Tag Archives: Super Kobra

Զենքի եղբայրություն և ոչ մի բարոյականություն

16 Նյմ

Կատարվեց այն, ինչի հնարավորությանը քչերն էին կասկածում. ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Պենտագոնի կողմից Թուրքիային 111 մլն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի վաճառքի համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ այլ գործարքների թվում Վաշինգտոնը կանաչ լույս վառեց նաև Թուրքիային AH-1W Super Kobra ռազմական ուղղաթիռների վաճառքի պայմանագրի համար։ Եթե հավատ ընծայենք Անկարայի հավաստիացումներին, Super Kobra-ները հաջորդ տարի ամռանը կսկսեն մասնակցել PKK-ի դեմ մղվող մարտական գործողություններին:
Թուրքիային սպառազինություն վաճառելու նպատակով համապատասխան թույլտվություն ստանալու համար դեռևս հոկտեմբերի 28-ին կառավարությունը պաշտոնապես դիմել էր Կոնգրեսին։ Դրան ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ համատեղ նախագիծ ներկայացրեցին օրենսդիրներին, որով պատրաստվում էին արգելք սահմանել զենքԻ վաճառքի վրա: Ընդարձակ նախագծը լի էր բազմաթիվ փաստարկների թվարկմամբ: Փաստաթղթի հեղինակները անհանգստություն էին հայտնում այն մասին, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցներ Իսրայելի, Հայաստանի ու Կիպրոսի նկատմամբ սպառնալից վերաբերմունք է դրսևորում: «Թուրքիայի` Իսրայելի նկատմամբ ավելացող սպառնալիքները, ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշումը, Կիպրոսի բռնազավթումն ու Հայաստանի դեմ ուղղված շրջափակումը մեզ խորին կերպով մտահոգում են: ԱՄՆ-ը Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է նման լուրջ անհանգստությունների շուրջ մտածի»,-նշվում էր նախագծում՝ հավելելով նաև այն փաստը, թե պաշտոնական Անկարան Իրանի ու Սիրիայի պարագայում նույնպես սեփական խաղն է տանում` հարվածելով տարածաշրջանում ամերիկյան շահերին:
Միացյալ Նահանգներում գործող զանազան լոբբիստական կառույցներ իրենց աջակցությունն արտահայտեցին այս նախաձեռնությանը: Անմասն չմնացին նաև հայկական կառույցները: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն գոհունակությամբ արձագանքեցին Կոնգրեսի երկկուսակցական խմբի անդամներին: «Մենք միանում ենք Հայաստանի, Իսրայելի, Կիպրոսի և քրդերի բարեկամների` Թուրքիային զենքերի վաճառքը արգելափակելու կոչին: Թուրքիան շարունակում է այդ զենքով մահ սփռել քրդերի շրջանում, սպառնալ Հայաստանին, հակամարտության մեջ մտնել Իսրայելի և Կիպրոսի հետ»,- ասվում էր նրանց տարածած հայտարարության մեջ: Միայն թե վերջնական արդյունքում այդ բոլոր ջանքերը անպտուղ դարձան: Կոնգրեսն իր համաձայնությունը տվեց պայմանագրի հաստատմանը՝ դրանով իսկ հերթական անգամ փաստելով, որ Վաշինգտոնը մեծ հաշվով թքած ունի քրդերի, հույների, կիպրոսցիների, հայերի և մյուսների խնդիրների վրա, քանի դեռ կա գերակա շահը և այդ շահը պահանջում է վարվել ճիշտ այնպես, ինչպես կայացավ: Այս առումով խիստ հատկանշական էր նաև այն փաստը, որ Թուրքիային դեմ արտահայտվող ամերիկացի օրենսդիրների կոչը հնչում էր մի իրավիճակում, երբ պաշտոնական Անկարան հայտարարում էր, թե Վաշինգտոնի հետ հարաբերություններում լուրջ դիվանագիտական հաղթանակի է հասել։ Թուրքերի համար դիվանագիտական հաղթանակ ասվածը սովորաբար նույնացվում է շահավետ գործարքների հետ, իսկ ինչպես այս, այնպես էլ մյուս համաձայնեցված քայլերին այլ կերպ չես անվանի, քան ձեռքբերում: Ի վերջո, զենքի եղբայրությունը վերահաստատող այդ գործարքը ոչ առաջինն էր, ոչ էլ ամենամեծը: Միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիա- ԱՄՆ համագործակցությունը արձանագրել է աննախադեպ ծավալների ռազմական աջակցություն և առևտուր: Իբրև ակնառու օրինակ կարելի է հիշատակել այն փաստը, որ ամերիկյան հետախուզական Predator անօդաչու 4 թռչող սարքերն արդեն գտնվում են Թուրքիայում, Ինջիրլիքի ռազմակայանում։ Ընդ որում, ԱՄՆ-ը Թուրքիային հանձնել է ոչ թե 2, ինչպես խոստացվել էր, այլ 4 Predator։ Հետո հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը G-20 համաժողովի ժամանակ նախագահ Օբամայից պահանջել էր հիշել իր խոստման մասին և արագացնել Predator-ների առաքումը: Դրանից հետո Վաշինգտոնը շտապեց պարզաբանել, թե ամերիկյան հետախուզական սարքերը թռչելու են թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզության տվյալները անմիջապես չեն հանձնվելու Թուրքիային, ինչպես նաև թույլ չի տրվելու, որ թուրք անձնակազմը ղեկավարի սարքերը։ Բացի այդ Թուրքիային երաշխիքներ չի տրվել, որ հետախուզության տվյալները երրորդ երկրի չի հանձնվելու։ Միայն թե ո՞վ կարող է նախօրոք կռահել, թե ինչեր կլինեն վաղը:
Ամերիկացիների առատաձեռնությունն այսքանով չսահմանափակվեց: Շուտով հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն առաջին անգամ որոշում է կայացրել F-16 կործանիչների ծրագրային կոդերը հանձնել այլ երկրի։ Եվ այդ բացառիկ երկիրը, բնականաբար, կրկին Թուրքիան էր: Վաշինգտոնը թուրքերին է տրամադրելու Lockheed Martin ընկերության կողմից արտադրված F-16 (Fighting falcon) ռազմական օդանավերի ծրագրային կոդերը։ Դա ոչ միայն թանկարժեք, այլև բաղձալի նվեր պիտի լինի նրանց համար: Վերհիշենք, որ Թուրքիան երկար տարիներ ԱՄՆ-ից պահանջում էր այդ կոդերը։ Իսկ այժմ՝ ստանալուց հետո նրանք կարող են օդանավերի մասերն արտադրել հենց տեղում և նույնիսկ դրանք վաճառել այլ երկրների։
Իսկ եթե թվարկված դեպքերին հավելենք նաև այն, որ Թուրքիան ԱՄՆ-ից 60 մլն դոլարով ևս 30 նոր F-16C տիպի կորածանիչներ է գնել, ապա պատկերը ոչ միայն ամբողջական, այլև ամեն կարգի կասկածներից զերծ կդառնա: Այժմ Թուրքիան իր կործանիչների քանակով ԱՄՆ-ի հետ դարձավ աշխարհի ամենաշատ F-16 ունեցող երկիրը։ Իբրև դրա հավելում Վաշինգտոնի ու Անկարայի միջև կնքված 2,9 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրով ամերիկացիները կարդիականացնեն այդ կործանիչները, որոնց յուրաքանչյուրի վրա կծախսվի 5,2 մլն դոլար։
Այս ահռելի ծախսերի և ներդրումների ֆոնի վրա Կոնգրեսում ներկայացված բանաձևը, դրա շուրջ բարձրացված աղմուկը, վատնված ջանքերը և այն միամիտ հույսը, թե ինչ-որ մեկը կարող է հանկարծ առաջնորդվել բարոյականության սկզբունքներով ու խաչ քաղել ծրագրված գործարքների վրա, արդեն մանկական խաղ են թվում: Եթե կան զենքեր ու սպառազինություն, դրանք անպայման մի օր գործածության մեջ պիտի դրվեն: Իսկ այնտեղ, որտեղ արյուն է հեղվում, բարոյականությունն ու արդարությունը անելիք չունեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: