Tag Archives: Կարս

ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

29 Սպտ

2 նոյեմբերի, 1920 թ. Երևան

Իմ անգին հայրիկ,

Ապրում ենք մղձավանջի օրեր: Կարսը ընկավ անփառունակ կերպով մեկ օրվա թույլ դիմադրությունից հետո: Բերդապահ զորքը չնկատեց` ինչպես թշնամին մտավ քաղաքի փողոցները: Այժմ կռիվները փոխվել են Ալեքսանդրապոլի շրջանը և շատ հավանական է, որ մեր կապը իրար հետ կտրված կլինի շուտով: Կառավարությունը և տիրող կուսակցությունը մեռցրել են ժողովրդի մեջ հերոսության ոգին  և ամբոխների ինքնապաշտպանության ու տխրության կույր բնազդը, և նրանք չեն, որ պետք է կարողանան նորից զարթնեցնել: Կառավարության անդամների ու ղեկավար գործիչների բոլոր զեկույցներն ու խորհրդակցությունները արվում են դռնփակ, «ֆրակցիաների» ժողովներում, իսկ ժողովուրդն ու հասարակությունը ապրում է ստահոդ կամ չարանենգ փսփսուկներով  ու անտարբեր անցնում է պաշտոնական «կոչերի» ու «հաղորդագրությունների» մոտով: Չգիտեմ` պիտի զարթնի արդյոք և երբ ժողովրդի առողջ բնազդը: Մինչև  այժմ մեր բանակը, որ շատ մեծ է իր բազմությամբ, փախուստի էր դիմում ոչխարի հոտի նման: Ամենազարհուրելին այն է, որ երբ թշնամին քթի տակ է արդեն, մայրաքաղաքի կյանքն ունի իր նույն առօրյա տաղտկությունը և թմրությունը, որին խառնվել է միայն վախի զգացումը, բայց դարձյալ բավականին անտարբեր: Դատապարտվածի թմրություն,  զառամած կենդանու հոգեբանություն թե կառավարության և թե ժողովրդի մեջ: Իսկ մինչ այդ եղել է  զարմանալի անփութություն և թեթևամիտ խաղի  վերաբերմունք ամեն ասպարեզում:

 …Այս տարի ցուրտն ու ձմեռը շատ շուտ են վրա հասնում: Այստեղ անվերջ անձրև է, իսկ այսօր անդադար հեղեղ է ու քամի: Հեշտ չի այս եղանակին լինել դիրքերում կամ դաշտում, անտուն գաղթական:  Դարձյալ տասնյակ հազարավոր մահեր: Մեր ոճրագործ, կարճամիտ, ժողովրդակործան, ունայն ու թայֆայական  «կառավարության» քաղքականության ամբողջ սնանկությունն ու դատարկությունը երևաց այժմ, այս մեծ փորձության ժամին: Յուզբաշու նման ժողովրդին հրամայել, բայց ոչ` կազմակերպել, հավասարապես կրթել, այդ է ներքին ամբողջ քաղաքականությունը: Չունենք ոչ մի կառավարություն, կուսակցություն, որի սիրտը բաբախեր ժողովրդի սրտի հետ միասին և որը առկայծեր ժողովրդի մեջ: Կան միայն կառավարչական չաղ ապուրից  ուտողներ, ամեն ձևի ու չափի թալանչիներ: Ամեն բանի սովորած ու իրենց ֆիզիկական գոյությունը պահպանող «քաղաքացիներ», կույր ու անկամ բանակ և ատամները կրծոտող կենտ-կենտ «քննադատողներ»…??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՐՈՒՍՏԸ

9 Սպտ

Ծանոթ եմ Կարսի անկման պատմությանը: Բազմաթիվ գրքեր ու փաստաթղթեր եմ կարդացել այդ մասին: Գիտեմ, որ նման իրադարձությունները պայմանավորված են լինում բազում հանգամանքներով` քաղաքական, ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական… Գիտեմ, որ 1920 թ. հոկտեմբերի 30-ին մեր բանակը, ունենալով ռազմական ակնհայտ գերազանցություն, համարյա առանց կռվի քաղաքը հանձնեց թշնամուն:
Հակված չեմ անհարկի խտացնել գույները: Բայց երբ ընթերցեցի նույն տարվա փետրվարի 29-ին, այսինքն Կարսի կորստից ճիշտ 8 ամիս առաջ գրված այս նամակը, առաջին բանը, որ անցավ մտքովս, սա էր. «Ահա թե ինչից է սկսվում հայրենիքի կորուստը»:

ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ս. ՂՈՐՂԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

«29 փետրվարի 1920թ.
Կարս
Նահանգական բժշկի օգնական Քալանթարյանը թողեց պաշտոնը և անցավ ամերիկացիների մոտ: Բժիշկ Քալանթարյանը մեր բազմաթիվ բժիշկների շարքում աչքի ընկնող դեմք է, իր կրթությամբ և գաղափարական ուղղությամբ: Նա թողեց մեր առանց այն էլ նոսր շարքերը նյութական միտումներով, որովհետև կիսակուշտ փորով ազգասիրությունն էլ չափ պետք է ունենա:
Նահանգի 22 բժիշկի պաշտոններից տասն ու մեկը արձակ են և բոլոր տվյալները գալիս են վկայելու, որ այս վերջին թիվը պետք է մեծանա և ոչ պակսի: Ես հանձնարարել էի նահանգական բժիշկ հրավիրել Արդահանի համար, մի գաղափարական հայ բժիշկ, որ օգներ հայրենի կառավարությանը մեր պետական սաղմի կազմման գործում, բայց մեր դիպլոմավոր ոսկեզօծ երիտասարդությունը գերադասում է հեռվից դիտելու պատմությունը: Հրավերին արձագանք էր տվել մի ռուս բժիշկ միայն, բայց ես ոչ մի կերպ չհամաձայնվեցի ընդունել այդ թեկնածությունը, շատ հասկանալի է քաղաքական և պետական միտումներով:
Թափուր են ծայրագավառներում և մեր մյուս պաշտոնները: Մեր կարող և ինտելիգենտ երիտասարդությունը, որ երբեմն կազմում էր մեր երազների կորիզը, խմբվել է կենտրոններում, իսկ գավառ գալիս են միայն արկածախնդիրները և միայն գիշատիչ տարրը: Իմ բոլոր դիմումները, թե մամուլի միջոցով և թե մեր ականավոր հասարակական գործիչներին` գաղափարական աշխատողներ տալ ինձ, մնում են առանց նույնիսկ արձագանքի:
Ոմանք առարկում են, թե աշխատանքը հայրենիքում չի վարձատրվում, մյուսները փախչում են զինվորակոչությունից, գուցե և շատ իրավացի կերպով նկատելով, թե չի կարելի ամբողջ երկիրը զենքի կոչել: Այդ դրությունը, ասում են վերջինները, ստեղծում է կենտրոնախույս հոսանք և օրենքը հետևաբար մնում է միայն օրենքի համար և ոչ կյանքի:
Ես չեմ ուզում վերլուծել առարկությունները, բայց կուզեի արձանագրել իրողությունը և հրավիրել կառավարության բարձր ուշադրությունը այդ մեծ և մտախոհ խնդրի վրա: Գուցե տարօրինակ համարվի իմ այդ առիթով դիմումը այսօր, երբ դեռ երեկ լուծվել է ռոճիկների խնդիրները: Բայց ինձ չի վերապահված օրինադիր ֆունկցիաները կյանքի կենտրոնում լինելով և գուցե ավելի քան որևիցէ միջոց ունենալով, անմիջապես դիտելու այդ կյանքը: Ես սրբազան պարտք եմ համարում հրավիրելու կառավարության առանձին ուշադրությունը այս նշանավոր պետական հարցի վրա: Չի կարելի գավառը կառավարել պատահական մարդկանց միջոցով և չի կարելի մինիմալ միջոցների վրա
կառուցանել քաղաքացիությունը: Կյանքը, իրականությունը հրամայաբար պահանջում են պետական աշխատավորների խիստ ընտրություն, իսկ այդ հնարավոր է միայն այն ժամանակ, եnբ այդ գործիչը ապահովված կլինի: Այդ խոհրդակցությունը շատ տարրական է, իհարկե, բայց ես թույլ եմ տալիս ավելորդ անգամ կրկնելու այդ բոլորը, որովհետև մենք կանգնած ենք պետական կատաստրոֆայի մեծ անդունդի առաջ:
Եթե շարունակվի այդպես, եթե մեր գավառական պետական գործիչների շարքերը լցվեն միայն թերուսներով, միայն այն մարդկանցով, որոնք ուզում են միայն ապահովել իրանց և հեռանալ, մենք կմոտենանք այն պետական սնանկության, եnբ ընդհանուր պայթումն անխուսափելի կլինի:
Բոլորը խոսում են «սիրելի հայրենիքի» անունից, բոլորը քննադատում են, ոչ ոք ոչ կարողություն և ոչ տրամադրություն ունի աշխատելու և բոլորը… կեղեքում և ստանում են …
Այդպես է մեր օրերի դառն իրականությունը, և ես պետական պարտք համարելով զեկուցանելու Ձեզ այս մասին, թախանձանոք խնդրում եմ և այս զեկուցումն առաջարկել օրենսդիր մարմինների առանձին հոգացողության: Եվ ես չեմ չափազանցնում:
Նահանգապետ Ղորղանյան»:

Ֆ. 199, ց. 1, գ. 126, թ. 5: Բնագիր: Ձեռագիր:

«ԳԱԶԵԹ ԵԿԱՎ ԹԵ` ԲԱ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՃԱՄՓԵՆ ԴԵՍՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ…»

25 Մյս

Ամենքս էլ ինչ-որ ժամանակ երկաթուղու ուղևոր ենք եղել` անսովոր ու տարօրինակ ոչինչ չտեսնելով դրանում: Բայց և մեզնից մեծ երևակայություն չի պահանջվի պատկերացնելու համար այն զգացումը, որ ապրեցին Հայաստանի կուսական ձորերում շոգեքարշի առաջին սուլոցը լսողները: Երկաթուղու հայտնությունը մեր կողմերում թումանյանական պատումներից ժառանգել ու ընկալել ենք որպես հեքիաթային մի իրողություն, որին վիճակված էր առաջինը լինելու ճակատագիրը:
««Գազեթ եկավ թե` բա երկաթուղու ճամփեն դեսն են տանում…»»: Իսկ նախապատմությունն այսպիսին է: 1896 թ, որոշում է ընդունվում Արևելյան Հայաստանում կառուցվող առաջին` Թիֆլիս- Կարս երկաթուղու շինարարություն սկսելու մասին, և նույն թվականին էլ աշխատանքները ծավալվում են: Այն ղեկավարելու համար ստեղծվում է հատուկ վարչություն, որը գտնվում էր Թիֆլիսում և անմիջականորեն ենթարկվում էր Անդրերկաթուղու վարչությանը: Շինարարությունը բաժանված էր տեղամասերի, յուրաքանչյուր տեղամաս ուներ իր վարչությունը, որն էլ ուղղակիորեն ղեկավարում էր աշխատանքները տվյալ հատվածում: Շուրջ 3 տարի տևեցին առաջին գծի կառուցման աշխատանքները: Դրանք ավարտվեցին 1899 թ, աշնանը: Պահպանվել է պատմությունը. արխիվային ճշգրտությամբ արձանագրում է Հայաստանի երկաթուղու ծնունդն ավետող այն հիշարժան տարեթիվը, երբ առաջին գնացքը դուրս եկավ կառամատույցից: Դա 1899 թ. նոյեմբերի 30-ին էր, ժամը 12.00 -ին: Սկզբնական շրջանում շատ ավելի աշխույժ էր երթևեկությունը Թիֆլիս- Ալեքսանդրապոլ 278- վերստանոց հատվածում, ուր հաղորդակցությունը սկսվել էր 1899-ի դեկտեմբերի 1-ից: Ճիշտ է, գնացքները հասնում էին մինչև Կարս, սակայն Ալեքսանդրապոլ- Կարս հատվածում կանոնավոր երթևեկությունը հունի մեջ ընկավ փոքր-ինչ ավելի ուշ:
Մամուլի խունացած թերթերը ևս այդ օրերի մասին հետաքրքիր վկայություններ են պահպանել: Առաջին գնացքի մուտքը Կարս, որ տեղի ունեցավ 1899-ի հուլիսի 15-ին, «Մշակ» թերթում այսպես է ներկայացվել. «Այսօր առավոտյան ժամը 11-ին նշանակված էր Կարս- Թիֆլիս երկաթուղու մարդատար գնացքի մուտքը Կարս: Կայարանը և գնացքը զարդարված էին դրոշակներով: Կայարանի մուտքի ճակատին դրված էին վենզելներ Կայսրի անվամբ: Առավոտվանից ամբողջ քաղաքը հավաքվել էր կայարանի մոտ և անհամբերությամբ սպասում էր գնացքի գալուն: Երբ հեռվից լսվեց շոգեկառքի սուլոցը, նահանգապետը մի քանի բարձրաստիճան մարդկանց հետ գնաց ընդառաջ: Ճանապարհի մի ափից մինչև մյուս ափը երկարացրած էր մի ժապավեն, որին հասնելուն պես գնացքը կանգ առավ: Երկրաչափներն իջան վագոններից և ներկայացան նահանգապետին: Տիկին Դոմանտովիչը կտրեց ժապավենը: Նահանգապետը մուրճով խփեց դուրս ցցված մեխը, և գնացքը, խուռն բազմությամբ շրջապատված, շարժվեց դեպի կայարանը: Շոգեկառքի առաջին պատշգամբում հավաքված օֆիցերները երգում էին ռուսական հիմնը»: Նկարագրությունն ընդարձակ էր ու ամենայն մանրամասնությամբ` հոգևորականության մաղթանք, հյուրասիրություն, կենացներ ի պատիվ Նորին Կայսերական մեծության թագավորի և այլն, մի բան, որ հավանաբար կրկնվել է առաջին երկաթուղու ճանապարհին գտնվող բոլոր կառամատույցներում:
Ի դեպ, մեկ դարից ավելի վաղեմություն ունեցող այս նյութերի կողքին կարելի է հանդիպել նաև ոչ այնքան ուրախ տեղեկությունների: Հետաքրքիր է, օրինակ, այդ օրերի թերթերում այսպիսի լրատվության առկայությունը. «… Առավոտյան դեռ գնացքը չեկած` անձնասպան եղավ Կարսից մինչև Ալեքսանդրապոլ կայարանների և այլ շինությունների կապալառու Հարություն Ռափայելյանը… Նա դիմել է այդ քայլին, որովհետև երկար ժամանակ իր շինածների համար գանձարանից փող չէր ստացել, որի համար ամենահնազանդ արհեստավորներն անգամ սկսել են տրտնջալ և անպատվել նրան, իսկ ինքը, չկարողանալով տանել այդ վիրավորանքը, լավ է համարել ատրճանակի մի հարվածով վերջ տալ իր կյանքին..»:
Ցավոք, երկաթգծի պատմությունը նաև ուղեկցվել է ինչպես այսպիսի, այնպես էլ շատ ավելի ողբերգական պատահարներով: Երկաթուղու մուտքով խանդավառված կարսեցիները չեն մոռանա երբեք, որ 1918 թ. իրենց հարազատ քաղաքի անկման օրերին գաղթականներով լի վերջին գնացքներից մեկը խորտակվել է Ղարաքիլիսայի մոտակայքում:
Այս ամենը` ավելի ուշ: Իսկ 1896 թ. նշանավոր տարին առաջինը դարձավ նաև մեկ այլ` Ալեքսանդրապոլ- Ջուլֆա երկաթգծի համար: Այդ օրերին ոչ միայն թույլատրվեց գծի կառուցումը, այլև հետախուզական աշխատանքներ էին տարվում, նախագծեր էին կազմվում: Եվ երբ ավարտվեց Թիֆլիս- Կարս երկաթգծի կառուցումը, ամբողջ անձնակազմը տեղափոխվեց այստեղ` ձեռնամուխ լինելով Ալեքսանդրապոլ- Երևան գծի շնարարությանը: 1896թ. սկիզբ առած աշխատանքներն ավարտվեցին 1907 թ. վերջին, որից հետո շինարարական վարչությունները լուծարվեցին: Ընդհանուր առմամբ, դարասկզբին Հայաստանի երկաթուղու ցանցը կազմում էր 460 վերստ: Դրան զուգահեռ ավելանում էր տեղամասերի, կայարանների, դեպոների, այլ հիմնական ու օժանդակ կառույցների թիվը: Նույնիսկ այն ժամանակ ընդհանուր երկաթուղում երթևեկության կառավարման մեջ պարզություն մտցնելու նպատակով գնացքները ստորաբաժանվում էին ըստ նշանակության` ճեպընթաց, փոստային, մարդատար, ապրանքատար, ծառայողական, զինվորական և այլն:
Մեր երկրի վերջին հարյուրամյակի պատմությունը` Լոռվա ձորում աղմկած առաջին շոգեքարշից մինչև ««գնացքից թռչելու ժամանակը», որքան էլ անսովոր թվա, կարծես սուրացող երկաթուղու մի անվերջանալի ընթացք լինի: Դա գնացք էր, որով թուրքական զորքն էր խուժում Ալեքսանդրապոլ, գնացք, որ բախվեց ու խորտակվեց Սարդարապատի կայարանում: Կարմիր դրոշներ ծածանող զրահագնացք էր, որ մահ էր սփռում Երևանից Շարուր, 37-ի ապրանքատար էր, որ աքսորի էր տանում հարյուր հազարավորների, զինվորներով լի այն շարժակազմն էր, որ գնում էր խառնվելու Մեծ աշխարհամարտի բոցերին: 46-ի հայրենադարձող գնացքն էր` իր վերջին հանգրվանով և այսպես մինչև մեր օրերը:
1988 թ. մենք կրկին հիշեցինք երկաթուղին «շրջափակում» բառով: Տարիներ անց երևի կփնտրեն- կգտնեն ու կարձանագրեն այն օրը, երբ առաջին անգամ փակվեցին Հայաստան տանող երկաթգծերը: Բայց պահպանվում է այդ օրերի միտինգներից մեկի ելույթների սղագրությունը, որից քաղված այս հատվածը իր տարամադրությամբ ոչ միայն խիստ հատկանշական է, այլև հավակնում է նախանշել սկիզբը: Ձայնագրությունը կատարվել է 1988 թ. նոյեմբերի 21-ին: Լևոն Տեր- Պետրոսյանն իր ելույթն ընդհատում է` ձայն տալով հարթակ բարձրացած Սմբատ Հակոբյանին: Ահա վերջինիս խոսքը. «Հենց հիմա ես գալիս եմ կայարանից: Բաքու- Երևան գնացքը արդեն մի քանի ժամ է` կանգնած է Նորաշենում (Նախիջաևանի Նորաշեն գյուղում, Հայաստանի սահմանամերձ գոտում): Գնացքում գտնվում են 60-ից ավել հայեր, հիմնականում կանաք ու երեխաներ: Գնացքը պաշարման մեջ է: Գնացքում եղել են բազմաթիվ ադրբեջանցիներ, որոնց հանել են գնացքից: Րոպե առ րոպե, ժամ առ ժամ իրավիճակն ավելի է սրվում: Ոչ ոք չի կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը:
Հիմա ես ուլտիմատում եմ ներկայացնում և խնդրում եմ, եթե միտինգի մասնակիցները համաձայն են, ուլտիմատումը ներկայացնենք միտինգի անունից հետևյալ կարգով, հետևյալ բովանդակությամբ: Հիմա ժամը 8-ին պակաս է տասը: Սկսած ժամը 8-ից ` տալիս ենք 1 ժամ 30 րոպե ժամանակ: Եթե 1 ժամ 30 րոպեի ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը իր վրա…» (այստեղ տեքստն ընդհատվում է):
Իսկ ժամանակը թռչում է: Այսօր երկաթուղու նկատմամբ մեր պատկերացումները փոքր-ինչ այլ են: Այսօր կառամատույցները նախկինի պես մարդաշատ ու աղմկոտ չեն: Այսօր երկնագույն վագոնների մասին երգերն ընդամենը երգեր են: Սակայն այն հույսը, որ կգա վերստին աշխարհի հետ երկաթե գծերով կապվելու ցանկալի ժամանակը, ոչ մեկին չի լքել: Դրա իրավունքն է տալիս հայկական երկաթուղու հին ու նոր պատմությունը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ՈՐՏԵ՞Ղ Է ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ

14 Մրտ

ՄԻ ՔԻՉ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կարսում Եղիշե Չարենցի հայրական տան շուրջ խոսակցությունները նոր չեն, բայց ոչ էլ այնքան հին, որ անհնար լինի պահպանել դեպքերի ժամանակագրական ընթացքը: Խորհրդային տարիներին դրա որոնումների մասին մտածելն անիմաստ պիտի լիներ: Անկախացումից հետո նույնպես միանգամից չէ, որ հիշեցին տան գոյությունը: Այդ նյութին առնչվող սկզբնական հրապարակումները հայտնվեցին միայն 1990-ականների կեսերին: Ու երբ առաջին անգամ թերթերից մեկը գրեց, թե ինչպես մի հայ վարորդ Թուրքիայի տարածքով բեռներ տեղափոխելիս կանգ է առել Կարսում ու գտել է Չարենցի տունը, պետք է ասել, որ լուրը մեր հայրենակիցների շրջանում ընդունվեց առանց շեշտված ոգևորության: Սակայն հանրությունը բացահայտումն ընկալեց իբրև անժխտելի փաստ և այդ մտայնությամբ էլ առաջնորդվեց հետագայում: Այս անգամ արդեն Արևմտյան Հայաստանի ու մասնավորապես Կարսի մասին գրելիս պարտադիր կարգով նշվում էր, որ դա այն քաղաքն է, որտեղ գտնվում է վերոնշյալ կառույցը: Ու թեև այն օրերին քչերն էին դա տեսել (կամ ընդհանրապես չէին տեսել), այնուհանդերձ նրանց համար հաճելի էր սույն փաստը վկայակոչելիս ցուցադրել իրենց իրազեկված լինելու բարձր աստիճանը:
Սակայն ինչ-որ պահից սկսած նախաձեռնությունն անցավ թուրքերին, իսկ այնուհետև պարզապես դերերը փոխվեցին: Այժմ արդեն տան մասին գլխավորապես գրում էր թուրքական մամուլը, իսկ հայկական լրագրերը անմիջապես դրանք արտատպում, տարածում և քննարկումներ էին կազմակերպում: Այն բանից հետո, երբ Թուրքիա մեկնելը և հատկապես Կարս գնալը դարձավ ավելի դյուրին, հայտնվեցին ենթադրյալ տան առաջին լուսանկարներն ու տեսագրությունները: Էլի մի կարճ ժամանակ, և արդեն տուրիստական գործակալություններն իրենց երթուղիներում նշում էին. «Հատուկ ուղևորություն, նախաճաշ, պտույտ Կարսում (Եղիշե Չարենցի հայրական տուն, Կարսի բերդ, Առաքելոց վանք…)»: Իսկ այն, որ կողմնորոշիչ քարտեզների վրա նշվում էին միանգամայն տարբեր վայրեր (տես` քարտեզ 1 և 2), որևէ մեկին լրջորեն չէր անհանգստացնում:
Սակայն մեծ իրարանցման գագաթնակետն, անշուշտ, այն պահն էր, երբ մի խումբ նվիրյալների գլխում միտք ծագեց համաձայնության գալ տեղի իշխանությունների հետ, գնել տունը և վերածել այն մշակութային կենտրոնի: Այդ նպատակով պատվիրակություններ մեկնեցին Կարս, նույնիսկ հաջողվեց պոտենցյալ մեկենասների գտնել` մի պոլսահայի և մի ամերիկաբնակ հայի: Ու գուցե թե ամեն բան հենց այդպես էլ լիներ, եթե… Եթե-ներն այս դեպքում մի քանիսն էին: Նախ, հայրենանվեր գործում աչքի ընկնել ցանկացող հավակնորդների իրարանցումը (որոնք չէին պատրաստվում առաջնությունը զիջել մեկ ուրիշի) ի վերջո չնպաստեց կողմերից որևէ մեկի հաղթանակին: Այնուհետև թուրքերը, որոնք անմիջապես հասկացան, որ հայերը խայծը կուլ են տվել, մի գիշերում խարխուլ ավերակի գինը տասնապատկեցին` հասցնելով մինչև 180 հազար դոլարի: Իսկ հետո իրար հաջորդեցին մի շարք այլ իրադարձություններ, որոնք որոշակի լարվածություն հաղորդեցին հայ-թուրքական շփումներին, և գործը վերջնականապես կանգ առավ:
Եթե ամփոփենք վերը շարադրվածը, ապա կարող ենք փաստել, որ ընդհանուր հաշվով շուրջ 15 տարի շահարկվում է այս թեման ամենատարբեր հարթություններում և ամենատարբեր մարդկանց կողմից: Այդ պատճառով էլ երբ անցյալ տարվա նոյեմբերին asekose.am կայքէջի միջոցով համարձակվեցի հայտարարել, որ իրականում ամենքը մոլորության մեջ են և «գտնվածը» բոլորովին էլ Չարենցի տունը չէ, ոմանց արձագանքն ուղղակի հիվանդագին էր և չարության աստիճանի անհանդուրժող: Իհարկե, եղան նաև մարդիկ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով հաստատեցին պնդումս, սակայն դա շատերին անհամոզիչ թվաց: Սա ևս հաշվի առնելով` այն ժամանակ առարկողներին խոստացա, որ առաջիկայում այդ խնդրի առիթով հանդես կգամ ավելի ընդարձակ հրապարակմամբ (տես` «Ազգ» օրաթերթ, 11.09.2010 թ.): Նախ և առաջ դա կարևոր է այն իմաստով, որ, իմ խորին համոզմամբ, այլ բան է նախատրամադրվածությունը և միանգամայն այլ բան` իրականությունը: Որքան էլ դա անհաճո լինի սխալի համար կշտամբանքը, վերջիվերջո պետք է հաշվի նստել ճշմարտության հետ, այլապես կարելի է ոչ միայն հայտնվել զավեշտալի դրության մեջ, այլև կասկածի ենթարկել իրերի ռեալ վիճակն ըմբռնելու կարողությունը: Ինչ խոսք, կա նաև հակափաստարկներով առարկելու ուղին, ինչն առավել նախընտրելի է, քան անհամաձայնության նյարդային դրսևորումները: Բայց քանի որ դա պահանջում էր դաստիարակության և նրբանկատության որոշակի պաշար, այդ պատճառով էլ ընդդիմախոսներից առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ:
Եվ այսպես, ձեռնոցը նետված է: Ի՞նչ է հետևում դրանից:
Նախ այն, որ յուրաքանչյուր քայլ պիտի ունենա իր տրամաբանությունը: Որպեսզի երկրաբանը գտնի այն վայրը, ուր ընդերքի հարստությունն է, նրան նվազագույնը մասնագիտական գիտելիքներ են պետք: Որպեսզի հնագետը հայտնաբերի ջնջված քաղաքակրթության հետքերը, պիտի տիրապետի իմացության որոշակի պաշարի և ուղղորդիչ փաստերի: Նույն կերպ և գրականության պատմությամբ զբաղվողը որևէ արդյունքի հասնել չի կարող, եթե առաջնորդվելու է սոսկ վարկածներով, չստուգված տեղեկություններով կամ ներքին մղումներով: Եվ իհարկե, ավելորդ է խոսել նրանց մասին, ովքեր ոչ միայն այդ փաստերը չունեն, այլև դրանք ունենալու ցանկությունը: Սակայն արի ու տես, որ վերջիններս երբեմն իրենց համառությամբ կարող են զարմացնել ու անակնկալի բերել անգամ նրանց, ովքեր համոզված էին, որ «գնա այնտեղ, չգիտեմ որտեղ»- ը լուրջ մարդկանց զբաղմունք դառնալ չի կարող:
Իսկ այժմ` ըստ էության:

ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ՍԻՆԴՐՈՄԸ

Ի՞նչ ենք մենք փնտրում: Այս հարցադրումն ինքնանպատակ չէ: Բանն այն է, որ Չարենցի ընտանիքը Կարսում ապրած տարիներին ունեցել է մի քանի բնակարաններ քաղաքի տարբեր փողոցներում: Այս մասին կան բազմաթիվ վկայություններ, ու փաստերը լրացուցիչ ապացուցման կարիք չեն զգում:
Դատելով մինչ այժմ եղած հրապարակումներից` վստահաբար կարելի է ասել, որ մարդկանց որոնածն այն տունն է, որտեղ 1897 թվի մարտի 13-ին ծնվել է ապագա բանաստեղծը, այսինքն Էրզրումից Կարս տեղափոխված Սողոմոնյանների առաջին կացարանը: Հիմա տեսնենք, թե ի՞նչ է հաջողվել գտնել: Ուշադրություն դարձրեք այս երեք տարբեր տների լուսանկարներին (նկար 1, 2 և 3`լուսանկարները հոդվածի վերջում): Դրանցից յուրաքանչյուրը համարվում է Չարենցի տունը, և ամեն մեկն ունի իր հայտնագործողը: Այս իմաստով նաև պակաս հետաքրքրական չէ, թե ինչպես են սովորաբար դրանք գտնվում: Ահա պատմություններից մեկը, որը խիստ բնորոշ է ու քիչ բանով է տարբերվում մյուսներից:
Մասնագիտությամբ հիդրոտեխնիկ Ռոմիկ Հովնանյանը 2004-ին, իր պատմելով, դիպվածով գտավ Չարենցի տունը: 5 անգամ Կարս այցելած և նույնքան մատի պես քաղաքն իմացող մեր հայրենակիցը ճակատագրական այդ օրը իջևանել էր «Յըլմազ» հյուրանոցում և անմիջապես անցել գործի: Այժմ լսենք նրան. «Երբ ներս մտանք, նախասրահում նստած էր հյուրանոցի տնօրենը՝ Ֆարուխը, որն ինձ քաջ ճանաչում էր, քանի որ 4 անգամ հանդիպել էինք: Հանկարծ մտքովս անցավ, որ կիմանա Չարենցի տան տեղը: Հյուրանոցում մի ադրբեջանցի կար, որին խնդրեցի թարգմանել. «Ֆարուխը արդյոք չի՞ ուղեկցի ինձ Չարենցի տուն»: Հյուրանոցի տերը համաձայնեց: Հետո ադրբեջանցուն թուրքերեն ինչ-որ բան ասաց, սա էլ գնաց դիմացի շենքը ու վերադարձավ մի մարդու հետ: Պարզվեց, որ այդ անծանոթը Չարենցի տան ներկայիս տերն է…»: Տեսնու՞մ եք, թե հրաշքներն ինչպես են ծնվում: Ոչ մի ջանք ու եռանդ, ոչ մի որոնում, ոչ մի նախնական պատրաստություն: Դիպվածը մարդուն բերել ու կանգնեցրել է հարյուր տարի առաջ կառուցված Չարենցի տնից մի քանի քայլ հեռավորության վրա, իսկ տեղի թուրքերն էլ հենց նրա համար էին, որ աչքերը ջուր կտրած` սպասեին, թե երբ կժամաներ հայ հիդրոտեխնիկը, որպեսզի նրան սկյուտեղի վրա մատուցեին հայ գրողի հայրական օջախը, մի գրող, որի անունը հյուրանոցատերն ու մյուսները հավանաբար առաջին անգամ լսեցին հենց այդ օրը…
Ճիշտ պահն է վերհիշել հնագետ Սամվել Կարապետյանի պատմածն այն մասին, որ դեռևս 2000 թվականին ինքն այցելել է Կարս ու իրեն ցույց են տվել մի ավերակ շենք՝ ասելով, որ դա Եղիշե Չարենցի տունն է: Սակայն հետո մի ուրիշ խումբ է եկել և նրանց էլ մի այլ ավերակ են ցույց տվել… Հիմա Կարապետյանը զարմանքով ասում է, թե տեղաբնակներն այնքան խորամանկություն չունեին, որ գոնե նույն «բլբլված շենքը» ցույց տային: Նմանօրինակ կացության մեջ է հայտնվել նաև գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով հետո իր ուղեգրության էջերում պիտի հիշատակեր, որ Կարսում իրենք սկզբում մոմեր վառեցին մի տան առաջ, այնուհետև գնացին ու մոմեր վառեցին մեկ ուրիշ տան մոտ, քանի որ երկուսի մասին էլ ասվում էր, թե Չարենցի տունն է:
Թե Ս. Կարապետյանը, թե Դ. Գասպարյանն իրենց գործի գիտակն են, այդ իսկ պատճառով էլ նրանց շփոթմունքն ու կասկածները հասկանալի են: Մարդիկ չեն ցանկանում հալած յուղի տեղ ընդունել կեղծիքն ու թեթևամտությունը, ծանրակշիռ հիմնավորումներ են պահանջում և գոնե համարձակություն ունեն բացահայտ այդ մասին ասելու: Սակայն, ինչպես երևում է, այս շնորհը ամենքին չէ, որ տրված է: Ես հրաշալի հասկանում եմ նաև նրանց մղումները, ովքեր ի սրտե ցանկանում են գտնել հանճարեղ գրողի տունը, այդ ներքին պահանջը համարում եմ անկեղծ ու խրախուսելի: Բայց կարելի էր, չէ՞, որոնումները ձեռնարկելուց առաջ խորհրդակցել մասնագետների հետ, լսել նրանք կարծիքը, օգտվել տասնամյակներով կուտակված ուսումնասիրությունների արդյունքներից: Մի՞թե դա այդչափ դեմ էր նրանց հիվանդագին պատվախնդրությանը:
Ահա ևս մի որոնող` Հովհաննես Պապիկյանը: «Ազգ» թերթի 2010-ի նոյեմբերի 30-ի համարում նա պատմում է, թե ինչպես են գտել Չարենցի տունը և հարկ է համարում ձեռքի հետ ինձ նկատողություն անել. «Հովիկ Չարխչյանը շտապեց անժխտելի համոզվածությամբ ասել, թե լուսանկարում պատկերվածը Չարենցի հայրական տունը չէ` մոռանալով, որ եթե ասում է` սա չէ, պարտավոր է ասել, թե ո՞րն է»: Իհարկե, պարտավոր է, և Հովիկ Չարխչյանն արդեն ասել է այդ մասին: Ով ականջ ուներ` լսեց, ով աչք ուներ` տեսավ: Իմ հերքումից անմիջապես հետո «Իրատես դե ֆակտո» թերթում տպագրված հարցազրույցում, իսկ այնուհետև «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրով ես հիշատակեցի այն վայրը, որտեղ պետք է իրականացնել Չարենցի տան որոնումները: Իսկ նրանք, որոնց զգայարաններն այդ ժամանակ դավաճանել էին, գրիչներն առած` սկսեցին հոդվածներ գրել ու կոչեր հնչեցնել, թե` «Ինչու՞ եք իրար խառնվել»: Այս դեպքում խառնվողը հաստատ մենք չէինք, քանի որ դրա շարժառիթը չունենք: Իսկ ահա նման հարցը հնչեցնողը ուներ: Այնքան ուներ, որ նոր ասելիք չգտնելով` պարզապես վերցրեց ու երկու տարի առաջ «Հայաստանի զրուցակից» թերթում արդեն տպվածը վերաշարադրեց «Ազգ»-ում:
Հովհաննես Պապիկյանին, իհարկե, կարելի է մարդկայնորեն հասկանալ: Նա մեղքի զգացում ունի իր հովանավոր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ուղևորության վերգիլիոսների` Դավիթ Սարգսյանի, Սամվել Սևադայի, Մարտին Թադևոսյանի առաջ: Մարդիկ վստահել էին նրան, ուղևորության ծախսերն էին հոգացել, հովանավորել էին գրքի տպագրությունը ու դեռ շնորհանդեսներ էին կազմակերպել: Եվ հիմա հանկարծ պարզվում է, որ եղածը դատարկ հնչյուն է, ոչ ավելին: Եվ ու՞ր մնացին հավաստիացումներն այն մասին, թե ամեն բան ճիշտ է` քարտեզներով, լուսանկարներով, վավերագրերով ապացուցված… Նոր հորիզոններ բացահայտելու, անհայտ տարածքների նվաճման առաջամարտիկը լինելու մղումը մարդուն ծիծաղելի իրավիճակների մեջ է գցել, իսկ նման պարագայում ուրիշ ի՞նչ սպասել, եթե ոչ անզոր ջղակծկումներ:
Մեկն էլ կա` երդվյալ հավատացյալն այն բանի, թե իր գտածը հենց այն է, ինչ պետք է: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն է: Վերջինս նույնպես առիթը բաց չթողեց արժեզրկելու իմ պնդումերը և փոխարենը հրամցնելու սեփական արտադրության խոտանը, որը, «Առավոտ» թերթի մատուցմամբ, այսպես էր հնչում. «…Լ. Հակոբյանի խոսքով, 2005թ. մտավորականների խմբով Կարս այցելության ժամանակ իրենց գտած շինությունն է այն տունը, որտեղ Էրզրումից հեռանալուց հետո ապրել է Սողոմոնյանների ընտանիքը, ծնվել է Ե. Չարենցը ու ապրել մինչեւ 12-13 տարեկան»: Իսկ հետո տիկին Հակոբյանը վկա էր բերում Կարսի քաղաքապետարանին և անվերապահ համոզմունք հայտնում. «Կարսի քաղաքապետարանը սխալվել չէր կարող»: («Առավոտ», 19.11. 2010 թ.)
Թե քաղաքապետարանն ու քաղաքապետը որքանով էին տեղյակ Չարենցի ու նրա տան գոյության մասին և որքան «արժեքավոր» տեղեկություններ կարող էին հաղորդել, լավագույնս վկայում է 2007-ի նոյեմբերին Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլու հետ անցկացրած մի հարցազրույց: Լրագրողի այն հարցին, թե Չարենցի տունը թանգարանի վերածելու նպատակ կա՞, Ալիբեյօղլուն հետևյալն է պատասխանում. «Առայսօր չգիտեի, որ հայ մեծ բանաստեղծ է ծնվել Կարսում: Եթե իմանայի, որևէ բան կձեռնարկեի: Անպայման նրա մասին տեղեկություններ կիմանամ ու կփորձեմ հնարավորության դեպքում որևէ բան անել»: («Ազգ», 21.11.2007 թ.):
Հիմա հասկանու՞մ եք, թե ինչի և ում հետ գործ ունենք: Հերբերտ Ուելսի հերոսները մեզ կնախանձեն: Պարզվում է, որ 2007-ին դեռ ոչինչ չիմացող մարդը արդեն իսկ 2005-ին արժեքավոր ու եզակի տեղեկություններ էր հաղորդել Լիլիթ Հակոբյանին, իսկ վերջինս էլ ինֆորմացիոն այդ զենքը ձեռքն առած` հինգ տարի է` կրակում է աջուձախ` բոլորին համարելով անտեղյակ, ոչինչ չիմացող ու ոչինչ չհասկացող:
Լիլիթ Հակոբյանը մեկ անգամ չէ, որ ապակողմնորոշում է հանրությանը: Այդպես եղավ Չարենցի գերեզմանի պարագայում, այդպես եղավ Չարենցի ձեռագրերի առիթով, հիմա էլ տունը: Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ եթե մյուսներից ավելի հաճախ են մտնում Չարենցի տուն-թանգարան, դա արդեն բավարար նախապայման է յուրաքանչյուր հարցի շուրջ մասնագիտական դատողություններ անելու համար: Եթե այս տրամաբանությունը գոնե դյուզն- ինչ գոյության իրավունք ձեռք բերեր, ապա թանգարանի հավաքարարն այժմ կհամարվեր ամենամեծ չարենցագետը…
Սակայն անցնենք առաջ և լսենք այն «փաստարկները», որոնք սորուն ավազի վրա կառուցվել էր ենթադրյալ տան միֆը և, իհարկե, շարադրենք մեր հակափաստարկները:

ԸՆԿԵՑԻԿ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Ո՞րն է եղել այն կողմնորոշիչ նյութը, ինչի հաշվին տարիներ շարունակ փորձ է արվել պնդել որոնումների ուղղության անսխալականությունը: Դա կռահելն այնքան էլ դժվար չէ, քանի որ համարյա բոլոր դեպքերում դա միակն է կամ հիմնականը: Խոսքն առաջին հերթին Չարենցի «Երկիր Նայիրի» վեպի մի փոքրիկ հատվածին է վերաբերում, որտեղ գրողը նկարագրում է իրենց տան դիրքը: Սա, ինչ խոսք, լիովին բավարար պիտի լիներ սարուձոր չընկնելու և օտարների տների փոխարեն Չարենցի իրական տունը գտնելու համար: Եվ մարդիկ կարծես թե հենց այդպես էլ արել են: Միայն թե, արի ու տես, որ հոնքը շինելու տեղ հանել են աչքը…
Ահա, օրինակ, մի որոնող` Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի խորհրդական Մարտին Թադևոսյանն այդ աղբյուրը նույնպես հաստատում է: Վերջինս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում պատմում է, որ իրենք կոնկրետ հասցեով գնացել-գտել են տունը, ու քաղաքապետն էլ օգնել է այդ հարցում, հետո թուրք բնակիչներն էլ գիտեին, որ դա հայ բանաստեղծի տուն է եղել: Մի խոսքով, ոչ մի կասկած: Իսկ այնուհետև Թադևոսյանը հավելում է. «Չարենցի «Երկիր Նայիրի» պոեմում նկարագրածով էլ է տեղը համապատասխանում` Ղարսի այգու, Վարդանի կամրջի մոտ, երկու հարկանի տուն: Ամեն ինչ Չարենցի նկարագրածի նման էր»: Դեպքերից առաջ չընկնելու համար ընդամենը երկու դիտողություն անենք այն մասին, որ նախ Չարենցն իր գրքում չի գրել, թե տունը երկհարկանի էր, և ապա «Երկիր Նայիրին» պոեմ չէ, այլ վեպ: Սա` ի գիտություն:
Բանաստեղծի դուստրը` Արփենիկ Չարենցը 2007-ի հունվարին լրագրողին ասում էր. «..Հիմա մենք Չարենցի «Երկիր Նայիրի» վեպի նկարագրության հիման վրա փորձում ենք ճշգրտել Չարենցի տան գտնվելու վայրը: Կողմնորոշման համար հիմք են ծառայում Վարդանի կամուրջը, Առաքելոց վանքը, Կարսի բերդը: Հետո հաշվի են առնվում նաև Ավետիք Իսահակյանի այն նկարագրությունները, որոնք նա արել է Աբգար աղայի տան մասին: Իսահակյանը, գրելով, որ Կարսում իջևանել է Աբգար աղայի տանը, այնուհետև նկարագրում է այն` սև տուֆից, երկհարկանի տուն…»:
Նույն աղբյուրների հղումներն են կրկնվում արդեն ծանոթ Պապիկյանի շարադրանքի ու Լիլիթ Հակոբյանի առարկությունների մեջ: Մի խոսքով, Չարենցի գիրքը սկզբնաղբյուր էր, և սա միանգամայն խելացի ու տրամաբանական էր:
Այժմ մեջբերենք «Երկիր Նայիրի»-ի այդ հանրահայտ հատվածը: Չարենցը վեպի երրորդ գլխում գրում է. «… Հիշում եմ՝ մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, հորդել էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը. գիշեր էր, երբ ես ու եղբայրս, տնից փախչելով, գնացինք հորդած գետին նայելու: Մութն էր. կարծես մազութ էին քսել երկնքին, ու հոսել էր մազութը երկնքից և ծածկել քաղաքը, փողոցները, շենքերն ու մարդկանց: Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, բերդի տակ, և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրին: Բայց մենք չարաչար սխալվեցինք: Մեր տնից դեպի հիշյալ փողոցն էր իջնում ծուռ ու մուռ մի արահետ. դեռ նոր էինք շուռ եկել այդ քարքարոտ արահետի վերջին ոլորտը, որից հետո արահետն ուղիղ դեպի գետափնյա փողոցն էր իջնում, երբ մեր աչքերի առաջ փռված խավարի մազութը բաժանվեց երկու մասի. վերը՝ մուգ, իսկ ներքևը բաց գույնի մազութ էր, որ հազիվ էր տարբերվում վերի մազութից…»:
Ահա այսպես, մարդը սևով սպիտակի վրա, չափազանց հասկանալի բառերով նկարագրել է իր հայրական տան գտնվելու վայրը: Ընդամենը պահանջվում էր այն ճիշտ ընթերցել, գնալ այդ ճանապարհով ու նշված վայրում իրականացնել որոնումները: Ավելի պարզ բան անհնար է պատկերացնել:
Իսկ հիմա տեսեք, թե ինչ են ասում և անում նրանք, ովքեր քիչ առաջ երդվում էին, թե հենց այդ ուղղորդիչ տողերին էլ վստահել են:
Հովհ. Պապիկյանը ոգևորված գրում է. «Այդպես գտնվեց ճիշտ հասցեն: Կարս գետի ափին քաղաքային այգին է, այն փողոցին միացնող երկաթե փոքրիկ կամուրջը, որի դեմ հանդիման տունն է` «անտաշ քարով շինված»: («Հայաստանի զրուցակից» թիվ 35, 2008 թ.): Ընդամենը երկու նախադասություն ու նվազագույնը երկու աղաղակող սխալ: Նախ, ինչու՞ պիտի տունը որոնեին Կարսի Երկաթե (կամ Չուգունե) կամուրջի մոտ, եթե Չարենցը գրել է, որ իրենք ապրում էին Վարդանի (կամ Քարե) կամրջի մոտակայքում (տես` նկար 4): Այդ ո՞ր խելոքն է որոշել, թե Չարենցից ավելի լավ գիտի նրա բնակության վայրը կամ ավելի լավ է զանազանում քարը երկաթից: Հաջորդ սխալը տան դիրքն է` կամրջի դեմ դիմաց: Պարզապես զարմանում ես: Մի՞թե Չարենցը չինարենով էր պատմում, որ եղբոր հետ իջնում են բլրից և մի քանի ոլորան են անցել, մինչև հասել են գետափնյա, այսինքն Ալեքսանդյան փողոցը: Էլ ի՞նչ տրամաբանության թելադրանքով կարող էին մարդիկ նրա տունը որոնել հենց գետի եզրին, կամրջի դիմաց: Եվ այսքանից հետո նույնիսկ ավելորդ է խոսել չարենցյան հայտնի բանաստեղծական տողի մասին, որի առիթով գրականագետ Դ. Գասպարյանն իրավացիորեն նկատել է. «Թողած Կարսում, գետի ափին, տունս շինված անտած քարով…» տողը պատկեր է և ոչ թե տան լուսանկար ու հասցե: Ուստի կարծում եմ, դեռևս պետք է ճշգրտել և գտնել ճիշտ տան տեղը» (Դավիթ Գասպարյան- «Ճանապարհորդություն դեպի Կարս և Անի», «Գարուն», թիվ 3, 2005 թ).:
Սակայն, վազանցելով ամեն կարգի տարակուսանք ու սխալ` մարդիկ արդեն այդ բանն արել են: Նրանք այժմ և հասցե ունեն, և լուսանկար: Համաձայն այդ անբեկանելի որոշման, Չարենցի տունը եղել է նախկին Ալեքսանդրովսկի 8 հասցեում (ներկայումս`Էրզրումի 100): Իսկ տան լուսանկարը հրամցվում է որոնողների հաջորդ «հիմնավոր» փաստի հետ, որն ի հայտ է գալիս նախկին կարսեցի Արտաշես Ալեքսանդրյանի վկայությամբ: Վերջինս իր «Մղձավանջ» հուշերի գրքում զետեղել է այս նկարը (տես` նկար 5) և կցել հետևյալ մակագրությունը. «Կարսի Երկաթյա կամուրջը (Կենտրոնի երկարավուն շենքին անմիջապես հաջորդող շենքը (աջից) Աբգար աղայի (Չարենցի հոր) տունն է»: Այն, որ Ալեքսանյանի մատուցած լուսանկարն այլ բան չէ, քան մեկ դար առաջ ռուսների կողմից հրատարակված բացիկի եզրերը մկրատած տարբերակը (տես` նկար 6), թողնենք մի կողմ: Բայց որ նա էլ է խոսում Երկաթե կամրջի մասին, սա ենթադրում է միայն մի բացատրություն: Նախ ասենք, որ վերջինս Չարենցի դասընկերն է եղել: Իսկ Չարենցը ռեալական դպրոց է ընդունվել 1907 թվին, երբ արդեն 10 տարեկան էր: Տասը տարվա ընթացքում Աբգար աղայի ընտանիքը կարող էր փոխել ոչ մեկ բնակարան: Կնշանակի` նրա դպրոցական ընկերների նկարագրած տները հաստատապես չէին լինի այն մեկը, որտեղ ծնվել է բանաստեղծը, այլ միայն նրանք, ուր Սողոմոնյանների ընտանիքը հետագայում տեղափոխվել էր: Այս իրողությունը ապացուցում է նաև ինքը` Չարենցը: «Երկիր Նայիրի» վեպից արդեն մեջբերված հատվածի ու դեպքի առնչությամբ բանաստեղծը գրում է. ««Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավելի երկար ու ձիգ տարիներ»: Եթե վեպը նա գրել է 1923 թվին, ուրեմն 20-ից ավելի տարին պիտի վերաբերի 1902-03 թվականներին, երբ Ալեքսանյանը դեռ չէր ճանաչում նրան, ուրեմն և բացիկի վրա մատնացույց արված շենքը չէր կարող լինել Սողոմոնյանների առաջին տունը: Մեր պնդումը վերահաստատելու համար վկայակոչենք փորձված չարենցագետներին, ովքեր սույնի մասին գրել են վաղուց և բազում անգամ: «…Սկզբում Սողոմոնյանները բնակվել են Քարե Կամուրջի մոտ, Առաքելոց եկեղեցու մոտերքը, հետո թուրքերի մեջիթի մոտերքը, եռահարկ մի շենք երրորդ հարկում: Ամենավերևում` Ալեքսանդրյան փողոցում` Ալեքպոլի կողմից, Առաքելոցից ձախ կինո «Կարս» կամ «Ապոլլո»-ի բակում..»:,- հավաստում է գրականագետ Ալմաստ Զաքարյանը («Եղիշե Չարենց, կյանքը, գործը, ժամանակը», գիրք 1-ին, էջ 37): Եվս մի մեջբերում, այս անգամ արդեն գրականագետ Գառնիկ Անանյանի գրքից. «…Սկզբնապես բնակվել են «Բերդի տակ», ինչպես վկայում է բանաստեղծը. «Մենք ապրում էինք Վարդանի կամրջի մոտերքը, Բերդի տակ… Մեր տնից դեպի հիշյալ փողոցն էր իջնում ծուռումուռ մի արահետ…»: Ասում ենք սկզբնապես, որովհետև Եղիշեի ծնունդը գրանցված է Սուրբ Աստվածածնի եկեղեցում, իսկ այն գտնվում է Բերդի ստորոտում, «ժայռոտ բարձրավանդակի լանջին»: Սա, այսպես կոչված, հին Կարսն է, իսկապես` «ցածլիկ տներով», «մեծ մասամբ մի հարկանի, տափակ կտուրներով», «ծուռումուռ» փողոցներով, կատարյալ «միօրինակ տափակության ծով» (Չարենց): Տարբեր ժամանակներում բնակարան են վարձել Ալեքսանդրովսկայա փողոցի վրա, Երկաթե կամրջի մոտերքը (Սուկափի թաղ) և այլուր…»: (Գառնիկ Անանյան, «Եղիշե Չարենց», Երևան, 1977, էջ 11):
Ինչպես նկատում ենք, մեջբերված տողերում որևէ անգամ չի ասվում այն մասին, թե առաջին տունը եղել է այն, որը գտնվել է Ալեքսանդրյան փողոցում կամ Երկաթե կամրջի հարևանությամբ:
Սակայն դպրոցական ընկերոջ վկայությունը միակը չէ: Հաջորդ պատումի հեղինակն այս անգամ Չարենցի քույրն է` Աշխենը: Նա ևս հիշատակում է Ալեքսանդրյան փողոցը: Պետք է կարծել, որ սա արդեն լուրջ կռվան է: Բայց այդ տպավորությունը շատ կարճ է տևում: Դատեք ինքներդ` կարդալով, թե Աշխեն Սողոմոնյանն ինչ է ասում իր հուշերում. «…Կարսում ապրում էինք Ալեքսանդրովսկայա փողոցում, քաղաքի կենտրոնում: Հորս փոքրիկ վաճառատունը հեռու չէր, բայց այդ փողոցի անունը ես չեմ հիշում: Մենք մեր սեփական տունը չունեինք: Վարձում էինք: Ալեքսանդրովսկայա փողոցում մենք ապրել ենք երկու անգամ, շուրջ 6-7 տարի: Մյուս փողոցները թե որոնք էին` չեմ հիշում»: Եվ միայն սա չէ, որ Աշխենը չի հիշում: Վերջինիս հուշերը լի են տասնյակ անճշտություններով: Դեռ մանուկ հասակից կուրացած կինը նույնիսկ հարազատ մոր մահվան տարեթիվն է սխալ հիշում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Աշխենը Աբգար աղայի 7 զավակներից ամենակրտսերն էր, և միանգամայն հնարավոր է, որ բոլորովին էլ ապրած չլինի այն տանը, որտեղ ծնվել է Չարենցը, ապա այս սկզբնաղբյուրի արժանահավատության նկատմամբ մեր թերահավատ վերաբերմունքը այնքան էլ անհիմն չի դիտվի:
Հավասարապես անտեղի ենք համարում այս հարցի շուրջ Կարսի վերջին քահանայի թոռնուհու՝ երևանաբնակ Հեղինե Աբրահամյանի հաղորդած տեղեկությունների վկայակոչումը: Հ. Աբրահամյանը ժամանակին մատնանշել է Չարենցի հայրական տան տեղը` ասելով, որ Չարենցի հայրը հարուստ է եղել, նրանք բնակվել են Երկաթե կամրջի հարևանությամբ գտնվող սև, երկհարկանի և երկար տանը (ըստ էության այն նույն տունը, որ տեսնում ենք բացիկի վրա): Ճիշտ է, հնագետ Սամվել Կարապետյանը ներկայումս պնդում է, թե այդ թաղամասը հողին է հավասարեցվել և տեղը նորն է կառուցվել, սակայն մեր առարկությունը միայն դրան չի վերաբերում: Այս դեպքում էլ վերստին բախվում ենք մի իրավիճակի, երբ կարևոր մանրամասները շրջանցվում են` հանուն գլխավոր նպատակի: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հեղինե Աբրահամյանը ծնվել է 1912 թվին: Երեք տարեկանում նրանց ընտանիքը տեղափոխվել է Արդահան և կրկին Կարս է վերադարձել 1920-ին: Ու թե ինչպե՞ս նա կարող էր իմանալ կամ հիշել Չարենցի տան տեղը (առավել ևս` առաջին տան) թողնում եմ ընթերցողի հետևությանը:
Ընդհանուր գծերով մոտավորապես այսպիսին է հիմնավորումների այն շրջանակը, համաձայն որոնց ընտրությունը գնացել ու կանգ էր առել Կարսի ներկայիս Էրզրումի փողոցի 100 հասցեի վրա: Եթե հավատարիմ մնանք փնտրտուքի այս հետևողական համառությանը, ապա նույն հաջողությամբ տունը կարող էր լինել Էրզրումի 111-ը, 112-ը 113-ը և այդպես շարունակ: Ի՞նչ տարբերություն: Եվ մինչ փողոցի մի ծայրից մյուսը դեռ շարունակվում է ոմանց անպտուղ ու մոլորեցնող վազքը, մենք փորձենք պատասխանել այս չարչրկված հարցին:

Ի ՎԵՐՋՈ, ՈՐՏԵ՞Ղ Է ԵՂԵԼ ՏՈՒՆԸ

Այն, որ Էրզրումի 100 հասցեում գտնվող ավերակը չէր կարող լինել Չարենցի հայրական տունը, դա միանշանակ է: Սրա ապացույցների շարքում, որքան էլ զարմանալի թվա, մեզ օգնում է… նույն Արտաշես Ալեքսանդրյանը, այն դասընկերը, որի թողած վկայությունը շատերի համար դարձել էր ավետարան, անհերքելի ապացույց և քարտեզի պես մի բան: Սակայն բանն այն է, որ նրանք, ովքեր հաճույքով հղում էին կատարում Ալեքսանյանի «Մղձավանջ» հուշերի գրքին, չգիտես ինչու (թերևս նաև անտեղյակությունից) շրջանցում էին հեղինակի մեկ այլ` 1979 թ տպագրված «Պատանի Չարենցի հետ» գրքույկը: Այս մոռացված գրքում Ալեքսանյանը ահա թե ինչ է գրել. «Օվրաժսկայան զառիթափ փողոց էր: Ներքևում աղմկում էր Կարս գետը: Այս փողոցի վերջում, Սուղափի թաղում Չարենցի հոր` Աբգարի տունն էր: Այս երկհարկանի տանն է անցել Չարենցի մանկությունը» (էջ 6):
Ուրեմն ոչ թե Ալեքսանդրյան փողոց, այլ Օվրաժսկայա: Հատկապես ուզում ենք ուշադրություն հրավիրել նաև այն փաստի վրա, որ Ալեքսանյանն այս դեպքում ոչ թե նշում է, թե Չարենցն իրենց ծանոթության պահին ապրում էր այնտեղ, այլ ասում է, որ այդ «տանն է անցել Չարենցի մանկությունը»:
Ինչպես արդեն ասել ենք, ըստ Չարենցի, իրենք ապրել են Բերդի տակ, այսինքն` ամրոցի պարիսպներից ներքև, բլրի լանջին: Իսկ Օվրաժսկայա փողոցի անունը միանգամայն համապատասխան է այդ դիրքին: Անունն առաջացել է ռուսերեն «овраг» բառից, որ թարգմանաբար նշանակում է խանդակ, ինչն էլ դարձյալ ուղղակիորեն առնչվում է բերդին: Բանն այն է, որ բերդի պարիսպների տակ ժամանակին ամրոցի բնակիչները մեծ և երկար խանդակ էին փորել, որը թշնամու հարձակումների ժամանակ լցվում էր ջրով` իբրև լրացուցիչ պաշտպանական գոտի: Ահա հենց դա էլ փոխանցվել է փողոցին այն պարզ պատճառով, որ վերջինս գտնվում էր բերդի հարևանությամբ: Ի դեպ, Ալեքսանյանն այս փողոցի անունն իր գրքում հիշատակում է ևս մի քանի առիթներով. «… Օվրաժսկայա փողոցում զբոսնում էի: Այստեղից երևում էր գետի «Թելեղրամ» կոչվող լայն, խոր ու դանդաղահոս հատվածը» (էջ 15) կամ` «Միասին գնացինք Օվրաժսկայա փողոց` բարձունքից լսելու գետի ջրերի ձայնը: Այստեղից երևում էին գետի ձախ բարձունքների հյուսիսային ամրոցները» (էջ 20) և այլն: Հիշյալ հատվածներն ու նկարագրությունները լիովին համընկնում են այն նույն պատկերների հետ, որոնք կան «Երկիր Նայիրի» վեպում: Ուրեմն Չարենցի տունը պետք է որոնել բարձունքի լանջին, այլ ոչ թե գետափին: Եվ եթե բանաստեղծը գրում էր, որ տնից իջնում էին, որպեսզի «հասնեն գետափնյա փողոցը», այսինքն նույն Ալեքսանդրյան փողոցը, ապա ինքներդ ասեք, մարդն ինչպե՞ս կարող է իր տնից իջնել, որպեսզի հասնի մի փողոց, որտեղ իբր իր տունն է: Գետը, բերդը, Քարե կամուրջը, Առաքելոց եկեղեցին մեր հիմնական կողմնորոշիչներն են: Իսկ այդ հատվածում միակ փողոցը, որ լիովին համապատասխանում է Չարենցի նկարագրությանը, կարող է լինել Օվրաժսկայան և ոչ մեկ ուրիշը: Ահա այն (տես` քարտեզ 3). 5-րդ համարի տակ նշվածը Բերդն է, 9-ը` Քարե կամուրջը, 20-ը` Առաքելոց եկեղեցին, իսկ սլաքով նշված ոլորաձև, զառիթափ փողոցը` Օվրաժսկայան: Հենց այդ վայրում է գտնվել Չարենցի հայրական տունը (նկար 7):
Որպեսզի հիշյալ խնդրի հետ կապված բոլոր փակագծերը բաց լինեն ու չմնան անպատասխան հարցեր, ցանկանում ենք նաև անդրադառնալ բանավեճի ընթացքում հնչեցված մի քանի այլ կարծիքների, որոնց առնչությամբ սկզբունքորեն տարբեր տեսակետ ու համոզմունք ունենք:
Նախ` այն պնդումների մասին, թե իբր Սողոմոնյաններն ապրել են աղքատության մեջ և չէին կարող սեփական տուն ունենալ (Լիլիթ Հակոբյանի թեզը): Դա ինչ խոսք, այդպես չէ: Հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր կան, որոնց դիտարկումը հետագայում գրականագետներից շատերին է հիմք տվել պատկերացում կազմելու ընտանիքի բարեկեցության աստիճանի մասին: Օրինակ, Հրանտ Թամրազյանը գրում էր. «Սողոմոնյանները նյութապես ապահովված էին…» («Երիտասարդ Չարենցը» (1974 թ., էջ 5): Ճիշտ նույն կարծիքին էր Գառնիկ Անանյանը, երբ իր գրքում մեջբերելով Չարենցի հոր խանութի նկարագրությունը` այնուհետև իրավացիորեն եզրակացնում էր. «Այսպիսի մեծ խանութ և առևտրական կապեր ունեցող վաճառականանի ընտանիքը պետք է որ նյութապես ապահովված լիներ» (Գառնիկ Անանյան- ,Եղիշե Չարենց», Երևան, 1977, էջ 12): Այս շարքը դեռ հնարավոր է լրացնել ու ընդարձակել, բերել նոր հիմնավորումներ և միևնույն ժամանակ չդադարել զարմանալ, թե ինչպես կարել է միտումնաբար ընտանիքին սնանկացնել, որպեսզի առաջ մղվի սեփական սխալը…
Ոչ պակաս միամիտ ու անարդյունավետ ջանք է` տան գտնվելու վայրը իմանալ` հարցում անելով այսօրվա կարսեցիներին: Այդ միջոցը քչերը կփորձեին կիրառել նույնիսկ 100 տարի առաջ: Դարասկզբին շուրջ 35 հազար բնակչություն ունեցող և դեռ 15 հազարանոց կայազորային զորքով համալրված քաղաքում անչափ դժվար (եթե ոչ անհնար) պիտի լիներ անսխալ մատնացույց անել յուրաքանչյուրի տունը: Իսկ դրանից մեկ դար հետո առավել ևս ֆանտաստիկայի ժանրից են այն պնդումները, թե նորօրյա թուրքերը իբրև սրբության սրբոց իրենց հիշողության մեջ դրոշմել ու սերնդեսերունդ փոխանցում են Չարենցի տան գտնվելու ճշգրիտ վայրը: Ի դեպ, Չարենց անունով` հատկապես: Չարենց գրական կեղծանունը Եղիշե Սողոմոնյանը գործածել է սկսել 1914 թվից: Իսկ սա նշանակում էր, որ սկզբնական տունը Չարենցի տուն անվանելն ու հենց այդ անունով հիշելն արդեն իսկ անհեթեթություն է: Ինչ վերաբերում է գրողի անձին, ապա թուրքերն արդեն մի քանի առիթներով իրենք են ասել, որ Չարենցի մասին սոսկ գիտեն այն, որ նա պատկերված է 1000 դրամանոց թղթադրամի վրա…
Հաջորդ հարցը, որ առնչվում է թուրքական արձագանքներին և տեղի մամուլում խնդրի պարբերական արծարծմանը, միանգամայն ճիշտ գնահատականի արժանացավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կողմից: Նշելով, որ հայ զբոսաշրջիկների տարբեր խմբերի թուրքերը տարբեր տներ են ցույց տալիս՝ ասելով. «Սա էլ Չարենցի հայրական տունը», Ս. Կարապետյանը նաև հավելում էր, որ նպատակը մեր միամտության վրա փող աշխատելն է, ինչը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ բանաստեղծի հիշատակի և ոչ էլ ճշմարտության հետ։ Սակայն մի հարցում մենք այնքան էլ համակարծիք չենք հարգարժան հնագետի հետ: Վերջինս պնդում է, թե Չարենցի հայրական տունն իրականում գոյություն չունի, այն վաղուց ավերվել է:
Այսպես արդեն կարող ենք մի ծայրահեղությունից ընկնել մեկ այլ ծայրահեղության գիրկը: Քանի դեռ որոնումները չեն իրականացվել այն վայրում, որտեղ արդեն նշեցինք, և հաստատապես չիմանալով` պահպանվել է տունը, թե ոչ, կարծում ենք, կարիք չկա դեպքերից առաջ անցնելով` ժխտել դրա գոյությունը:
Նույն կերպ չենք կարող համաձայնել նաև ՀՀ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի այն կարծիքի հետ, թե «Ճշգրտորեն կամ նույնիսկ մոտավոր ճշգրտությամբ եղած տվյալների հիման վրա հնարավոր չէ գտնել Չարենցի ապրած հայրական տունը, չեմ էլ կարծում, որ դա այդքան կարևոր է»:
Նախ անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է այդպես համոզված ու միանշանակորեն պնդել այն, ինչը դեռ հաստատված չէ: Իսկ եթե վաղը որևէ մեկին այնուամենայնիվ հաջողվի դա հայտնաբերել, պարոն Բախչինյանն ինչպե՞ս է արդարացնելու իր հապշտապ պնդումը: Ի վերջո, մարդիկ հազարամյակներ առաջ ոչնչացված ու դարերի մոռացությանը մատնված քաղաքներ են գտնում, ի՞նչ մի անհավանական բան է ընդամենը հարյուր տարի առաջ դեռ կանգուն տունը կամ գոնե դրա հետքերը գտնելը:
Սրանից զատ ոչ պակաս տարօրինակ է հնչում նրա այն կարծիքը, թե նյութական արժեքն այդքան կարևոր չէ ու պետք է Չարենցի ստեղծագործություններով զբաղվել: Եթե նման միտք արտահայտեր պատահական մեկը, գուցեև կարելի լիներ այդ տեսակետը ներողամտությամբ շրջանցել: Բայց միտքը թանգարանի տնօրենի շուրթերից է հնչում, ում տնօրինության տակ այսօր մեր մեծերի ձեռագրերից զատ պահպանվում են բազմաթիվ առարկաներ, անձնական իրեր, այլ բնույթի ցուցանմուշներ: Հիմա ի՞նչ անենք, այդ բոլորը վերցնենք ու նետենք փողոց և Հ. Բախչինյանին ասենք, որ նա միայն ստեղծագործություններո՞վ զբաղվի…
Ահա, ընդհանուր առմամբ այսքան էր, որ ներկա պահին ցանկանում էինք ասել: Եթե անհրաժեշտություն ծագի, լրացումները կարվեն իր ժամանակին: Իսկ որպես վերջաբան հարկ ենք համարում հավելել հետևյալը. այս մասին մի ավելորդ անգամ խոսելու անհրաժեշտություն չէր լինի, եթե յուրքանչյուր ոք առաջնորդվեր իր գործողությունների կարևորության ու սեփական մտքերի հանդեպ պատասխանատվության զգացումով : Ի վերջո, այս ամենի համար կա մի պարզ, փորձված միջոց. պետք է հարցնել նրանց, ովքեր գիտեն: Հարցնելը ամոթ բան չի: Չիմանալն է ամոթ:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Էսթետիկական, թե՞ քաղաքական դրդապատճառներ

28 Հնվ

Պետք է արժանին մատուցել թուրքերին, որոնք ունեն չնչին բանից մեծ սկանդալներ ու աղմկահարույց իրավիճակներ ստեղծելու հմտությունը: Արդեն նույնիսկ դժվար է մտապահելը, թե քանիերորդ անգամ է նրանց հաջողվում մեզ ( և ինչու՞ միայն մեզ) ներքաշել անպտուղ բանավեճերի մեջ: Դրա վերջին ու վառ ապացույցներից մեկն էլ դարձավ հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի շուրջ ծավալված իրարանցումը, որ հրահրվեց Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից ու ձնագնդի պես գլորվելով վերածվեց հսկա մի զանգվածի:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Կարս կատարած այցի ժամանակ Էրդողանն այդ արձանն անվանեց «այլանդակ» և «ոչնչացման ենթակա»: 30 մետր բարձրություն ունեցող, շուրջ 1500 տոննա կշռող հուշարձանը, որ գտնվում է Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա, մտահղացվել էր դեռևս 2005 թվականից, երբ նման որոշում ընդունեց Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն: Վերջինս Հայաստանի հետ հաշտեցման վճռական կողմնակից էր, թեև նրա այդ նախաձեռնությունը հենց սկզբից էլ կատաղեցրեց թուրք ազգայնականներին: 2009-ի օգոստոսին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը նույնպես խոսեց հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին: Սակայն Էրդողանի ժխտողական քայլը ոչ միայն մոռացության մատնեց նախկին բարի ձգտումները, այլև ճանապարհ բացեց ամեն կարգի շահարկումների համար:
Այն, ինչ այժմ կատարվում է հուշարձանի շուրջ, և տխուր է, և միաժամանակ զավեշտալի: Էրդողանի խոսքերից հետո Թուրքիայում բոլորը շտապում են Կարս՝ տեսնելու «հրեշավոր» կոթողը։ Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից, Իզմիրից, Անկարայից, Վանից ու երկրի այլ քաղաքներից ամեն օր Կարս են ժամանում հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր դիտում են թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի աշխատանքը և ակտիվ կերպով քննարկում՝ արժե՞ այն քանդել, թե ոչ։ Այս ընթացքում Թուրքիայի մի խումբ մտավորականներ ու արվեստագետներ բողոքի ակցիա իրականացրեցին, որի ընթացքում քննադատեցին վարչապետին: «Էրդողանը պետք է արվեստագետներից և ժողովրդից ներողություն խնդրի ու այլևս արվեստագետին նման վիրավորանք չհասցնի: Հակառակ դեպքում, արվեստի և խոսքի ազատության դեմ այս անհանգստացնող զարգացումները անպատասխան չեն մնա»,-ասվում էր մտավորականների հայտարարության մեջ: Այլ կերպ ասած, վերջիններիս հոգսը արվեստագետի վիրավորված արժանապատվությունն էր, այլ ոչ թե հայերի խնդիրները:
Խորհրդարանի պատգամավոր Էրջան Կարակասը հուշարձանը գնահատեց որպես «հակաթույն» Ցեղասպանության հուշարձաններին ու կոչ արել Էրդողանին փոխել իր որոշումը: Արձանի հեղինակ Մ. Աքսոյը վարչապետին համեմատեց Աֆղանստանում Բուդդայի արձանը ոչնչացրած «Թալիբանի» հետ: Քննադատության իր բաժինը ստացավ նաև Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, ով իր աջակցությունն էր հայտնել Էրդողանին` ասելով, որ հուշարձանը սելջուկյան, օսմանական և ռուսական բնութագիր է տալիս քաղաքին:
Հատկանշական էր հատկապես դրսի մամուլի արձագանքը: Ֆրանսիական «Le Monde»-ը գրում էր, որ Էրդողանի վերջին զոհը դարձավ անմեղ արձանը, իսկ նրա արտահայտությունը զարմանք է առաջացնում, «քանի որ արվել է Մուստաֆա Քեմալի հազարավոր հուշարձաններով այլանդակված երկրում, սակայն պատճառը ոչ այնքան արձանի գեղագիտությունն է, որքան գտնվելու վայրը»: Հայտնի «The Economist» ամսագիրը նկատեց, որ վարչապետի հայտարարություններից իսլամական ուղղափառության «հոտ է գալիս», իսկ «The Wall Street Journal» պարբերականի կարծիքով, Էրդողանը պահանջել է քանդել Թուրքիայի և Հայաստանի բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը` դրանով իսկ ցույց տալով սահմանի բացման գործընթացի և երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ճգնաժամի խորացումը:
Կասկածից վեր էր, որ Հայաստանում հակազդեցությունը պիտի լիներ շատ ավելի բուռն ու հիվանդագին: Մենք կշրջանցենք այն բոլոր բնորոշումներն ու հայհոյանքները, որոնք այդ օրերին հնչում են մամլո սրահներում և եթերում` հիշատակելով ընդամենը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը, ով ափսոսանք հայտնեց թուրք գործընկերոջ հայտարարության կապակցությամբ և նշեց, որ դա ևս մեկ խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Սրան ի պատասխան Ահմեդ Դավուօղլուն հակաճառեց, թե դա Թուրքիայի ներքին գործն է և ապա հավելեց, որ «Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ հուշարձանը պետք է ապաոնտաժվի, թելադրված են բացառապես էսթետիկական դրդումներով ու քաղաքական որևէ ենթատեքստ չկա»:
«Էսթետիկական» փաստարկին երկար կյանք վիճարկված չէր, քանի որ հաշված օրեր հետո Կարսի իշխանություններն արդեն պնդում էին, որ իբր հուշարձանը կառուցվել է օրենքների խախտմամբ, իսկ դրա քանդումը բխում է նույն օրենքների պահպանումից: Մի խոսքով, հուշարձանի քանդումը ներկայացվում էր «զուտ իրավական և ոչ մշակութային որոշում»: Հավանաբար վաղը թուրքերը դրա համար մի երրորդ հիմնավորում էլ գտնեն, սակայն ինչպես իրավացիորեն նկատեց Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Շենոլ Բալը, եղածը սոսկ «քաղաքական շոու» է: «Վարչապետը հրաշալի գիտի, որ բնակչությունը դժգոհ է այդ հուշարձանից և այժմ օգտագործում է այդ գործոնը քաղաքական պայքարում: Այդ հուշարձանն այստեղ մի քանի տարի կանգնեցված է, և դրա մասին հիշում են միայն ընտրություններից առաջ»,- Trend գործակալությանն ասել էր Բալը: Իսկ որ այդ շոուն ունի նաև իր երկրորդ` հայ-թուրքական շերտը, սա նույնպես կասկած չի հարուցում:
Համաձայն վերջին տեղեկությունների, Կարսում գտնվող հուշարձանը մոտ ժամանակներս տեղափոխվելու է Իզմիրի Քարշիյաքայի շրջան: «Թուրքիան չպիտի հուշարձաններ քանդող երկրի համբավ ունենա»,- ասել է Քարշիյաքայի քաղաքապետը, ով, ի դեպ, ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության անդամ է: Սակայն նույնիսկ քաղաքապետի այդ «հերոսական» արարքը հազիվ թե նրա երկրին փրկի ավերողի ու ոչնչացնողի անպատվաբերի համբավից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՈՒ՞Մ ՏՈՒՆՆ Է ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ (մաս-2)

11 Նյմ

ՈՒ՞Մ ՏՈՒՆՆ Է ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ (մաս 1-ին)

11 Նյմ