Tag Archives: Nabucco

Էրդողանը Բաքվում սեր չի մուրալու

26 Հլս

Վաղը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը կմեկնի Ադրբեջան: Բաքվում նրան ավելի շուտ էին սպասում: Ադրբեջանցիները համոզված էին, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանն արտասահմանյան իր առաջին ուղևորությամբ կպատվի եղբայրական երկրին: Միայն թե Անկարայում ոչ միայն առաջնության հարցը չէր քննարկվում, այլև Էրդողանը այցերի ընտրության իմաստով բավականին ընդարձակ ցուցակ ուներ` Եգիպտոսից մինչև Գազա: Ի վերջո, նրա նախապատվությունը կանգ առավ Կիպրոսի թուրքական մասի վրա: Այդ ընթացքում նա մի քանի առիթներով մխիթարական հայտարարություններ արեց` սիրաշահելու ադրբեջանցիների խոցված ինքնասիրությունը: Հատկապես տպավորիչ էր խորհրդարանում Էրդողանի ծրագրային ելույթը, որտեղ մասնավորապես հայտարարեց, թե Թուրքիան ամեն կերպ աջակցելու է Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, իսկ դրա հետ մեկտեղ հիշեցրեց, որ Անկարայի համար ոչ պակաս կարևոր է հայ-թուրքական մերձեցումը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատումը: Նախկինի պես Թուրքիայի վարչապետը ասում էր, որ եթե չկարգավորվեն Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները, չլուծվի Ղարաբաղի խնդիրը, որևէ տեղաշարժ չի լինելու, և անմիջապես էլ մեղքը բարդում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, որն առ այսօր չի կարողացել ինչ-որ բան ձեռնարկել կարգավորման համար: «Մինսկի խումբն աշխատում է մոտ 20 տարի, և ի՞նչ արդյունքներ: Ոչ մի: Հետաքրքիր է, ինչի՞ կարող է հասնել ՄԽ-ն, եթե ոչինչ չի արել 20 տարում»,- գանգատվում էր նա` գերազանց հասկանալով, որ այդ խոսքերը ադրբեջանցիների սրտով են:
Սակայն այս հերթապահ խոսքերի թիկունքում կա մեկ այլ իրողություն, որն այլևս քողարկել չի հաջողվում: Հայտնի է, որ թուրքերը խիստ դժգոհ են Ադրբեջանից կազանյան հանդիպումը տապալելու համար, իսկ այդ երկրի արտգործնախարարությունը նույնիսկ խայթող ակնարկներ արեց կատարվածի առնչությամբ: Հատկանշական է, որ, օրինակ, «Սապահ» օրաթերթը նույն օրերին համոզված գրում էր, թե Էրդողանը կփոխի իր տեսակետը Հայաստանի խնդրի վերաբերյալ, երբ դա բխի իր շահերից: «Էրդողանը պրագմատիկ է: Եթե նա տեսնի քաղաքական նվաճումների, շահույթի հնարավորություն` նա իր տրամադրվածությունը կփոխի անմիջապես: Սա այն է, ինչ նա արել է նաև նախկինում»,- պնդում էր պարբերականը:
Եվ այժմ պրագմատիկ Էրդողանը պատրաստվում է իրականացնել իր` թվով տասներորդ ուղևորությունը դեպի Բաքու: Ինչպես հայտնում է Թուրքիայի նախարարների կաբինետը, այցի ընթացքում նա փակ դռների ետևում առանձնազրույց կունենա նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև կընթանան ընդլայնված կազմով բանակցություններ։ Կկայանա երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը։ Սպասվում է, որ կողմերը տարածաշրջանային ու միջազգային զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր կքննարկեն։ Ակնկալվում է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև գազի տարանցիկության մասին համաձայնագրի ստորագրումը։ Դրանցից զատ առանձին քննության նյութ կդառնա վիզային ռեժիմի վերացման հարցը։
Ի դեպ, վերջին երկու հարցերի շուրջ` փոքր-ինչ մանրամասն:
Բոլորովին վերջերս Ադրբեջանը ևս մեկ անգամ սպառնաց կտրել Թուրքիայի գազը: Այդ վերջնագրի համար մի քանի պատճառներ կային, և դրանց թվում նաև այն, որ Բաքուն կասկածի տակ է դրել «Nabucco» գազամուղի նախագծի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը: Առիթն այս անգամ այն է, որ Բաքուն Անկարայից չի ստացել ստորագրված պայմանագրի պատճենը, իսկ ադրբեջանցիները չեն պատրաստվում դրա մասին հիշեցնել կամ խնդրել, քանի որ դա խախտում է հավասար օգտագործման իրավունքի սկզբունքը «Nabucco»-ի երեք նախագծերի համար: Ինչ վերաբերում է տարանցման մասին երկկողմ համաձայնագրին, ապա ըստ Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովի, կողմերը դրա ստորագրմանը բավականին մոտ էին ապրիլին ու մայիսին: «Սակայն որոշ մանր և որոշ կարևոր հարցեր խանգարեցին մեզ պայմանավորվել ու ավարտել աշխատանքը փաստաթղթի վրա»,- ասել է նա: Հավելենք, որ դրա հետ մեկտեղ սպասվում են Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ բանակցությունները SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) և թուրքական պետական Botas ընկերության միջև: Քննարկում են Հարավկովկասյան գազատարի ադրբեջանական հատվածի ընդլայնման կամ գազատարի նոր ճյուղի շինարարության հնարավորությունները։
Այս տեսանկյունից Թուրքիայի համար շատ ավելի նախընտրելի է ադրբեջանցիների հետ տնտեսական հարցերի շուրջ քննարկումներ ծավալել, քան քաղաքական: Միայն թե Բաքվում հակված են այդ երկու ոլորտները դիտարկել մեկ ամբողջության մեջ` ավելի հաճախ նախապատվությունը տալով երկրորդին, իսկ դա նյարդայնացնում է Անկարային: Այնպիսի տպավորություն կա, որ Թուրքիայի վարչապետն ամեն անգամ Բաքվից ակնկալում է ինչ-ինչ քայլեր, իսկ դրանք այդպես էլ չեն արվում:
Համանման մի բարդություն էլ կապված է երկու երկրների միջև անցագրային ռեժիմի խնդրի հետ, որը նույնպես ոչ մի գնով չի վավերացվում: Սրա մեղքն էլ ադրբեջանցիները բարդել են Իրանի վրա: Ալիևի աշխատակազմի պատասխանատու Ալի Հասանովն իր պարզաբանումներում ասել է, թե «մեծ է իրանական կողմի հակազդեցությունը»: Բանն այն է, որ եթե Թուրքիայի հետ անցագրային ռեժիմը վերացվի, ապա նույնը պետք է արվի նաև Իրանի հետ, իսկ ադրբեջանցիները դա չեն ցանկանում: Այս հարցում պատրվակների պակաս չի զգացվում: Ադրբեջանցիներն ասում են, որ Իրանում առկա քաղաքական անկայունությունը կարող է խթանել դեպի Ադրբեջան փախստականների հոսքին: Մյուս կողմից նրանք նշում են, թե հիմնական մտավախությունները կապված են Իրանից թմրանյութերի ներթափանցման հետ: Ըստ Բաքվի տվյալների, ամեն տարի շուրջ 300 տոննա թմրանյութ Ադրբեջանի տարածքով Իրանից հասնում է Եվրոպա: «Ադրբեջանը փոքր երկիր է և պարտավոր է մտածել ազգային անվտանգության մասին»,- արդարանում են նրանք, իսկ մինչ այդ, իբրև պատասխան քայլ, Թեհրանը սպառնում է, որ հակառակ դեպքում կկտրի Նախիջևանի հետ ցամաքային կապը: Եվ այժմ Էրդողանից պահանջվելու է լուծել այս գլուխկոտրուկը, որպեսզի և գայլերը կուշտ լինեն, և հոտն` անվնաս:
Թե Թուրքիայի վարչապետի 10-րդ առաքելությունը որքանով արդյունավետ կլինի, առայժմ դժվար է ասել: Սակայն մի բան հաստատ է. Բաքու-Անկարա հարաբերություններն այլևս նախկինը չեն, ադրբեջանցիների մշտական շանտաժները Անկարայի իրականացրած տարածաշրջանային քաղաքականության գործընթացում ակնհայտորեն զայրացրել են թուրքերին, իսկ «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը վաղուց սպառել է իրեն։ Եթե սրան էլ գումարենք այն, որ Էրդողանն այլևս չի թաքցնում Ալիևի հանդեպ տածած իր անձնական հակակրանքը, ապա վաղվա հանդիպումը հազիվ թե լինի ջերմ, եղբայրական ու անկեղծ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեծ նախագծի մեծ ձախողումը

11 Մյս

Nabucco-ի գլխին սև ամպեր են կուտակվել: Դարի նախագիծը կարող է ժամանակից շուտ իր մահկանացուն կնքել: Համենայն դեպս, ներկա պահին նման հեռանկարի համար կան բոլոր նախադրյալները: Շուրջ 3300 կմ երկարությամբ գազամուղ մագիստրալը, որ պիտի Կասպից ծովի տարածաշրջանից կապույտ վառելիքը Թուրքիայի ու Բալկանների վրայով հասցներ Եվրոպա, հետզհետե վերածվում է չիրագործված երազանքի: Դեռ մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը Ստամբուլում 13-րդ Եվրասիական տնտեսական գագաթաժողովի ժամանակ հայտարարում էր, որ Ադրբեջանը պատրաստ է երկրում արդյունահանվող գազի 50 տոկոսը ուղղել Nabucco նախագծին, ապահովել եվրոպական գազային պահանջմունքների 5 տոկոսը: Ոգևորված Բաքուն դրա հետ մեկտեղ նաև այլ հույսեր էր փայփայում` իր վառելիքի միջոցով ինտեգրվել Եվրոպային, բարձրացնել սեփական նշանակությունը մի շարք եվրոպական երկրների համար, ինչը ոչ միայն կերաշխավորեր կայուն ֆինանսական ներհոսք, այլև քաղաքական կնճռոտ խնդիրների լուծման գրավականը կդառնար: Այսօր ադրբեջանական ոգևորությունից փշրանքներ են մնացել:
Գազատարի մեկնարկը նախատեսված էր 2015թ., որի թողունակությունը կազմելու էր 31 մլրդ խմ: Սակայն այժմ այն կարող է հետաձգվել նվազագույնը ևս երկու տարով: Այդ բանն արդեն խոստովանել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: «Կարծում եմ՝ նախագիծը կարող է մեկնարկել արդեն 2017թ.»,- հայտարարել է խիստ շահագրգիռ թուրք նախարարը: Ասենք, դրանից առաջ էլ ամեն ինչ չէ, որ հարթ ու հանգիստ էր ընթանում: Ավելի վաղ նույն Յըլդըզը ակնարկել էր այն մասին, թե իբր Nabucco-ի շինարարության շուրջ պաշտոնական Անկարայի և Բաքվի միջև բանակցություններն ընդհատվել էին հայ-թուրքական կարգավորման գործընթացի պատճառով: Նույն այդ ժամանակ էր, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մոսկվային առաջարկել էր ի վնաս Nabucco- ի և հօգուտ ռուսական «Հարավային հոսքի» հնարավոր որոշում ընդունելու դիմաց մեկ փաթեթում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը: Միայն թե Մոսկվան հստակ բացատրել էր, որ թեև սպասումներ ունի, որ Անկարան կնախընտրի ռուս-իտալական նախագիծը, սակայն ոչ «ի հաշիվ հայկական գործարքի»: Կարծիք կա, որ հենց Մոսկվայում անհաջող բանակցություններից հետո թուրքական շրջանակներն սկսեցին ավելի շատ հակվել Nabucco նախագծի կողմը:
Իսկ խնդրի քաղաքական անհաջողություններին այժմ եկել ու գումարվել է նաև նյութական դժվարությունների ծանրությունը: Պարզվել է, որ Nabucco գազատարի նախագծի ներդրումների գնահատականը 7,9 միլիարդից ավելացել ու կազմել է 12-15 միլիարդ եվրո: Ավելին, նավթային հետազոտությունների կենտրոնն իր հերթին կարծում է, որ այդ 12 մլրդ եվրոն նվազագույն գինն է, քանզի դեռ պետք է հող գնվի, միջանցք ապահովվի, այդ միջանցքի անվտանգության հարցը լուծվի և հզոր պոմպակայաններ տեղակայվեն, որոնք չափազանց թանկ արժեն։ Իրենց հերթին արդեն ներդրումներ կատարած որոշ գործընկերներ ոչ մի գնով լսել չեն ցանկանում «հավելավճարի» մասին և դեմ են արտահայտվել հաշվարկների վերանայմանն ու նոր գնահատումներին: Իսկ սա նշանակում է, որ ներդրումային որոշումը կարող է հետաձգվել մինչև 2013 թվականի սկիզբը: Ստեղծված կացության առաջին ծանր հետևանքներից մեկը եղավ այն, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործումը հետաձգվեց մինչև 2017 թ.։
Հասկանալի է, որ ամեն դեպքում Nabucco-ն ոչ միայն հավակնոտ տնտեսական, այլև հավակնոտ քաղաքական ծրագիր է: Հազիվ թե այն կյանքի կոչվի, քանի դեռ չկա տնտեսական գերշահեր ունեցող պետությունների համերաշխ համաձայնությունը: Բայց մի՞թե նման ներդաշնակ փոխըմբռնումը երբևէ իրականություն կարող է դառնալ: Այս պահին ադրբեջանական մամուլը հեղեղված է Ռուսաստանի հասցեին ամեն կարգի քննադատական ու հանդիմանական մտքերով: Բաքուն խողովակաշարի շինարարության հետաձգուման ամբողջ մեղքը բարդել է Ռուսաստանի վրա՝ նշելով, թե հատկապես Մոսկվան է պարբերաբար տապալում Nabucco-ն` այս կամ այն պետության հետ առանձին պայմանավորվածություններ ձեռք բերելով։ Նրանց ձայնակցում են համակիրները Եվրոպայից` կոչ անելով չարգելափակել Nabucco գազատարի շինարարությունը: Եվրոպայում կարծում են, թե Մոսկվան իրավունք չունի ճնշում գործադրել Կենտրոնական Ասիայի երկրների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն մասնակցությունից: Իրենց հերթին Արևմուտքի գործարար ու քաղաքական շրջանակների պատասխանատուները խոստանում են, որ Եվրամիությունը չի սկսի խոչընդոտել ռուսական «Հարավային հոսք» նախագծին, և ընդգծում, թե Nabucco-ն դրա մրցակիցը չէ:
Միայն ասվածի վերջին հատվածի հետ են ռուսները համամիտ: Այս առթիվ ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը նշել էր, որ Nabucco-ն որևէ հեռանկար չունի: Իսկ ահա վարչապետ Վլադիմիր Պուտինի գնահատականները շատ ավելի խիստ էին: «Nabucco-ի հիմնական խնդիրը երաշխավորված ծավալների բացակայությունն է, արտահանվող անհրաժեշտ հումքի քանակի ու ծրագրի իրագործման աղբյուրների սակավությունը»,- ասել էր Պուտինը: Իբրև իր խոսքերի հիմնավորում նա նշել էր, որ Ռուսաստանն այնտեղ ոչինչ չի առաքի, Իրանում հանքատեղերը դեռևս շահագործված չեն, բացի այդ էլ առկա են Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև տարածքային տարաձայնությունները Կասպից ծովի ջրային ռեսուրսների բաժանման հարցում: «Գազատարի կառուցումը նման հանգամանքներում, իմ կարծիքով, դժվար իրագործելի է, եթե ոչ անհնար»,- եզրափակել էր ՌԴ վարչապետը:
Այս փաստարկումներն իրենց ներգործությունն ունեցան: Եվրոպայում ևս սառույցը շարժվեց: Եվ այսօր արդեն արևմտյան ԶԼՄ-ներն ավելի հաճախ են նշում այն մասին, որ Nabucco-ն գնալով անհույս է դառնում: «Խողովակաշարի հիմնական մատակարար երկրներն են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Իրաքը, որոնց հետ կոնսորցիումն այդպես էլ հստակ պայմանավորվածություններ չի ունեցել։ Մինչդեռ Ռուսաստանն ինքը ավելի հստակ է աշխատում՝ նախատեսելով կառուցել «Հարավային հոսք» այլընտրանքային խողովակաշարը»,-գրում է գերմանական մամուլը և երևույթը միանգամայն բնական համարում, քանզի Մոսկվան ցանկանում է պահպանել իր՝ արևելյան տարածաշրջաններից գազ արտահանողի գերիշխող դիրքը։ Իսկ գերիշխողները սովորաբար չեն հանդուրժում մրցակիցների:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ եկան, ինչու՞ գնացին…

13 Ապր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունները մեր տարածաշրջան վաղուց այլևս իրադարձություն չեն: Երբ տեսանելի չէ արդյունքը, շատ դժվար է համոզել հանրությանը դրանց կարևորության իմաստը: Այնպես որ, այս անգամ էլ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությունը Երևանում կարող էր աննկատ մնալ, եթե չլիներ անսովոր մի հանգամանք: Բանն այն է, որ ժամանումից առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել էր այն մասին, որ համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների շուրջ` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա: Սակայն թե նախագահի մոտ, թե արտգործնախարարությունում կայացած հանդիպումների ժամանակ էական ոչինչ չասվեց բուն բանակցային գործընթացի, առավել ևս` հիմնարար սկզբունքների առումով: Նույն էր փաստում նաև ԱԳ նախարարության տարածած տեղեկատվությունը` վկայելով, որ զրույցները բացառապես ընթացել էին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված զինանդադարի խախտումների և դրանց վերահսկողության մասին: Սրանից զատ հայկական կողմը միջնորդների ուշադրությունն էր հրավիրել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի` Ադրբեջանի կողմից աղավաղման ու այդ փաստաթուղթն իբրև սեփական ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնող միջոց ծառայեցնելու փորձերի վրա: ԱԳ նախարար Է. Նալբանդյանն այս առիթով ասել էր, որ «Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա»:
Ստացվում էր այնպես, որ համանախագահներն այցելության որևէ հստակ ծրագիր չունեին, կամ կարելի է ասել` նրանց այցն ավելի ընդհանրական էր և խնդրի կարգավորման ուղղությամբ նոր գաղափարների քննարկման նպատակ չկար: Դատարկ ձեռքերով Կովկաս ժամանած միջնորդներին այլ բան չէր մնում անել, քան հայտարարել, որ տեղում իրենք քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմներին, նաև արծարծել առաջիկայում արտգործնախարարների կայանալիք հանդիպումների թեման: Իսկ սա կարող է ներկա պահին նշանակել միայն մի բան. գլխավոր թեման իր տեղը զիջել է առանձին վերցրած մեկ խնդրի և այդ խնդիրն է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն անցկացնելու պարտավորությունների կատարումը: Սա իր հերթին պիտի նշանակի, որ ներկա իրավիճակում միանգամայն անիմաստ է խոսել կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու մասին, և ամենաառաջնայինն այժմ հակամարտության գոտում խաղաղության պահպանումն է, որը յուրաքանչյուր պահի պատրաստ է դուրս գալ վերահսկողությունից:
Երեկ երեկոյան համանախագահներն արդեն Ստեփանակերտում էին, որտեղ հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Դռնփակ զրույցի ավարտից հետո լրագրողներին տեղեկացվեց, որ միջնորդներն այս անգամ ճեպազրույց չեն ունենա: Իսկ այսօր, հատելով շփման գիծը, նրանք մեկնելու են Բաքու: Ադրբեջանում վերջիններիս շատ ավելի դժվարին երկխոսություն է սպասվում: Հեշտ չէ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին համոզել մի երկրի նախագահի, ով օրերս ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերով փաստացի կոչ արեց միջազգային հանրությանը ռմբահարել Լեռնային Ղարաբաղն ու անվտանգության գոտին` համաձայն լիբիական սցենարի: Իսկ ընդհանուր առմամբ վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական վերնախավում նկատելի է մի տենդենց, որի համար հիմք են ծառայում կարծիքներն այն մասին, թե աճել է եվրոպական կառույցների հետաքրքրությունը ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ Բաքվում նաև մտածում են, թե չպետք է հույս դնել այն բանի վրա, որ ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցները կաջակցեն Ադրբեջանին: «Գերտերությունները ցայժմ երկակի, երբեմն նաև եռակի ստանդարտներ են կիրառում: Եվրոպական կառույցների հետ աշխատանքներ են տանում ոչ միայն Բաքուն, այլև` Թբիլիսին և Երևանը»,- ասում են ադրբեջանցիները և անմիջապես հավելում, որ Եվրոպան մտադիր է զբաղվել ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, այլ դրա վրա վերահսկման բանալիների հայտնաբերման փնտրտուքով, քանի որ Արևմուտքը երկրագնդի «թեժ կետերի» նկատմամբ համակարգային մոտեցման կարիք է զգում:
Այստեղ ավելորդ չէ վերհիշել օրեր առաջ գերմանական Frankfurter Rundschau թերթում հրապարակված «Կովկասում պատերազմի վտանգի առաջացումը» խորագրով հոդվածը, ուր նշված էր, թե միջազգային հանրությունը և, որ առավել կարևոր է, ԵՄ-ը Ղարաբաղի հարցում մի կողմ են քաշվել, քանի որ պատերազմի հրձիգ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկեր է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարարման և Nabucco նախագծի իրականացման հարցում:
Թերևս երկու տեսակետներն էլ զուրկ չեն իրատեսության ատաղձից: Չի կարելի ժխտել, որ Եվրոպային առավելապես մտահոգում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը: Սակայն նույն Եվրոպան նաև գիտակցում է, որ ներկա պահին անցանկալի հետևանքները կասեցնելու համար նա Հարավային Կովկասի տարածաշրջանում բավարարար լծակներ չունի: Եվ այս տեսանկյունից համանախագահների հաճախակի դարձած այցելությունները մի տեսակ նպատակ են հետապնդում ինչ-որ կերպ լրացնելու այդ բացը, թեև հազիվ թե դրանք հաջողությամբ պսակվեն: Սահմանային գոտուց ստացվող վերջին ամփոփագրերը լավատեսության համար հիմքեր չեն թողնում: Միայն անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13 հազար կրակոց: Եվ այս ահագնացող հրակոծությունները սաստելու համար այսօր ընդամենը շփման գծում` Աղդամ-Բարդա հատվածում կայանալու է ԵԱՀԿ առաքելությունների հերթական դիտարկումը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: