Tag Archives: Freedom House

Յուլիան` Կիևի քաղբանտարկյալը

8 Օգս

Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կալանավորված է: Փոքր-ինչ դժվար է պատկերացնել յուրահատուկ սանրվածքով այդ տիկնոջը` ճաղերի ետևում: Ընդամենը մի քանի տարի առաջ նա ինքն էր որոշում ազատության և ազատազրկման գինը, իսկ այժմ Կիևի Պեչորայի շրջանային դատարանի վճիռը ավելի հզոր գտնվեց, քան Տիմոշենկոյի հեղինակությունը: Ընդ որում, պաշտոնական հիմնավորուման համար հարկ չեղավ երկար մտածել. մեղադրյալը խոչընդոտում էր քննության ընթացքին ու վկաների հարցաքննությանը, իսկ դա լիովին բավարար էր նրա խափանման միջոցը վերանայելու համար: Իհարկե, նախկին վարչապետն անմիջապես հայտարարեց, որ իրեն ձերբակալելու որոշումը պայմանավորված է գործող վարչապետ Նիկոլայ Ազարովի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնելու փաստով, սակայն տվյալ պահին դա այլևս էական չէր:
Ինչ վերաբերում է բուն գործին, ապա Տիմոշենկոն մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այլ կերպ ասած` 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի առաքման գործարքներ կնքելու համար։ Նա ստորագրել է պայմանագրեր՝ ոտնահարելով սեփական երկրի և ժողովրդի շահերը։ Մասնավորապես, իր ձեռքով հաստատել է «Նեֆտոգազ Ուկրաինի»-ի գրավոր դիրեկտիվը «Գազպրոմ»-ի հետ 2009 – 2019 թվականներին բնական գազի առք ու վաճառքի շուրջ, մինչդեռ այն պետք է հաստատվեր նախարարների ամբողջ կաբինետի կողմից: Կան ապացույցներ, որ Տիմոշենկոն հատկապես անձնական շահերից ելնելով է համաձայնել 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց վճարել 450 դոլար: Միայն թե ու՞մն է դա հետաքրքիր, եթե բոլորն անխտիր կատարվածի մեջ որոնում են քաղաքական ենթատեքստը:
Ուկրաինայում 2004-ի նարնջագույն հեղափոխության երբեմնի առաջնորդներից մեկը, ով առաջին ծանր հարվածը ստացավ յուրայիններից, իսկ այնուհետև անցած տարվա նախագահական ընտրություններում պարտվեց մրցակից Վիկտոր Յանուկովիչին, այժմ խիստ հարմար է գտնում իր դեմ հարուցված քրեական գործը որակել որպես քաղաքական հաշվեհարդար: Հատկանշական է, որ ավելի վաղ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել էր, թե իրեն կձերբակալեն մինչեւ օգոստոսի 24-ը` Ուկրաինայի անկախության օրը: Նրա խոսքով, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հենց այդ օրն է ցանկանում ազատվել ընդդիմությունից: Սակայն պարզվեց, որ Յանուկովիչն առանձնապես ցանկություն չունի հոբելյանական ամսաթվերի հետ ձեռնածություն անել, և հարվածը եկավ սպասվածից ավելի վաղ:
Իսկ ազատության ու վեհ իդեալների համար մարտնչող տիկնոջն այլ բան չի մնում, քան խոսել իր անձնազոհ պահվածքի ու այն մասին, որ իշխանությունները իր մահն են ցանկանում: Հանուն այդ մտասևեռման նա նույնիսկ չզլացավ և կալանավայրից մի գրություն ուղարկեց առ այն, որ խոստանում է ինքնասպանություն չգործել: «Պարզ է, որ սա հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ, բայց ես դրա մասին չեմ գրում: Ես ուզում եմ հայտարարել, որ ինքնասպանության որևէ հակում չունեմ: Ես երբեք ինքնասպանություն չեմ գործի: Այն ամենը, որ ես անում եմ` դա իմ պայքարն է քրեական վարչակարգի դեմ` աշխարհում Ուկրաինայի արժանի տեղի համար»,- ասվում էր նրա լիրիկական երկտողում:
Այս ընթացքում Տիմոշենկոյի ամենասիրած վայրերում` փողոցներում ու հրապարակներում վերջինիս գլխավորած ընդդիմադիր «Բատիկիվշինա» կուսակցության ակտիվիստներն արդեն հայտարարել էին անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին: Անմիջապես դատարանի շենքի մոտ հայտնվեց վրանային ավանը, դրան հաջորդեցին բախումները ոստիկանության ու իշխանամետ ուժերի հետ, իսկ հետո ալիքը տարածվեց նաև երկրի հեռավոր անկյուններում: Ինչպես և պետք էր սպասել, առաջինը ոտքի կանգնեց ընդիմության բաստիոնը`Լվով քաղաքը, որտեղ ձևավորվեց դիկտատուրային դիմադրության կոմիտե: Գաղտնիք չէ, որ երկրի արևմտյան շրջաններում Տիմոշենկոն ավանդաբար մեծ աջակցություն ունի, այդ պատճառով էլ հիմնական հույսն ակնկալվում է այդ կողմերից: Սրանց զուգահեռ ընդդիմությունը նախաձեռնել է Ռադայի արտահերթ նստաշրջան գումարել: «Փոփոխությունների ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Յացենյուկը հայտարարեց, որ ձերբակալելով Տիմոշենկոյին, իշխանությունները պատերազմ են սկսել ժողովրդի դեմ: «Ռուբիկոնն անցել են: Դեմոկրատիան ավարտվել է: Իշխանությունները դարձան ռեժիմ»,- իրավիճակն այսպես սահմանեցին ընդդիմադիրները:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր հերթին հայտարարեց, որ չի պատրաստվում դատարանի վրա որևէ ճնշում գործադրել: Սա նշանակում է, որ վերևները կգնան մինչև վերջ: Եվ արդեն իսկ մամուլը կանխատեսումներ է անում, թե երբ կխաղարկվի վերջին արարը: Օրինակ, «Ֆոկուս» ամսագիրը գրում է, որ մինչև սեպտեմբերի 6-ը Յուլյա Տիմոշենկոն մեղավոր կճանաչվի և կդատապարտվի 5 տարվա ազատազրկման, թեև այն հոդվածը, որով նրան մեղադրանք է ներկայացվել, նախատեսում է 7-ից 10 տարի ազատազրկում: Մյուսները համոզված են, որ դատավարությունը գոնե այս տարի իր եզրագծին չի մոտենա: Իսկ քանի դեռ ժամանակ կա, յուրայինների հայացքը ուղղված է փրկչի կողմը` Արևմուտք: Նրանք խորապես համոզված են, որ միայն այնտեղից եկող ճնշումներն են ի զորու ինչ-որ բան փոխել:
Արևմուտքն իր հերթին այդ վստահությունից լավ է զգում և ամեն կերպ ցուցադրում է իր ընդգծված անհանգստությունը: Եվրամիության ղեկավարները մեկը մյուսի ետևից հայտարարություններ են անում` մրցելով այն հարցում, թե ում խոսքերն ավելի ազդեցիկ ու խիստ կհնչեն: Օրինակ, ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասում է, որ «Յուլյա Տիմոշենկոյի կալանավորման հանգամանքներն անհանգստություն են առաջացնում այդ որոշման՝ հնարավոր քաղաքական շարժառիթներ ունենալու կապակցությամբ, ինչպես նաև կասկածի տակ են դնում Ուկրաինայում իրավական պետության կայացումը»: Իսկ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է որակել դատարանի կայացրած որոշումը: Վաշինգտոնը հեռուներից ահազանգում է, թե «նախկին վարչապետի կալանավորումը կասկածի տակ է դնում Ուկրաինայում օրենքի գերակայությունը և կարող է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ալիք բարձրացնել»: Նրանց ձայնակցում են Կանադան, Մեծ Բրիտանիան, Freedom House միջազգային կազմակերպությունը և էլի շատերը` կոչ անելով անհապաղ ազատ արձակել Տիմոշենկոյին։
Սակայն այս ողջ իրարանցման մեջ կա մի «բայց», որը դեռևս իր լիարժեք պատասխանը չի ստացել: Ամենևին էլ միանշանակ ու հստակ չէ, թե իր այդ քայլով ի՞նչ է պատրաստվում անել նախագահ Յանուկովիչը: Նա, ով հայտնի է իր ռուսամետ քաղաքականությամբ, հանկարծ որոշում է պատժել հակառակորդին` պատրվակ ընտրելով նրա մութ գործարքները Ռուսաստանի հետ: Իսկ սա, ինչպես հայտնի է, անհետևանք մնալ չի կարող: Իզուր չէր, որ շատերի առաջին իսկ ենթադրություններն այն մասին էին, որ Տիմոշենկոյի կալանավորման փաստը կարող է լուրջ հակասությունների պատճառ դառնալ Մոսկվայի ու Կիևի միջև։ Կրեմլն արդեն այս առնչությամբ Ուկրաինայի նախագահին նախազգուշացրել է «երկարաժամկետ հետևանքների» մասին։ Մնում է ենթադրել, որ Յանուկովիչը հաշվի է առել նաև դա և ունի այն պահուստային տարբերակը, որը նրան զերծ կպահի մեծ տհաճություններից:
Ինչ վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյին, ապա խորամանկ կինը քաղբանտարկյալի իր դափնին անպայման ամբողջապես կծառայեցնի հետագա նպատակների համար: Եվ գուցե թե ինչ-որ մի օր չարչարանքները փոխհատուցվեն բազմապատիկ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞վ կփրկի շարքային Ալիևին

18 Ապր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իսկապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունի: Արդեն չորրորդ անգամ ոչ այնքան բազմամարդ ընդդիմադիր խմբերին հաջողվում է երկրի մայրաքաղաքում արտահայտել իրենց բողոքը` չնայաց այն բանին, որ իշխանությունները ճնշումների համար կիրառում են հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները: Դրան զուգահեռ օր-օրի բազմապատկվում է նաև նրանց համակիրների թիվը, ու թեև ընդդիմախոսներից շատերն անմիջապես հայտնվում են ճաղերի ետևում, սակայն արդեն իսկ պարզ է դարձել, որ ձերբակալություններն ու ահաբեկումներն այսուհետ հազիվ թե դիտվեն սանձահարման ամենաարդյունավետ միջոցը, առավել ևս, որ միջազգային կազմակերպությունները բացահայտորեն հանդես են գալիս բողոքավորների կողմից, իսկ շատերն արդեն կանխագուշակում են, որ հեռու չէ այն օրը, երբ աշխարհը համար կրտսեր Ալիևը նույնպես կդիտվի անցանկալի անձ ու կհամալրի բռնապետների ցուցակը:
Այն փաստը, որ վերջին շրջանում Ադրբեջանում դեռ նոր-նոր ձևավորված ընդդիմադիր միասնական շարժում անսպասելի արագությամբ թափ է հավաքում, արդեն իսկ հիմք է տվել պնդելու, որ այդ երկրում առկա է նվազագույնը երկու նախապայման. մի կողմից ներքաղաքական հակասություններն ու հասարակական երկպառակությունը մոտենում են իրենց կրիտիկական կետին, մյուս կողմից ընդդիմությունը վայելու է արտաքին ուժերի համակրանքը և լիուլի աջակցություն է ստանում նրանցից: Որոշ վերլուծաբաններ համոզված պնդում են, թե հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանում թունիսյան կամ եգիպտական սցենարով իշխանափոխություն կարող է տեղի ունենալ, մանավանդ որ իրադարձությունները գրեթե նույն կերպ են զարգանում:
Պետք է նկատել, որ խուճապային տրամադրություններ են նաև բուն իշխանության ներսում: Աչքի տակ ունենալով արաբական հեղափոխությունների դասերը և համակված այն մտքերով, թե փոփոխությունների ձգտող ժողովրդի դեմ ոչ մի տոտալիտար վարչակարգ չի կարող դիմակայել, նրանք սկսել են լրջորեն խորհել իշխանության կորստի վտանգի և դրա հետևանքների մասին: Վերջին օրերին ադրբեջանական որոշ թերթեր գրեցին, թե ինչպես են իշխող թիմի մի շարք ազդեցիկ անդամներ սկսել մտածել փոփոխության դեպքում գոնե իրենց պաշտպանելու, կարողություններն ու միջոցները փրկելու, սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու մասին: Պատմում էին, որ Բաքվի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ դեմքեր այդ նպատակի համար վերջերս գաղտնի հավաք են անցկացրել Լոնդոնում և այնտեղ մշակել են իշխանության «փրկության ծրագիրը»:
Սա, իհարկե, վտանգի մի կողմն է, երբ խորտակվող նավն առաջինը լքում են առնետները: Կա նաև տագնապի երկրորդ աղբյուրը, և դրա համար լուրջ ազդանշան դարձավ այն, որ օրեր առաջ Ադրբեջանում հավատարմագրված ԱՄՆ-ի ու եվրոպական շուրջ 20 երկրների դեսպաններ այցելեցին «Մուսավաթ» կուսակցության գրասենյակ, ուր կայացավ նրանց հանդիպումը Հանրային պալատում առանցքային դերակարարում ունեցող մի խումբ գործիչների հետ: Կատարվածը այն աստիճան մտահոգեց ու լրջորեն զայրացրեց պաշտոնական Բաքվին, որ իշխանության բարձրագույն մարմինների մի շարք ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, հանդես եկան կոշտ հայտարարություններով` պահանջելով այսուհետ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, քանի որ նման գործողությունները այլ բան չեն, քան «ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելուն միտված քայլեր» և կարող են լրջորեն փչացնել այդ երկրների հետ հարաբերությունները:
Քարոզչական ճակատում ընթանում են անհավասար մարտեր: Վարչակազմին ծառայող լրատվամիջոցները այժմ գործում են գերազանցապես մեկ ուղղությամբ` վարկաբեկել ընդդիմությանը` նրան վերագրելով ամեն կարգի մեղքեր` էլ հայերի հետ համագործակցելու, էլ թշնամու ջրաղացին ջուր լցնելու, էլ եվրոպացիների ու ամերիկացիների փողերով երկրում արաբական հեղափոխություն իրականացնելու ամբաստանություններ: Պատժիչ մեքենայի մյուս թևը նույնպես ձեռքերը ծալած չի նստում: Աշխատանքից կամ բուհերից հեռացվում են ցույցերին մասնակցած քաղաքացիները, տասնյակ ակտիվիստներ կանչվում են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ նրանց հետ «բացատրական» աշխատանքներ են տարվում:
Սակայն մեծ թափանիվը գործի է դրված, և այդ բոլոր ուժային դրսևորումներն այլևս անպատասխան չեն մնում, ինչպես եղել են երկար տարիներ: «Ադրբեջանի իշխանությունները պետք է թույլ տան ակցիաների անցկացումը: Խաղաղ հանրահավաքները խոսքի ու հավաքների ազատության էությունն են: Այդ իրավունքներն Ադրբեջանում ոտնահարվում են»,- հայտարարում է Amnesty International կազմակերպությունն ու այնուհետև պահանջում. «Միջազգային հանրությունը պետք է մեծ ճնշում գործադրի այդ երկրի կառավարության վրա, որպեսզի վերջ տրվի բռնություններին»:
ԵԱՀԿ Բաքվի գրասենյակն իր հերթին հանդես է գալիս արդարության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերից: «Մենք ցանկանում ենք, որ բողոքի ցույցերի ժամանակ այլևս ձերբակալություններ չլինեն: Մենք անխուսափելի ենք համարում իշխանությունների ու ընդդիմության միջև երկխոսությունը: Շատ կարևոր է, որ դա կայանա, և կողմերի համար ընդունելի որոշումներ գտնվեն: Դրա համար էլ պետք է խուսափել ակցիաների ժամանակ բռնության կիրառումից: Դա իշխանություններին ոչինչ չի տա»,- ասվում է նրանց տարածած կոչում: Սրան զուգահետ Freedom House կազմակերպությունը փաստում է, որ Ադրբեջանի կառավարությանը քննադատող բազմաթիվ լրագրողներ ենթարկվել են ճնշումների ու հետապնդումների, իսկ ոմանք` նույնիսկ ծեծի: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը լրացնում է ասվածը. համաձայն նրանց տվյալներով` անկախ ու ընդդիմադիր լրագրողներն աշխատում են իշխանությունների մշտական ճնշումների ներքո: Նրանցից շատերը վստահ են, որ Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարությունները հետևում են հեռախոսային խոսակցություններին, ինտերնետ շփումներին: Հսկողության տակ են հատկապես արտասահմանցիների, միջազգային կազմակերպությունների հետ կապեր ունեցող գործրարների հեռախոսներն ու ինտերնետ հեռահաղորդակցության միջոցները:
Խոստովանենք, որ իրավիճակն իսկապես բարդ է և պայթյունավտանգ: Ալիևի այն համոզմունքը, թե հանուն նավթի իրեն ձեռք չեն տա, այլևս արդիական չէ: Նավթ կարելի է գնել նաև հաջորդ իշխանությունից, որը գուցե թե շատ ավելի զիջող ու առատաձեռն լինի` հաշվի առնելով իրեն մատուցած ծառայությունները: Ի վերջո նման օրինակներ աշխարհում քիչ չեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ադրբեջանը «ցասման» մեջ

15 Մրտ

Հրապուրված Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ծավալվող իրադարձություններով և ներշնչված այն կանխատեսումներով, թե Ադրբեջանն իրենից ներկայացնում է հեղաշրջման գնացող պոտենցիալ թեկնածու, այդ երկրի ընդդիմությունը օրերս որոշեց կրկնել մյուսների փորձը` նախատեսելով Բաքվում անցկացնել «Ցասման օր»: Նախապատվությունը տալով արդեն հանրահայտ միջոցին` Facebook սոցիալական ցանցի հնարավորությունների օգտագործմանը, տեղի ակտիվիստները մարդկանց կոչ արեցին փողոց դուրս գալ` հանուն երկրի ժողովրդավարացման: Համացանցային խմբին անդամակցեց շուր 4 հազար մարդ։ Բայց մինչ կազմակերպիչները կհասցնեին գծել ամբողջ երկրում հակակառավարական ցույցեր անցկացնելու ծրագիրը, ահաբեկված իշխանություններն անմիջապես գործի անցան։ Դեռ ոչինչ չկատարված, մտացածին մեղադրանքներով ձերբակալվեցին մի քանի նախաձեռնողներ, նրանց համակիրները սպառնալիքների ու ճնշումների ենթարկվեցին: Ըստ որոշ աղբյուրների, «Ցասման օրվա» նախօրեին արդեն փակի տակ էին երիտասարդական կազմակերպությունների նվազագույնը հինգ ակտիվիստներ:
Բայց այնուամենայնիվ մարդիկ դուրս եկան փողոց և անմիջապես հայտնվեցին իրավապահների ակցանի մեջ: Ոստիկանները ցրեցին նրանց հավաքը` ձերբակալելով ավելի քան մեկ տասնյակ երիտասարդների։ Մյուսները տարվեցին բաժանմունքներ ու ծեծի ենթարկվեցին: Հավանաբար նաև այս հանգամանքը պատճառ դարձավ, որ հաջորդ օրը Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում հավաքվեին իրադարձությունների ընթացքից վրդովված հարյուրավոր մարդիկ։ Իր շարունակությունը ստացած «Ցասման օրվա» մասնակիցները պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ, ազատություններ, նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում և այլն։ Նրանք երթով անցան քաղաքի կենտրոնական փողոցներով: Ակցիան ընթանում էր «Կորչի ալիևյան ռեժիմը», «Քադդաֆիի հարազատներ՝ հեռացեք Ադրեջանից» կարգախոսների ներքո: Հավաքվածները վանկարկում են «Ազատություն» և «Հրաժարական» պահանջները: Սկզբում ոստիկանությունը ընդամենը հետևում է նրանց։ Բայց հետզհետե հավաքը ձեռք բերեց տարերային բնույթ: Ինչ-որ մի պահի պարզ դարձավ, որ իրավապահներն այլևս չեն տիրապետում իրավիճակին, և անընդհատ ոստիկանական նոր ջոկատներ էին մտցվում մայրաքաղաք: Հենց այդ ժամանակ էլ իշխանությունները որոշեցին, որ եկել է պահը` վերջ տալու այդ ձգձգվող տհաճությանը, և գործի անցան: Շատ արագ քաղաքի հրապարակն ու փողոցները վերածվեցին մարտադաշտի: Ցուցարարներին ցրում էին դաժան ծեծի միջոցով, մարդկանց բռնությամբ նստեցնում էին ոստիկանական մեքենաները և տեղափոխում անհայտ ուղղությամբ: Ամենաշատը տուժեցին բողոքի ակցիան կազմակերպած «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը նրանց շարքերից առնվազն 40 մարդ ձերբակալեց։ Ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր նույնպես կորուստներ ունեցան: Եվ մինչ ադրբեջանցիները կհասցնեին կատարվածի իրական գնահատականը տալ, երկրի ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` պնդելով, թե ցույցերը հրահրվել են դրսից և արտաքին ուժերը փորձում են ծայրահեղականների օգնությամբ գունավոր հեղափոխություն իրականացնել Ադրբեջանում:
Համարյա միաժամանակ իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություններ տարածեցին Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը, Freedom House և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Առաջին դեպքը չէր, երբ Ադրբեջանում բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, և ոչ էլ աննախադեպ էր ուժային կառույցների կոպիտ միջամտությունը: Սակայն այս անգամ Բաքվի վերնախավի տագնապները գերազանցում էին նախորդներին: Չի բացառվում, որ այս վախը լուրջ հիմքեր ունի: Սակայն դա հաղթահարելու միջոցների մեջ ադրբեջանցիները դեռևս կիրառում են ոչ արդյունավետ և նույնիսկ ծիծաղելի մեթոդներ: Օրինակ, շատերի ժպիտը հարուցեց, երբ ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ երկրի գլխավոր հոգեբան Գարայ Գերաբեյլին, ով ինտերնետից հաճախ օգտվող երիտասարդներին խորհուրդ տվեց հոգեբանի դիմել` պնդելով, թե նրանք, ովքեր նախընտրում են իրական կյանքի փոխարեն շփվել վիրտուալ աշխարհում` հոգեկան խնդիրներ ունեն: Իսկ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ կարծիքների շարքում ուշադրության էր արժանի հանրահայտ The Wall Street Journal հանդեսի մի հրապարակումը, որն այդ առիթով գրում էր. «Կովկասի նավթով հարուստ երկրում` Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 40 մարդ, որոնք փորձել են կրկնել Եգիպտոսի հակակառավարական ապստամբությունը: Երիտասարդ ադրբեջանցիներին ընդդեմ ավտորիտար իշխանությունների փողոց դուրս բերելու Facebook-ի կոչերը նվազագույն աջակցություն գտան: Այն քչերը, ովքեր դուրս եկան փողոց, արագորեն շրջապատվեցին կամ ցրվեցին: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին հուզող ժողովրդավարական ընդվզումները հազիվ թե կարողանան «կրակ վառել» Կովկասում, քանի որ տնտեսական ու սոցիալական մյուս հանգամանքները Ադրբեջանում տարբերվում են Եգիպտոսի նման երկրների իրավիճակից»:
Այս ընդգծված տարբերությունների մասին էր խոսում նաև Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիթսը, երբ պնդում էր, թե ինքը Ադրբեջանում «պարզապես կրիտիկական զանգված չի տեսնում»: Բացատրելով, թե ինչու այնտեղ մասայական բողոքներ չեն բռնկվում, Շիթսը դա պատճառաբանել էր Ադրբեջանում կյանքի մակարդակի բարձրացմամբ` պայմանավորված վերջին տարիներին նավթի վաճառքից ստացված նոր մուտքերով:
Ամենայն հավանականությամբ այս տեսակետները մոտ են իրականությանը: Բայց` մասամբ: Տվյալ դեպքում վերլուծաբանները շեշտը դնում են սոսկ հասարակության սոցիալական վիճակի վրա` դրանով պայմանավորելով նրանց «եռման ջերմաստիճանը»: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ակտիվությունը պայմանավորող բազմաթիվ այդ գործոններ էլ կան` ոչ պակաս կարևոր, քան սոսկ հացի խնդիրն է: Եվ այսօր հազիվ թե գտնվի մեկը, ով կարող է հաստատապես կռահել Ադրբեջանի վաղվա օրը: «Ցասման օրը» ձախողվեց, սակայն դժգոհությունն ու ընդդիմանալու ներքին պահանջը դրանով չսպառվեցին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: