Tag Archives: http://newsbook.am/

Սփյուռքը պատճառներ ունի իրեն վիրավորված զգալու համար. Հովիկ Չարխչյան

27 Մյս

Այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը: Այս տարի «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառվել է Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը: Այս ֆոնին հարկ է նշել, որ վերջին ժամանակներս սփյուռքն անվստահություն ունի տեղի իշխանությունների նկատմամբ։ Սա, թերևս, ցույց տվեցին նաև ապրիլյան դեպքերը։ Գրականագետ Հովիկ Չարխչյանը NewsBook-ի հետ զրույցում նկատեց՝ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Սփյուռքի մեր որոշ հայրենակիցներ հանգանակություն անելու համար պատրաստ էին կտրել հարյուրավոր կիլոմետրեր ու գալ Հայաստան, որպեսզի գումարները սեփական ձեռքով հանձնեն, և ոչ թե միջնորդավորված։ Բացի սա, ըստ Չարխչյանի, Սփյուռքն այլ պատճառներ էլ ունի իրեն փոքր-ինչ վիրավորված զգալու համար։ «Տարիներ շարունակ Սփյուռքին դիտում են որպես մի աղբյուր, որն անընդհատ մեզ պետք է նվիրատվություններ անի։ Այս կարգի վերաբերմունքի մեջ ես գեղեցիկ ոչինչ չեմ տեսնում: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ շատ ու շատ սփյուռքահայ գործարարներ փորձեցին այստեղ ներդրումներ ունենալ, եկան, աշխատեցին որոշ ժամանակ ու հետո գլուխներն առան ու փախան, որովհետև օրենսդրական դաշտն ամենևին նպաստավոր չէ սեփական բիզնեսն իրականացնելու համար»,- մատնանշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ հիմա մեղադրել Սփյուռքին, որ նվազեցրել է իր օգնությունը Հայաստանին, սխալ է։ Չարխչյանը գտնում է, որ պատճառները մեզ մոտ պետք է գտնենք։ Տարիներ շարունակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների ընթացքում ստացված գումարներն ուղղվել են Արցախին, բայց մինչև օրս Հայաստանն Արցախին կապող ռազմավարական նշանակության Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի հարցը լուծված չէ։ «Ճանապարհը, ցավոք, միակ դեպքը չէ։ Հսկայական միջոցներ են ներդրվել, հետո պարզվել է, որ այդ ամենը փոշիացվել է։ Մենք դա տեսնում ենք թե՛ պաշտպանության ոլորտում, թե՛ ճանապարհաշինության, և թե՛ գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եք` տարօրինակ է, որ արդեն մայիս ամիսն է ավարտվում, բայց գյուղացին իր մթերած բերքի գումարը չի ստացել, սա էլ այն դեպքում, երբ գյուղնախարարն ամեն օր հաղթական զեկույցներ է հրապարակում` ոլորտի աճի վերաբերյալ»,- շարունակեց մտավորականը։ Նա համոզված է՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն այնքան գիտակից են, որ կարող են իշխանությունն ու ժողովուրդը միմյանցից տարանջատել։ «Երկիրը միշտ իրենց երկիրն է, երկրից նեղանալ չի կարելի, դա կարող է լինել իշխանությունների դեպքում: Ես համոզված եմ, որ երբ մեր երկիրը հայտնվի ճգնաժամային վիճակում, Սփյուռքը կանգնելու է ժողովրդի կողքին։ Միայն ազնվության ֆոն ապահովելու դեպքում կարող ենք Սփյուռքի աչքերին նայել։ Մտածում եմ, որ եթե մի փոքր ավելի թափանցիկ դարձնեն իրենց գործունեությունը և հաշվետու լինեն ոչ միայն հոգաբարձուների առջև, այլև ամբողջ ժողովրդի։ Նրանք իրավունք ունեն տեղեկանալու գումարների մասին, դա էլ զսպող մեխանիզմի դեր կկատարի»,- եզրափակեց նա։

Նյութի աղբյուրը ` Newsbook.amtimthumb

%d bloggers like this: