Tag Archives: Le Monde

Հրաժե՞շտ «Մադրիդյան սկզբունքներին»

15 Ապր

Պաշտոնապես ընդունված է ասել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցությունները շարունակվում են այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» շուրջ: Գոնե դրա մասին են վկայում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, միջնորդների և այլ պատասխանատուների հայտարարությունները: Եվ ահա համանախագահները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցից հետո վերստին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորաբար խորին համոզվածությամբ գրում են, թե «ժամանակն է՝ հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնել, հաստատել և առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի նախագիծ մշակելու ուղղությամբ»:
Նրանց ցանկությունն, ինչ խոսք, բարի է և արժանի խրախուսանքի: Դրա միակ խոցելի կետն այն է, որ յուրաքանչյուր անգամ Մինսկի խումբը հայտարարություն է անում՝ այդպես էլ ըստ էության հասարակությանը չտեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին։ Եվ ստացվում է այնպես, որ մենք կարծես թե գիտենք, սակայն ոչինչ էլ չգիտենք այն մասին, թե նրանք ինչ են խոսում։ Սրանից բացի կա ևս մի անհամապատասխանություն, ինչի մասին արդեն վաղուց խոսք է գնում, և կարծես թե այդ անհանգստությունն անհիմն չէ: Բանն այն է, որ Մինսկի խմբի դիվանագիտությունը նշանակալիորեն փոխվել է և այն մեծ հաշվով այլևս չի վերաբերում ոչ Մադրիդյան սկզբունքներին և ոչ էլ Ղարաբաղի կարգավիճակին։ Որոշ քաղաքական դիտորդներ նույնիսկ հակված են պնդելու, որ միջնորդներն իրենց գործունեությամբ մի տեսակ վերադարձ են կատարել դեպի ետ` ղարաբաղյան հակամարտության սկզբին, իսկ ավելի կոնկրետ` 1994թվին, երբ դիվանագիտության համար առկա էին ամենանվազագույն պայմանները։
Օրերս այս փակուղային կացությանը անդրադարձավ նաև Le Monde պարբերականը` գրելով, թե
Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են հանգիստ պաշտոնապես «այո» ասել ԼՂ խնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքներին, հատկապես, որ գիտեն` դրան չեն կիրառվելու: Ընդ որում, այդ բանը շատ լավ հասկանում են Եվրոպայում ու ԱՄՆ-ում, սակայն առայժմ զգուշավորություն են հանդես բերում և ջանում են զերծ մնալ կտուկ քայլերից: «Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հավասարապես բավարարված չեն Մադրիդյան սկզբունքներով: Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում միջազգային ուժերի գործարկմանը: Ադրբեջանը դեմ է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը: Հայաստանը դեմ է տարածքներից զորքերի դուրսբերմանը»,- ասված էր Le Monde-ի հրապարակման մեջ:
Բայց սա դեռ հակասությունների ամբողջ պաշարը չէ: Գործընթացում վերջին տարիներին նկատվող ապաակտիվացման դրդապատճառներից մեկն էլ այսօր դիտվում է Ղարաբաղի մասնակցության խնդիրը և այն համոզմունքը, որ հատկապես Մադրիդյան համաձայնությունը փակեց դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհները: Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանն այդ փաստաթղթին «ոչ» էր ասում, ԼՂՀ-ն արտահայտվելու ավելի մեծ հնարավորություններ ուներ: Իսկ հենց որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները՝ Հայաստանը միայնակ մնաց բանակցային դաշտում: Թերևս նաև սա է պատճառը, որ Ստեփանակերտը ամեն անգամ հարկադրված է լինում հիշեցնել, որ ինքն առնչություն չունի սկզբունքների ընդունման ու քննարկման հետ։ Ասենք ավելին` ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստաթուղթը պաշտոնապես չի ներկայացրել ԼՂՀ-ին, թեև, ըստ սթափ տրամաբանության, դա պիտի արվեր, քանի որ Ղարաբաղն այսպես թե այնպես հակամարտության կողմերից մեկն է և նրա կարծիքի հետ վաղ թե ուշ ստիպված են լինելու հաշվի նստել:
Թեր և դեմ կարծիքների այս խառնաշփոթի մեջ հարկ է արձանագրել ևս մի իրողություն: Հատկապես Մադրիդյան սկզբունքներում էր, որ ԼՂ ինքնորոշման իրավունքն առաջին անգամ ամրագրվեց: Դա ոչ միայն այդ իրավունքը վավերացնող առաջին բանակցային փաստաթղթն էր, այլև արժանացավ միջազգային հանրության պաշտպանությանը: Եվ հիմա, երբ նշում ենք, որ Հայաստանի ներկա արտաքին քաղաքականությունը բոլորովին այլ ուղղությամբ է ընթանում, ինքստինքյան ի հայտ է գալիս նաև այն մտավախությունը, որ գուցե թե վերջնական արդյունքում դա հանգեցնի այդ մի ձեռքբերման կորստին:
Երկընտրանքն ամեն դեպքում առկա է: Մի կողմից պարզ է, որ քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց աշխատանքները իրականացնում են կարգավորման հիմնարար ու դրանց հարակից տարրերի համաձայնեցման ուղղությամբ, փոխզիջումային լուծման հասնելը խիստ դժվար կլինի։ Մյուս կողմից կա մտավախություն, որ փոխարինելու եկող նորը կարող է շատ ավելի վատը լինել, քան իր նախորդն էր, իսկ դրա հավանականությունը ներկա իրողությունների պայմաններում փոքր չէ: Եվ այս իմաստով եթե խոսում ենք տարածաշրջանային հնարավոր զարգացումների, Մադրիդյան սկզբունքների ոչ իրատեսական լինելու, միջազգային մոտեցումները վերանայելու անհրաժեշտության և Արցախի միջազգային ճանաչման՝ որպես ներկա պահին տարածաշրջանային կայունություն ապահովելու միակ միջոցը լինելու մասին, պետք չէ մոռանալ նրան, ում հետ նստում ենք բանակցությունների սեղանի առաջ:
Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով կառավարության նիստում, նորից յուրայիններին վստահեցրել, թե «այն առաջարկները, որոնք ներկա պահին գտնվում են բանակցությունների սեղանին, կապահովեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»: Դրա հետ մեկտեղ նա կրկնեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը չի եղել ու չի լինելու բանակցությունների թեմա: Ահա այսպես են Բաքվում ընկալում Մադրիդյան սկզբունքների տառն ու ոգին: Այտեղ հակված են ղարաբաղյան կարգավորման գործընթացում պահանջել ամեն ինչ՝ չտալով ոչինչ։ Իսկ սա արդեն դիվանագիտություն չէ։ Ու հետևաբար որևէ քիչ թե շատ նախընտրելի փաստաթուղթ հազիվ թե կարողանա ընթացքը պահել ցանկալի հունի մեջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Էսթետիկական, թե՞ քաղաքական դրդապատճառներ

28 Հնվ

Պետք է արժանին մատուցել թուրքերին, որոնք ունեն չնչին բանից մեծ սկանդալներ ու աղմկահարույց իրավիճակներ ստեղծելու հմտությունը: Արդեն նույնիսկ դժվար է մտապահելը, թե քանիերորդ անգամ է նրանց հաջողվում մեզ ( և ինչու՞ միայն մեզ) ներքաշել անպտուղ բանավեճերի մեջ: Դրա վերջին ու վառ ապացույցներից մեկն էլ դարձավ հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի շուրջ ծավալված իրարանցումը, որ հրահրվեց Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից ու ձնագնդի պես գլորվելով վերածվեց հսկա մի զանգվածի:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Կարս կատարած այցի ժամանակ Էրդողանն այդ արձանն անվանեց «այլանդակ» և «ոչնչացման ենթակա»: 30 մետր բարձրություն ունեցող, շուրջ 1500 տոննա կշռող հուշարձանը, որ գտնվում է Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա, մտահղացվել էր դեռևս 2005 թվականից, երբ նման որոշում ընդունեց Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն: Վերջինս Հայաստանի հետ հաշտեցման վճռական կողմնակից էր, թեև նրա այդ նախաձեռնությունը հենց սկզբից էլ կատաղեցրեց թուրք ազգայնականներին: 2009-ի օգոստոսին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը նույնպես խոսեց հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին: Սակայն Էրդողանի ժխտողական քայլը ոչ միայն մոռացության մատնեց նախկին բարի ձգտումները, այլև ճանապարհ բացեց ամեն կարգի շահարկումների համար:
Այն, ինչ այժմ կատարվում է հուշարձանի շուրջ, և տխուր է, և միաժամանակ զավեշտալի: Էրդողանի խոսքերից հետո Թուրքիայում բոլորը շտապում են Կարս՝ տեսնելու «հրեշավոր» կոթողը։ Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից, Իզմիրից, Անկարայից, Վանից ու երկրի այլ քաղաքներից ամեն օր Կարս են ժամանում հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր դիտում են թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի աշխատանքը և ակտիվ կերպով քննարկում՝ արժե՞ այն քանդել, թե ոչ։ Այս ընթացքում Թուրքիայի մի խումբ մտավորականներ ու արվեստագետներ բողոքի ակցիա իրականացրեցին, որի ընթացքում քննադատեցին վարչապետին: «Էրդողանը պետք է արվեստագետներից և ժողովրդից ներողություն խնդրի ու այլևս արվեստագետին նման վիրավորանք չհասցնի: Հակառակ դեպքում, արվեստի և խոսքի ազատության դեմ այս անհանգստացնող զարգացումները անպատասխան չեն մնա»,-ասվում էր մտավորականների հայտարարության մեջ: Այլ կերպ ասած, վերջիններիս հոգսը արվեստագետի վիրավորված արժանապատվությունն էր, այլ ոչ թե հայերի խնդիրները:
Խորհրդարանի պատգամավոր Էրջան Կարակասը հուշարձանը գնահատեց որպես «հակաթույն» Ցեղասպանության հուշարձաններին ու կոչ արել Էրդողանին փոխել իր որոշումը: Արձանի հեղինակ Մ. Աքսոյը վարչապետին համեմատեց Աֆղանստանում Բուդդայի արձանը ոչնչացրած «Թալիբանի» հետ: Քննադատության իր բաժինը ստացավ նաև Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, ով իր աջակցությունն էր հայտնել Էրդողանին` ասելով, որ հուշարձանը սելջուկյան, օսմանական և ռուսական բնութագիր է տալիս քաղաքին:
Հատկանշական էր հատկապես դրսի մամուլի արձագանքը: Ֆրանսիական «Le Monde»-ը գրում էր, որ Էրդողանի վերջին զոհը դարձավ անմեղ արձանը, իսկ նրա արտահայտությունը զարմանք է առաջացնում, «քանի որ արվել է Մուստաֆա Քեմալի հազարավոր հուշարձաններով այլանդակված երկրում, սակայն պատճառը ոչ այնքան արձանի գեղագիտությունն է, որքան գտնվելու վայրը»: Հայտնի «The Economist» ամսագիրը նկատեց, որ վարչապետի հայտարարություններից իսլամական ուղղափառության «հոտ է գալիս», իսկ «The Wall Street Journal» պարբերականի կարծիքով, Էրդողանը պահանջել է քանդել Թուրքիայի և Հայաստանի բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը` դրանով իսկ ցույց տալով սահմանի բացման գործընթացի և երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ճգնաժամի խորացումը:
Կասկածից վեր էր, որ Հայաստանում հակազդեցությունը պիտի լիներ շատ ավելի բուռն ու հիվանդագին: Մենք կշրջանցենք այն բոլոր բնորոշումներն ու հայհոյանքները, որոնք այդ օրերին հնչում են մամլո սրահներում և եթերում` հիշատակելով ընդամենը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը, ով ափսոսանք հայտնեց թուրք գործընկերոջ հայտարարության կապակցությամբ և նշեց, որ դա ևս մեկ խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Սրան ի պատասխան Ահմեդ Դավուօղլուն հակաճառեց, թե դա Թուրքիայի ներքին գործն է և ապա հավելեց, որ «Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ հուշարձանը պետք է ապաոնտաժվի, թելադրված են բացառապես էսթետիկական դրդումներով ու քաղաքական որևէ ենթատեքստ չկա»:
«Էսթետիկական» փաստարկին երկար կյանք վիճարկված չէր, քանի որ հաշված օրեր հետո Կարսի իշխանություններն արդեն պնդում էին, որ իբր հուշարձանը կառուցվել է օրենքների խախտմամբ, իսկ դրա քանդումը բխում է նույն օրենքների պահպանումից: Մի խոսքով, հուշարձանի քանդումը ներկայացվում էր «զուտ իրավական և ոչ մշակութային որոշում»: Հավանաբար վաղը թուրքերը դրա համար մի երրորդ հիմնավորում էլ գտնեն, սակայն ինչպես իրավացիորեն նկատեց Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Շենոլ Բալը, եղածը սոսկ «քաղաքական շոու» է: «Վարչապետը հրաշալի գիտի, որ բնակչությունը դժգոհ է այդ հուշարձանից և այժմ օգտագործում է այդ գործոնը քաղաքական պայքարում: Այդ հուշարձանն այստեղ մի քանի տարի կանգնեցված է, և դրա մասին հիշում են միայն ընտրություններից առաջ»,- Trend գործակալությանն ասել էր Բալը: Իսկ որ այդ շոուն ունի նաև իր երկրորդ` հայ-թուրքական շերտը, սա նույնպես կասկած չի հարուցում:
Համաձայն վերջին տեղեկությունների, Կարսում գտնվող հուշարձանը մոտ ժամանակներս տեղափոխվելու է Իզմիրի Քարշիյաքայի շրջան: «Թուրքիան չպիտի հուշարձաններ քանդող երկրի համբավ ունենա»,- ասել է Քարշիյաքայի քաղաքապետը, ով, ի դեպ, ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության անդամ է: Սակայն նույնիսկ քաղաքապետի այդ «հերոսական» արարքը հազիվ թե նրա երկրին փրկի ավերողի ու ոչնչացնողի անպատվաբերի համբավից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: