Tag Archives: facebook

ՖԵՅՍԲՈՒՔԻ ԿԱՊՈՒՅՏԸ

3 Սպտ

Երբևէ մտածե՞լ եք, թե Ֆեյսբուքն ինչու է կապույտ գույնի: Իսկ այս հարցը շատ հետաքրքիր բացատրություն ունի: Պարզվում է, որ, Մարկ Ցուկերբերգը տառապում է դալտոնիզմով: Նա դժվարությամբ է տարբերակում կարմիրի և կանաչի երանգները: Եվ պատճառներից մեկն էլ դա է, որ Ֆեյսբուքի դիզայնը կատարվել է կապույտով: Ցուկերբերգն այս մեկն ընկալում է ամբողջությամբ:

facebook03_mob___3dnews_650x410

Հեթանոս աստվածուհին Աշոտյանի օգնության կարիքն ունի

6 Փտր

Մեծ անարդարություն կլինի, եթե պնդենք, թե մեր իշխանավորները օրուգիշեր չեն մտահոգվում այս երկրի հոգսերով ու խնդիրներով: Նույնիսկ հանգստյան օրերին նրանց անհանգիստ երևակայությունը մշտապես գործողության մեջ է և նոր հորիզոններ է գծում հետագա անելիքների ու նախաձեռնությունների համար: Վկան՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կիրակնօրյա գրավոր ելույթը, որ ոչ միայն ասվածի վերջին ապացույցներից մեկն էր, այլև հաստատումն այն բանի, որ անսահման նվիրվածության դեպքում կարելի է հաղթահարել դարերի ժամանակային պատնեշներն ու հասնել մինչև հեթանոսական շերտերը: Եվ ժամ առաջ իր նոր մտահղացման մասին հանրությանը ավետելու շտապողականությամբ նախարարը որոշել էր այս անգամ այդ խորհրդածությունները տեղադրել facebook սոցիալական ցանցի իր էջում: Ճիշտ է, ավելորդ փութաջանությունը հանգեցրել էր նրան, որ նախարարի խոսքը լի էր տառասխալներով, սակայն մենք այժմ բարեհաճ կգտնվեն և դա կներկայացնենք իր սրբագրված տարբերակով:
Եվ այսպես, facebook-ում Աշոտյանը հետևյալն էր գրել. «ՖԲ հարգելի ընկերներ: Ինչպես գիտեք, Մեծ Բրիտանիան Հայաստանում միանգամից երկու դեսպան է նշանակել: Առաջարկում եմ, որպեսզի բոլորս միանանք, մի ընդհանուր գրությամբ՝ համապատասխան ստորագրություններով, դիմենք ՀՀ-ում ՄԲ դեսպանատուն՝ պահանջելով իրենցից Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը: Մշակութային արժեքների`Բրիտանիայից հայրենիք վերադարձման փորձ արդեն կա, մասնավորապես, Եգիպտոսն է հաջողել մի քանի հարցում: Ի՞նչ կասեք»:
Մինչ որևէ բան ասելը նախ հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում եղել է անհիշելի ժամանակներից: Եվ մեկ անգամ չէ, որ նրան պատկերող արձանները հայտնվել են օտարների ձեռքում: Օրինակ, Անահիտի գլխավոր տաճարը գտնվում էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, և հենց այդ տաճարը կողոպտվեց մթա. 34 թվականին, հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի պարթևական արշավանքի ժամանակ: Նրա զինվորները ջարդեցին Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանեցին իրար մեջ ու տարան Հռոմ: Ինչ վերաբերում է այն արձանին, որն այսօր պահվում է Բրիտանական թանգարանում, ապա դա հայտնաբերվեց 19-րդ դարի վերջին, Երզնկայում: Հենց այդ ժամանակ էլ բրոնզաձույլ գլուխը տեղափոխվեց Անգլիա, իսկ կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Սակայն վերադառնանք Աշոտյանի կոչին և անմիջապես էլ նշենք, որ այս նախաձեռնությունն, անկասկած, միայն խրախուսանքի ու լայն արձագանքի կարժանանար, եթե առաջարկը հնչեր, ասենք, որևէ հասարակական կազմակերպության կամ խմբի կողմից: Բայց երբ դա ասում է Հայաստանի գործադիր իշխանության ներկայացուցիչ-նախարարը, ապա առաջին զգացումը միայն ու միայն տարակուսանքն է: Յուրաքանչյուր իրեն հարգող երկրի կառավարություն գիտի, որ ինքն ունի այն համապատասխան կառույցը, որը կոչված է զբաղվել և լուծումներ գտնել նմանատիպ խնդիրների համար: Հազիվ թե Աշոտյանի հիշատակած Եգիպտոսում կամ մեկ այլ երկրում իրենց մշակութային արժեքների վերադարձման հարցը իշխանություններն իրականացրած լինեն facebook-յան օգտատերերի ջանքերով՝ մի կողմ թողած ԱԳՆ կամ մշակույթի նախարարության խողովակները: Իսկ եթե փաստերով խոսենք, ապա նույն Եգիպտոսը վերջերս կարողացավ ոչ միայն Մեծ Բրիտանիայի հետ լեզու գտնել, այլև Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստների թանգարանից վերադարձնել եգիպտական մշակույթի 19 նմուշ, որոնք պատկանում են Թութանհամոն փարավոնի ժամանակահատվածին: Այնպես որ, անհնարին ոչինչ չկա, եթե դա արվում է ճիշտ և պատշաճ միջոցներով:
Բայց մյուս կողմից էլ կարելի է հասկանալ կրթության նախարարին: Մարդն ասում է այն, ինչ տեսնում է: Մեր երկրում, ցավոք, ոչ թե իշխանական օղակները, այլ հենց շարքային քաղաքացիներն են կատարում այն աշխատանքը, ինչը պարտավոր էին անել պետական մարմինները: Մշակույթի նախարարության փոխարեն նրանք են անհանգստանում ու ահազանգում օտար երկրներում ավերվող ու պղծվող հուշարձանների համար, բնապահպանության նախարարության փոխարեն նրանք են պահանջում փակել վտանգավոր արտադրամասերն ու թափոնների հոսքը, իրավապահների փոխարեն նրանք են բողոքում անօրինականությունների դեմ, զինվորականների փոխարեն նրանք են բացահայտում բանակում կատարված սպանությունները, և նույնիսկ նրանք են աղ ցանում սառած փողոցներում, երբ քայլելն այլևս անհնար է դառնում (վկան՝ Գյումրիի վերջին դեպքը, երբ մի խումբ երիտասարդներ, որպես բողոքի նշան ընդդեմ Գյումրու փողոցների ու մայթերի համատարած սառցապատման և տեղական իշխանությունների կողմից մաքրման պատշաճ աշխատանքներ չիրականացնելուն, ձեռքերն առան կերակրի աղով փաթեթներն ու սկսեցին դրանք ցանել, իսկ հետո էլ հայտարարություն տարածեցին, որտեղ ասված էր. «Մեր գեղապետը փող չունի աղ առնի, ուզած- չուզած մեր գրպանից, հատուկ Գյումրու համայնքի համար 1000 հայկական դրամ կծախսենք աղի համար: Փողոցը հալելուց հետո, ճանապարհը մաքուր վիճակում կհանձնենք Գյումրու համայնքին»): Այնպես որ, Աշոտյանի կոչին կարելի է ըմբռնումով մոտենալ ու ի սրտե ցավակցել այն բանի համար, որ հանդիսանում է այդ անկատար համակարգի կրողներից մեկը: Անահիտ աստվածուհին էլ իր հերթին թող ընդունի մեր մխիթարանքի խոսքերը, եթե նրա վերադարձի ճանապարհն այսքան անհաստատ է ու լի դարուփոսերով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

10 Նյմ

ՏԱՐԱԾՔԸ՝ «FACEBOOK», ՌԵԺԻՄԸ` ONLINE

Հարցազրույց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

-Պարոն Չարխչյան, վիրտուալ տարածքում բավական ակտիվ եք, հատկապես ֆեյսբուքյան Ձեր էջում ակտիվորեն ներկայացնում եք համաշխարհային մշակույթի հետաքրքիր նմուշներ: Որքանո՞վ է Ձեզ հարազատ այս դաշտը:
— Երբ մեկ տարի առաջ գրանցվեցի «Ֆեյսբուքում», առաջին հայացքից ինձ սարսափեցրեց այն վիճակը, որ կար այնտեղ` էժանագին դրսեւորումներ, վուլգար երեւույթների առատություն, անգրագիտություն, ու երեւի հենց դա էլ ստիպեց մնալ, որովհետեւ երբ այդ ամենը տեսնում ես, ուզում ես անպայման դրան հակադարձող ինչ-որ քայլ անել, ասում ես՝ արի ես մի ուրիշ բան տեղադրեմ, թող իրենք տեսնեն, որ սրանից բացի սա էլ կա: Այսօր «Ֆեյսբուքն» ավելի մեծ լսարան ունի, քան հեռուստաընկերություններից շատերը: Ես մի ընկեր ունեի, հեռուստատեսությունում էր աշխատում, ասում էր՝ ես ավելի մեծ լսարան ունեմ, քան Քրիստոսը, զուտ մաթեմատիկական իմաստով ճիշտ էր: Հիմա էլ «Ֆեյսբուքը» նման մի հնարավորություն է դարձել, բայց շատ կարեւոր է, թե լսարանից բացի ասելիք ունե՞ս, եթե դրա անհրաժեշտությունը չկա, կարելի է ամիսներով, օրերով բան չտեղադրել՝ երկրագունդը փուլ չի գա: Բայց ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց պարտքն են համարում ամեն օր անպայման ինչ-որ գրառում թողնել: Բայց ինչի՞ համար, հո մրցավազք չէ՞, ո՞վ է ձեր հետեւից ընկել, հաջորդ օրը 10 հատ ասելիք կունենաս, 10-ն էլ կասես: Լույսը բացվում է, մեկ էլ տեսնում ես գռեհիկ մեկը հայհոյախառն իր հոգու ճիչն է արտահայտել ու դեռ մի բան էլ իր պարտքն է համարել կիսվել քո հետ:
— Այսօր գրողը, գրականությունը, անգամ ընթերցողն «օնլայն» են, ո՞նց եք նայում դրան:
— Պոեզիան, արձակը քիչ- քիչ տեղափոխվում են ինտերնետ տիրույթ, ես նույնիսկ գրողներ գիտեմ, որոնց մենակ այնտեղ եմ տեսնում: Մարդիկ կան, որոնք գրքեր չունեն եւ իրենց գործերը բացառապես այդ դաշտում են տպում: Ցանկացած բան, որը կարելի է օգտագործել մարդկանց ընթերցել տալու, գրագետ դարձնելու համար, արդեն լավ է: Բայց ես երբեք օնլայն գիրք չեմ կարդում, դա ինձ համար արարողություն է, ծիսակարգ: Ես երիտասարդ գրողներին միշտ ասում եմ՝ գրեք, դա լավագույն բանն է, որ կարող եք անել:
— Այսօր չե՞ք տեսնում այն վտանգը, որ յուրաքանչյուր մարդ «Ֆեյսբուքում» հավակնում է գրող լինել, հատկապես եթե մի 3 հազար ընկեր ունի, որոնցից 300-ը լայք կտան, մի 30-ն էլ քոմենթ կթողնեն:
— Ես մի պահ փորձեցի պատկերացնել, թե Գրիգոր Նարեկացուն իր ժամանակ ոնց էին լայք անում, ու ոչ մի կերպ չպատկերացրեցի: Եթե դու գրող ես, խելացի մարդ, ապա քո արժեքը լայքերի թվաքանակի մեջ չի, դրանք վայրկենական խնդության պահեր են, որին անմիջապես հաջորդելու է խորը հիասթափությունը, երբ կհանդիպես խելացի մեկին, որը կասի` այ անգրագետ, ախր գրականությունը քո ի՞նչ խելքի բանն է: Ես, օրինակ, չեմ պատկերացնում՝ Վիկտոր Համբարձումյանը կհանդուրժե՞ր, որ մեկը «Ֆեյսբուքում» դատողություններ աներ գալակտիկաների կամ միգամածությունների մասին, կդնեին-կսատկացնեին՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով:
— Սկզբում Ձեր էջում տեղադրում էիք փոքրիկ բանաստեղծություններ, պատմություններ, վերջին շրջանում՝ նաեւ արձանների ֆոտոներ, ինչ-որ տրամաբանություն կա՞, թե՞ այն, ինչ Ձեզ հետաքրքրում է, մյուսներին էլ կհետաքրքրի:
— Սովորաբար եթե ինչ-որ բան տեսնում եմ, կարդում, որն ինձ դուր է գալիս, մտածում եմ, որ գուցե գտնվի մեկը, որին էլ դուր կգա, ու այդ ամենը տեղադրում եմ իմ էջում, նույնն էլ արձանների դեպքում: Այս տարիների ընթացքում մոտ 400 հետաքրքիր արձանների ֆոտոներ եմ հավաքել: Նույնիսկ ինձ մի քանիսը գրել էին, թե՝ ի՞նչ կլինի ասեք, ո՞ր կայք-էջում են այդ արձանները դրված, բայց դրանք լրիվ պատահական ձեւով են հավաքվել: «Գուգլով» ինչ-որ բան եմ փնտրում, դա ինձ հետաքրքրում է, հանում-թղթապանակի մեջ եմ գցում: Հիմա դնում եմ նաեւ «Ֆեյսբուքում», որ մարդիկ տեսնեն՝ կա քանդակագործության նաեւ այս տեսակը: Մի մասին դուր է գալիս, մի մասին՝ չէ, օրինակ այս օրվա նապաստակի արձանը մարդկանց մի մասին դուր չէր եկել, ու զարմանալին այն է, որ երբ դուր չի գալիս, իրենք ինձ հետ զրուցում են այնպես, որ կարծես ես եմ դա քանդակել: Ստիպված՝ չեմ արձագանքում: Այն, ինչ որ տեղադրում եմ, արվեստի իմաստով բոլորովին էլ լավ արձաններ չեն, պարզապես սարսափելի անմիջական են. դա է գրավում:
— Իսկ այդ անմիջականությամբ արձաններ չկա՞ն մեզ մոտ` Երեւանում, որ Ձեր էջում տեղադրելով, կգրավեն էլի շատերի ուշադրությունը:
— Նախ այդ արձանները բոլորին ծանոթ են, ու որեւէ նոր բան չես բացահայտի դրանք տեղադրելով, հետո էլ ուզում եմ ասել, որ՝ այ քանդակագործներ, մի քիչ էլ ուրիշ կերպ մտածեք, տեսեք ինչ հետաքրքիր լուծումներ են գտնում մարդիկ, չի կարելի անընդհատ նույն ստանդարտ ձեւով՝ Անդրանիկ Զորավար, Գեւորգ Չաուշ, բոլորը դեմքի նույն արտահայտությամբ, նույն դիրքով, ինչի՞ եք տանջամահ անում, իսկ դա երեւակայության պակասից է գալիս: Օրինակ բիզոնների որսի քանդակում մարդիկ հատուկ ձոր են ստեղծել, լանդշաֆտն են փոփոխել, որպեսզի արձանը դիտվի, իսկ մենք արձանը համապատասխանեցնում ենք այն տեղին, որտեղ մեզ հարմար է: Հետո մերոնք մի ուրիշ հակում էլ ունեն. իրենց թվում է, թե քաղաքի արձաններն օտարների համար են, բա մե՞նք…
— Մեզ մոտ կարծես մահարձաններն էլ ավելի շատ են:
— Ոչ միայն, մեզ մոտ նաեւ մահացածներին էլ են ավելի շատ սիրում, քան կենդանիներին: Մահարձաններն էլ դրա օրգանական շարունակությունն են դառնում:
— «Ֆեյսբուքն» այսօր նաեւ թիմային խմբավորումների է բաժանվել` «ով իմ խմբից չէ, ինձ դեմ է» տրամաբանությամբ:
— Ինչ-որ չափով այսօր «Ֆեյսբուքը» նաեւ հասարակության հայելին է, այնտեղ շատ լավ արտացոլվում են այդ բաժանարար գծերը, «հակա»-ներն ու «ընդդեմ»-ները: Դա սարսափելի բան է, առավել եւս, երբ դու մարդկանց ճանաչում ես ու գիտես, որ այսինչ այսինչյանն ու այնինչ այնինչյանն ընդամենը մի քանի տարի առաջ ջերմ հարաբերությունների մեջ էին, բայց հանկարծ ինչ-որ կասկածելի գաղափարներ եկան ու նրանց իրարից հեռացրին, այսինքն՝ մարդկային հարաբերություններն իրենց տեղը զիջեցին աննյութեղեն, մածուցիկ բաների, որոնք կոչվում են քաղաքական հոսանքներ, ընդդիմություն, դիմություն: Դա սպանիչ բան է, բայց երբ թափանցում է մշակույթ, վերածվում է աղետի, գոնե մի դաշտ պիտի լինի՞, որտեղ ձեռք չի կարելի տալ: «Ֆեյսբուքը» մարդկանց կարծիքներ արտահայտելու հարթակ է տալիս, բայց մյուս կողմից էլ ով ասես ինչ ասես ասում է ու հետո շեշտում, որ դա իր իրավունքն է Սահմանադրությամբ ամրագրված, բայց ո՞ր Սահմանադրությունն է ամրագրում սուտ, կեղծ, հայհոյախառն խոսքի իրավունքը, այսինքն՝ այդ ազատ խոսքը բոլորովին էլ այդ ազատ խոսքը չի:
— Ֆեյսբուքյան քննարկումների չեք մասնակցում, ինչո՞ւ:
— Որովհետեւ չեմ կարծում, որ դա այն դաշտն է, որտեղ պետք է քննարկումներ ծավալել: Զրուցելիս մարդու աչքերին պիտի նայես, հայացքը տեսնես, իսկ այդ վիրտուալ տարածքն ինձ խորթ է քննարկումների իմաստով: Թեմաներ կան, որ պետք չի «Ֆեյսբուք» տեղափոխել, որովհետեւ այնպիսի մարդիկ կարող են իրենց քիթը խոթել ու կարծիքներ հայտնել, որոնք դիլետանտ են, էլ չասեմ, որ շատերը հանդես են գալիս ոչ իրենց անվամբ եւ ոչ իրենց նկարով: «Ֆեյսբուքը» պետք է օգտագործել այնքան, ինչքան որ ինքն արժե:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Ադրբեջանը «ցասման» մեջ

15 Մրտ

Հրապուրված Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ծավալվող իրադարձություններով և ներշնչված այն կանխատեսումներով, թե Ադրբեջանն իրենից ներկայացնում է հեղաշրջման գնացող պոտենցիալ թեկնածու, այդ երկրի ընդդիմությունը օրերս որոշեց կրկնել մյուսների փորձը` նախատեսելով Բաքվում անցկացնել «Ցասման օր»: Նախապատվությունը տալով արդեն հանրահայտ միջոցին` Facebook սոցիալական ցանցի հնարավորությունների օգտագործմանը, տեղի ակտիվիստները մարդկանց կոչ արեցին փողոց դուրս գալ` հանուն երկրի ժողովրդավարացման: Համացանցային խմբին անդամակցեց շուր 4 հազար մարդ։ Բայց մինչ կազմակերպիչները կհասցնեին գծել ամբողջ երկրում հակակառավարական ցույցեր անցկացնելու ծրագիրը, ահաբեկված իշխանություններն անմիջապես գործի անցան։ Դեռ ոչինչ չկատարված, մտացածին մեղադրանքներով ձերբակալվեցին մի քանի նախաձեռնողներ, նրանց համակիրները սպառնալիքների ու ճնշումների ենթարկվեցին: Ըստ որոշ աղբյուրների, «Ցասման օրվա» նախօրեին արդեն փակի տակ էին երիտասարդական կազմակերպությունների նվազագույնը հինգ ակտիվիստներ:
Բայց այնուամենայնիվ մարդիկ դուրս եկան փողոց և անմիջապես հայտնվեցին իրավապահների ակցանի մեջ: Ոստիկանները ցրեցին նրանց հավաքը` ձերբակալելով ավելի քան մեկ տասնյակ երիտասարդների։ Մյուսները տարվեցին բաժանմունքներ ու ծեծի ենթարկվեցին: Հավանաբար նաև այս հանգամանքը պատճառ դարձավ, որ հաջորդ օրը Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում հավաքվեին իրադարձությունների ընթացքից վրդովված հարյուրավոր մարդիկ։ Իր շարունակությունը ստացած «Ցասման օրվա» մասնակիցները պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ, ազատություններ, նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում և այլն։ Նրանք երթով անցան քաղաքի կենտրոնական փողոցներով: Ակցիան ընթանում էր «Կորչի ալիևյան ռեժիմը», «Քադդաֆիի հարազատներ՝ հեռացեք Ադրեջանից» կարգախոսների ներքո: Հավաքվածները վանկարկում են «Ազատություն» և «Հրաժարական» պահանջները: Սկզբում ոստիկանությունը ընդամենը հետևում է նրանց։ Բայց հետզհետե հավաքը ձեռք բերեց տարերային բնույթ: Ինչ-որ մի պահի պարզ դարձավ, որ իրավապահներն այլևս չեն տիրապետում իրավիճակին, և անընդհատ ոստիկանական նոր ջոկատներ էին մտցվում մայրաքաղաք: Հենց այդ ժամանակ էլ իշխանությունները որոշեցին, որ եկել է պահը` վերջ տալու այդ ձգձգվող տհաճությանը, և գործի անցան: Շատ արագ քաղաքի հրապարակն ու փողոցները վերածվեցին մարտադաշտի: Ցուցարարներին ցրում էին դաժան ծեծի միջոցով, մարդկանց բռնությամբ նստեցնում էին ոստիկանական մեքենաները և տեղափոխում անհայտ ուղղությամբ: Ամենաշատը տուժեցին բողոքի ակցիան կազմակերպած «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը նրանց շարքերից առնվազն 40 մարդ ձերբակալեց։ Ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր նույնպես կորուստներ ունեցան: Եվ մինչ ադրբեջանցիները կհասցնեին կատարվածի իրական գնահատականը տալ, երկրի ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` պնդելով, թե ցույցերը հրահրվել են դրսից և արտաքին ուժերը փորձում են ծայրահեղականների օգնությամբ գունավոր հեղափոխություն իրականացնել Ադրբեջանում:
Համարյա միաժամանակ իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություններ տարածեցին Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը, Freedom House և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Առաջին դեպքը չէր, երբ Ադրբեջանում բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, և ոչ էլ աննախադեպ էր ուժային կառույցների կոպիտ միջամտությունը: Սակայն այս անգամ Բաքվի վերնախավի տագնապները գերազանցում էին նախորդներին: Չի բացառվում, որ այս վախը լուրջ հիմքեր ունի: Սակայն դա հաղթահարելու միջոցների մեջ ադրբեջանցիները դեռևս կիրառում են ոչ արդյունավետ և նույնիսկ ծիծաղելի մեթոդներ: Օրինակ, շատերի ժպիտը հարուցեց, երբ ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ երկրի գլխավոր հոգեբան Գարայ Գերաբեյլին, ով ինտերնետից հաճախ օգտվող երիտասարդներին խորհուրդ տվեց հոգեբանի դիմել` պնդելով, թե նրանք, ովքեր նախընտրում են իրական կյանքի փոխարեն շփվել վիրտուալ աշխարհում` հոգեկան խնդիրներ ունեն: Իսկ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ կարծիքների շարքում ուշադրության էր արժանի հանրահայտ The Wall Street Journal հանդեսի մի հրապարակումը, որն այդ առիթով գրում էր. «Կովկասի նավթով հարուստ երկրում` Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 40 մարդ, որոնք փորձել են կրկնել Եգիպտոսի հակակառավարական ապստամբությունը: Երիտասարդ ադրբեջանցիներին ընդդեմ ավտորիտար իշխանությունների փողոց դուրս բերելու Facebook-ի կոչերը նվազագույն աջակցություն գտան: Այն քչերը, ովքեր դուրս եկան փողոց, արագորեն շրջապատվեցին կամ ցրվեցին: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին հուզող ժողովրդավարական ընդվզումները հազիվ թե կարողանան «կրակ վառել» Կովկասում, քանի որ տնտեսական ու սոցիալական մյուս հանգամանքները Ադրբեջանում տարբերվում են Եգիպտոսի նման երկրների իրավիճակից»:
Այս ընդգծված տարբերությունների մասին էր խոսում նաև Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիթսը, երբ պնդում էր, թե ինքը Ադրբեջանում «պարզապես կրիտիկական զանգված չի տեսնում»: Բացատրելով, թե ինչու այնտեղ մասայական բողոքներ չեն բռնկվում, Շիթսը դա պատճառաբանել էր Ադրբեջանում կյանքի մակարդակի բարձրացմամբ` պայմանավորված վերջին տարիներին նավթի վաճառքից ստացված նոր մուտքերով:
Ամենայն հավանականությամբ այս տեսակետները մոտ են իրականությանը: Բայց` մասամբ: Տվյալ դեպքում վերլուծաբանները շեշտը դնում են սոսկ հասարակության սոցիալական վիճակի վրա` դրանով պայմանավորելով նրանց «եռման ջերմաստիճանը»: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ակտիվությունը պայմանավորող բազմաթիվ այդ գործոններ էլ կան` ոչ պակաս կարևոր, քան սոսկ հացի խնդիրն է: Եվ այսօր հազիվ թե գտնվի մեկը, ով կարող է հաստատապես կռահել Ադրբեջանի վաղվա օրը: «Ցասման օրը» ձախողվեց, սակայն դժգոհությունն ու ընդդիմանալու ներքին պահանջը դրանով չսպառվեցին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

FACEBOOK-ՅԱՆ ԱՐՁԱՆԳԱՆՔ

6 Փտր

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Հենց նոր ավարտեցի Հովիկ Չարխչյանի նոր վեպի ընթերցանությունը՝ «Չարենցի կրակոցը» վերնագրով։
Ընդհանրապես՝ որպես ընթերցող, ես բավականին պահանջկոտ եմ, խիստ աչքով եմ կարդում ձեռքս ընկած գրքերը, հատկապես, եթե սպասելիքներս մեծ են։ Իսկ սպասելիքներս՝ այս անգամ բավականին մեծ էին, այնքան, որ գրախանութից գնեցի, հպարտորեն ու ուրախությամբ բերեցի տուն՝ կանխավայելելով կարդալու հաճույքը։ Իսկ գիրք գնելը, ցավոք սրտի, դեռևս իմ կյանքում հազվադեպ իրադարձություն է։
Հեռու եմ ինձ գրաքննադատ համարելուց, կամ գրախոսական գրելու իրավունք վերապահելուց, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ երկու խոսք գրել այս ստեղծագործության մասին։

Հեղինակը, իր իսկ խոսքերով, նպատակադրված է եղել «գրել մի գիրք սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին»։ Սակայն, արդյունքը առավել, քան տպավորիչ է – սեղանիս հիմա դրված է մի վեպ, որի բովանդակությունը բազմաշերտ է, ասելիքը՝ հարուստ ու բազմազան, ու որը ընթերցողի առջև բացում է իր բովանդակության այն շերտերը, որոնք ընթերցողը կարող է ընկալել։ Այստեղ՝ անցյալ դարասկզբի Երևանն է ու երևանցիներն են՝ իրենց սիրած զվարճավայրերով, կենցաղով ու հարաբերություններով, այդ ժամանակվա մշակույթային–գրական միջավայրն ու գործիչները՝ իրենց դեմքերով, Խորհրդային Հայաստանի ու խորհրդային մարդու ձևավորման տարիները, Երևանի Ուղղիչ տունն իր բնակիչներով ու «համակարգի» պաշտոնյաները, այն տարիների սփյուռքահայությունն ու նրա մամուլը, մարդկային զգացմունքներն ու հույզերը, «Չարենցի կրակոցի» գործը, և, վերջապես, Չարենցը՝ անհանգիստ ու մարդկային Չարենցը, իր խոսքերով ու արարքներով, իր ընկերներով, իր սերերով և իր Արփիկով։ Իրադարձությունները, դեպքերը, հրատարակությունները, խոսքերն ու արարքները ներկայացնելով վավերագրական ճշգրտությամբ (91 անուն օգտագործված գրականություն), հավատարիմ մնալով հետազոտողի անաչառությանը, հեղինակին հաջողվել է ստեղծել մի գիրք, որում լարված սյուժեն, շիկացած ու հակասական կրքերն իրենց վրա են բևեռում ընթերցողի ուշադրությունը՝ բաց չթողնելով մինչև վերջին էջի վերջին նախադասությունը։ Կարծես թե ծեծված բառեր են, սակայն սրանք գրում եմ ամենայն անկեղծությամբ ու վստահությամբ։
Գրքի լեզուն նույնպես հիացնում է իր մաքրությամբ ու հարստությամբ. բառապաշարի ճոխության ու Չարենցին հարազատության հետ՝ այստեղ չեք տեսնի անտեղի գործածված ոչ մի խոսք ու դարձվածք, ոչ մի ավելորդություն ու «ջուր ծեծել»։
Ինչպես նշեցի, սա գրում եմ միանգամից՝ ընթերցանությունն ավարտելուց անմիջապես հետո։ Ափսոսանքով եմ բաժանվում «Չարենցի կրակոցից», վստահ լինելով, որ դեռ վերադառնալու ու կարդալու եմ նորից։ Քանի որ, Չարենցի բուռն ու խելագար սիրո մեջ՝ ես տեսա ինձ ու իմ ապրումները, իմ սերն ու իմ խենթությունները, իմ կարոտն ու իմ հատուցումը։ Ու յուրաքանչյուրը, վստահ եմ, այստեղ կգտնի իրենը, իրեն հարազատն ու սրտամոտը։
Այս գիրքն, անկասկած, մեծ ու դրական երևույթ է մերօրյա հայ գրականության մեջ, հեղինակին հայտնում եմ իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը՝ այս աննման գործը ընթերցողներին նվիրելու համար և ակնկալում նորանոր գործեր, որոնց կսպասեմ անհամբերությամբ։

http://www.facebook.com/notes/sirum-em-kez/hovik-carxcyan-carenci-krakoc/160875370631651

%d bloggers like this: