Tag Archives: վեպ

«Չարենցի կրակոցը»

15 Դկտ

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՎԵՊԻՑ

Դու միայն քեզ համար՝ խեղճ, անվստահ, միայնակ ու անպաշտպան: Քնելիս կուչ ես գալիս, սավանով ծածկում ես գլուխդ, որ մինչև առավոտ  թաքնվես հուսադրող մթության մեջ: Պատիժ դարձած անքնության հետ կռիվ ես տալիս ու ծածուկ հրճվում, որ միայն դու գիտես այդ մասին: Ծնկոսկրիդ ցավն ամենալավ պատրվակն է վեր կենալու համար, որ մի հայացք նետես դատարկված քաղաքի կեսգիշերի վրա ու կույր խավարի առաջ չլինես առավոտվա նման՝ քեզնից օտար, ուրիշի տեսքով, անճանաչելի երկվորյակդ: Մտքերդ աչքերիդ մեջ են: Լույսը կողոպտիչ է: Եվ ցերեկը մատնում է քեզ: Իսկ գիշերը քեզնից ոչինչ չի ուզում: Դրա համար դու երազում ես մութը: Ցանկանում, թե՞ երազում ես՝ ինչ տարբերություն, եթե դա միայն քեզ համար է: Եթե միայն քեզ համար է վազքը արևի տակ, անմտությունը` խոտերի մեջ, խելագարությունը՝ կես քայլ այն կողմ: Հիման այլևս երեկն ու վաղն է: Հիման այլևս տարիք չունի: Ինքդ ու ինքդ: Երկուսդ միասին: Եվ դու էլ անցար ճանապարհի ավարտը, որ դադար առնես: Սա է վերջաբանը: Որովհետև ինչ-որ մի օր հենց այստեղ է եղել սկիզբը: Բայց միջօրեի մեջ: Այն միջօրեի, որ երբեք քեզ չի սիրել: Ուրեմն ավարտիր այնտեղ, որտեղ սկիզբն էր: Մոռացիր խոսքերը, որովհետև նրանք այլևս յուրային չեն: Եվ հաշտվիր անհաշտ մտքերիդ հետ: Հանուն ինչ-որ բանի: Թեկուզ ոչնչի: Հաշտվիր: Էլ ոչ ոք քեզ չի ասելու, թե ինչու կյանքը հավերժ չէ: Ոչինչ չի ասելու: Առ լռությունը, քո  վարձն առ ու նոր միայն  ետ վերադարձիր: Դու եկար այնքան, որքան պիտի գայիր: Մինչև սահմանը եկար:

* * *

Ինչի՞ համար է այս ամենը: Ինչի՞ համար են այս մեծ ու փոքր, երկար ու անվերջ, վարակիչ ու պարապ սփոփանքները, քնատ իղձերը, հավակնոտ սերերը, դեպի անհայտություն գլորվող ժամանակները, դառնության մեջ խարխափող տեսիլքները, թնջուկից սթափվող ողջախոհությունը, հորինովի հեքիաթները երջանկության մասին, երբեք աշխարհ չեկած հավատարմությունն ու բզկտված երգերը հուսահատության գրկում: Ինչի՞ համար է բացական, քանի դեռ կեցությունն անորոշ է գալիք կոչված գուշակության նման, քանի դեռ վարանումը ելք է փութկոտության պահին, իսկ ցավը՝ տանելի, քանի դեռ ներշնչանքը նվազ է կիզումի, սակայն ոչ բռնկման ժամին: Դեպի առաջ պարզված քայլը ինչի՞ համար է վերադարձը երկրպագող հավատի սրտում, այտոսկրերի ստվերներում մոլորված արտասուքն ինչի՞ համար է խինդը գովերգող շրթունքների համար, ու մոխիրներում ոգեզմայլ կախարդանքի թևատարած ծնրադրումը ինչի՞ համար է: Ինչու՞:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ67399_2