իր գրականության մասին, իսկ հետո ասաց՝ պատգամ ունի, որը չափածոյի է վերածել ու հիմա ուզում է կարդալ: Վերցրեց հենց նոր գրառված թղթերը, սկսեց ընթերցել…

Ընթերցումն ավարտելուց հետո դալիճը դղրդաց ծափերից: Իսկ Շիրազն այդ պահին պատռեց իր գրածը ու թղթերը թափեց հատակին: Անկեղծ ասած, նրա արարքից ես անակնկալի եկա և մինչև վերջ աչքս չէի կտրում ոտքերի տալ լցված այդ պատառիկներից: Հանդիպման ավարտից անմիջապես հետո վազեցի ու սկսեցի դրանք հավաքել: Երեկոյան տուն բերցեի, հատվածներն իրար կցեցի ու կարդացի հետևյալը.

Ինձնից քեզ խրատ

Եվ չմոռանաս՝

Կհեծնեն վրադ,

Թե շատ կռանաս:

Ազգ իմ, թե կուզես

Հայ մնալ խոսուն,

Դու պիտի փրկես

Քո հայոց լեզուն:

Ելնես Արարատ,

Կանգնես գագաթին,

Ով հաչի վրադ՝

Թքես ճակատին:

Հովիկ Չարխչյան

ԱՐԱՐԱՏԻ ՍԵՐԸ

25 Ապր

Երջանկահիշատակ Գերման Ավագյանը մի օր զանգահարեց ինձ ու ասաց, որ Թուրքիայի աշխարհագրական ընկերության ամսագիրը Արարատ լեռան մասին նյութ է պատրաստում: Ինքը լուսանկարների շարք էր արել նրանց պատվերով: Թուրքերը նաև խնդրել էին, որ Հայաստանից որևէ մեկը խոսք ասի Արարատի մասին: Գերմանն էլ ինձ էր առաջարկում թուրքերին հասցեագրված մի փոքրիկ, սեղմ տեքստ շարադրել: Ես գրեցի հետևյալը.

«Ոչ մի հայ մեկ ուրիշ հայի երբեք չի հարցնի. «Ինչ է Արարատը քեզ համար»:

Ես ծնվել եմ մի գյուղում, որ գտնվում է Արարատյան հարթավայրում, Արարատի շրջանում, Արարատ քաղաքից ոչ հեռու: Ամեն առավոտ դուրս եմ եկել փողոց ու առաջին բանը, որ տեսել եմ, Արարատ լեռն է եղել: Կնշանակի Արարատն իմ բացվող օրն է, իմ կյանքը, իմ մանկությունը, իմ հիշողությունը, իմ փողոցի վերջում ձգվող հորիզոնը: Մի՞թե ես կհրաժարվեմ դրանցից: Մենք անվերջ հիշատակում ենք պատմությունը` մոռանալով ներկայի մասին: Մինչդեռ Արարատը մեր ներկան է: Հայերի համար Արարատը նույնն է, ինչ որ արժանապատվությունը: Ոչ մի ազնիվ հայ երբեք ու ոչ մի գնով չի հրաժարվի իր արժանապատվությունից: Արարատը նաև երազանք է հայի համար: Ո՞ր մարդը կապրի առանց մեծ երազանքի: Սիրել Արարատը մեզ համար չի նշանակում թշնամիներ փնտրել: Սիրել Արարատը չի նշանակում խլել մեկ ուրիշի սերը: Դրա համար էլ մենք այն սիրել ենք երեկ, սիրում ենք այսօր ու կսիրենք վաղը: Մենք սիրում ենք մեր Արարատը: Դուք էլ սիրեք ձեր տեսած Արարատը: Դրանից Արարատի սերը միայն կկրկնապատկվի»:

Ամիսներ անց Գերմանը զանգ տվեց ու ասաց, որ ամսագիրը լույս է տեսել: Խոստացավ հանդիպելիս ինձ փոխանցել դրա մեկ օրինակը: Ցավոք, մենք այլևս չհանդիպեցինք…

ԳՈՐԿՈՒ ԿՈՇԻԿԻ ՏՈՒՓԵՐԸ

16 Ապր

ԱՄՆ-ում հաստատվելու առաջին տարիներին Արշիլ Գորկին կարիքից դրդված մի առ ժամանակ աշխատում էր կոշիկ արտադրող ամերիկյան «Hood Rubber» ընկերության ֆաբրիկայում: Ընդմիջումների ժամանակ նա թաքուն բարձրանում էր այդ շինության տանիքը և այնտեղ կոշիկի տուփերի վրա նկարում էր: Երկու ամիս անց, իմանալով իրենց բանվորի «վնասակար» հրապուրանքի մասին, տնօրինությունը նրան ազատեց աշխատանքից…

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԳՏԱԾ ԳԱՆՁԸ

12 Ապր

Քչերին է հայտնի այն փաստը, որ Հովհաննես Այվազովսկին հրապուրվել է նաև հնագիտությամբ: Եվ ոչ միայն հրապուրվել է, այլ որոշ ժամանակ լրջորեն զբաղվել է դրանով: Իր մտադրության մեջ նա այնքան հաստատակամ էր, որ դիմել էր կայսերական պալատին՝ պեղումներ կատարելու պաշտոնական թույլտվություն ստանալու համար: Նրան թույլատրեցին, և Այվազովսկին Թեոդոսյայի մերձակայքում 1853 թվականին սկսեց շուրջ 80 դամբարանների (կուրգանների) պեղումները սեփական միջոցներով: Սկզբում հաջողությունն առանձնապես չէր ժպտում նրան: Սակայն շուտով մեծ ծովանկարչի ջանքերը պսակվեցին աննախադեպ ձեռքբերումով: Մ. թ. ա. 4-րդ դարի դամբարաններից մեկում նա գտավ ոչ միայն մի շարք կերամիկական իրեր ու զարդեղեն, այլ նաև այն հրաշքը, որին հետո պիտի տային «Թեոդոսյական ականջողեր» անունը: Դա իրավամբ արվեստի գործ էր: Հին հույների կողմից ստեղծված այդ զարդարանքը բացառիկ էր թե իր գեղեցկությամբ, և թե աշխատանքի նրբությամբ: Նկարիչը ցնծում էր…

Այվազովսկու գտածոն այժմ պահվում է Էրմիտաժի ոսկե ֆոնդում:

ԴԵՎԻ ՓՇՐՎԱԾ ԳԼՈՒԽԸ

9 Ապր

Մի անգամ մի մարդ մտավ թանգարան, նայեց Վրուբելի կերտած «Դևի գլուխը» քանդակին, հետո անսպասելիորեն մոտեցավ, վերցրեց այն, խփեց գետնին ու ջարդուփշուր արեց: Այցելուն հոգեկան հիվանդ էր:

Թանգարանի ղեկավարությունը կանչեց հայտնի վերականգնող Իգոր Կրեստովսկուն: Կրեստովսկին եկավ ու տեսավ հատակին թափված ավելի քան 600 բեկոր: Դրանցից շատերն այնքան մանր էին, որ հնարավոր չէր վերցնել առանց հատուկ գործիքի: Բայց Կրեստովսկին որոշեց փորձել: Առաջին հերթին նա պահանջեց, որ ամեն բան մնա իր տեղում: Երկու ամիս շարունակ սրահը փակ էր և այնտեղ մուտք ուներ միայն վերականգնողը:

Կրեստովսկին սկսեց իր հաշվարկները: Հայտնի է, որ ամեն մի կոտրվող առարկա փշրվում է յուրովի, կախված նրա ձևից և ստացած հարվածի ուղղությունից: Հենց այդ մեթոդի կիրառմամբ էլ նա ի վերջո ավարտեց իր աշխատանքը՝ ցուցադրելով փայլուն արդյունք: Հետո նույնիսկ ամենահմուտ մասնագետները առաջին հայացքից չէին կռահում, որ իրենց դիմաց դրված է վերականգնված քանդակ:

ՓՇՐՎՈՂ ԱՊԱԿԻՆԵՐԸ

29 Մրտ

Կարծեմ 1987 թվականն էր: Ուսանող էինք, մեզ ծանոթ էին ոչ միայն գրական, այլև թատերական բոլոր նորությունները: Եվ ահա տեղեկացանք, որ Երևան են ժամանել մոսկովյան արտիստները և Սունդուկյանի անվան թատրոնում պիտի ներկայացվի Մարկ Զախարովի բեմադրած «Խղճի դիկտատուրա» պիեսը: Այն օրերին մեծ աղմուկ կար այդ բեմադրության շուրջ: Եվ բացի այդ հնարավորություն էր բեմի վրա տեսնելու Յանկովսկուն, Լիոնովին, Աբդուլովին, ուրիշ շատ նշանավոր դերասանների: Հավաքվեցինք մի մեծ խմբով ու գնացինք:

Այն, ինչ տեսանք թատրոնի մուտքի մոտ, վեր էր մեր պատկերացրածից: Հավաքվել էր հսկա մի բազմություն, մեծամասնությունը տոմս չուներ, սակայն ուներ ամեն գնով ներս մտնելու վճռականություն: Եվ երբ ներկայացման սկզբին հաշված րոպեներ էին մնացել, կատարվեց անսպասելին: Բազմությունը ալիք տվեց, տարուբերվեց, մարդիկ հրմշտեցին իրար, և հանկարծ թատրոնի հսկա ապակիները նրանց ճնշման տակ փշրվեցին ու թափվեցին ներքև: Ամբոխը հեղեղի պես լցվեց դահլիճ, շատերը նստեցին գետնին, մյուսները կանգնեցին պատերի տակ ու աստիճաններին: Եվ ներկայացումը սկսվեց…

Ես պիեսի ու դերասանների խաղի մասին չեմ գրի: Այդ օրվա հիշողություներում փշրվող ապակիների ձայն կա, որ խլացնում է ամեն ինչ: Եվ ինձ այն ժամանակ թվաց, թե փշրվում էր ավելի մեծ մի բան և այդ պահից ի վեր ամեն ինչ պիտի լիներ այլ կերպ…

ԿՈՄԻՏԱՍԸ, ՉԱՐԵՆՑԸ, ԾԱՂԻԿԸ…

29 Մրտ

1936 թվական: Երևանում հողին էին հանձնում Կոմիտասի մարմինը: Դագաղը ողողված էր ծաղիկներով: Այդ պսակների թվում կային նաև այնպիսիները, որոնք ստացվել էին արտասահմանից: Դրանցից մեկը ուղարկել էին Կոմիտասի հայրենակիցները՝ նրա ծննդավայր Կուտինա քաղաքի բնակիչները: Նրանք ծաղիկները պատրաստել էին մոմից և այլ նյութերից, որպեսզի դրանք «մշտապես թարմ մնան, ինչպես Կոմիտասի արվեստը»: Եվ ահա հուղարկավորությունից առաջ Կոմիտասի դագաղին է մոտենում Եղիշե Չարենցը: Խոնարհվում է, համբուրում է հանճարեղ երաժշտի ճակատը, ապա մի ծաղիկ է վերցնում կուտինացիների պսակից և անխոս հեռանում է…

Հետագայում Չարենցն այդ ծաղիկը պիտի տար երաժշտագետ Աղավնի Մեսրոպյանին: Վերջինս էլ թանկ հիշատակը ի պահ է հանձնել Չարենցի տուն-թանգարանին:

ՎԱԶԳԵՆԻ ՖՈՒՏԲՈԼԸ

6 Մրտ

Վազգենը ֆուտբոլ սիրում էր ճիշտ այնքան, որքան գրականությունը: Լավ էր խաղում: Շատ անգամներ եմ նրան տեսել մարզադաշտում: Բայց մի խաղի մասին ուզում եմ պատմել:

Հավանաբար 1997 թվականն էր: Ասացին, որ «Հրազդան» մարզադաշտում ընկերական խաղ է նախաձեռնվել: Պիտի մրցեին Պաշտպանության նախարարության և Հայաստանում Իրանի դեսպանատան թիմերը: Նախարարն անձամբ էր կազմել մեր թիմի խաղացողների ցանկը, և բոլորը ներկայացան հրաշալի մարզավիճակում:

Խաղը սկսվեց: Սկզբում ամեն բան մարզական էր ու հաճելի: Հետո իրավիճակը հետզհետե փոխվեց, երբ Վազգենին համակեց մրցակցության ու ամեն գնով գերազանցելու մոլեգին ցանկությունը: Խաղը դարձավ մեկի պայքարն ընդդեմ բոլորի: Բավական էր մի անզգույշ փոխանցում, թեք հարված, և Վազգենը մոլոգնում էր, խաղացողին հեռացնում էր դաշտից ու փոխարինում էր մեկ ուրիշով: Բայց սա լարվածության ընդամենը մի մասն էր: Մյուս հատվածը «դիվանագիտականն» էր:

Բանն այն է, որ շատ շուտով հաշիվը դարձավ 10-0 հօգուտ մեր թիմի: Իրանցիները տխուր էին, եթե «տխուր» բառը կարող է բավարար համարվել նրանց իրական տրամադրությունը բնորոշելու համար: Բանը հասավ նրան, որ մի քանիսը մոտեցան Վազգենին ու նրա ականջին բաներ շշնջացին: Բովանդակությունը բոլորի համար պարզ էր. չէր կարելի բարեկամ երկրի դիվանագետներին հաղթել խայտառակ հաշվով: Բայց Վազգենը լսել անգամ չէր ուզում այդ մասին…

Մնում էր միակ ելքը՝ անհնազանդություն նախարարին: Ու հենց այդպես էլ եղավ: Մեր թիմի տղաները արեցին հնարավոր ամեն բան, որ մրցակիցը գոնե մեկ անգամ գրավի մեր դարպասը: Խաղը հենց այդ հաշվով էլ ավարտվեց՝ 10-1:

*

ՉՏԵՍԱՎ ԻՐ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ

4 Մրտ

Ալեքսանդր Թամանյանի քույրը՝ Մադլենան, եղբոր մասին իր հուշերում գրում է. «Երբ դեռ Օպերայի թատրոնի միայն մակետն էր պատրաստ, իմ եղբայր Ալեքսանդրն ասում էր. «Շատ հնարավոր է, որ ինձ երբեք չվիճակվի անցնել դրա մոտով»: Այդպես էլ եղավ: Սաշան վախճանվեց իր ծննդյան 58-րդ տարեդարձից փոքր-ինչ շուտ՝ այդպես էլ չապրելով մինչ այն պահը, որ տեսներ իր գլուխգործոցը՝ Օպերայի թատրոնը: Նրա դագաղը բերեցին ու դրեցին շենքի պատի տակ, որի բարձրությունը մարդու հասակի կեսից էլ պակաս էր…»:

ՓԵԼԵՇՅԱՆ ԵՎ ՍՈՒԼԱՄԻԹԱ

2 Մրտ

Առաջին հայացքից շատ անսպասելի է այս երկու հայտնի անունների համարդումը: Աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը և Պարույր Սևակի մտերմուհին ու նրա պոետական մուսան՝ Սուլամիթա Ռուդնիկը: Ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ նրանք, ի՞նչն է միավորել այդ երկուսին: Պատասխանն այս դեպքում շատ պարզ է՝ կինոն:

Սուլամիթան տևական ժամանակ աշխատել է Վիլնյուսում լուս տեսնող «Կինո» ամսագրում, կինեմատոգրաֆիայի խնդիրներին վերաբերող բազմաթիվ հրապարակումների հեղինակ է: Սրա հետ մեկտեղ նրա անմիջական կապը Հայաստանի ու հայ մշակույթի հետ թույլ է տվել առավել խորությամբ և հետևողականությամբ անդրադառնալ հայաստանյան թեմատիկային:

Եվ ահա 1977 թվականին ներկայանում է հերթական առիթը՝ տեսնել, լսել Արտավազդ Փելեշյանին և գրել նրա մասին: Նրա հոդվածը տպագրվել է «Կինո» ամսագրի այդ տարվա 11-րդ համարում: Ավելորդ չէ նշել, որ մեկ տարի անց Սուլամիթան պիտի կրկին գար Երևան, այս անգամ որպես Համամիութենական 11-րդ կինոփառատոնի պատվիրակ:

Ստորև ներկայացնում ենք Փելեշյանի մասին Սուլամիթա Ռուդնիկի հոդվածն ամբողջությամբ:

Հովիկ Չարխչյան

ԶԳԱՑՄՈՒՆՔԻ ԴԻՄԱՆԿԱՐ

Նրա ֆիլմերի մասին հավանաբար դեռ հետազոտություններ կգրեն:

Իսկ առայժմ այդ ֆիլմերովով կամ հիանում են, կամ մերժում. ոմանց համար դրանք հայտնություն են, ուրիշների համար՝ կատարյալ շփոթ… Քչերն են ծանոթ այդ նկարներին, այնինչ դրանք միջազգային պարգևներ են ստանում…

Նա ինքը ստիպված է երբեմն պարզաբանել իր ֆիլմերը, պաշտպանել աշխատանքի իր մեթոդը: Եվ ոչ պատահական մարդկանցից, այլ… պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստներից:

Այդպես էր եղել Մոսկվայում, Ռիգայում, այդպես եղավ և Վիլնյուսում. հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը այստեղ էր եկել Կինեմատոգրաֆիստների միության հրավերով՝ «իր ֆիլմերը ցուցադրելու, մեր ֆիլմերը նայելու, հանդիպումներ ունենալու, զրուցելու համար»:

Ցուցադրման երեկոյին մեր հյուրն ուշացավ: Մոլորվել էր անծանոթ քաղաքում: Նրա վաղեմի  լավ բարեկամ ու արվեստակից ընկեր Հենրիկաս Շաբլյավիչուսը պատմեց, որ Ա. Փելեշյանը 1967-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, Լ. Վ. Կրիստիի արվեստանոցը և հենց այդ ժամանակ էլ նրա «Սկիզբ» ֆիլմն արժանացել է ինստիտուտի փառատոնի գլխավոր մրցանակին:

«Սկիզբ» ֆիլմի ցուցադրման ժամանակ դահլիճ մտավ բարձրահասակ, փոքր-ինչ կորամեջք մեկը, մտավ ու համեստորեն նստեց մի անկյունում: Հետո ցուցադրվեցին մյուս ֆիլմերը՝ «Մենք», «Տարվա եղանակներ», «Բնակիչներ»:

 Իր աշխատանքում Փելեշյանը խիստ լուրջ է, զրուցելիս՝ հեգնոտ, մերթ բռնկուն, մերթ խոհուն:

***

Ա. Փելեշյանի ֆիլմերը զարմացրին զորեղ տեմպերամենտի բացորոշ դրսևորումով, մտքի խորությամբ, խոշոր պլանների առատությամբ: Այս ամենն ամբողջության մեջ հուզեց նույնիսկ շատ բան տեսած կինեմատոգրաֆիստներին և ոմանց ստիպեց ներքուստ վերանայել սեփական մոտեցումն այն թեմաներին ու պրոբլեմներին, որ մարմնավորված էին էկրանի վրա:

Ա. Փելեշյանի ֆիլմերի բովանդակությունը անկարելի է վերապատմել: Ոչինչ չի ստացվի: Բայց ինչպե՞ս անդրադառնանք այդ գործերին՝ առանց թեկուզ մի երկու խոսքով ասելու, թե ինչի մասին են դրանք:

«Սկիզբ» ֆիլմն արված է Հոկտեմբերի 50- ամյակի առթիվ: Հեղափոխության գաղափարը և նրա գնահատումը այսօրվա մարդու հայացքով ու մտքով:

… Հեղափոխության օրերի խրոնիկա: Վազող մարդիկ: Վ. Ի. Լենինը: Կարմիր հեծյալներ: Ձմեռային պալատի գրոհը: Բանվորը թափով բարձրացնում է մուրճը, և սալարկին թափվում են… ֆաշիստական դրոշներ:

Լենինի թաղումը: Ն. Կրուպսկայայի, Ֆ. Ձերժինսկու դեմքերը: Եվ… մեր ժամանակակցի՝ տիեզերագնացի դեմքը:

Ցո՞ւյց է, թե եկեղեցական թափոր: Չինաստանն է դա: Ատոմային ռումբի պայթյուն: Ճապոնիա: Նապալմից ընկնող մարդ: Վիետնամ:

Պատմությունը և մեր օրերը: Վազող ցուցարարներ աշխարհի տարբեր երկրներում: Հեղեղի նման զինված ոստիկանների վրա նետվող խելահեղ ամբոխներ:

Առայժմ, ինչպես տեսնում եք, կարծես թե ոչ մի ինքնուրույն ու ինքնատիպ բան չկա: Ինքնատիպն այն է, թե ինչպես է այդ ամենը մատուցվում էկրանից: Ոչ մի տեքստ: Միայն մոնտաժ: Երաժշտություն, կրակոցներ, ձեռքերի ռիթմեր: Դրամատուրգիան կառուցվում է մարդկային զանգվածների շարժման վրա: Բացահայտվում են անցյալի և ներկայի խորքային կապերը:

Յուրաքանչյուր կադր արտահայտիչ է: Պատկերն ու հնչյունը սերտ միասնություն են կազմում:

Վայրկենապես արվեստագետի տեմպերամենտին են ենթարկվում մեր զգացմունքները, որոնք այնուհետ հասնում են միտք-ընդհանրացման:

***

Դա միայն սկիզբն էր: Եթե առաջին ֆիլմում ռեժիսորը պատմությունից եկել էր դեպի արդիականություն, ապա «Մենք» ֆիլմում արդիականությունից գնում- մխրճվում ենք պատմության խորքերը:

«Մենքը» Հայաստանն է և հայ ժողովուրդը: Նրա կյանքը, ոգին, պատմությունն ու ավանդույթները: Այս ֆիլմում մի դրվագ կա՝ լեռնային նեղլիկ, քարքարոտ ճամփով երկու հովիվ ոչխարի հոտ են քշում: Վավերագրական կադր է: Խիստ պատկերավոր, «հավաստի»: Պարզվում է, որ «ռեժիսուրայի ենթարկված» է: Ծեր հովիվները չեն ցանկացել «խաղալ»: Ա. Փելեշյանը համոզել է, խոստացել, որ մի ամբողջ ֆիլմ կնկարի նրանց մասին: Եվ յոթ տարի անց նկարել է «Տարվա եղանակները» (1975 թ.): Բայց մինչ այդ, 1970-ին «Բելոռուսֆիլմում» նա ստեղծել է ևս մի ժապավեն՝ «Բնակիչները»: Ահա և նրա գրեթե ամբողջ «ծառայության ցուցակը»: Եվ այն ամենը, ինչ մենք դիտեցինք: Համարյա բոլոր ֆիլմերը նկարահանված են հեռուստատեսության համար: Կփորձեմ ծանոթացնել վերջին երկուսի հետ:

… «Բնակիչներ»: Պաշտպանության կարոտ թռչուններ ու գազաններ: Հիրավի մարդն ապրում է այն ճյուղի վրա, որը կտրում է ինքն իր ձեռքով:

Ինչ գեղեցիկ է երկինքը սրածող, ողջ էկրանը բռնող թևերի այս աշխարհը: Կենդանի, շնչող, հոգի ապաքինող աշխարհը: Բայց այդ կենդանական աշխարհը ինչ սարսափով է փախչում մարդկանցից… մարդուց… Փախչում են հսկա փղերը, սուրում են այծյամները, ցատկոտելով ու սայթաքելով իրենց առաջ են նետում խոշոր թռչունները: Բայց թռչուննե՞ր են դրանք, թե՞ մարդիկ… Այծյամների մետաքս կռնակներ, շերտավոր զեբրեր: Ինչ-որ ստվերներ, բծեր՝ մերթ սևը սպիտակի, մերթ սպիտակը սևի վրա: Եվ հասկանում ենք. զավթիչների հրոսակախումբ է դա, մարդիկ են դրանք: Էլ ո՞ւմ քայլքը կարող է լինել այդքան ծանր, այդքան անողոք, այդքան որոտագին: Էկրանով մեկ կենդանիներ են փախչում: Փախչում են մեզնից:

Եվ ահա կարծես լսում եմ հեղինակի թախծալի ձայնը .«Գուցե այս ամենի մասին պատմեցի չափից դուրս արագ ու անկա՞պ: Ներեցեք, հուզված էի ես: Նայեք, զգացեք, մտածեք ևս մի անգամ… Տեսեք՝ ինչ լավն են այս ձևերը»:

Էկրանով մեկ՝ նորից թևեր: Հիշո՞ւմ եք կռունկների թովիչ պարը պատկերող մուլտիպլիկացիոն «գլխազարդը» հեռուստատեսային «Կենդանիների աշխարհում» հաղորդման մեջ: Այստեղ էլ է պար, միայն թե ոչ միջին, այլ խոշոր պլանով, երկու-երեք թև՝ լայն էկրանի վրա: Կրկնվում է առաջին կադրը: Ռեժիսորը մի վայրկյան անգամ չի կասկածում, որ մենք պատրաստ ենք այդ ձևերով հիանալ նորից ու նորից: Հիանալ ու խորհել: Սակայն կապկի մռութի առջև կրճտյունով իջնում է երկաթե վանդակը, և կապկի աչքերը տխուր են: Հարկ է, որ խորհես ու քո վրա վերցնես մեղքի մի մասը: Եվ կրկին անպաշտպանորեն գեղեցիկ բաբախում են թռչունների թևերը: Կոչ են անում ամենքիս՝ փրկեք մեզ, փրկեք ձեր հոգին, մարդիկ…

…«Տարվա եղանակներ»- հիմն մարդու աշխատանքին, հոգեմաշ ու օրհնյալ աշխատանքին: Հավանորեն ավելի ծանր բան չկա, քան հովվի կյանքն ու գործը լեռներում: Հոգնել է հովիվը, հոգնել է նրա ձին, հոգնել է ոչխարը… Հոգնություն՝ մահու չափ: Բայց դա էլ է անցնում: Ինչ կենսուրախ, կենսասեր են սարից ցած վազող  մարդիկ: Կարճատև դադար ու նորից գործ: Պարանով խոտի ահագին դեզեր են քարշ տալիս ներքև: Դեզը հիմա ուր որ է՝ իր տակ կճզմի մարդուն… Տեղատարափ անձրև: Անձրևի տակ են և՛ խոտը, և՛ ոչխարները, և՛ մարդիկ: Լույսի մի շող չկա: Բայց անձրևն էլ է կտրվում, անցնում: Հարսանիք լեռներում: Փոխվում է տրամադրությունը, իրար են հաջորդում տարվա եղանակները, անփոփոխ է մնում միայն մարդու արարիչ աշխատանքը:

Ասվածը սոսկ մասամբ կարող է պատկերացում տալ արվեստագետի թեմատիկ շրջանակի, նրա մարդկային հատկությունների մասին: Ա.  Փելեշյանի ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը դրանց մեջ չէ, այլ նյութի կազմակերպման, զուգահեռների, կինեմատոգրաֆիական մտածողության կերտվածքի, զգացմունքն ու միտքը հաղորդելու անհատական մեթոդի մեջ:

***

Մեթոդի մասին կխոսեմ՝ հետևելով հենց ռեժիսորի տրամաբանությանն ու պարզաբանումներին, հիմք ընդունելով նրա, իմ կարծիքով, լավագույն ֆիլմը՝ «Մենքը»:

Ընդունված է ֆիլմերը բաժանել երկու կարգի՝ գեղարվեստական և վավերագրական: Իսկ ինչպես մոտենալ այնպիսի եռամասն մի ֆիլմի, ինչպիսին «Մենքն» է: Ա. Փելեշյանը հազար անգամ իրավացի է՝ ապացուցելով, որ «դեմքը գեղեցիկ նկարելը» և «գեղեցիկ դեմք նկարելը»  միանգամայն տարբեր բաներ են: Նա պնդում է, որ ֆիլմը գեղարվեստական է, թեև չունի հերոսներ՝ դերասանների անձնավորմամբ: Եվ սրա հետ դժվար է չհամաձայնել:

«Մենք» ֆիլմում հեղինակն իր առջև խնդիր է դրել ժողովրդի պատմությունը ցույց տալ ոչ թե երկրի հուշարձանների, այլ ժամանակակից մարդկանց զննումների միջոցով: Չէ՞ որ կան ավանդույթներ, իրավիճակներ, նույնիսկ իրադարձություններ, որոնց մեջ ի հայտ են գալիս ժողովրդի նախասկզբնական հատկանիշները:

Ֆիլմն սկսվում է այսպես. աղջնակի դեմք: Սա դեռ կերպար չէ: Պարզապես դեմք է, սև գանգուր մազեր, մանկական փոքր-ինչ ուռուցիկ այտեր, վզին՝ ուլունքաշար: Անսովոր է միայն աչքերի հարցական, տագնապալի արտահայտությունը: Սկսվում է երաժշտությունը, ապա մութ կադրի վրա՝ դադար: Երկրորդ անգամ նույն դեմքը հայտնվում է շատ ուշ (500 մետր ժապավեն անցնելուց հետո), նույն սիմֆոնիկ ակորդի հետ: Ռեժիսորը գիտակցաբար է դիմում կրկնության: Այս կադրերի միջև ընկած է ֆիլմի մեծ մասը՝ հայ ժողովրդի անցյալի և այսօրվա մասին:

Երբ «Մենք» ֆիլմը ցուցադրվեց Օբերհաուզենի կինոփառատոնում, ժյուրիի անդամներից մեկը հարցրեց սովետական կինեմատոգրաֆիստներին, թե պատմության ի՞նչ դրվագ էր նկարի արխվային կադրերում: Նրան բացատրեցին, որ 1915-ին, երբ ամբողջ Եվրոպան բռնված էր պատերազմով, Հայաստանում կոտորած եղավ, որը մոտ երկու միլիոն մարդկային կյանք տարավ: Այդ եղեռնը ցեղասպանություն անունն ունի: Ցեղասպանությունը տարագիր դարձրեց հազարավոր հայերի:

Եղեռնի արխիվային կադրերը մոնտաժված են հայրենադարձության կադրերի հետ: Քարացել են գրկախառնված մարդիկ, որոնք իրար չեն տեսել  հիսուն տարի կամ ընդհանրապես  չեն տեսել: Առաջին անգամ հանդիպել են հայր ու որդի, քույր ու եղբայր…

Ռեժիսորը քաղվածքներ չի անում այն գազանություններից ու սարսապներից, որ բերված են թեկուզև «Գենոցիդ» հայտնի գրքում, բայց և՛ Հայաստանում ապրողների, և՛ օտար ափերին երկար թափառումներից հետո հայրենիք վերադարձածների լռին աչքերում մի ամբողջ ժողովրդի ողբերգության հիշողությունը կա: Եվ դրանից հետո առաջին կադրը՝  աղջնակի դեմքը, երկրորդ անգամ հայտնվելով էկրանի վրա, դառնում է կադր-կերպար: Եվ հիշում ես բանաստեղծի տողը. «Գիտեմ, աշխարհում չկա ուրիշ վիշտ՝ մանկան վշտի պես հին»: Ամենափոքրիկ մանուկը՝ ընտանիքի ժամանակային ամենավերջին օղակը, աշխարհ է եկել մյուսներից ուշ և «հին» ու «ծեր» է բոլորից: Աղջնակի աչքերում ծվարած վիշտը «ծեր» է ամենածերունական վշտից:

Այդ աչքերով ժողովուրդն է նայում իր պատմությանը: Հիշողությունն ապրում է: Կրկին ցուցադրվելով, նույն կադրը ոչ միայն մեզ վերադարձնում է առաջինին՝ բացահայտելով, խորք ու իմաստ տալով նրան, այլև վառ լույս է սփռում մտքերի ու պատկերների մի ամբողջ շղթայի վրա: Հուզական ներգործությունը հասնում է իր բարձրակետին:

Սա արդեն մարդու դիմանկար չէ, սա նրա զգացմունքի դիմանկարն է:

***

Ս. Էյզենշտեյնն այսպիսի դրույթ ունի. կադրը, մոնտաժում բախվելով մի ուրիշ  կադրի, միտք, գնահատական, եզրահանգում է ծնում: Ստացվում է մոնտաժային կցվածք: Ա. Փելեշյանը կադրերը ոչ թե միակցում է, այլ տարակցում, ոչ թե մեկտեղում է, այլ մի տեսակ բաժան- բաժան անում: Եվ… նրանց միջև դնում է երրորդը, հինգերորդը, տասներկուերորդը: Նա ունի, այսպես կոչված, հենակետային կադրեր, որոնք իմաստային կարևոր բեռնվածք են կրում: Դրանց միջև տարածություն է մնում: Երկու նույնական (կամ նման) կադրերը, փոխներգործության մեջ մտնելով տարածության (դիստանցիայի) վրա, ի հայտ են բերում հիմնական գաղափարը, կերպարա-իմաստային շեշտը: Նման մոնտաժը ռեժիսոր Ա. Փելեշյանը դիստանցիոն  մոնտաժ է անվանում:

Հանդիսատեսին կարող է չհետաքրքրել գործի տեսական կողմը, սակայն չի կարող չհուզել այն, ինչ տեսնում է էկրանի վրա. այստեղ սրտի տրոփյունի կամ շնչառության ինչ-որ յուրօրինակ էֆեկտ է ստացվում:

Ինչպես հանգի որոնումը բանաստեղծին կարող է հասցնել ինքնատիպ գաղափարի, այնպես էլ կադրերի տարակցումը Փելեշյանին մտքի նոր ոլորք է տալիս: 1973-ին «Վոպրոսի կինոիսկուստվա» ժողովածուում այդ մասին կարդացի. «Դիստանցիոն մոնտաժը ֆիլմի կառուցվածքին գնդաձև պտտվող պատկեր է տալիս»:

 Հիշում եմ «Մենք» ֆիլմի մի ուրիշ հատված: Ճիչ և արձագանք՝ վիշտն ու աղետն է իջել հայոց լեռների վրա: Լերկ են այդ լեռները և ամայի: Ձեռքեր, բազում ձեռքեր, որ բարձր տանում են չգիտես՝ նավա՞կ, թե՞ դագաղ: Դագաղ է… Տղամարդկանց զորեղ, կանանց նուրբ ու մանուկների փխրուն ձեռքեր…

 Տղամարդու ջլուտ մի բազուկ հողից քար է հանում: Ամբողջ Հայաստանը համատարած քար է: Խաղողի որթ տնկելու համար նախ հարկավոր է քար արմատախիլ անել: Թերևս հենց այդտեղ է հարություն առնում հեքիաթային խորհրդանշանը՝ ձեռքերով քարից ջուր քամող մարդ:

Հողի մշակի, քանդակագործի պրկված ձեռք… Լարվածությունը հաղորդվում է մեր ձեռքերին, սրտին… Բանելուց խոնջացած մատներ, որ խնամքով ողկույզներ են պոկում: Սա աշխատավոր Հայաստանն է: Իսկ ժողովրդի հոգին, իմաստությո՞ւնը. դրանց էլ թերևս կարող եք հասու լինել, եթե ուշադիր նայեք սայլին նստած այս փառահեղ, հպարտ ու բարի ճերմակահեր կնոջ դեմքին: Լեռները վեր են խոյանում՝ կյանքը, բերկրանքն է դա: Լեռները վար են գահավիժում՝ մահ է: Փլուզում ու մահ:

Թվում է՝ ողջ ժողովուրդն է ձեռքերի վրա դագաղ տանում:

Հայաստանում այդպես են թաղում թանկ ու սիրելի մարդուն: Սա ավանդույթ է: Առանց դիակառքի, առանց ավտոմեքենաների, միայն մարդիկ են՝ հազար-հազարավոր մարդիկ: Եվ դագաղ տանող ձեռքեր: Սիրտդ լցվում է թախծալուր երգասացությամբ: (Արդյո՞ք դա քո ձայնը չէ, Լուսինե… Տարիներ առաջ ես քեզ լսեցի Էջմիածնում… Հետո դու երգեցիր նորից, և ես արտասվեցի): Ժողովուրդը հրաժեշտ է տալիս իր լավագույն զավակներից մեկին:

Այս դրվագը, թվում է, մասնավոր իմաստ ունի: Մենք տեսնում ենք իրական հուղարկավորություն: Այդպես հողին հանձնեցին Մեծ ավագներին՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին, թատրոնի ու կինոյի դերասան Հրաչյա Ներսիսյանին, այդպես ձեռքերի վրա տարան ջերմորեն սիրված վաղամեռիկ բանաստեղծ Պարույր Սևակին…

Սակայն հանդիսատեսի վրա այս դրվագը ներգործում է ոչ միայն իբրև մասնավոր իրողություն. մենք այն ընկալում ենք նաև որպես համաժողովրդական վշտի ընդհանրացված պատկեր, հավերժ երախտագիտության տուրք կյանքը ժողովրդին նվիրաբերած և նրա վշտին արժանի բոլոր մարդկանց:

***

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերն օժտված են ինչ-որ հատուկ, առաձիգ ռիթմով, նրանց մեջ երբեմն զգում ես գրեթե բանաստեղծական չափեր, կրկնատողեր: Հեղինակն ասում է, թե առանձին հատված- դրվագների տևողությունը խստորեն համեմատական է ամբողջ ֆիլմի ընդհանուր տևողությանը:

Ընդունված է ասել, որ կինոն «սնունդ է առնում» արվեստի ավելի հին տեսակներից՝ գրականությունից, երաժշտությունից, նկարչությունից: Ա. Փելեշյանը համոզված է և համոզում է, որ դիստանցիոն մոնտաժի վրա հիմնված կինեմատոգրաֆը հյութեր է ստանում նույն միջավայրից, ինչ գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը: Այն բացարձակապես ինքնուրույն է կամ ունակ է լինելու այդպիսին:

Այնքան էլ կարևոր չէ՝ Ա. Փելեշյանի  մեթոդը կինեմատոգրաֆում «գրանցում» կստանա, թե ոչ: Կասկածից դուրս է մի բան, որ լրջմիտ, ազնիվ, տաղանդավոր արվեստագետի որոնումները հանդիսատեսի մտքի ու զգացմունքների վրա ներգործելու նոր հնարավորություններ են բացում: Հեղինակային և ռեժիսորական միտքն արտահայտելու այս մեթոդը հետաքրքիր է: Բայց այն պետք է կիրառել խելամտորեն, ճկուն, պայմանավորված որոշակի հղացումով:

Արտավազդ Փելեշյանի ստեղծագործությունը թերևս հասկանալի է մոլորակի ցանկացած անկյունում: Այն ինտերնացիոնալ է: Եվ իր արվեստի միջոցներով կարող է պատմել ամեն ինչի մասին: Այս ստեղծագործությունն ինձ համար թանկ է այն բանով, որ կարող է պատմել Հայաստանի մասին: Պատմել այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք: Ինչպես Լակսնեսն՝  իր փոքրիկ Իսլանդիայի մասին: Փոքրի մեջ բացելով մի ամբողջ աշխարհ:

Սուլամիթա Ռուդնիկ

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

28 Փտր

Ամեն ազգ ու ժողովուրդ իր առասպելական նահապետն է ունեցել: Նա իր տոհմի համար բնակության վայր է ընտրել աշխարհի այս կամ այն մասը: Մենք մինչև այժմ էլ ասում ենք, որ ուրիշ ազգերի նահապետներն ավելի լավ ընտրություն են կատարել, քան մեր Հայկ նահապետը: Ինչո՞ւ է նա հանգրվանել այս քարաստան երկրում: Ըստ երևույթին Հայկ նահապետը օժտված է եղել բանաստեղծական խառնվածքով, հրապուրվել է Մասիսի վեհաշուք տեսարանով և վրան զարկել այնտեղ: Նրա այդ երազային խառնվածքը հավանաբար ժառանգել են բոլոր հայերը:

Մասիսը Հայաստան երկրի հավերժության խորհրդանիշն է:

ՆՐԱ ՀԱՅԱՑՔԸ

24 Փտր

Առաջին հայացքից դժվար է կռահել, թե ով է այս երեխան: Բայց միայն առաջին հայացքից: Աչքերն ամեն ինչ հուշում են, որովհետև այսպիսի հայացք միայն մեկը ունի՝ Սերգեյ Փարաջանովը:
Եզակի լուսանկար է՝ վրացական արխիվներից:

ՍԵՎԱԿ ԵՎ ՍՈՒԼԱՄԻԹԱ

14 Փտր

Սա իսկապես բացառիկ նկար է: 1969 թվականի ամառ: Զվարթնոց տաճարում: Կանգնած են Պարույր Սևակը, Սուլամիթան և Սուլամիթայի դուստրը՝ Բելան: Պատմությունն այս «ծածուկ» այցելության մասին իր մեջ հուզիչ էջեր է պահ տվել:

ՄԻ ԲԱԺԱԿ ԹԵՅ

3 Փտր

Եղիշե Չարենցը Վահան Տերյանի հետ առաջին և միակ հանդիպումն այսպես է ներկայացրել իր օրագրային գրառումներում. «Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․- Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող “Чашка чаю” բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում… Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմիվոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց…»:

Ներկայացնեմ մի բացառիկ լուսանկար. սա է հենց Թիֆլիսի «Մի բաժակ թեյ» հանրահայտ թեյատունը, որ ոչ միայն Չարենցի ու Տերյանի, այլ բազում հայ մտավորականների ու նշանավոր դեմքերի հանդիպումների վայրն էր:

Հ. Չարխչյան

ԻՆՉՊԵՍ ԱՆԱՀԻՏԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԼՈՆԴՈՆՈՒՄ

1 Փտր

Ինչպե՞ս պատահեց, որ Անահիտ աստվածուհու դիմաքանդակը հայտնվեց Լոնդոնում:

Ըստ վկայությունների, բրոնզե այդ քանդակը 1872 թվականին Երզնկա քաղաքի մերձակայքում գտել էր մի գյուղացի՝ հողագործական աշխատանքներ կատարելիս: Չնչին գումարի դիմաց նա իր գտածոն վաճառել էր մի կոլեկցոների: Այդպես քանդակը ձեռքից ձեռք էր անցել, մինչև որ բաժին էր հասել իտալացի հայտնի կոլեկցիոներ Ալեսանդրո Կաստելանիին: Հենց նա էլ Անահիտ աստվածուհուն հանձնել էր Բրիտանական թանգարանին:

Ի դեպ, ավելի ուշ նույն թանգարանում հայտնվեց նաև Անահիտի ձեռքը: Կարծիք կա, որ դա նույնպես կարող էր հայտնաբերվել նույն վայրից, որտեղ գտնվել էր դիմաքանդակը:

10 հարց Պարույր Սևակին

25 Հնվ

Բանաստեղծ Պարույր Սևակի գրական ժառանգության և նրան առնչվող նյութերի մի ստվար հատված ընթերցողների համար դեռևս շարունակում են մնալ անհասանելի: Քիչ չեն նաև այն էջերը, որոնք քչերին են հայտնի, թեև կարող են ինչ-որ առումով լրացնել մեծ բացը և որոշակի պատկերացումներ տալ գրողի մտածումների, նրա դավանած սկզբունքների և այս կամ այն  երևույթի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին: Ստորև ներկայացվող շարադրանքը կարելի է դասել վերոնշյալների շարքին:

1967 թվականին բանաստեղծ Արամայիս Սահակյանը, որն այն տարիներին «Գարուն»  ամսագրի գրականության բաժնի վարիչն էր, 10 հարցերից կազմված մի հարցաթերթիկ էր ներկայացրել հայ գրողներին: Նման հարցաշար էր ստացել նաև Պարույր Սևակը: Վերջինս պատասխաններն աչքի են ընկնում  որքան սեղմությամբ, նույնքան էլ  ինքնատիպությամբ ու խտությամբ:

Հովիկ Չարխչյան

ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ — Կենսական և հոգեբանական ո՞ր երևույթների ու խնդիրների արտացոլմանն եք ավելի նախապատվություն տալիս և կարևոր համարում ներկա ժամանակներում:

ՍԵՎԱԿ- Ես նախապատվությունը տալիս եմ մեր երիտասարդության մտածելակերպի և հոգեբանության ըմբռնմանն ու դրսևորմանը:

ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ- Մեր օրերում որո՞նք են գրականության և արվեստի բուն նպատակները:

ՍԵՎԱԿ- Ազդել կյանքի վրա՝ կենսական ճշմարտություններն արտահայտելով անխառն վիճակում, այսինքն՝ առանց ամեն տեսակ թերասացության և գունազարդման:

ՀԱՐՑ ԵՐՐՈՐԴ- Ո՞րն է սովետահայ գրականության առաջընթացի հիմնական ազդակը և ո՞րն է արգելակիչը:

ՍԵՎԱԿ- Հիմնական ազդակը եղել է ու պետք է լինի գրական միջոցներով կյանքի վրա ներազդելու ձգտումը: Բազմաթիվ մեծ ու փոքր արգելակիչներից առաջնահերթը, իմ կարծիքով, մտավախությունն է…

ՀԱՐՑ ՉՈՐՐՈՐԴ- Ի՞նչ կասեք հանրահայտ եռանկյան՝ գրող- ընթերցող- քննադատ արտահայտության և էության մասին՝ հատկապես այսօր:

ՍԵՎԱԿ- Գրողը, ըստ իս, ստեղծագործելիս բնավ չպիտի մտածի քննադատի գոյության մասին, որովհետև քննադատն էլ, ըստ էության, ընդամենը ընթերցող է (բարձրագույն և հմուտ): Ընթերցողի մասին բնավ չմտածելն անկարելի է, շատ մտածելը՝ կործանարար: «Չի կարելի քծնել ոք ոքի, մինչև իսկ ժողովրդին»,- պատվիրել է մեզ մեր մեծ նախահայրերից մեկը՝ Ստենդալը:

ՀԱՐՑ ՀԻՆԳԵՐՈՐԴ- «Ազգային գրող և ազգային գրականություն» տեսության Ձեր մեկնաբանությունը:

ՍԵՎԱԿ- Իսկական գրողը, եթե նույնիսկ կամենա էլ, չի կարող չլինել ազգային: Դա բացառված է: Բայց ազգային մեծ գրող է դառնում միայն նա, ով ուղնուծուծով հասկանում է, որ ինքը նաև մարդկության զավակն է, ոչ թե միայն որևէ ազգի:

ՀԱՐՑ ՎԵՑԵՐՈՐԴ- Ձեր կարծիքը՝ գրական կյանքի աշխուժացման և միջգրական հարաբերությունները ավելի նորմալ ու արդյունավետ դարձնելու մասին:

ՍԵՎԱԿ- Գրական կյանքի աշխուժացումը նախ և առաջ ենթադրում է գրական մտքի ազատություն, որն իր կարգին չի կարող չազդել միջգրական հարաբերությունների առողջացման վրա: Այդ հարաբերությունները փչանում են անձնական հաշիվը դրոշակ դարձնելուց և անաչառությունը ընկերասիրությամբ փոխարինելուց:

ՀԱՐՑ ՅՈԹԵՐՈՐԴ- Համառոտ ի՞նչ կասեք սովետահայ թատրոնի, կինոյի, երաժշտության և ճարտարապետության մասին:

ՍԵՎԱԿ- Սովետահայ թատրոնից և կինոյից շատ եմ դժգոհ, բայց ուրախությամբ եմ նկատում որոշակի տեղաշարժ, որ չի կարող առաջիկայում չտալ սպասելի արդյունք: Երաժշտության մեջ վերջերս նկատելի է, ըստ իս, ինչ-որ էստրադայնություն (բառիս վատ առումով): Ճարտարապետությունը (առանձին բացառությունները չհաշված) փաստորեն դարձել է ավելի շինարարություն, քան արվեստ: Եվ սա շատ անհանգստացնող երևույթ է:

ՀԱՐՑ ՈՒԹԵՐՈՐԴ- Ձեր ամենասիրած սովետահայ, ռուս, արտասահմանյան գրողը կամ բանաստեղծը, և ինչու հատկապես նա:

ՍԵՎԱԿ- Այս հարցին պատասխանել չեմ կարող, որովհետև… խաղող էլ եմ սիրում, դեղձ էլ…

ՀԱՐՑ ԻՆՆԵՐՈՐԴ- Ձեր համառոտ կարծիքը նորի և ավանդականի մասին:

ՍԵՎԱԿ- Ամեն զավակ կամ իր հորն է քաշում, կամ քեռուն: Այս ավանդականն է: Բայց ամեն զավակ էլ տարբերվում է և իր հորից, և իր քեռուց: Այս էլ՝ նորը:

ՀԱՐՑ ՏԱՍՆԵՐՈՐԴ- Գրականությունից բացի ինչով եք «հրապուրվում» կյանքում (սպորտ, արվեստի որևէ ճյուղ, ճամփորդություն, երեխաներ և այլն):

ՍԵՎԱԿ- Երեխաներին իզուր եք մտցրել «հրապուրանքի» ցուցակում. նրանք վեր են գրականությունից էլ, արվեստից էլ («Ամենից առաջ՝ ես հայր եմ կյանքում»): Հրապուրված եմ «ուրիշ երեխաներով»՝ ծառ ու ծաղկով, այգեգործությամբ և ծաղկաբուծությամբ:

Պարույր Սևակը, չապրելով մեր օրերում, շարունակում է մասնակիցը լինել այս օրերի ձևավորմանը. Հովիկ Չարխչյան

25 Հնվ

Տարին հոբելյանական է  հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի համար։ Գրողի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել են նախօրեին։ Ողջ տարվա ընթացքում ամենուր զգացվելու է սևակյան շունչը։

Panorama.am-ը զրուցել է գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ  Պարույր Սևակի՝ հայ գրականության մեջ ունեցած անփոխարինելի դերի ու մինչ օրս նրա մտքերի արդիական լինելու «գաղտնիքի» մասին։

Panorama.am — Այսօր Պարույր Սևակն ամենաշատ մեջբերվող դասականներից է։ Ինչո՞վ եք բացատրում դա։

Հովիկ Չարխչյան— Մեջբերել Սևակին՝ նշանակում է զգալ անհրաժեշտությունը, նշանակում է՝ կանչել օգնություն, ունենալ թարգման սեփական ապրումների ու մտքերի համար: Նշանակում է փաստել ու հաստատել, որ Սևակն արդիական է:

Panorama.am — Կարծեք, Սևակը շատ ուսումնասիրված հեղինակներից է։ Արդյո՞ք նոր ասելիք կա: Նոր բացահայտումներ կարո՞ղ են լինել Սևակի կյանքի, ստեղծագործական գործունեության ընթացքի մասին։

Հովիկ Չարխչյան — Սևակի շատ ուսումնասիրված լինելը դեռ վկայությունը չէ այն բանի, որ գրական ժառանգությունն ու կյանքը ուսումնասիրվել են անհրաժեշտ խորությամբ ու ամբողջականությամբ: Գրողի անձնական արխիվն առ այսօր շարունակում է մնալ փակի տակ: Այս հանգամանքը ամենամեծ խոչընդոտներից մեկն է: Եվ ուսումնասիրողներին այլ բան չի մնում, քան որոնել-գտնել նոր աղբյուրներ, զուգահեռ ճանապարհներ, շրջանցող տաբերակներ: Այո, բացահայտումներ անպայման լինելու են՝ անկախ այն բանից, թե ովքեր և ինչու են ցանկանում կասեցնել նման ընթացքը:

Panorama.am — Եթե չլիներ Սևակը, հայ գրականության ո՞ր ուղղությունը բաց կլինի։

Հովիկ Չարխչյան — Եթե չլիներ Սևակը, չէր լինի սևակյան աշխարհը, սևակյան մտածողությունը և սևակյան հնչեղությունը: Սևակը նկարագիր ու երանգ է, ինչպես յուրաքանչյուր վառ անհատականություն գրականության մեջ: Ասել, թե այդ ուղղությունը կմնար բաց, այնքան էլ ճիշտ չէ: Պարզապես այն կլիներ այլ դիմագծերով և այլ շնչով:

Panorama.am —  Սևակյան ո՞ր տողերը կարող եք հիշել, որը հնարավորինս կարող է բնութագրել հայաստանյան այսօրվա իրականությունը։

Հովիկ Չարխչյան — Սևակի «Նորօրյա աղոթքը» լիովին տալիս է այդ հարցի պատասխանը:

Panorama.am — Եթե այսօր ապրեր Սևակը, արդյո՞ք ակտիվ դիրքորոշում կհայտներ երկրում կատարվողի մասին ու չէր լռի, այդպիսի՞ն էր նա խառնվածքով։

Հովիկ Չարխչյան — Ստեղծագործությունն ինքնին դիրքորոշում է: Ակտիվ դիրքորոշում ներկայացնելու համար բոլորովին պարտադիր չէ, որ հնչեն հրապարակային ելույթներ և կամ համացանցը հեղեղեն ամենօրյա գրառումներով: Դիրքորոշումը նախ և առաջ գործողություն է, անձնական էության դրսևորում: Եվ Պարույր Սևակը, չապրելով մեր օրերում, շարունակում է մասնակիցը լինել այս օրերի ձևավորմանը: Վկան՝ իր հանդեպ եղած սերն ու իր գրականության նկատմամբ աճող հետաքրքրությունը:

Panorama.am— Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ ՈՒ ԹՌՉՈՂ ՄՈԽՐԱՄԱՆԸ

22 Հնվ

Ուսանողական տարիներին Առնո Բաբաջանյանը շատ տաքարյուն էր, չէր հանդուրժում իր հանդեպ որևէ անհարգալից վերաբերմունք: Մի անգամ այնպես ստացվեց, որ նա վիճաբանեց նկարիչ Վլադիմիր Այվազյանի հետ, վերջինիս ծաղրական խայթոցները ափերից հանեցին, և ինքնատիրապետումը կորցրած Բաբաջանյանը մոխրամանով հարվածեց նրա դեմքին: Նկարչի հոնքը պատռվեց, հոսեց արյունը: Ապշահար ընկերները շտապեցին առաջին օգնությունը ցուցաբերել Այվազյանին: Իսկ Այվազյանը գնաց պոլիկլինիկա, տեղեկանք վերցրեց իրեն հասցված մարմնական վնասվածքի մասին և դիմեց դատարան՝ հայց ներկայացնելով Առնո Բաբաջանյանի դեմ: Մեկ օր անց կոմպոզիտորը ծանուցում ստացավ դատարանից, որ նա իբրև կասկածյալ պիտի ներկայանա՝ այս ու այս հոդվածների համապատասխան: Նշված հոդվածներով նրան սպառնում էր մինչև երեք տարի ազատազրկում:

Ընկերները շտապեցին Այվազյանի մոտ՝ խնդրելով, պահանջելով, որ նա հայցը ետ վերցնի: Բայց նկարիչը չնահանջեց.

— Ոչ մի դեպքում չեմ ների: Բա որ աչքի՞ս կպներ: Ախր ես նկարիչ եմ,- ասաց նա ու հավելեց,- թող նստի ճաղերի ետևում, որ խելքը գլուխը հավաքի:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ապրումներ ունեցավ Բաբաջանյանը մինչև դատավարության օրը: Եվ միայն այդ օրը Այվազյանը դատարանում իր հայցը ետ վերցրեց՝ ասելով. «Ես իմ պատքը կատարեցի…»:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

11 Հնվ

Ես հիշում եմ մի էպիզոդ՝ կապված «Նռան գույնի» հետ: Պրեմիերայից հետո՝ գիշերվա ժամը մոտ երկուսին «Երևան» հյուրանոցի իմ դուռն է թակում ազնվական արտաքինով, բաց գույնի կոստյումով, ճաղատ, հմայիչ մի անձնավորություն, որը ժպտալով ներկայանում է.

— Բաբկեն Ներսիսյան:

Ես զարմացա այդ այցելությունից, որովհետև իսկույն ճանաչեցի իրեն՝ Թիֆլիսի Շահումյանի անվան հայկական թատրոնի լավագույն դերասաններից մեկին (ի դեպ, որի Երևան գալը ծանր նստեց թատրոնի վրա, երևի թե չպետք է գար), Բաբկեն Ներսիսյանին, որին գիտեի նաև հեռուստատեսային «Սայաթ-Նովա» ֆիլմից: Գիտեի, որ իր ֆիլմը հաջողություն է ունեցել հանդիսատեսի մոտ, ի վերջո ուղի էր հարթել դեպի հանդիսատեսի սիրտը և այն էլ՝ բավականին լայն: Եվ ահա Բաբկեն Ներսիսյանը եկել էր իր փառքի ու հաղթանակի դափնեպսակն ինձ նվիրելու: Եկել էր քաղաքացիական իր պարտքը կատարելու, և դա ինձ համար արժեր ամեն բան: Դա բարձրագույն գնահատականն էր, որ կարող էր տալ հայ մտավորական մարդը…

ԼՈՒՍԱՆԿԱՐ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ

10 Հնվ

1961 թվականի հայ գրողների մի խումբ մեկնում է Ուզբեկստան: Նրանց թվում էր նաև Պարույր Սևակը: Այս ուղևորության և այնտեղ կայացած հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններից բացի շատ քիչ բան է հայտնի:

Ներկայացնեմ մի բացառիկ լուսանկար: Պարույր Սևակը Ուզբեկստանի Անդիջանի մարզի Խրուշչովի անվան կոլտնտեսությունում է, որտեղ հյուրերին դիմավորում են տեղի բնակիչներն ու աշակերտները: Պիոներներից մեկը կարմիր վզկապով է պատվում Սևակին: