Tag Archives: System of a down

Այդ ճակատագրական բառը

19 Ապր

Ապրիլի 24-ին հաշված օրեր են մնում: Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը վերստին օրակարգում է և, իհարկե, առաջին հերթին այդ պահանջն ուղղվելու է Միացյալ Նահանգներին: Եթե ասվածին էլ հավելենք այն փաստը, որ վերջերս Բարաք Օբաման հայտարարեց, թե մտադիր է կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, ապա իրավիճակն այս անգամ ձեռք է բերում խիստ յուրահատուկ նրբերանգներ: Ամերիկահայերի բազմամարդ ու բավականին կազմակերպված համայնքն ի վիճակի է լուրջ անախորժություններ պատճառել խոստումներ տված, սակայն դրանք չհարգող նախագահին: Սակայն մինչ այդ ինչպես հայերը, այնպես էլ նրանց համակիրները վերստին կիրառում են Սպիտակ Տան վրա քարոզչական ճնշումներ գործադրելու հին, ավանդական մեթոդները, և այս համատեքստում նամակագրության ժանրը բուռն ծաղկում է ապրում:
Արդեն Օբամային իր նամակն է հասցեագրել կոնգրեսական Ադամ Շիֆը` կոչ անելով ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում գօտագործել «ցեղասպանություն» բառը: «Հնարավոր է` որոշ մարդիկ նախագահի աշխատակազմում կարծում են, թե չճանաչելով ցեղասպանությունը, ԱՄՆ-ը կարող է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին: Սակայն այժմ, երբ պարզ դարձավ, որ գործընթացը եղել է Անկարայի մտածված քայլը, որպեսզի «ցեղասպանություն» բառը կրկին չարտասանվի, ես աղաչում եմ Ձեզ հիշել Ձեր իսկ հայտարարությունը»,- ասված էր նրա նամակում:
Շիֆին են միացել Կոնգրեսի մոտ երկու տասնյակ անդամներ, ովքեր օրերս հարյուրավոր ամերիկահայերի հետ միասին կոչ են արել ԱՄՆ-ի նախագահին հարգել նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նույն պահանջով Օբամային գրել են եվրոպական 22 երկրներից մոտ 400 կազմակերպություններ: Նրանք իրենց ստորագրությունն են դրել մի նամակի տակ, որը պատրաստել էր ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը: Նամակը եզրափակվում էր այսպիսի խոսքերով. «ԱՄՆ-ի կողմից ցանկացած նահանջ կընկալվի որպես հանցակցություն ցեղասպանություն իրականացրած Թուրքիային, որը շարունակում է իր արյունոտ գործողությունները»: Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումը ևս նամակով Օբամային հիշեցրել է ցեղասպանության փաստը հաստատելու հարցում վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունը: «Մենք հավատում ենք, որ Դուք կատարելու եք Ձեր խոստումը և դրանով վերականգնելու եք Ձեր այն հեղինակությունը, որն ունեիք նախագահական ընտրություններից առաջ և ընտրություններից հետո ընկած ամիսների ընթացքում»:
Իսկ ահա ամերիկահայերը նամակներ գրելուց զատ նախապատրաստվում են առաջին լուրջ հակազդեցությունը հանդես բերել` կազմակերպելով մի ակցիա, որը տեղի կունենա ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին, Քալվեր-Սիթիի Sony կինոստուդիայի շենքի առջև: Հենց այդ օրը Օբաման կայցելի Լոս Անջելես, որտեղ էլ կմեկնարկի նրա նախընտրական քարոզարշավը և կայանալու է հանգանակություն: Հայավային Կալիֆոռնիայում գործող հայկական միությունների բողոքի գործողություններին միացել է նաև System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Վերջինս նախաձեռնելու է «Պարոն նախագահ, կատարեք Ձեր խոստումը, արդարությունը հասցրեք հայերին» կարգախոսով ակցիա: «Օբաման պետք է տեսնի հայկական համայնքի խորը հիասթափությունը, որ իր տված խոստումը նախագահության տարիներին չկատարեց: Նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և արդարությունը հասցնի հայությանը»,- ասել է երգիչը:
Վիրավորանքը խորն է: Մարտականորեն տրամադրված ամերիկահայերը արդեն իսկ ծրագրում են առաջիկա 18 ամիսներին նախագահի յուրաքանչյուր քարոզարշավային այցի ընթացքում ցույցեր կազմակերպել ամբողջ երկրով մեկ, մինչև 2012-ի նոյեմբերի ընտրությունները: Իսկ ապրիլյան գործողությունները կլինեն ոչ միայն մեկնարկային հանգրվան, այլև պատեհ առիթ Օբամայի անվստահելիությունը բացահայտելու համար, առավել ևս, երբ նա իր ցածր վարկանիշով խոցելի է վերընտրության քարոզարշավի սկզբում: «Ամերիկաhայերը չպետք է աղաչեն և պաղատեն նախագահից, որ նա արտասանի Հայոց ցեղասպանություն բառերը: 2012 թվականի նախագահական ընտրություններում հայերի կարգախոսը պետք է լինի «Ոչ մի ձայն և ոչ մի դոլար Օբամայի համար»,- այս օրերին գրում են սփյուռքի թերթերը:
Ի տարբերություն Ամերիկայի մեր հայրենակիցների զայրալից պահվածքի, հայաստանյան հանրության մոտ Վաշինգտոնի հանդեպ թերահավատությունը վաղուց արդեն վերածվել է ոչ այնքան հիասթափության, որքան սպասելիքներ չունենալու հարցում խորը համոզմունքի: Ու եթե դեռ ոմանք շարունակում են իներցիայով նամակներ և ուղերձներ հղել օվկիանոսից այն կողմ (ինչպես վարվում է, ասենք, հայտնի դերասան Սոս Սարգսյանը, ով կասկածի է ենթարկել Օբամայի տղամարդկային արժանապատվությունը և հիշեցրել, որ «նախագահները, որոնք խոստանում և չեն կատարում, այլ կերպ ասած՝ խաբում են ամբողջ ժողովրդի»), այնուհանդերձ գերակշռող մասի համար կասկածից վեր է, որ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում «ցեղասպանություն» բառը չի արտասանի, քանի որ ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում նման հարց չկա, ինչպես որ չի եղել նախկինում: Ի վերջո, Օբաման ԱՄՆ առաջին նախագահը չէ, ով քարոզարշավի ժամանակ ամերիկահայ համայնքին խոստում է տալիս, սակայն չի պահում իր խոսքը։ Իսկ դրա փոխարեն Վաշինգտոնի կողմից հայկական հարցը ամեն անգամ հայտնվոււմ է համաշխարհային քաղաքականության համատեքստում ու դառնում զանազան կարգի շահարկումների առարկա՝ որպես խաղաթուղթ օգտագործվելով այս կամ այն կողմի դեմ։ Սրա հետ մեկտեղ քչերն են բացառում, որ տեղի հայ համայնքի քվեները շահելու նպատակով Օբաման այժմ էլ մի կողմ կդնի ամոթը և ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ կտա նաև այս նախընտրական շրջանում։
Պատկերն ամբողջացնելու համար նշենք նաև, որ ԱՄՆ-ում ապրող ադրբեջանցիներն իրենց հերթին հարյուրավոր նամակներ են ուղարկել ԱՄՆ ղեկավարությանը՝ կոչ անելով ոչ մի գնով չօգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ուղերձում։ Իսկ ահա նույն այս օրերին ԱՄՆ կոնգրես է ներկայացվել մի բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է «Թուրքիան համարել Ամերիկայի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը»: Դրա հեղինակը Հյուսիսային Կարոլինայից կոնգրեսական, հանրապետական Վիրջինիա Ֆոքսն է: Փաստաթղթով նաև պահանջվում է, որպեսզի թուրքական տոնը` Հանրապետության օրը, ամեն տարի նշվի ԱՄՆ-ում:
Չափից ավելի հոռետես լինելու ցանկություն առանձնապես չկա, սակայն չենք կարող չասել, որ այս թուրքամետ օրինագծի ընդունման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան այն, որ Օբաման կարտասանի այդ ճակատագրական բառը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: