Պահոց | 7:41 ե.

ՎԱՔՍԻ ՎՐԻ ՄԱՅՄՈՒՆԸ

16 Հնս

Մեր գյուղում երբ ցանկանում էին ընդգծել որևէ մեկի տարօրինակ արտաքինը կամ հագուկապը, ասում էին. «Ոնց որ վաքսի վրի մայմուն լինի»:

Վաքս (գուտալին) բոլորիս տներում կար: Մետաղե տափօղակի նմանվող այդ ամանի վրա տառերից բացի այլ պատկերներ չկային և մեզ համար այնքան էլ հասկանալի չէր, թե ինչի մասին է խոսքը և հատկապես ինչ կապ ուներ այդ ամենի հետ  մայմունը (կապիկը): Ու միայն տարիներ անց, երբ ես ծանոթներիցս մեկի ավտոտնակ էի մտել ու ձեռքիս մի հին տուփ ընկավ, որի մեջ տանտերը պտուտակներ էր պահում, վաքսի հանրահայտ մայմունը իմ դեմ հառնեց իր ողջ հմայքով:

Այո, իսկապես շատ տարիներ առաջ վաքսի տուփերին պատկերված է եղել կոշիկ մաքրող կապիկ: Նույն կապիկի կերպարը հետագայում ևս օգտագործվել է այդ քսուքի գովազդային պաստառներում: Եվ ուրեմն «վաքսի վրի մայմուն» արտահայտությունը իր փոքրիկ իրապատումն ունի: