Tag Archives: ծիրան

ԱՍՊԵՏԱԿԱՆ

21 Հնս

Հրանտ Մաթևոսյանը պիտի գար Արարատի շրջան, հանդիպեր մարդկանց հետ: Վազգեն Սարգսյանն ինձ խնդրեց դիմավորել նշանավոր հյուրին և նրան ուղեկցել գյուղերում: Սկզբում գնացինք Վեդու գինու գործարանի բանավան: Մեզ հետ էր նաև «Գարուն» ամսագրի աշխատակիցներից Նարինեն: Մեքենան կանգրեցրինք փոքր-ինչ հեռու և ոտքով քայլեցինք դեպի գյուղ ակումբ: Մայիս ամիսն էր: Փողոցի երկու կողմերից ծիրանենու ճյուղերը կախ էին ընկել և տերևների միջից նշմարվում էին կանաչադեղնավուն ցոգոլմերը: Նարինեն ասաց, որ մեծ հաճույքով կճաշակեր դեռ չհասած ծիրանը: Ես ասացի, որ դրանք ուրիշի ծառերն են, անհարմար է քաղելը:

Այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը դարձավ դեպի ինձ ու ասաց.

— Աղջկա սիրտը մի կոտրիր: Քաղիր ցոգոլները: Եթե նույնիսկ այգու տերը մի քիչ զայրանա, ոչինչ…

Նրա խոսքերից գոտեպնդված անմիջապես բռնեցի առաջին պատահած ճյուղից ու սկսեցի պոկել կիսահաս ծիրանները: Հետո ամբողջ ավարը փոխանցեցի Նարինեին…

Բայց իմ արարքի մեջ այլևս ասպետական ոչինչ չկար…