Tag Archives: հիվանդ

ԱՆՀԱՇՏ ՀԻՎԱՆԴԸ

4 Հկտ

Այս բժշկին ես գիտեմ: Անունը Ժամանակ է: Դեղահաբեր չի տալիս, ներարկումներ չի անում, վիրակապ չի դնում: Թողնում է, որ հաշտվես ցավիդ հետ, համակերպվես նրա գոյությանը: Հոգատար հայացքով նայում է, թե ինչպես է տառապանքդ տարրալուծվում օրերիդ մեջ, մխիթարանքի խոսքեր է գտնում կորուստներդ արժեզրկելու համար, հույս է ներշնչում ուրիշների դժբախտության օրինակով, բայց երբեք մոտ չի գալիս, որովհետև Ժամանակի հետ հպումը սարսուռ է բերում, իսկ դու մարմինդ պիտի տաք պահես:
Եվ մի օր, երբ հոգիդ ավանդես, քո հոգատար բժիշկը կնայի անշնչացած մարմնիդ ու կասի.
— Նա հիվանդ չէր: Նա պարզապես անհաշտ էր Ժամանակի հետ:

Հովիկ Չարխչյան

IMG_35191

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

25 Սպտ

Բժիշկներից շատերը շատ վնաս են գործում դեղով կամ ուրիշների վրա դեղը փորձելով. կամ չարակամությամբ սպանում են դեղով, կամ անգիտության պատճառով դեղերից վնասակարն են տալիս, կամ անվարժ լինելով` հիվանդությունը չեն կարողոնում ճանաչել և այդ պատճառով հիվանդներին մահացնում են. կամ ծուլանում են) եթե ըստ իրենց ցանկության վարձ չեն ստանում և այդպես վնասում են, կամ աշակերտներին նախանձելով` նրանց ճիշտ չեն սովորեցնում, և նրանք էլ անգիտանալով` բազում մահ են պատճառում. և կամ իրենք, կամ աշակերտների հետ միասին, ուրիշ հիվանդության պատճառ են դառնում. այս բոլոր դեպքերը դիտավորյալ սպանություն պետք է համարել:
Ուրեմն դիտավորյալ սպանողին (եթե չընդունի իր մեղքը) արյան դատաստան լինի: Իսկ եթե անզգույշ սպանություն լինի, անկախ նրանից, խոստովանում է, թե չի խոստովանում, անպարտ է և արյան դատաստանից, և ապաշխարությունից:

ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԻՆԻ

31 Մյս

Ամենասարսափելին հիվանդության մեջ` անհատի կորուստն է: Առողջ մարդիկ չգիտեն, թե ինչպես պահեն իրենց հիվանդի ներկայությամբ: Նրան միրգ ու քաղցրավենիք են բերում: Ծաղիկներ են ուղարկում, դրանցով լցնում են ողջ հիվանդասենյակը` շնչելն անհնար է: Հիվանդանոցում ես տեսել եմ, թե ինչպես ինֆարկտ տարած մարդուն փուչիկներ էին բերել: Այդ պատկերը մինչև հիմա աչքիս առաջ է: Հիվանդը պառկած էր, և անհասկանալի էր՝ խորհում է նա, թե իր ինչին են պետք այդ փուչիկները, կամ ընդհանրապես չի հասկանում, թե դրանք ինչ են: Պարզապես նրան այցելած մարդիկ չգիտեին, թե ինչով թեթևացնեն նրա տառապանքները: Իսկ դրա կարիքը կար, և պատահեց փուչիկ վաճառողը…

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ

16 Մյս

Ինձ դուր է գալիս, որ իմ գոյությամբ չեք հիվանդացել,
Ինձ դուր է գալիս, որ ձեր գոյությամբ հիվանդ չեմ ես էլ,
Որ երկրագունդը մեզ հետ դարձել է ծանր բախտակից-
Հողը չի փախչի մեր ոտքի տակից:
Ինձ դուր է գալիս, որ ծիծաղելի կարող ենք լինել,
Լինել անկաշկանդ ու բառերի հետ չխաղալ բնավ,
Մեր մեջ արթնացող տոթից չշիկնել,
Երբ մեր թևքերը հպվում են իրար:

Ինձ դուր է գալիս նաև, որ հանգիստ նստել իմ կողքին,
Բայց ուրիշին եք քնքշությամբ փարվում,
Չեք էլ գուշակում, թե պիտի բաժին դառնամ դժոխքին,
Երբ ես ուրիշի հետ եմ համբուրվում,-
Որ իմ նրբենի անունը երբեք չեք տալու իզուր,
Զուր տեղը երբեք գոյությունս չեք հիշատակելու,
Որ եկեղեցու խորանի տակ լուռ
Մեր գլխի վրա ալելուաներ չեն թափթփվելու:

Սրտով ու ձեռքով շնորհակալ եմ ձեզնից կրկնակի,
Որ դուք ինքներդ էլ չիմանալով՝ ինձ սիրում եք այդպես,
Որ գիշերները քնում եմ հանգիստ,
Որ վերջալույսի ժամերին մեկ-մեկ հանդիպում եմ ձեզ.-
Մեր չզբոսնելու համար լուսնյակի շնչի տակ խաղաղ.
Արևի՝ որ էր, բայց ոչ մեր գլխի վրա ճաճանչեց,
Եվ նրա համար, որ իմ գոյությամբ հիվանդ չեք, ավաղ,
Եվ նրա համար, որ ձեր գոյությամբ ես էլ հիվանդ չեմ:

Թարգմ. Հ. Բեյլերյան

ՄԵԽԸ

24 Փտր

Մարդու ոտքը մեխ էր մտել: Գնաց բժշկի մոտ.
— Բժիշկ, ոտքիս մեխը հանիր, շատ է ցավում:
Բժիշկը ուշադիր զննեց ու զարմացած ասաց.
— Ինչ մեծ մեխ է…
— Բժիշկ ջան, ախր ցավում է, շուտ արա, է,- չդիմացավ մարդը:
Բժիշկը ուշադիր զննեց ու հարցրեց.
— Որտեղի՞ց ես ճարել այս մեխը:
Մարդը տանջվում էր: Աղերսանքով բժշկի ոտքերն ընկավ.
— Փրկիր, էլ չեմ դիմանում:
Բժիշկը ուշադիր զննեց ու ասաց.
— Սա տանիքի մեխ է, իսկ ինձ դուռն ամրացնելու համար էր պետք:
Մարդը անզորությունից լաց եղավ: Իսկ բժիշկն իր մտքերի հետ էր.
— Չես պատկերացնի, թե ինչ անտանելի է ճռում մեր դուռը…
Մարդը ցավից ուշաթափվեց: Բժիշկը ուշադիր զննեց ու ափսոսանքով հոգոց հանեց.
— Բայց ինձ երկու մեխ է պետք, իսկ այստեղ ընդամենը մեկն է:
Մարդը արյունաքամ եղավ ու մեռավ: Բժիշկը շատ տխրեց նրա համար ու տրամադրությունն ընկավ:
Իսկ այս պատմությունն էլ եկավ ասելու, որ մարդկանց տխրեցնելը հեշտ է, ուրախացնելն է դժվար:

Հովիկ Չարխչյան