Tag Archives: Hurriyet

Նամակներ գրելու թուրքական օրերը

21 Դկտ

Վաղը նախանշված է Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենսդրական առաջարկության քննարկումը։ Այս նոր նախագիծը համընդհանուր է դարձնում Հայոց ցեղասպանության ուրացման քրեականացման հարցը, քանի որ տեքստը առնչվում է ֆրանսիական օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների վիճարկմանը: Մասնավորապես, օրինագիծը վերաբերում է հայերի ու հրեաների ցեղասպանություններին: Սակայն ներկա պահին հանրության ուշադրությունը բևեռված է ոչ այնքան խնդրի իրավական կողմին, որքան թուրքական ջղակծկումներին, ինչը դարձել է համընդհանուր քննարկման ու ենթադրությունների առարկա: Նման առանձնահատուկ վերաբերմունքի են դրդում հակազդեցության ծավալները, որոնք բացառիկ են ու ձգվում են Բոսֆորի ափերից մինչև Եվրոպայի սիրտը: Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ արդեն հանդես են եկել տարաբնույթ սպառնալից հայտարարություններով և խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձևի ընդունումը: Նրանք, հաշվի առնելով ֆրանսիացի սոցիալիստների աջակցությունը, ինչպես նաև նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը Երևանում, հասկանում են, որ այս անգամ օրինագծի ընդունման հավանականությունը բավականին մեծ է: Եվ ուրեմն հակազդեցությունը չի կարող հավանականության համարժեքը չլինել` համեմված ամեն կարգի սպառնալիքներով ու վերջնագրերով: Իսկ այն տեղեկությունները, որոնք ստացվում են այս օրերին, հաստատում են նման ենթադրությունները:
Այսպես, թուրքական Hurriyet օրաթերթը գրում է, թե Թուրքիայի արտգործնախարարությունը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատնից գաղտնի գրություն է ստացել, ըստ որի, Ազգային Ժողովի դեկտեմբերի 22-ի օրակարգում հայտնված օրինագծի թիկունքում անձամբ նախագահ Նիկոլա Սարկոզին է կանգնած։ Գրության մեջ նշվել է նաև, թե չնայած Թուրքիայի քաղաքական ու գործարար շրջանակների բոլոր ջանքերին, սպասվում է, որ հայկական օրինագիծը կընդունվի: Լուրեր են շրջանառվում, թե իբր թուրքերն այնքան են հուսահատված, որ Փարիզում Թուրքիայի դեսպանն արդեն նախապատաստվել է հայրենիք վերադառնալ և ինքնաթիռի տոմսը գրպանում սպասում է Անկարայի հրահանգին։ Ի դեպ, այս հեռանկարի մասին պաշտոնապես հայտարարել էր հենց դեսպանատունը՝ տեղեկացնելով, որ Թուրքիան հետ կկանչի իր դեսպանին, եթե այդ երկրի Ազգային ժողովը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Կլինեն անդառնալի հետևանքներ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում՝ սկսած մեր դեսպանին դեկտեմբերի 22-ին անորոշ ժամանակով հետ կանչելուց»,- հայտնել էր Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Էնգին Սոլաքօղլուն:
Էլ ավելի տհաճ իրավիճակում էին հայտնվել օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ մեկնած թուրքական գործարար աշխարհի ներկայացուցիչները: Բանն այն է, որ տեղում ֆրանսիացիները հրաժարվել էին համաժողովի համար նրանց դահլիճ տրամադրել։ Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությունը (TÜSİAD) և Թուրքիայի պալատների ու բորսաների միությունը (TOBB) օրեր առաջ 200 հոգանոց համաժողով անցկացնելու համար պատվիրել էին Փարիզի Le Grand հյուրանոցի դահլիճը։ Սակայն հյուրանոցի ադմինիստրացիան վերջին պահին չեղյալ էր հայտարարել թե հյուրանոցի համարների, թե դահլիճի ամրագրումը՝ նշելով, որ դրանք զբաղված են։
Այսպիսի ընդհանուր տրամադրության ու դեպքերի շղթայի ֆոնի վրա մի առանձնակի ընդգծվածությամբ են հնչում թուրք քաղաքական գործիչների ու պետական այրերի ելույթները: Դրանց շարքում հատկապես աննախանձելի է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վիճակը, ով, աշխատանքի բերումով, առաջինն է պատասխանատվություն կրում ներկա կացության համար: Անցած շաբաթ նա հրավիրել էր տեղական ընկերությունների 20 ղեկավարների, հայտարարել էր, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիան Եվրոպայում կդառնա միջնադարյան մտածելակերպ ներմուծող առաջին պետությունը, իսկ հանդիպումից հետո նամակներ էր հղել ֆրանսիական ընկերություններին ու Ֆրանսիայի հետ կապեր ունեցող թուրքական ձեռնարկություններին` նախազգուշացնելով գործողությունների մասին, որոնք «զգալի տնտեսական կորուստների կհանգեցնեն», եթե օրինագիծն անցնի: Ըստ այդ նամակի, այժմ Թուրքիայում կան ֆրանսիական ներդրումներով 960 ձեռնարկություններ, և նրանց բոլորովին լավ օրեր չեն սպասվում:
Մյուս կարկառուն այրը՝ ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն իր հերթին հարկ համարեց Փարիզի քայլն անվանել ֆրանսիական ղեկավարության նախընտրական քարոզարշավի մի մասը: Նա նաև հայտարարեց, որ նախագահ Սարկոզին Թուրքիային օգտագործում է որպես գործիք իր քաղաքական շահերի համար:
Իսկ հետո թուրքական իշխանություների՝ Ֆրանսիային ուղղված կոչ-սպառնալիքներին միացավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սարկոզիին ուղարկված նամակում նա ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կախված նշեց, թե այդ խնդիրը լուրջ է և երկկողմ հարաբերություններում ողջամտությունը քաղաքական հաշիվներից ավելի կարևոր պետք է լինի։ «Այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է նմանատիպ նախաձեռնության հեղինակների վրա։ Թող Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները գերի չդառնան երրորդ կողմի պահանջներին»,-ասվում էր նամակում։ Էրդողանի նամակին հաջորդեց Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի նամակը: Սա էլ իր ֆրանսիացի գործընկեր Բեռնար Ակուայեին գրում էր, թե անհրաժեշտ է, որ այդ խնդիրը թողնվի պատմաբաններին ու հետազոտողներին:
Եվ վերջապես եկավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նամակ գրելու ժամանակը, ով իր տողերը հասցեագրեց Նիկոլա Սարկոզիին՝ շեշտելով, թե օրինագծի ընդունումը շատ լրջորեն կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա և կոչ արեց անհապաղ հրաժարվել դրա քննարկումից։ Թե ինչ մտածեցին Փարիզում Գյուլի նամակի մասին, հայտնի դարձավ շատ արագ: Մամուլը գրեց, որ Գյուլը 2 օր է՝ չի կարողանում հեռախոսով խոսել Սարկոզիի հետ՝ հայտնելու Թուրքիայի բողոքը հայկական բանաձև կապակցությամբ: «Սարկոզին տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է հեռախոսազրույց ունենալ Աբդուլլահ Գյուլի հետ»,-ասաց Գյուլի մամլո քարտուղարը՝ պնդելով, թե Սարկոզին ուղղակի խուսափում է խոսել Գյուլի հետ։
Խուսափում է, թե՞ արհամարում է՝ դա պարզելու ժամանակ իրենք դեռ կունենան: Իսկ մինչ այդ, վաղվա օրվա սպասումով, Հայաստանի իշխանությունները նույնպես շտապում են վերաբերմունք բարձրաձայնել՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը բացառիկ կարևոր նշանակություն ունի այդ փաստի միջազգային ճանաչման համար: Ըստ պաշտոնական Երևանի, այդ քայլն առաջին հերթին միտված է բարձրացնել մեր ազգային անվտանգության աստիճանը: Իսկ ընդհանրապես օրինագծի ընդունումը էական է հետագայում նման ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից:
Ի դեպ, մի փոքրիկ հավելում ներկա իրավիճակին, որը կարծես թե որևէ ընդհանուր բան չունի վերը արծարծված խնդիրների հետ, բայց և այնպես, այն էլ այս օրերին, չէր կարող աննկատ մնալ: Ֆրանսիային պատկանող C-160 տիպի ռազմական օդանավը մի քանի օր առաջ խախտել է Թուրքիայի օդային տարածքը Դաթչա թերակղզու հարա-արևմտյան մասում։ Տեսնես թուրքերն ի՞նչ են մտածել այդ միջադեպի առիթով…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Նոր էջի վրա գրառումներ չկան

25 Հլս

Հայ-թուրքական գործընթացի տապալումից հետո Թուրքիան հայտարարեց, որ անցնում է լուռ դիվանագիտության: Քաղաքական շփումների այս անհասկանալի նորամուծությունը, որից արդյունք ակնկալելը նույնն էր, թե անամպ երկնքից տեղատարափ սպասելը, վաղ թե ուշ պիտի ի հայտ բերեր ինչպես իր սնանկությունը, այնպես էլ իմիտացիոն էությունը: Բայց նույնիսկ այդ պարագայում Անկարան համարում է, որ ինքը պարտված կողմ չէ և նույնիսկ շահած է դուրս եկել խճճված իրավիճակից: Ու որպեսզի դա դիտվի հիմնավորված, այժմ թուրքերն առաջարկում են (կամ ավելի ճիշտ կլինի ասել` նրանց պարտադրում են) խաղալ երկրորդ պարտիան:
Ո՞րն է այս երկրորդ խաղակեսի իմաստը: Գրեթե նույնը, ինչ սկզբնախաղում: Այսինքն` վերստին «թոզ փչել» միջազգային հանրության աչքին: Իսկ թուրքերի համար առանձնապես մեծ դժվարություն չէ ստեղծել տպավորություն, որ իրենք ստանձնած պարտավորություններից չեն հրաժարվում, մանավանդ կայացած ընտրություններից և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիա կատարած այցից հետո, ով նրանց ուշադրությունը հրավիրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վրա, իսկ նրանք էլ խոստացան:
Այժմ նոր խաղի առաջին քայլն արված է: Օրերս թուրքական մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որոնք պնդում էին, թե Թուրքիան նախատեսում է հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վստահության ամրապնդման միջոցների նոր փաթեթ ներկայացնել։ «Hurriyet» թերթը փոքր-ինչ բացեց հիշյալ փաթեթի ծալքերը` հայտնի դարձնելով, որ թուրքական կողմը որոշում է ընդունել դրական ազդանշաններ ուղարկել Երևանին ու դրանցից առաջինը վերաբերելու է փակ սահմաններին: Ի՞նչ է ենթադրվում: «Գաղափարը կայանում է նրանում, որ բացվելու է ոչ թե սահմանը, այլ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային անցակետերը։ Սա կողմերի միջև իրականացվող բանակցությունների՝ գաղտնի դիվանագիտության թեման է»,- գրում էր «Hurriyet»-ը և ապա հավելում. «Հայկական կողմը երկու ուղերձ է հղել. Առաջինը` «Մենք Թուրքիային ենք սպասում», և երկրորդը՝ «Հայաստանի համբերությունն անվերջ չէ»։ Այդ իսկ պատճառով վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկելը կարևոր է»։
Հաջորդ առաջարկը, որի մասին նշում էին թուրքական աղբյուրները, նախորդից ոչ պակաս ինքնատիպ էր: Ասվում էր, որ «Թուրքական ավիաուղիներ» ազգային ավիաընկերությունը պատրաստվում է գրասենյակ բացել Երևանում։ Եվ մինչ հայաստանցիները կփորձեին մտավի պատկերացնել թուրքական ինքնաթիռները` Երևանի երկնքում, դեպքերը զարգացան աննախադեպ արագությամբ: Հայաստանում գումարվեց հայ-թուրքական բիզնես-ֆորում, որի ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները տուրիստական գործակալությունների համատեղ ասոցիացիա հիմնելու մասին հուշագիր ստորագրեցին։ Թուրքիայից հրավիրվել էին 27 գործարարներ, մի քանի հասարակական ու բիզնես կազմակերպությունների պատասխանատուներ։ Ու այստեղ էլ Վանի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի ղեկավար Աբդուլլա Թյունջդեմիրը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ին կարող է կայանալ Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը։
Այն, որ երկու երկրների գործարար շրջանակների լոբբինգի արդյունքում քաղաքական ուժերը կարող են նաև վերանայել իրենց դիրքորոշումները, անհավանական հեռանկար չէ: Այսօր համագործակցություն իրական նախադրյալներ կան զբոսաշրջության, տրանսպորտի, ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության, շինարարության, կահույքագործության, առևտրի ոլորտներում: Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիայից ներմուծումը տարեկան կազմում է շուրջ 250 միլիոն դոլար, իսկ արտահանումը` ընդամենը 160-170 հազար դոլար, և տուժողը կրկին մենք ենք:
Սակայն վերադառնանք քաղաքական դաշտ, քանի որ թուրքերի հաջորդ անակնկալը լիովին լրացնում էր մյուսներին: Համարյա նույն օրերին Թուրքիայի տնտեսական քաղաքականության հիմնադրամի (TEPAV) հրավերով այդ երկիր մեկնած հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդունեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Առիթը չափազանց հարմար էր, և Դավութօղլուն անմիջապես սկսեց հայերին մի գեղեցիկ հեքիաթ պատմել երկու ժողովուրդների լուսավոր ապագայի մասին` ասելով, թե հայերը «մի օր կարող են գալ, տուն գնել ու հաստատվել» իրենց պատմական հայրենիքում: Այդ հուզական զեղումի պահին արտգործնախարարը հավանաբար մոռացել էր իր երկրի օրենքներից մեկի մասին, որը արգելում է տեղահանվածներին, ցեղասպանության ենթարկվածների ժառանգներին վերադառնալ իրենց երկիր: Բայց դա նրա համար էական չէր, քանի որ ներկա պահի խնդիրը բոլորովին այլ պահանջներ էր ներկայացնում և հարկ էր շարժվել դրանց համապատասխան:
Մոտավորապես այդպես էլ վարվեց մեկ ուրիշ թուրք գործիչ`Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Օսման Քորութուրքը: Նա, ով մեկ ամիս առաջ Հայաստանի հետ հարաբերվելու ոխերիմ հակառակորդն էր, այսօր, «Turkish Weekly» պարբերականի փոխանցմամբ, արդեն քննադատում է Թուրքիայի կառավարության կողմից վարած արտաքին քաղաքականությունը` այն համարելով «անսկզբունքային»: Այս համատեքստում ԺՀԿ փոխնախագահը դիտողություն արեց կառավարությանն այն բանի համար, որ վերջինս պարտավոր էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն մինչև հիմա ոչ մի առաջընթաց չի գրանցվել:
Իսկ մինչ Թուրքիայում բոլորը ձայն ձայնի տված սկսել էին խոսել հայերի հետ մերձենալու մասին, Ադրբեջանը ուշի-ուշով հետևում էր այդ ջերմացմանը` փորձելով կռահել, թե ի՞նչ է դա, արդյո՞ք իրենց արյունակից եղբայրները լուրջ են խոսում, թե՞ նախորդ անգամների պես փորձում են փափուկ բարձեր շարել միամիտների գլխի տակ: Այդ պատճառով էլ Բաքվի պաշտոնական արձագանքը հենց այդ սպասողական ոգով էր շարադրված. «Մենք չենք խառնվում երկու երկրների գործերին, սակայն Ադրբեջանի ազգային շահերի ոտնահարման դեպքում մեզ իրավունք ենք վերապահում արձագանքել»,- ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ նրանք զգուշացնում էին, որ իրենք հետևում են իրադարձությունների զարգացմանը և կարձագանքեն՝ ելնելով հետագա սցենարներից:
Իսկ ծավալուն սցենարներ հազիվ թե լինեն: Այս օրերի զարգացումները Թուրքիայի PR ակցիաների առանձին դրվագներ են։ Ինչպիսի մանրումեծ փոփոխություններ էլ տեղի ունենան առաջիկայում, հազիվ թե հիմքեր կան կարծելու, որ դրանք կվերաճեն ավելի լուրջ և խորը հարաբերությունների կամ դրանք արմատական կարգավորման: Ներկա պահին Անկարան ոչ նման ձգտում և ոչ էլ նպատակ ունի: Ու եթե այսօր թուրքերը մեզ հորդորում են, թե` եկեք մոռանանք «100 տարի առաջ կատարվածը, եթե անգամ փոխադարձաբար է կատարվել, նոր էջ, մաքուր էջ բացենք», ապա հիշողության կորստի հաշվին գրվող նոր էջերը Հայաստանի համար հատուցման գին լինել չեն կարող:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: